Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.10.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.11.13/61(1001) Հոդ.1106
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.10.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
04.10.2013
Дата вступления в силу
04.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ 

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ2/0302/05/12

2013 թ. 

Վարչական գործ թիվ ՎԴ2/0302/05/12

Նախագահող դատավոր՝  Ա. Աբովյան

Դատավորներ` Ա. Առաքելյան

                    Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2013 թվականի հոկտեմբերի 04-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ռուբեն Գևորգյան» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.03.2013 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Սևանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` 05.11.2009 թվականի թիվ 1000253 ակտով վարչական վարույթը վերսկսելուն, այն մասնակիորեն փոփոխելուն և նշված ակտով բյուջեի նկատմամբ տույժերը և տուգանքները 34.530.000 ՀՀ դրամ սահմանելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Տեսչությանը վերսկսել 05.11.2009 թվականի թիվ 1000253 ակտով վարչական վարույթը, մասնակիորեն փոփոխել այն և նշված ակտով բյուջեի նկատմամբ տույժերը և տուգանքները սահմանել 34.530.000 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 16.11.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.03.2013 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.11.2012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 33-րդ, 51-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ, 117.12-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունը ներկայացրել է ոչ թե երկու միմյանցից չածանցվող, այլ մեկ ընդհանուր պահանջ, որը բխել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածից: Եթե Վերաքննիչ դատարանը ճիշտ ըմբռներ նշված հոդվածի իմաստը, ապա կգար այն հետևության, որ դրա բովանդակությունից հետևում է, որ վարչական մարմինը վարչական ակտը փոփոխելու համար սկզբում պետք է վերսկսի վարչական վարույթը, որից հետո նոր հնարավորություն կունենա մասնակիորեն կամ ամբողջությամբ փոփոխել վարչական ակտը:

Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ Տեսչությունը կամ Տեսչության պետը վարույթը վերսկսելու և ստուգման ակտը փոփոխելու լիազորություններ չունեն, ուստի Տեսչությանը հնարավոր չէ պարտավորեցնել կատարել այն: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Տեսչությունը նման հիմնավորմամբ չի մերժել Ընկերության կողմից ներկայացված վարչական վարույթը վերսկսելու վերաբերյալ դիմումը և այդպիսի հիմնավորումներ չի ներկայացրել Դատարան: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջն այն մասին, որ եթե դիմումը ներկայացվել է ոչ իրավասու վարչական մարմին, ապա այն ստացած վարչական մարմինը եռօրյա ժամկետում դա վերահասցեագրում է իրավասու վարչական մարմին` ծանուցելով դիմողին:

Վերաքննիչ դատարանն ավարտված վարչական վարույթը վերսկսելը նույնականացրել է վերստուգման անցկացման հետ: Մինչդեռ, վերստուգումը նախկին վարչական վարույթի (ստուգման) հետ կապ չունեցող նոր վարչական վարույթ է, և այն չի կարող նույնականացվել ավարտված վարչական վարույթը վերսկսելու հետ: Մասնավորապես` տվյալ դեպքում առկա են եղել 05.11.2009 թվականի թիվ 1000253 ակտը վերանայելու վերաբերյալ վարչական վարույթը վերսկսելու համար օրենքով սահմանված բոլոր նախապայմանները, մինչդեռ Տեսչությունը, հաշվի չառնելով վերոգրյալը, մերժել է Ընկերության դիմումը: Այսպես` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԳԴ/0022/01/10 քրեական գործով 30.01.2012 թվականին կայացված «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշմամբ, ինչպես նաև դրանում ներառված դատահաշվապահական, շինարարատեխնիկական, փաստաթղթաբանական հանձնաժողովային համալիր փորձաքննության թիվ 05651109 եզրակացությամբ հիմնավորվում է այն փաստը, որ Ընկերության հարկային պարտավորությունը կազմում է ոչ թե 38.830.000 ՀՀ դրամ (տույժ և տուգանքներով` 86.175.200 ՀՀ դրամ), այլ 13.252.100 ՀՀ դրամ (տույժ և տուգանքներով` 34.530.000 ՀՀ դրամ):

Վերաքննիչ դատարանը դատական ակտը չի վերանայել վերաքննիչ բողոքի պահանջի սահմաններում, ընդհանրապես չի անդրադարձել բողոքում բարձրացված հարցերին, դրա հիմքերին և հիմնավորումներին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.03.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի նախագահի 23.07.2009 թվականի թիվ 1000253 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 10-11):

2) Նշված ստուգման արդյունքում Տեսչության կողմից 05.11.2009 թվականին կազմվել է թիվ 1000253 ակտը, որով Ընկերությանն առաջադրվել է ընդհանուր 87.221.400 ՀՀ դրամի պարտավորություն (հատոր 1-ին, գ.թ. 13-19):

3) ՀՀ վարչական դատարանի 15.12.2010 թվականին կայացրած վճռով Ընկերության հայցը բավարարվել է` Տեսչության 05.11.2009 թվականի թիվ 1000253 ակտը ճանաչվել է անվավեր, իսկ Տեսչության հայցը` 80.491.990 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 48-64):

4) ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.05.2011 թվականին կայացրած որոշմամբ Տեսչության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ վարչական դատարանի 15.12.2010 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Ընկերության հայցը մերժվել է, իսկ Տեսչության հայցը` բավարարվել (հատոր 1-ին, գ.թ. 34-42):

5) Վճռաբեկ դատարանի 29.06.2011 թվականին կայացրած որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.05.2011 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է, իսկ 13.06.2012 թվականի որոշմամբ վերադարձվել է նաև նույն որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Ընկերության տնօրենի վճռաբեկ բողոքը (հատոր 1-ին, գ.թ. 44-47):

6) ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 30.01.2012 թվականի թիվ ԳԴ/0022/01/10 որոշմամբ Գևորգ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է, և քրեական հետապնդումը դադարեցվել է: Նույն որոշմամբ հաստատված է համարվել այն հանգամանքը, որ Ընկերության հարկային պարտավորությունները կազմում են ոչ թե 38.830.000 ՀՀ դրամ (տույժ և տուգանքներով` 86.175.200 ՀՀ դրամ), այլ 13.252.100 ՀՀ դրամ (տույժ և տուգանքներով` 34.530.000 ՀՀ դրամ), որպիսի եզրահանգման հիմքում դրվել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 04.10.2010 թվականի դատահաշվապահական թիվ 10-2220 եզրակացությունը, ինչպես նաև դատահաշվապահական, շինարարատեխնիկական, փաստաթղթաբանական հանձնաժողովային համալիր փորձաքննության թիվ 05651109 եզրակացությունը (հատոր 2-րդ, գ.թ. 57-64):

7) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 04.10.2010 թվականի թիվ 10-2220 եզրակացության «Հետևություններ» բաժնի 2-րդ կետի համաձայն` 05.11.2009 թվականի թիվ 1000253 ակտում արձանագրված դրվագներով, նախաձեռնողի կողմից ներկայացված հսկիչ-դրամարկղային մեքենայի թվով 167 կտրոնում, ֆիզիկական անձանց գնման ակտերում և ձեռք բերված ապրանքների վերաբերյալ պայմանագրում արտացոլված տվյալներով, փորձաքննությամբ կատարված ճշգրտումներով, Ընկերության հարկային պարտավորությունները, ըստ հարկատեսակների, հաշվի առնելով մինչև ստուգումն առկա գերավճարները, կազմում են տույժ և տուգանքներով հանդերձ ընդամենը` 34.530.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 24-32):

8) Ընկերությունը Տեսչությանն ուղղված 09.07.2012 թվականի դիմումով հայտնել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 30.01.2012 թվականի «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշման համաձայն (որի հիմքում դրվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի թիվ 10-2220 եզրակացությունը)` 05.11.2009 թվականի թիվ 1000253 ակտում նշված գումարի չափը` տույժի և տուգանքի հետ միասին, պետք է կազմեր ոչ թե 80.550.450 ՀՀ դրամ, այլ 34.530.000 ՀՀ դրամ: Հաշվի առնելով վերոգրյալը` Ընկերությունը խնդրել է նշված ակտը փոփոխել` սահմանել, որ Ընկերության հարկային պարտավորությունների չափը` ապառքի մասով, կազմում է 13.252.100 ՀՀ դրամ (տույժ և տուգանքների մասով` 21.277.900 ՀՀ դրամ), իսկ Ընկերությունից 57.607.913 ՀՀ դրամի բռնագանձման գործընթացը դադարեցնել (հատոր 1-ին, գ.թ. 65):

9) Տեսչության պետի 12.07.2012 թվականի թիվ 13696-05 գրությամբ, ի պատասխան Ընկերության վկայակոչված դիմումի, հայտնվել է, որ 05.11.2009 թվականի թիվ 1000253 ակտը վերջինս դատական կարգով բողոքարկել է, առկա է վերջնական դատական ակտ, և այն ենթակա է կատարման: Հետևաբար այդ դիմումը չի կարող բավարարվել (հատոր 1-ին, գ.թ. 66):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն վճռաբեկ բողոքի քննության ընդունումը Վճռաբեկ դատարանը պայմանավորում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի կիրառման առնչությամբ միասնական դատական պրակտիկա ձևավորելու անհրաժեշտությամբ: Այդ նպատակով Վճռաբեկ դատարանը կարևորում է հետևյալ իրավական հարցադրումները.

 ա) արդյո՞ք Տեսչությունն ունի ստուգման կազմակերպման և անցկացման վարչական վարույթը (այսուհետ` ստուգման վարույթ) վերսկսելու լիազորություն, կամ կիրառելի են արդյո՞ք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի դրույթները ստուգման վարույթի առնչությամբ,

բ) արդյո՞ք ստուգման վերսկսումը և վերստուգման վարչական վարույթը նույնական իրավական գործընթացներ են,

գ) ո՞րն է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի առաջին մասի իմաստով բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտի բնորոշումը:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` վարչական մարմինը վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա պարտավոր է որոշում ընդունել բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտը փոփոխելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, եթե`

ա) վարչական ակտ ընդունելուց հետո դրա հիմքում դրված փաստական հանգամանքները կամ ակտի հասցեատիրոջ կարգավիճակը փոփոխվել են հօգուտ այն անձի, որը վարույթը վերսկսելու հարցով դիմում է ներկայացրել.

բ) առկա են նոր ապացույցներ, որոնք կարող են հանգեցնել վարույթը վերսկսելու հարցով դիմած անձի համար ավելի բարենպաստ որոշում ընդունելուն.

գ) ի հայտ են եկել տվյալ գործի համար էական նշանակություն ունեցող այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել վարույթը վերսկսելու հարցով դիմած անձանց, կամ թեև հայտնի են եղել նրանց, սակայն այդ անձանցից անկախ հանգամանքներով չեն ներկայացվել վարչական ակտն ընդունող վարչական մարմին.

դ) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:

Նույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս ընդգծել է, որ ստուգման կազմակերպման և անցկացման վարույթը հանդիսանում է առանձին տեսակի վարչական վարույթ, որի առանձնահատկությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով (տե՛ս օրինակ` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ընդդեմ «Վագրա» ՍՊԸ-ի` 500.000 ՀՀ դրամ տուգանքի գումարը բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի թիվ 3-1714(ՏԴ) որոշումը):

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում ստուգման վարույթը վերսկսելու ինստիտուտ և ընթացակարգ: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով վարչական վարույթը վերսկսելու վերաբերյալ նորմերը կիրառելի են նաև ստուգման վարույթի առնչությամբ և հետևաբար ըստ այդմ հարկային մարմինն օժտված է նշված օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ստուգման վարույթը վերսկսելու իրավասությամբ:

բ) Երկրորդ հարցադրման առնչությամբ Վճռաբեկ դատարանը նախևառաջ կարևորում է «վարչական վարույթի վերսկսում» ինստիտուտի բովանդակության բացահայտումը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված` այդ ինստիտուտի իրավակարգավորման հիմնական տարրերի միջոցով:

Վերոնշյալ հոդվածի իրավակարգավորման հիմնական տարրերն են.

- վարույթը վերսկսվում է նշված հոդվածով և/կամ այլ օրենքներով նախատեսված` վարույթը վերսկսելու հիմքերի առկայության դեպքում,

- վարույթը վերսկսելու ինստիտուտը կիրառելի է վարչական ակտի ընդունմամբ արդեն իսկ ավարտված վարչական վարույթի նկատմամբ,

- վարույթը վերսկսելու արդյունքում վերանայվում է` փոփոխվում, անվավեր կամ ուժը կորցրած է ճանաչվում վարչական ակտը,

- վարույթը վերսկսելու ինստիտուտը կիրառելի է միայն բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտերի առնչությամբ, և այդ ինստիտուտի կիրառմամբ կարող է վերանայվել միայն բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտը:

Հիմք ընդունելով վարչական վարույթը վերսկսելու իրավակարգավորման վերոհիշյալ տարրերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական վարույթի վերսկսումն օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում վարչական ակտի ընդունմամբ արդեն իսկ ավարտված վարչական վարույթի վերաբացումն է, նորոգումն է, որի արդյունքում փոփոխվում, անվավեր կամ ուժը կորցրած է ճանաչվում բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտը:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր: Նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստուգման արդյունքներն ամփոփվում են տեղեկանքում (խախտումներ չհայտնաբերելու դեպքում) կամ ստուգման ակտում (խախտումներ հայտնաբերելու դեպքում), ստուգման ակտը` որպես վարչական ակտ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ է մտնում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) հանձնելուն հաջորդող օրվանից, իսկ նույն օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ստուգման ակտը դառնում է բողոքարկման ոչ ենթակա (անբողոքարկելի), եթե բաց է թողնված դրա ուժի մեջ մտնելուն հաջորդող` վարչական կարգով բողոքարկման համար սահմանված վեցամսյա ժամկետը:

Վերոհիշյալ նորմերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստուգման վարչական վարույթն սկսվում է ստուգումն իրականացնող մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) կողմից ստուգում իրականացնելու մասին հրաման կամ հանձնարարագիր հրապարակելու միջոցով ստուգումն իրականացնող մարմնի նախաձեռնության դրսևորմամբ և ավարտվում ստուգման ակտի կազմմամբ:

Հիմք ընդունելով «վարչական վարույթի վերսկսում» ինստիտուտի վերոհիշյալ բովանդակությունը և ստուգման վարույթի առնչությամբ նշված իրավակարգավորումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստուգման վարույթի վերսկսումն օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ստուգումն իրականացնող մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) կողմից ստուգում իրականացնելու մասին հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա սկսված և ստուգման ակտի կազմմամբ ավարտված ստուգման վարույթի վերաբացումն է, նորոգումը, որի արդյունքում փոփոխվում, անվավեր կամ ուժը կորցրած է ճանաչվում բողոքարկման ոչ ենթակա ստուգման ակտը:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է վերստուգման հասկացությունը: Ըստ այդ նորմի` վերստուգումն ստուգում իրականացնող մարմնի կողմից նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամանակահատվածում կատարված երկրորդ (կրկնակի) ստուգումն է, բացի նույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված, ինչպես նաև հարկային հաշվանցումներ և (կամ) վերադարձ ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների` օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձ իրականացնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման դեպքերի, երբ վերստուգումները մեկից ավելի ստուգումներն են:

Միաժամանակ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածն սպառիչ կերպով ամրագրում է վերստուգման հիմքերը:

Օրենքի նշված նորմերի համադրված վերլուծությունը վկայում է, որ վերստուգման վարույթը ստուգման վարույթից տարանջատված` առանձին, ինքնուրույն վարչական վարույթ է, որի հարուցմամբ ոչ թե վերաբացվում, նորոգվում է նախորդ ստուգման վարույթը, այլ հարուցվում է երկրորդ (կրկնակի) ստուգման վարույթ, որի արդյունքում ընդունվում է նոր ստուգման ակտ: Եթե ստուգման վարույթի վերսկսման նպատակն օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում արդեն իսկ ավարտված վարույթի արդյունքում ընդունված ստուգման ակտի վերանայումն է, ապա վերստուգման արդյունքում նախորդ ստուգման ակտի վերանայում տեղի չի ունենում, այլ կրկնակի ստուգման արդյունքում ընդունվում է նոր ստուգման ակտ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ օրենսդիրը հստակ տարբերակում է կատարել վերստուգման և ստուգման վարույթը վերսկսելու հիմքերի, խնդիրների ու նպատակների միջև, անընդունելի է համարում այդ վարույթների` որպես իրավական գործընթացների նույնացումը:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Ընկերության պահանջը` ստուգման ակտով վարչական վարույթը վերսկսելու մասին, կարող է վերաբերել միայն վերստուգման անցկացմանը, որը կանոնակարգված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով, իսկ վարչական վարույթը վերսկսելու վերաբերյալ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով սահմանված կանոնակարգումը նույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով տվյալ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չէ:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վկայակոչված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ ստուգման վարույթի վերսկսումը որևէ կերպ չի կարող նույնացվել վերստուգման հետ, քանի որ դրանք միմյանցից էականորեն տարբերվող ընթացակարգեր են, և վարչական վարույթը վերսկսելու վերաբերյալ դիմումի ներկայացման դեպքում դրա նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի` վարչական վարույթի վերսկսման հետ կապված հարաբերությունները կարգավորող, այլ ոչ թե «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի` վերստուգման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերով հաստատվում է այն հանգամանքը, որ Ընկերությունը 09.07.2012 թվականի դիմումով Տեսչությանը խնդրել է փոփոխել Տեսչության 05.11.2009 թվականի թիվ 1000253 ակտը, ինչը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի ուժով պետք է իրականացվեր վարչական վարույթը վերսկսելու միջոցով, այսինքն` Ընկերությունը նշված դիմումով չի ներկայացրել վերստուգման պահանջ, սակայն Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ Ընկերության պահանջը` ակտով վարչական վարույթը վերսկսելու մասին, կարող է վերաբերել միայն վերստուգման անցկացմանը, որը կանոնակարգված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով, ինչի արդյունքում Դատարանը նույնացրել է վերստուգման և վարչական վարույթի վերսկսման` իրարից էականորեն տարբերվող ընթացակարգերը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի դրույթները, ինչի արդյունքում սույն գործով եկել է սխալ եզրահանգման:

գ) Վերոհիշյալ երրորդ հարցադրման առնչությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նախևառաջ ճշգրտել այն վարչական ակտերի շրջանակը, որոնց առնչությամբ կիրառելի է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի իրավակարգավորումը: Այդ նպատակով մեկնաբանության անհրաժեշտություն ունի նշված հոդվածում «բողոքարկման ոչ ենթակա ակտ» եզրույթը: Նշված հասկացությունը համարժեք է «անբողոքարկելի» հասկացության հետ, որի բովանդակությունը բացահայտված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը սահմանում է վարչական ակտը բողոքարկելու երկու այլընտրանքային հնարավորություն` վարչական կամ դատական կարգով: Նույն օրենքի 71-րդ հոդվածի համաձայն` վարչական կարգով վարչական ակտը կարող է բողոքարկվել դրա ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում: Դատական կարգով բողոքարկման համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածը սահմանում է ավելի սեղմ ժամկետ, այն է` վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական ակտը վարչական կարգով բողոքարկելու համար սահմանված 6-ամսյա ժամկետը բաց թողնելուց հետո դառնում է անբողոքարկելի:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածում «բողոքարկման ոչ ենթակա ակտեր» ձևակերպումը վերաբերում է այն վարչական ակտերին, որոնք օրենքով սահմանված ժամկետում չեն բողոքարկվել ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով, ինչը նշանակում է, որ նշված դրույթը կիրառելի չէ այն դեպքերի վրա, երբ տվյալ վարչական ակտի իրավաչափությունը վիճարկվել է դատական կարգով և առկա է դրա իրավաչափությունը գնահատող վերջնական դատական ակտ: Այն դեպքում, երբ վարչական ակտը վիճարկվել է դատական կարգով, և առկա է այդ ակտի իրավաչափությունը գնահատող օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտ, նոր երևան եկած հանգամանքի հիման վրա վերանայման է ենթակա ոչ թե վարչական ակտը, այլ համապատասխան դատական ակտը:

Ավելին, դատական պաշտպանության իրավունքը, inter alia, ներառում է դատարանի մատչելիության իրավունքը, դատական ակտի բողոքարկման իրավունքը, ինչպես նաև նոր երևան եկած հանգամանքների ուժով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման իրավունքը: Վերջինս հանդիսանում է դատական պաշտպանության բացառիկ և լրացուցիչ միջոց, որը կիրառվում է օրենքով սահմանված հանգամանքների առկայության դեպքում:

Օրենսդիրը նոր երևան եկած հանգամանքների ուժով վերանայման ինստիտուտ նախատեսել է նաև վարչական վարույթում: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածում նախատեսելով այդ ինստիտուտը` օրենսդիրն այն դիտարկում է որպես վարչական ակտի դեմ վարչական կարգով պաշտպանության բացառիկ և լրացուցիչ միջոց:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե ակտը բողոքարկվել է վարչական և դատական կարգով միաժամանակ, ապա բողոքը ենթակա է դատական քննության, որի դեպքում վարչական մարմնում հարուցված վարույթը կարճվում է: Նշված դրույթը նշանակում է, որ անձի կողմից ընդդեմ վարչական ակտի դատական պաշտպանության միջոցի ընտրությունը բացառում է վարչական կարգով պաշտպանությունից, դրա բաղադրիչներից, այդ թվում` նոր երևան եկած հանգամանքերի ուժով վարչական ակտի վերանայման ինստիտուտից օգտվելու հնարավորությունը: Հետևաբար, եթե անձի կողմից ընտրվել է դատական պաշտպանության միջոցը, ապա նոր երևան եկած հանգամանքի առկայության պայմաններում անձն իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը պետք է իրականացնի դատական պաշտպանության շրջանակներում: Նոր երևան եկած հանգամանքի ուժով վարչական ակտի վերանայումը, հանդիսանալով վարչական կարգով իրավական պաշտպանության տարր, կիրառելի է վարչական կարգով պաշտպանության շրջանակներում:

Վերոհիշյալ իրավական դիրքորոշումների հիման վրա սույն վճռաբեկ բողոքի քննության նպատակով Վճռաբեկ դատարանը կարևորում է այն հանգամանքի պարզումը, թե արդյոք դատարանների կողմից օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտով գնահատական է տրվել վեճի առարկա վարչական ակտի` Տեսչության 05.11.2009 թվականի թիվ 1000253 ստուգման ակտի իրավաչափությանը:

Այսպես` սկզբնապես նշված ակտի իրավաչափությունը վիճարկվել է Վարչական դատարանում, որն իր 15.12.2010 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարել է մասնակիորեն` վճռելով անվավեր ճանաչել վիճարկվող ստուգման ակտը:

05.05.2011 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանը, քննության առնելով նշված վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը, գտել է, որ «Վարչական դատարանի կողմից քննվել է անբողոքարկելի վարչական ակտի անվավերության պահանջ, որպիսի պարագայում այն չէր կարող քննվել, ուստիև անվավերության պահանջը ենթակա է մերժման»: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը շեշտադրել է, որ նման եզրահանգման պայմաններում անհրաժեշտ չի համարում անդրադառնալ վերաքննիչ բողոքի` վիճարկվող ակտի իրավաչափությանը վերաբերող հիմնավորումներին: Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ բեկանել է Դատարանի վճիռը և փոփոխել այն` մերժելով վիճարկվող ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջը: Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Վերաքննիչ դատարանի նշված որոշման ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով վերաքննիչ բողոքի բավարարման վերոհիշյալ հիմնավորումը, գտնում է, որ վիճարկվող ստուգման ակտի իրավաչափությունը գնահատելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտ առկա չէ:

Հաշվի առնելով նշված հանգամանքը և հիմք ընդունելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածը կիրառելի է Տեսչության 05.11 2009 թվականի թիվ 1000253 ստուգման ակտի նկատմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`

1) գնահատում է ապացույցները.

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.

3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը.

4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է անմիջականորեն գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզել նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և այդ պահանջների պահպանման արդյունքում միայն որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով պարտավորեցման հայցը սահմանող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է նաև այն պատճառաբանությունը, որ Ընկերության դիմումի և դրա պատասխանի բովանդակությունից հետևում է, որ մինչև սույն գործով հայց ներկայացնելն Ընկերությունը վարչական մարմին չի դիմել ակտով վարչական վարույթը վերսկսելու մասին պահանջով, հետևաբար հայցը` այդ պահանջը բավարարելուն պարտավորեցնելու մասին, ենթակա չէ դատարանի քննությանը, ուստի ենթակա է մերժման:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ չի գնահատել գործում առկա Ընկերության 09.07.2012 թվականի դիմումը, որով վերջինս Տեսչությանը խնդրել է փոփոխել Տեսչության 05.11.2009 թվականի թիվ 1000253 ակտը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վարչական վարույթը վերսկսելուն պարտավորեցնելու պահանջի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ինչ վերաբերում է թիվ 1000253 ստուգման ակտը մասնակիորեն փոփոխելու և այդ ակտով բյուջեի նկատմամբ տույժերը և տուգանքները 34.530.000 ՀՀ դրամ սահմանելուն պարտավորեցնելու պահանջին, ապա հաշվի առնելով, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի» մասին ՀՀ օրենքի 51-րդ հոդվածին համապատասխան վարույթն իրականացրած մարմնին է վերապահված վարույթը վերսկսելու արդյունքում վարչական ակտը փոփոխելու լիազորությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս պահանջի մերժման մասով վիճարկվող դատական ակտը բեկանման ենթակա չէ, և այդ մասով այն պետք է թողնել անփոփոխ, սակայն սույն պարբերության մեջ նշված պատճառաբանությամբ:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.03.2013 թվականի որոշման` վարչական վարույթը վերսկսելուն պարտավորեցնելու պահանջի մասը և այն փոփոխել` հայցն այդ մասով բավարարել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սևանի տարածքային հարկային տեսչությանը պարտավորեցնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի առաջին մասի «գ» կետի հիմքով վերսկսել 05.11.2009 թվականի թիվ 1000253 ակտով վարչական վարույթը:

Որոշման մնացած մասը թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան
Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան