Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.11.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.01.08/1(1014) Հոդ.15
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
29.11.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
29.11.2013
Дата вступления в силу
29.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ  ԿԴ2/0156/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ2/0156/02/12

2013 թ.

Նախագահող դատավոր՝  Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝   

Ա. Պետրոսյան

 

Ա. Խառատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. Աբելյանի

   

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

2013 թվականի նոյեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռոզա Նազարյանի, Արմինե և Արմեն Թահմազյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.03.2013 թվականի որոշման դեմ` ըստ Ռոզա Նազարյանի, Արմինե և Արմեն Թահմազյանների հայցի ընդդեմ Ռուբիկ Թահմազյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռոզա Նազարյանը, Արմինե և Արմեն Թահմազյանները պահանջել են հրապարակային սակարկություններով վաճառել Չարենցավանի 4-րդ թաղամասի 5-րդ շենքի թիվ 27 բնակարանը, ստացված գումարը հետագայում բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների` իրենց և Ռուբիկ Թահմազյանի միջև` իրենց բաժիններին համաչափ:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Սեդրակյան) (այսուհետ` Դատարան) 27.12.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.03.2013 թվականի որոշմամբ Ռոզա Նազարյանի, Արմինե և Արմեն Թահմազյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.12.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ռոզա Նազարյանը, Արմինե և Արմեն Թահմազյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 227-րդ, 228-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում Դատարանի վճռով հայցի մերժումը պատճառաբանված է միայն այն հանգամանքով, որ դատաքննության ընթացքում բաժնեմասերն առանձնացնելու պահանջ կամ համասեփականատերերին գնելու առաջարկ չի եղել, իսկ բնակարանի նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունքում կողմերի բաժինները որոշելու պահանջ չներկայացնելու վերաբերյալ որևէ փաստարկ այդ վճռում առկա չէ:

Բացի այդ, Դատարանի վճռով հաստատվել են մասնակիցների բաժնեմասերը և դրանց շուկայական արժեքը, իսկ նշված վճիռը Ռուբիկ Թահմազյանը չի բողոքարկել, և փաստորեն վերջինս ընդունել է, որ ընդհանուր գույքում մասնակիցների բաժինները հավասար են:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ վերաքննիչ բողոքում նշված մյուս հանգամանքները սույն գործի լուծման համար որևէ նշանակություն չունեն, իսկ դրանց հետ կապված փաստարկներն էլ հիմնավորված չեն ու չեն կարող հանգեցնել Դատարանի վճռի բեկանման, ապա նշված պատճառաբանությունը նույնպես չի համապատասխանում գործի փաստական հանգամանքներին, քանի որ սույն գործում առկա ապացույցներով հիմնավորվել են ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու համար պարտադիր նախապայմանները` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերով սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ անհնարինությունը և աննպատակահարմարությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 28.03.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 19.03.2001 թվականի թիվ 785264 վկայականի համաձայն` Չարենցավանի 4-րդ թաղամասի 5-րդ շենքի թիվ 27 բնակարանի նկատմամբ Չարենցավանի քաղաքային խորհրդի 01.08.1994 թվականի թիվ 10 որոշման հիման վրա գրանցված է Ռոզա Նազարյանի, Ռուբիկ, Արմինե և Արմեն Թահմազյանների սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 18-19):

2) Դատարանի 25.10.2012 թվականի որոշմամբ նշանակված փորձաքննության արդյունքում տրված «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) 19.11.2012 թվականի թիվ 157-01/Վ-012 հաշվետվության «Եզրակացություն» բաժնի համաձայն` Չարենցավանի 4-րդ թաղամասի 5-րդ շենքի թիվ 27 հասցեում գտնվող բնակարանի 1/4 բաժնի առանձնացումը բնեղենով տեխնիկական և մասնագիտական տեսանկյունից հնարավոր չէ կատարել: Վերոգրյալ բնակարանի շուկայական արժեքը հետազոտության կատարման ժամանակահատվածի դրությամբ, առկա ապրանքային վիճակում, գնահատվում է 4.607.000 ՀՀ դրամ: Նշված բնակարանի համասեփականատերերից յուրաքանչյուրի բաժնեմասի շուկայական գինը կազմում է 1.151.750 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 93-103):

3) Ռուբիկ Թահմազյանի ներկայացուցիչը 13.12.2012 թվականի դատական նիստում հայտնել է, որ տվյալ դեպքում Ռուբիկ Թահմազյանը պատրաստ է կնքել հաշտության համաձայնություն` 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով` մինչև 01.02.2013 թվականը վճարելու պայմանով, սակայն 24.12.2012 թվականի դատական նիստում Ռուբիկ Թահմազյանի ներկայացուցիչը հայտնել է, որ նշված հարցը քննարկվել է, և հաշտության հնարավոր եզրեր առկա չեն (13.12.2012 թվականի և 24.12.2012 թվականի դատական նիստերի արձանագրություններ):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից, և գտնում է, որ սույն գործով արտահայտված իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու համար անհրաժեշտ նախապայմանների հարցին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժինները համարվում են հավասար, եթե բաժնային սեփականության մասնակիցների բաժինները չեն կարող որոշվել օրենքի հիման վրա կամ սահմանված չեն բոլոր մասնակիցների համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հիմքերը և կարգը սահմանվում են նույն օրենսգրքի 197-րդ հոդվածի կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:

Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` նույն հոդվածի համաձայն, բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով:

Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժիններն օրենքի ուժով համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ, իսկ դատարանն ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին վճիռ կայացնելու իրավունք ունի միայն որոշակի նախապայմանների առկայության, մասնավորապես` ընդհանուր գույքը բաժանելու կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերով սահմանված կանոններով դրանից բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքերում:

Սույն գործի փաստերի համաձայն` Չարենցավանի 4-րդ թաղամասի 5-րդ շենքի թիվ 27 բնակարանի նկատմամբ Չարենցավանի քաղաքային խորհրդի 01.08.1994 թվականի թիվ 10 որոշման հիման վրա գրանցված է Ռոզա Նազարյանի, Ռուբիկ, Արմինե և Արմեն Թահմազյանների սեփականության իրավունքը: Միաժամանակ, Դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության արդյունքում տրված Ընկերության 19.11.2012 թվականի թիվ 157-01/Վ-012 հաշվետվությամբ հաստատվում է, որ Չարենցավանի 4-րդ թաղամասի 5-րդ շենքի թիվ 27 հասցեում գտնվող բնակարանի 1/4 բաժնի առանձնացումը բնեղենով տեխնիկական և մասնագիտական տեսանկյունից հնարավոր չէ: Ավելին, Ռուբիկ Թահմազյանի ներկայացուցիչը 13.12.2012 թվականի դատական նիստում հայտնել է, որ Ռուբիկ Թահմազյանը պատրաստ է կնքել հաշտության համաձայնություն` 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով` մինչև 01.02.2013 թվականը վճարելու պայմանով, սակայն 24.12.2012 թվականի դատական նիստում Ռուբիկ Թահմազյանի ներկայացուցիչը հայտնել է, որ նշված հարցը քննարկվել է, և հաշտության հնարավոր եզրեր առկա չեն:

Տվյալ դեպքում Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է պատճառաբանությունն այն մասին, որ դատաքննության ընթացքում չի եղել բաժնեմասերն առանձնացնելու, այն համասեփականատերերին առաջարկելու վերաբերյալ պահանջ: Մասնավորապես` վեճի առարկա գույքը հանդիսանում է ընդհանուր համատեղ սեփականություն, և բացի այդ, դատաքննության ընթացքում և արտադատական կարգով համասեփականատերերին բաժնեմասը գնելու առաջարկ չի եղել:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա հրապարակային սակարկություններով վաճառելու մասին պահանջը մերժելով` Դատարանը գործը լուծել է ճիշտ` վճիռը պատճառաբանելով նաև փաստարկներով այն մասին, որ բնակարանը կողմերին է պատկանում ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, և դրա նկատմամբ կողմերի բաժինները որոշելու պահանջ չի ներկայացվել: Վկայակոչված պահանջը ներկայացված չլինելու պայմաններում բնակարանի բաժանման կամ դրանից բաժնի առանձնացման վերաբերյալ որևէ հարց, առավել ևս` բնակարանի բաժանման կամ դրանից բաժնի առանձնացման ակնհայտ աննպատակահարմարության դեպքում այն հրապարակային սակարկություններով վաճառելու հարցը, չէր կարող դատական կարգով լուծվել անգամ այն դեպքում, եթե բնակարանում կողմերի ենթադրվող բաժինները բնեղենով առանձնացնելու հնարավորությունն առկա լիներ, իսկ վերաքննիչ բողոքում նշված մյուս հանգամանքները գործի լուծման համար որևէ նշանակություն չունեն:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վկայակոչված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ օրենքի ուժով Չարենցավանի 4-րդ թաղամասի 5-րդ շենքի թիվ 27 բնակարանի նկատմամբ Ռոզա Նազարյանի, Ռուբիկ, Արմինե և Արմեն Թահմազյանների սեփականության իրավունքը համարվում է հավասար (այդ մասով օրենքով այլ բան նախատեսված չէ, բաժնային այլ չափի վերաբերյալ որևէ ապացույց ևս առկա չէ), որպիսի պայմաններում նշված բնակարանի նկատմամբ սույն գործով կողմերի բաժինները որոշելու պահանջ ներկայացնելու պարտավորություն և անհրաժեշտություն Ռոզա Նազարյանը, Արմինե և Արմեն Թահմազյանները չեն ունեցել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ դատական ակտի իրավական հիմնավորումը:

Դատական ակտի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի, որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Դատական ակտում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Դատական ակտի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա դատական ակտի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական ակտի օրինականությունը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե´ս` ըստ Ռազմիկ Մարությանի հայցի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին, գործով Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշումը չի համապատասխանում դատական ակտերին առաջադրվող իրավական հիմնավորվածության չափանիշներին, քանի որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել սույն գործով կիրառման ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան նորմերը` եզրակացնելով, որ Դատարանը գործը լուծել է ճիշտ` վճիռը պատճառաբանելով նաև փաստարկներով, որ բնակարանը կողմերին է պատկանում ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, և դրա նկատմամբ կողմերի բաժինները որոշելու պահանջ չի ներկայացվել, ինչի արդյունքում էլ որպես սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացույց չի համարել և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և չի գնահատել գործում առկա Ընկերության 19.11.2012 թվականի թիվ 157-01/Վ-012 հաշվետվությունն այն մասին, որ Չարենցավանի 4-րդ թաղամասի 5-րդ շենքի թիվ 27 հասցեում գտնվող բնակարանի 1/4 բաժնի առանձնացումը բնեղենով տեխնիկական և մասնագիտական տեսանկյունից հնարավոր չէ: Նշվածի արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է չպատճառաբանված ներքին համոզման:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված եզրակացության հետևանքով Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել նաև սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքին, որ Ռուբիկ Թահմազյանի ներկայացուցիչը 13.12.2012 թվականի դատական նիստում հայտնել է, որ Ռուբիկ Թահմազյանը պատրաստ է կնքել հաշտության համաձայնություն` 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով` մինչև 01.02.2013 թվականը վճարելու պայմանով, սակայն 24.12.2012 թվականի դատական նիստում Ռուբիկ Թահմազյանի ներկայացուցիչը հայտնել է, որ նշված հարցը քննարկվել է, և հաշտության հնարավոր եզրեր առկա չեն:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չունի իրավաչափ փաստական և իրավական հիմնավորում, ուստի այն չի կարող համարվել պատճառաբանված և հիմնավորված դատական ակտ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վկայակոչված նորմերի վերաբերյալ վերոգրյալ իրավական դիրքորոշման հիման վրա նշված ապացույցները և փաստերը գնահատելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.03.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան