Գլխավոր տեղեկություն
Номер
N 1216-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.11.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.11.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.11.2013
Дата вступления в силу
12.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2013 թվականի N 1216-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐՄԵՐԻ ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշման N 2 հավելվածի 20-րդ կետի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման միջոցառումների իրականացման ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.  նոյեմբերի  11

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 7-ի N 1216-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐՄԵՐԻ ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. Իրավիճակի նկարագրությունը

 

1. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է`

1) բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի նոր սորտերի և հիբրիդների փորձարկումներ, հարմարվող և արդյունավետ սորտերի ընտրություն.

2) երկրագործության վարման տեսանկյունից գյուղատնտեսական մշակաբույսերի արդյունավետ, հարմարվող սորտերի և սերմերի որակի ճիշտ գնահատում.

3) տարբեր մշակաբույսերի` տնտեսապես արդյունավետ սորտերի օգտագործման թույլտվության ձևակերպում և սերմնաբուծության վերահսկում.

4) գյուղատնտեսական մշակաբույսերի տեղական և արտասահմանյան նոր սորտերի փորձարկումներ և դրանց համեմատում արտադրության մեջ արդեն մշակվող սորտերի հետ.

5) Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններին հարմարվող, առավել բերքատու և որակյալ արտադրանք ապահովող սորտերի ընտրություն.

6) տեղական արտադրության և ներմուծվող սորտերի սերմերի որակի գնահատում.

7) գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի մշակության և խնամքի գիտականորեն հիմնավորված համակարգերի իրականացման վերաբերյալ խորհրդատվություն և կիրառում։

2. 2005 թվականից «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին», «Սերմերի մասին» և «Սպառողների շահերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 2-ի N 25 արձանագրային որոշման կատարումն ապահովելու նպատակով իրականացնում է գյուղատնտեսական մշակաբույսերի նոր սորտերի փորձարկումներ (4 մեթոդով), սելեկցիոն նվաճումների հայտերի փորձաքննություններ, դրանց արտոնագրում, տալիս է տնտեսապես օգտակարություն ապահովող սորտերի օգտագործման թույլտվություն, իրականացնում օրիգինատորների հաշվառումներ, բույսերի նոր սորտերի փորձարկումներ, բույսերի սորտերի ստուգիչ ցանքեր և սերմերի որակական բոլոր ցուցանիշների գնահատումներ, նորմատիվային փաստաթղթերի մշակումներ:

3. Մատուցվող ծառայությունների շրջանակի նկարագրությունը տրվում է ստորև ներկայացված աղյուսակում.

Ծրագրով առաջարկվող` մատուցվող ծառայությունների շրջանակի նկարագրությունը

NN
ը/կ

Ծառայությունների շրջանակի նկարագրությունը

Շահառուների շրջանակի նկարագրությունը

Պետական հատվածի կողմից փոխհատուցման ծավալը

1.

Սելեկցիոն նվաճումների հայտերի փորձաքննություն

Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի սելեկցիայով զբաղվող տնտեսավարող սուբյեկտներ

ամբողջությամբ

2.

Բույսերի նոր սորտերի տեղեկագրի և գրանցամատյանի հրապարակում

Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներ և գիտական հիմնարկներ

ամբողջությամբ

3.

Բույսերի նոր սորտերի ստուգիչ ցանքերի իրականացում

Հայաստանի Հանրապետության տարածքում սերմնարտադրությամբ զբաղվող, հանրապետություն սերմեր ներկրող և իրացնող տնտեսավարող սուբյեկտներ

ամբողջությամբ

4.

Բույսերի նոր սորտերի դաշտային փորձարկումներ

Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի սելեկցիայով և սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներ

ամբողջությամբ

5.

Սերմերի որակի լաբորատոր հետազոտություններ և փաստաթղթավորում

Հայաստանի Հանրապետության տարածքում սերմնարտադրությամբ զբաղվող, հանրապետություն սերմեր ներկրող, իրացնող և գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներ

ամբողջությամբ

4. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող նպատակային ֆինանսավորման հաշվին՝ միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվելու դեպքում: Ոլորտի զարգացման նպատակով նախատեսվում և իրականացվում են`

1) ուսուցողական դասընթացներ, սելեկցիոն նվաճումների սորտափորձարկումներ, տնտեսական օգտակարության գնահատման դաշտային հետազոտություններ, Հայաստանի Հանրապետություն ներկրվող բույսերի սորտերի ստուգիչ ցանքեր.

2) բույսերի նոր սորտերի մասին պաշտոնական տեղեկատվության հրապարակում (600 մամուլ).

3) տարեկան շուրջ 10-15 հազ. տոննա սերմերի որակի գնահատման աշխատանքներ.

4) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի հավաստագրում:

5. Արդյունքում նկատելի է աշխատողների մասնագիտական որակավորման աճ, բույսերի նոր սորտերի փորձարկումներն ու դաշտային հետազոտությունները դարձել են ավելի արդյունավետ ու հիմնավոր, արտոնագրվել և օգտագործման թույլտվություն են ստացել շուրջ 75 սորտեր և հիբրիդներ, ապահովվել է դրանց մասին տեղեկատվության հրապարակումը:

 

II. Ծրագրի նպատակները ԵՎ խնդիրները

 

6. Ծրագրի նպատակներն ու խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետությունում բույսերի նոր սորտերի արտոնագրման և օգտագործման գործընթացի կանոնակարգումը, սելեկցիոն նվաճումների իրավական պաշտպանության ապահովումը.

2) հանրապետության բնակլիմայական տարբեր գոտիներում մշակության համար երաշխավորվող բույսերի սորտային կազմի ընդլայնումը.

3) ցանքատարածությունների բուսասանիտարական վիճակի վատթարացման, հիվանդությունների, մոլախոտերի և վնասատուների զանգվածային բազմացման կանխարգելումը: Այս աշխատանքների կատարումը հիմնականում ենթադրում է բարձր վերարտադրության սերմնադաշտերի ուսումնասիրությունների և արտադրված սերմերի որակի ստուգման հաշվին կանխարգելել գյուղացիական տնտեսությունների բերքի կորուստները` անորակ սերմերի օգտագործման պատճառով (վերջիններս նպաստում են մոլախոտերի, հիվանդությունների, վնասատուների բազմացմանը).

4) Հայաստանի Հանրապետությունում բույսերի նոր սորտերի արտոնագրման և օգտագործման թույլտվության գործընթացի կանոնակարգումը.

5) սելեկցիոն նվաճման իրավական պաշտպանության ապահովումը.

6) սերմնադաշտերի սորտային պատկանելության և սերմերի ցանքային պիտանիության գնահատումը.

7) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող բույսերի սորտերի (հիբրիդների) սորտային պատկանելության հավաստումը: Այս աշխատանքների իրականացումը նպատակաուղղված է գլուղատնտեսական մշակաբույսերի սորտերի ու դրանց սերմերի որակի նկատմամբ սպառողների շահերի պաշտպանությանը.

8) տարեկան մինչև 15 սելեկցիոն նվաճումների (սորտերի և հիբրիդների) շրջանացման և օգտագործման թույլտվության ձևակերպումը, շուրջ 14000 տոննա սերմերի որակի գնահատումը: Այս աշխատանքները հանրապետությունում կնպաստեն շուրջ 100000 հեկտար վարելահողերի բուսասանիտարական վիճակի բարելավմանը և գյուղատնտեսական մթերքների քանակի աճի ու որակի բարձրացմանը: Նախատեսվում է նաև իրականացնել մի շարք աշխատանքներ, որոնք նպատակաուղղված են սերմերի որակի գնահատման միջազգային ստանդարտներին համապատասխան չափանիշների ներդրմանը, ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների համար ուսուցողական և ցուցադրական դասընթացների կազմակերպմանը:

 

III. Ծրագրի բյուջեն

 

7. Ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ և օրենքով չարգելված այլ միջոցներով` դրանք նախատեսելով միջնաժամկետ ծախսային ծրագրերում:

 

IV. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

8. Ծրագրի իրականացման միջոցառումներն են`

1) սելեկցիոն նվաճումների հայտերի փորձաքննությունները, գրանցամատյանի վարումը, օրիգինատորների հաշվառումը, բույսերի սորտերի նկարագրությունների և բնութագրերի կազմումը, դաշտային հետազոտությունների, ստուգիչ ցանքերի իրականացումը, բույսերի սերմերի լաբորատոր հետազոտությունները.

2) սելեկցիոն նվաճումների արտոնագրումը, բույսերի սորտային պատկանելության ճշտումը և գնահատումը:

 

V. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

 

9. Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի սորտափորձարկումների միջոցով ընտրելու և Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսությունների համար երաշխավորելու բույսերի նոր, արդյունավետ սորտեր, որոնց օգտագործումը կապահովի բարձր և կայուն բերքատվություն, որակյալ արտադրանք, ինչպես նաև տարեկան շուրջ 100000 հեկտար հողատեսքերի վրա կբարելավվի հողերի բուսասանիտարական վիճակը, ցանքի համար կերաշխավորվեն համալիր լաբորատոր փորձաքննության ենթարկված սերմեր:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան