Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1127
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.12.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.12.18/67(1007) Հոդ.1152
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
10.12.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
10.12.2013
Дата вступления в силу
10.12.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

10 դեկտեմբերի 2013 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 73-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ԿԵՏԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող` քաղաքացի Է. Խաչիկյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնի փորձագետ Հ. Սարդարյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Էդուարդ Խաչիկյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Է. Խաչիկյանի` 2013 թվականի հունիսի 14-ի (լրացված` հունիսի 25-ին) ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի դեկտեմբերի 10-ին և ուժի մեջ է մտել 2008 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Հայցադիմումին կցվող փաստաթղթերը» վերտառությամբ 73-րդ հոդվածի 1-ին մասի` սույն գործով վիճարկվող 6-րդ և 7-րդ կետերը սահմանում են.

«1. Հայցադիմումին կցվում են`

...

6) հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է պատճենահանել) պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց, սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան, ստանալը հավաստող փաստաթղթերը.

7) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում հայցադիմումը պետական ֆինանսների կառավարման մարմնին սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկելը հավաստող փաստաթղթերը»:

 

2. Գործի համառոտ դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

Էդուարդ Խաչիկյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի պետ Ա. Ստեփանյանի` «ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի պետ Ա. Ստեփանյանի 03.10.2012թ. Դատապարտյալին առավել ցածր մեկուսացվածության ուղղիչ հիմնարկ տեղափոխելու միջնորդություն ներկայացնելու մասին դիմումը մերժելու որոշումն առոչինչ ճանաչելու և առոչնչության հետևանքները կիրառելու, նույն որոշումով պատասխանողի անգործությունը վերացնելու, պատասխանողին 19.09.2012թ. դիմումին պարզաբանում տալուն պարտավորեցնելու» պահանջների մասին: ՀՀ վարչական դատարանը 09.11.2012թ. կայացրել է «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշում, որում, ի թիվս այլ հանգամանքների, նշել է, որ. «…Տվյալ դեպքում հայցվորի ներկայացրած հայցադիմումին չի կցվել հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին և ֆինանսների կառավարման մարմնին ուղարկելու և վերջիններիս կողմից դրանց ստանալը հավաստող փաստեր: Նման հանգամանքը դատարանի կողմից դիտվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի խախտում»: 12.12.2012թ. հայցվորը կրկին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որի վերաբերյալ վերջինս 19.12.2012թ. կայացրել է «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում` պատճառաբանելով, որ «…12.12.2012թ. կրկին ներկայացված հայցադիմումին կից չի ներկայացվել հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները պատասխանողի և ֆինանսների կառավարման մարմնի կողմից ստանալը հավաստող ապացույցները, այսինքն, հայցվորի կողմից չի վերացվել հայցադիմումի այնպիսի թերությունները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար»:

Վերոհիշյալ որոշման դեմ հայցվորի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.02.2013թ. որոշմամբ մերժվել է` ՀՀ վարչական դատարանի 19.12.2012թ. թիվ ՎԴ 7000/05/12 վարչական գործով կայացված որոշումը` հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, թողնելով օրինական ուժի մեջ: Հիշյալ որոշման դեմ Էդուարդ Խաչիկյանի բերած վճռաբեկ բողոքի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը 20.03.2013թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում:

 

3. Վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի դրույթների սահմանադրականությունը` դիմողը գտնում է, որ հիշյալ դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածին, սահմանափակում են անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:

Դիմողի կարծիքով, քանի որ վարչական դատավարության օրենսգրքով ամրագրված է նախնական դատական նիստի ինստիտուտը, հետևաբար, դատաքննության այդ փուլում կարելի է լուծել հայցադիմումը պատասխանողին կամ երրորդ անձին ծանուցելու հետ կապված հարցերը, ուստիև անընդունելի են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի պահանջները, որոնք անձին զրկում են դատական պաշտպանության և հրապարակային քննության իրավունքից:

 

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Ըստ պատասխանողի` սույն գործով վիճարկվող դրույթների իրավակարգավորումների նպատակն է ապահովել դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացումը, դատական նիստում գործի ճիշտ և արագ քննությունը և լուծումը: Հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին ուղարկելու պարտականությունը դրվել է հայցվորի վրա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերը, գտնվելով որոշակի իրավահարաբերությունների, որոշակի վեճի մեջ, իրազեկված են միմյանց մասին: Հայցադիմումը պատասխանողին ուղարկելը վարչական դատավարությունում կողմերի իրավահավասարության, հատկապես` պատասխանողի իրավունքների պաշտպանության երաշխիք է, քանզի պատասխանողն իր պաշտպանությունը կառուցում է հայցվորի ներկայացրած փաստարկների հիման վրա, իսկ հայցադիմումի վերաբերյալ պատասխան չներկայացնելը վերջինիս համար առաջացնում է իրավական հետևանքներ:

 

5. ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»: Սահմանադրական հիշյալ նորմն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը, նշված սահմանադրական դրույթին և դրա հիմքում ընկած սահմանադրական կոնկրետ վերահսկողության տրամաբանությանը համահունչ, սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները:

Համաձայն սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման` ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...» բառակապակցությունում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ (ՍԴՈ-747): Բացի դրանից, համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման` «...«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ քննության առարկա գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը, մատնանշելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը հայցվորի համար պարտականություն է նախատեսել կցել ոչ թե ստանալը, այլ ուղարկելը հավաստող փաստաթուղթ, անհիմն է համարել ՀՀ վարչական դատարանի եզրահանգումները` «…ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հայցադիմումի ստանալը հավաստող փաստաթուղթ կցած չլինելու հիմքով, նախ հայցադիմումը վերադարձնելու, ապա` դրա ընդունումը մերժելու մասին…»: ՀՀ վճռաբեկ դատարանը ևս` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ, ըստ էության, վերահաստատել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի արտահայտած հիշյալ եզրահանգումը: Հետևաբար, դիմողի նկատմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթը չի կիրառվել, այն դիմողի համար իրավական հետևանք չի առաջացրել:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետը` սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթի վիճարկումը չի բխում սահմանադրական կոնկրետ վերահսկողության էությունից, սույն գործով դիմողը սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չէ, ուստիև քննության առարկա գործի վարույթը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի մասով, ենթակա է կարճման:

 

6. Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված «ստանալը հավաստող փաստաթղթեր» ներկայացնելու պահանջի նշանակությունը` ՀՀ Սահմանադրության, մասնավորապես, 18-րդ հոդվածով սահմանված` դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու համատեքստում:

Սահմանադրական դատարանը, սույն գործով վիճարկվող դրույթը վերլուծելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև` օրենսգիրք) այլ դրույթների հետ համակարգային ամբողջականության շրջանակներում, արձանագրում է, որ օրենսդիրն առանձին հոդվածներով սահմանել է հայցադիմումին ներկայացվող պահանջները (72-րդ հոդված) և հայցադիմումին կցվող փաստաթղթերի կոնկրետ շրջանակը (73-րդ հոդված), վերջինիս թվում սահմանելով նաև հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է պատճենահանել) պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց, օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան, ստանալը հավաստող փաստաթղթերը:

Օրենսդիրը հայցադիմումին ներկայացվող վերոհիշյալ պահանջների պահպանման հանգամանքով է պայմանավորում հայցադիմումը վարույթ ընդունելը: Դատարանը պարտավոր է հայցադիմումն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարույթ ընդունել օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր (77-րդ հոդված):

Հայցադիմումը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու կոնկրետ հիմքերը և կարգը սահմանված են օրենսգրքի համապատասխանաբար 78-րդ և 79-րդ հոդվածներով:

Անդրադառնալով հայցադիմումը վերադարձնելու իրավական հիմքերին` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասում որպես հիմք ամրագրված է օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված հայցադիմումին առաջադրվող պահանջները չպահպանելը, իսկ օրենսգրքի 73-րդ հոդվածի մասով ամրագրված է միայն հիշյալ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պահանջը չպահպանելը: Սահմանադրական դատարանը վերահաստատում է 2010 թվականի նոյեմբերի 30-ի ՍԴՈ-927 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, համաձայն որի` օրենսգրքի 73-րդ հոդվածի պահանջները չպահպանելու իրավական հետևանքը վարչական դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելն է, և գտնում է, որ հետագա իրավական կանոնակարգումների շրջանակներում հիշյալ դիրքորոշումն անհրաժեշտ է ամրագրել օրենսգրքում, մասնավորապես` հայցադիմումը վերադարձնելու իրավական հիմք նախատեսելով օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտադիր կատարման ենթակա պահանջները չպահպանելու բոլոր դեպքերը: Հիշյալ կանոնակարգման անհրաժեշտությունը բխում է նաև իրավական որոշակիության և իրավական կանխատեսելիության սկզբունքների պահանջներից, նպատակաուղղված է սահմանելու դատարանի լիազորությունների կոնկրետ շրջանակը:

 

7. ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է արդարադատության մատչելիության և արդյունավետության խնդիրներին` առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 1, 3, 14, 18, 19-րդ և այլ հոդվածներով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի, միջազգային իրավական այլ փաստաթղթերում ամրագրված հիմնադրույթներով` վկայակոչելով նաև ժողովրդավարության զարգացման միջազգային փորձն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան:

Սույն գործի շրջանակներում ևս սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վկայակոչել դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը, համաձայն որի` պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «…պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (Case of Khalfaoui v. France, application no. 34791/97, 14/03/2000):

Քննության առարկա գործի շրջանակներում ևս, կարևորելով անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորող նորմատիվ իրավական անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն ու զարգացումը, գնահատելով վիճարկվող իրավակարգավորման ազդեցությունը դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների, ինչպես նաև դրանց արդյունավետ իրականացման երաշխիքների վրա, սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ: Հիշյալ համատեքստում, սահմանադրական դատարանը գտնում է, որ հայցադիմումի ձևի և բովանդակության պահանջներ սահմանելու իրավակարգավորման նպատակը ոչ թե հայցվորին ավելորդ պարտականություններով ծանրաբեռնելն է, այլ հայցադիմումի ձևի և բովանդակության հստակությունն ապահովելը, դատավարության արդյունավետ և օբյեկտիվ կազմակերպման անհրաժեշտ երաշխիքներ սահմանելը, նաև հայցադիմումը վարույթ ընդունելու ժամանակ վերացման ենթակա հետագա հնարավոր խոչընդոտները կանխարգելելը: Հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց, օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկելն իրավաչափ է, քանի որ նպատակաուղղված է վարչական դատավարության մյուս կողմի դատավարական իրավունքների և պարտականությունների պատշաճ կատարման երաշխավորմանը: Այն իրականացվում է օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան, որի 1-ին մասի համաձայն` «Ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Դատավարության մասնակիցները կարող են համաձայնվել ծանուցման այլ եղանակի մասին, մասնավորապես ֆաքսով, էլեկտրոնային փոստով, հեռախոսով, հեռագրով»: Իսկ «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` հատուկ առաքում է համարվում փոստով կամ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը: Հատուկ առաքումը փոստով տեղի է ունենում միայն փոստային կապի ազգային օպերատորի միջոցով: Հիշյալ օրենքներով կանոնակարգումները վկայում են, որ սահմանված են անհրաժեշտ ընթացակարգեր, որոնք ապահովում են պատշաճ ծանուցման իրականացումը: Բացի դրանից, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, գործի դատաքննության նախապատրաստման շրջանակներում, ամրագրում է դատավարական փաստաթղթերին ծանոթանալու բավարար այլ երաշխիքներ, որոնց նպատակն է ապահովել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված անձի սահմանադրական իրավունքը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ, ի տարբերություն վերոգրյալի, վիճարկվող դրույթով «ստանալը հավաստող փաստաթղթեր» ներկայացնելու պահանջ սահմանելն ավելորդ ծանրաբեռնում է հայցվորի դատավարական պարտականությունների շրջանակը, քանի որ հայցվորից, ըստ էության, պահանջվում է ապացույց առ այն, որ, մասնավորապես, փոստային կապի ազգային օպերատորը պատշաճ կատարել է օրենքով իր վրա դրված պարտականությունը: Ուստիև, վիճարկվող դրույթը` «ստանալը հավաստող փաստաթղթեր» ներկայացնելու պահանջի մասով իրավաչափ նպատակ չի հետապնդում, արդյունքում` դժվար հասանելի է դարձնում դատարանի մատչելիության իրավունքը, ստեղծում է անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցների սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման վտանգ:

Վերոնշյալի մասին է վկայում նաև սույն գործով վիճարկվող դրույթի հետ կապված իրավակիրառական պրակտիկան, համաձայն որի` ՀՀ վարչական դատարանի կողմից 2012 թվականից մինչև 2013 թվականի նոյեմբեր ամիսը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջը հայցվորների կողմից սահմանված կարգով չպահպանելու հիմքով հայցադիմումները վերադարձնելու 208 դեպքից միայն 103 դեպքում է այն կրկին ներկայացվել վարչական դատարան, որոնցից 94-ն ընդունվել է վարույթ, 9-ի ընդունումը մերժվել է: Այսինքն, կեսից ավելիի` 105-ի դեպքում վիճարկվող դրույթի հիմքով անձինք չեն կարողացել իրացնել դատական պաշտպանության արդյունավետ միջոցների սահմանադրական իրենց իրավունքը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ դատավարական փաստաթղթերի ստանալը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու ընթացակարգի շրջանակներում կողմերի դատավարական իրավունքները և պարտականությունները համաչափ բաշխված չեն: Մասնավորապես, ի տարբերություն վիճարկվող դրույթի, օրենսգրքի 83-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` պատասխանողը ներկայացնում է նաև` հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց` փաստաթղթերի հատուկ առաքման կարգին համապատասխան ուղարկելը հավաստող ապացույցները: Այսինքն` օրենսդիրը պատասխանողի համար չի սահմանել հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը ստանալը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու պարտականություն:

 

8. Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի շրջանակներում դատարանի մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների սահմանադրական իրավունքների և վարչական դատավարությունում կողմերի հավասար հնարավորությունների իրացումը կարող է երաշխավորված լինել հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է պատճենահանել) պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված պատշաճ կարգով ուղարկելու պահանջի կատարմամբ, ինչպես նաև գործի քննության ամբողջ ընթացքում կողմերի համար հավասար հնարավորություններ ապահովելու օրենսդրական համարժեք երաշխիքների իրացմամբ: Այդ պահանջի և երաշխիքների հստակ և համակարգված կանոնակարգումը, ելնելով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի իրացումն ապահովելու անհրաժեշտությունից, օրենսդիր մարմնի պարտականությունն է:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32, 60, 63, 64, 68 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը` «ստանալը հավաստող փաստաթղթեր» ներկայացնելու պահանջի մասով ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:

2. «Քաղաքացի Էդուարդ Խաչիկյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի մասով կարճել:

3. Հաշվի առնելով, որ սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետում ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմի` որոշման հրապարակման պահին անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կհանգեցնի այնպիսի հետևանքների, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ինչպես նաև նկատի ունենալով, որ անհրաժեշտ է հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է պատճենահանել) պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված պատշաճ կարգով ուղարկելու պահանջի և գործի քննության ամբողջ ընթացքում կողմերի համար հավասար հնարավորություններ ապահովելու իրավական համարժեք երաշխիքների հստակ և համակարգված օրենսդրական կանոնակարգում, ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիմքերով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի հուլիսի 1-ը:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան

 

10 դեկտեմբերի 2013 թ.

 ՍԴՈ-1127