Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.10.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.11.20/62(1002).1 Հոդ.1104
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.10.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
04.10.2013
Дата вступления в силу
04.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ 

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/4728/05/12

2013 թ. 

Վարչական գործ թիվ ՎԴ/4728/05/12

Նախագահող դատավոր՝  Ա. Սարգսյան

Դատավորներ` Հ. Բեդևյան

                    Ա. Բաբայան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի հոկտեմբերի 04-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.04.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Սուրեն Ռշտունու (այսուհետ` Ձեռնարկատեր)` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Ձեռնարկատիրոջից բռնագանձել 332.566 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Մաթևոսյան) (այսուհետ` Դատարան) 24.12.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.04.2013 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.12.2012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, 4-րդ հոդվածները, ««Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ հոդվածները, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ, 113-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և չի գնահատել գործում առկա ապացույցները, ինչի հետևանքով հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ձեռնարկատերը 2005 թվականի և դրան նախորդող ժամանակաշրջանի համար ունեցած պարտավորությունները կատարել է: Այսինքն` տվյալ դեպքում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով Ձեռնարկատիրոջ պարտավորություններն առաջացել են 2005 թվականին հաջորդող ժամանակաշրջանի համար, հետևաբար «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը սույն գործով կիրառելի չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.04.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Սոցիալական ապահովագրության վճարի գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի համաձայն` Ձեռնարկատերը սոցիալական ապահովագրության վճարի գծով 01.08.2006 թվականի դրությամբ ունեցել է 200 ՀՀ դրամ գերավճար, իսկ 01.08.2006 թվականից մինչև 10.07.2012 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկվել է 190.000 ՀՀ դրամ նվազագույն սոցիալական վճար: Նույն ժամանակահատվածի համար հաշվարկվել է նաև 142.566 ՀՀ դրամ տույժ: Նույն տեղեկանքի համաձայն` Ձեռնարկատերը 30.10.2008 թվականին կատարել է 90.000 ՀՀ դրամ վճարում, իսկ 31.03.2009 թվականին` 80.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 8-15)։

2) Գործում առկա չէ 2003-2005 թվականների համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով պարտավորություններ ունենալու փաստը հավաստող ապացույց:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է իրավական հարցադրմանն այն մասին, թե արդյո՞ք «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» և «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» ՀՀ օրենքները կիրառելի են այն դեպքում, երբ 2003-2005 թվականների համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով պարտավորությունները կատարված են:

01.01.2013 թվականին ուժը կորցրած «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը տարածվում է միայն եկամտահարկի և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման հետ կապված պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի վրա։

Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` մինչև 2006 թվականի մայիսի 01-ը հարկային մարմին գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու) վերաբերյալ գրավոր դիմում ներկայացրած (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրերի հիման վրա) և պետական գրանցման վկայականը (այդ թվում` ժամկետային) հանձնած անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից։

Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի կողմից 2006 թվականի հունվարի 01-ից հետո մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառման պահը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարներ չեն հաշվարկվում (չեն վճարվում)։

Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի դիմումները և պետական գրանցման վկայականները հարկային տեսչությունները մինչև 2006 թվականի հունիսի 01-ը ներկայացնում են պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանումներ` մինչև 2006 թվականի օգոստոսի 01-ը պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառում կատարելու և նրանց վկայականներն օրենքով սահմանված կարգով ոչնչացնելու համար։

«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներում չնշված անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից (բացառությամբ նույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված դեպքի)։

Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի կողմից 2006 թվականի հունվարի 01-ից հետո մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառման պահը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարներ չեն հաշվարկվում (չեն վճարվում)։

Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի ցանկերը (2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների պարտադիր նշումով) հարկային տեսչությունները մինչև 2006 թվականի սեպտեմբերի 01-ը ներկայացնում են պետական ռեգիստրի գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանումներ մինչև 2006 թվականի նոյեմբերի 01-ը պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառում կատարելու, նրանց վկայականներն անվավեր ճանաչելու և պարտավորությունները հրապարակելու համար։

Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքով սահմանված արտոնություններից օգտվող անհատ ձեռնարկատերերն արտոնությանը վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների և եկամտահարկի գծով տարեկան եկամուտների մասին հայտարարագրեր կարող են չներկայացնել։

Նույն օրենքով սահմանված արտոնություններից օգտվող անհատ ձեռնարկատերերն արտոնությանը վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների և հարկային օրենսդրությունների պահանջները խախտելու համար չեն ենթարկվում պատասխանատվության։

Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշումներում անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետությունը 2003-2005 թվականների համար հաշվարկված և վճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի համար նախատեսել է արտոնություններ` անկախ պարտավորությունների առաջացման հիմքերից։ Բացի այդ, հարկային մարմինների համար սահմանվել է 2006 թվականի հունվարի 01-ից հետո մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառման պահը նշված արտոնություններից օգտվող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների հաշվարկման արգելք: Միաժամանակ, նույն նորմով հարկային մարմինները ծանրաբեռնվել են անհատ ձեռնարկատերերի ցանկերը պետական ռեգիստրի գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանումներ ներկայացնելու պարտականությամբ` պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառում կատարելու, նրանց վկայականներն անվավեր ճանաչելու և պարտավորությունները հրապարակելու համար (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Աշտարակի տարածքային հարկային տեսչության հայցն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գեղամ Թումանյանի` 542.440 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 16.10.2009 թվականի թիվ ՎԴ3/0088/05/09 որոշումը)։

01.01.2013 թվականին ուժը կորցրած «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 11-ի թիվ ՀՕ-215-Ն օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված արտոնություններից օգտվելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատերերը, որոնք մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը դեռևս չեն օգտվել այդ արտոնություններից, կարող են օգտվել Օրենքով իրենց վերապահված արտոնություններից` առանց ժամկետային սահմանափակման:

Սույն գործով վերաքննիչ բողոքը մերժելիս և Դատարանի վճիռն անփոփոխ թողնելիս Վերաքննիչ դատարանը նշել է, որ «Ձեռնարկատերը «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի ուժով ամբողջությամբ ազատված էր իր նկատմամբ հաշվարկված և չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից, ինչպես նաև նրա նկատմամբ 01.01.2006 թվականից հետո մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառման պահը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարներ նույնպես չէին կարող հաշվարկվել»։ Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ «Տեսչությունը, օրենքի ուժով պարտավոր լինելով անհատ ձեռնարկատերերի ցանկերը, այդ թվում նաև` Ձեռնարկատիրոջ մասով մինչև 01.09.2006 թվականը ներկայացնել պետական ռեգիստրի գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանում, այդ պարտականությունն այդպես էլ չի կատարել, և ի խախտումն նշված պահանջի` 2006 թվականից մինչև 2012 թվականը հաշվարկել է պարտադիր սոցիալական ապահովության վճար ու տույժ»։

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի համաձայն` Ձեռնարկատերը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով 01.08.2006 թվականի դրությամբ ունեցել է 200 ՀՀ դրամ գերավճար, իսկ 01.08.2006 թվականից մինչև 10.07.2012 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկվել է 190.000 ՀՀ դրամ նվազագույն սոցիալական վճար: Նույն ժամանակահատվածի համար հաշվարկվել է նաև 142.566 ՀՀ դրամ տույժ: Նույն տեղեկանքի համաձայն` Ձեռնարկատերը 30.10.2008 թվականին կատարել է 90.000 ՀՀ դրամ վճարում, իսկ 31.03.2009 թվականին` 80.000 ՀՀ դրամ, իսկ 2003-2005 թվականների համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով պարտավորություններ ունենալու փաստը հավաստող ապացույց գործում առկա չէ:

Վերոգրյալներից ելնելով և վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված արտոնություններից օգտվում են 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորություններ, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերը: Այսինքն` 2003-2005 թվականների համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունները կատարած անհատ ձեռնարկատերերը չեն օգտվում վերը նշված օրենքով սահմանված արտոնություններից: Այլ կերպ, այն դեպքում, երբ չկա պարտավորություն, հնարավոր չէ օգտվել դրա համար նախատեսված արտոնությունից: Նշվածից էլ հետևում է, որ պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառում կատարելու, վկայականն անվավեր ճանաչելու և պարտավորությունները հրապարակելու համար պետական ռեգիստրի գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանումներ ներկայացվող անհատ ձեռնարկատերերի ցանկերում Ձեռնարկատիրոջը ներառելու օրենքով նախատեսված պարտավորություն հարկային մարմինը տվյալ դեպքում չի կրել: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» ՀՀ օրենքը տվյալ դեպքում կիրառելի չեն:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ ՀՕ-258-Ն օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2006 թվականի հունվարի 01-ից մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված և չվճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների (այդ թվում` հաշվարկված և չվճարված տույժերի) վճարումից: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի նոր քննության ընթացքում անհրաժեշտ է անդրադառնալ «Հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ ՀՕ-258-Ն օրենքի կիրառելիության հարցին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ թեև սույն որոշմամբ արձանագրվել են թե՛ Դատարանի և թե՛ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումներ, այդուհանդերձ սույն որոշման 4-րդ կետում նշված հանգամանքների պարզումը հնարավոր է տալ միայն առաջին ատյանի դատարանում գործի նոր քննության ընթացքում: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15- 118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.04.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան