Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1123
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.11.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.11.20/62(1002).1 Հոդ.1113.3
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
05.11.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
05.11.2013
Дата вступления в силу
05.11.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

5 նոյեմբերի 2013 թ.

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի հունիսի 25-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 18.09.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Պայմանագիրն ստորագրվել է 2013թ. հունիսի 25-ին Երևանում` երկու երկրների զինված ուժերը, այլ զորքերը, զինվորական խմբավորումները, իրավապահ մարմինները, հատուկ ծառայությունները և զորքերի (ուժերի) տարածաշրջանային խմբավորումները սպառազինության բարձր արդյունավետության ու հեռանկարային համակարգերով համալրելու և հավաքական անվտանգության համակարգը տեխնիկական տարրով կազմավորելու նպատակով:

 

2. Պայմանագիրն ստորագրելիս հաշվի են առնվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» 2003թ. հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված միջկառավարական համաձայնագրի դրույթները (Հայաստանի Հանրապետությունն այն վավերացրել է 2003 թվականի մարտի 26-ին):

 

3. Պայմանագրով սահմանվում է ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման իրականացման կարգը, որը ներառում է սպառազինություն, ռազմական տեխնիկա, աշխատանքներ և ծառայություններ, մտավոր գործունեության արդյունքներ, այդ թվում` դրանց նկատմամբ բացառիկ իրավունքներ և ռազմական ոլորտի տեղեկատվություն:

 

4. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 ապահովել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների իրականացումը լիազորված կազմակերպությունների կնքած պայմանագրերով` առանց ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման (արտահանման) լիցենզիայի տրամադրման,

 ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումն իրականացնել այն նույն բնութագրերով և նույն համալրմամբ, որով իրականացվում է իր սեփական ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զինվորական կազմավորումների, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների համար,

 պետական գաղտնիք պարունակող ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման համար պայմանագրերի կնքումն իրականացնել օրենսդրության համաձայն և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» 2002թ. նոյեմբերի 5-ի համաձայնագրի դրույթներով,

 ռազմական նշանակության արտադրանքը մյուս երկրի մաքսային տարածք տեղափոխել համապատասխան լիազորված մարմինների կողմից տրված ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման հաստատված անվանացանկերից քաղվածքներով` դրանք ազատելով մաքսային վճարներից,

 արտադրանքը մատակարարող կողմի համար ապահովել անհրաժեշտ պայմաններ` ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար,

 ապահովել ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում օգտագործվող և ստացվող մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների պաշտպանությունը` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում օգտագործվող և ստացվող մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների փոխադարձ պաշտպանության մասին» 2005թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրի դրույթներին համապատասխան,

 ապահովել ռազմատեխնիկական աջակցություն մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի ընդունման և որակի վերահսկողության մասով,

 առանց մատակարարող կողմի նախնական գրավոր համաձայնության` չվաճառել և չփոխանցել երրորդ կողմին ռազմական նշանակության արտադրանք, դրա վերաբերյալ գիտական և տեխնիկական տեղեկատվություն, հետազոտությունների արդյունքներ, ինչպես նաև գյուտեր, նոու-հաու և այլ տեղեկություններ:

 

5. Պայմանագրով սահմանված են նաև դրա ուժի մեջ մտնելու կարգն ու պայմանները, գործողության ժամկետը, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգն ու պայմանները, ինչպես նաև պայմանագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերի լուծման կարգը, որոնք համահունչ են միջազգային իրավական ակտերին ներկայացվող պահանջներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2013 թվականի հունիսի 25-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

5 նոյեմբերի 2013 թվականի

ՍԴՈ-1123