Գլխավոր տեղեկություն
Номер
N 2334-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (27.12.2013-22.11.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.02.15/8(463) Հոդ.191
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.02.2006
Дата вступления в силу
25.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2334-Ն

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 22-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հաստատել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

(3-րդ կետը փոփ. 15.05.08 N 532-Ն)

4. Սահմանել, որ`

ա) «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան գործառույթների իրականացումն է` ուղղված տեխնածին վթարների կանխարգելմանը, դրանց հետևանքների վերացմանը, նման վթարների հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությանը.

բ) «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 6.150.600 դրամ ընդհանուր արժողությամբ ցանկացած գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, պետական սեփականություն հանդիսացող հողերի և պատմամշակութային նշանակության գույքի:

5. Երևանի Ջրաշատի փողոցի N 1 շենքի 5-րդ և 6-րդ հարկերը (800 քառ. մետր ընդհանուր մակերեսով), Գյումրի քաղաքի Աբովյան 296 հասցեում գտնվող շենքի 200 քառ. մետր և Կապան քաղաքի Մ. Ստեփանյան 14 հասցեում գտնվող շենքի 200 քառ. մետր տարածքները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ այլ գույքը հանձնել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

(5-րդ կետը փոփ. 28.07.11 N 1130-Ն)

5.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մինչև 2007 թվականի օգոստոսի 1-ը ապահովել Երևանի Ջրաշատի փողոցի N 1 շենքի 5-րդ և 6-րդ հարկերի, Գյումրի քաղաքի Աբովյան 296 հասցեում գտնվող շենքի 200 քառ. մետր և Կապան քաղաքի Մ. Ստեփանյան 14 հասցեում գտնվող շենքի 200 քառ. մետր տարածքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը,

բ) մինչև 2007 թվականի սեպտեմբերի 1-ը «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրն ու սահմանված կարգով ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը:

(5.1-ին կետը լրաց. 03.05.07 N 522-Ն, փոփ. 12.02.09 N 178-Ն)

6. Թույլատրել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) տեխնիկական անվտանգության ոլորտում գիտատեխնիկական, փորձարարական, խորհրդատվական ծառայությունների մատուցում, դիագնոստիկա, փորձարկում, զննում.

բ) տեխնիկական անվտանգության հետ կապված բնագավառներում ուսումնական դասընթացների իրականացում:

գ) արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացում ու համապատասխան փորձագիտական եզրակացության տրամադրում:

(6-րդ կետը լրաց. 28.07.11 N 1130-Ն, փոփ. 19.12.13 N 1451-Ն)

7. «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն համապատասխան լիցենզիայի հիման վրա:

8. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` սույն որոշումն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել`

ա) «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմի հաստատումը.

բ) «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը:

9. «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին:

(9-րդ կետը փոփ. 15.05.08 N 532-Ն)

10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հետ համատեղ` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 30
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2334-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կենտրոն) գործունեությունը նպատակաուղղված է արտադրական վտանգավոր օբյեկտում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված տեխնիկական անվտանգության պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի, տեխնիկական անվտանգության բնագավառում նոր գիտական ուղղությունների և գիտափորձերի մշակմանը:

2. Կենտրոնի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. Կենտրոնը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված` իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ ու պարտականություններ:

4. Կենտրոնն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

5. Կենտրոնը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կենտրոնը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտավորություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Կենտրոնը կարող է ունենալ մասնաճյուղեր, գիտափորձարարական, ուսումնական հիմնարկներ:

7. Կենտրոնի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն կրճատ` «Տեխանվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ.

3) ռուսերեն լրիվ` «Национальный центр технической безопасности» государственная некоммерческая организация.

4) ռուսերեն կրճատ` «Национальный центр техбезопасности» ГНО. 

5) անգլերեն լրիվ` «Natiօnal Center օf Tecհnical Secսrity» State Nօn Cօmmercial Organizatiօn.

6) անգլերեն կրճատ` «NCTS» SNCO։

8. Կենտրոնի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Սարմենի 1:

 

II. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

9. Կենտրոնի գործունեության նպատակներն են՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության ապահովման գործառությունների կազմակերպումն ու իրականացումը՝ բացառությամբ միջուկային և էներգատեղակայանքների, ռադիոակտիվ նյութերի վերամշակման, ջրային համակարգերի, ավիացիայի, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի, ինչպես նաև ռազմական նշանակության օբյեկտների.

2) իր իրավասությունների շրջանակներում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը:

(9-րդ կետը խմբ. 14.03.13 N 234-Ն) 

10. Կենտրոնի լիազորություններն են`

1) տեխնիկական անվտանգության պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի մշակումը.

2) ուսումնամեթոդական ծրագրերի մշակումը, ոլորտի մասնագետների, փորձագետների, տնտեսության մեջ աշխատող ինժեներատեխնիկական և մասնագետ կադրերի ուսուցման և որակավորման գծով աշխատանքների կազմակերպումը.

3) իր իրավասությունների շրջանակներում մասնակցությունը միջպետական ծրագրերի և տեխնիկական նախագծերի մշակմանն ու իրագործմանը, գիտահետազոտական աշխատանքների անցկացմանը.

4) տեխնիկական անվտանգության բնագավառում նոր գիտական ուղղությունների, գիտափորձերի մշակումը.

5) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին տեխնիկական անվտանգությանն առնչվող հարցերով տեղեկատվությամբ ապահովումը, այդ թվում՝ նաև զանգվածային լրատվության միջոցներով.

5.1) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումներին, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցությունը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(10-րդ կետը լրաց. 14.03.13 N 234-Ն) 

11. Կենտրոնը սույն կանոնադրության 10-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված իր գործառույթներն իրականացնում է`

1) արտադրություններում կամ առանձին տեղամասերում, արտադրամասերում, արտադրական հրապարակներում, պահեստարաններում, տեղակայանքներում, տեխնոլոգիական սարքավորումներում կամ ցանկացած այլ օբյեկտում, որտեղ՝

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած սահմանաքանակները գերազանցող չափերով արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, օգտագործվում կամ ստացվում են հետևյալ հատկանիշներով բնութագրվող վնասակար նյութերը՝

դյուրավառ նյութեր, որոնք գազային վիճակում, նորմալ ճնշման պայմաններում օդի հետ խառնվելու դեպքում դառնում են բոցավառ, և որոնց եռման ջերմաստիճանը նորմալ ճնշման դեպքում հավասար է 200C-ի կամ դրանից ցածր է,

օքսիդացող նյութեր, որոնք օժանդակում են այրմանը, հարուցում են կրակի առաջացում կամ նպաստում են այլ նյութերի բոցավառմանն օքսիդավերականգնման էկզոթերմի ռեակցիաների հետևանքով,

այրվող նյութեր՝ հեղուկներ, գազեր, փոշիներ, որոնք ունեն ինքնաբռնկվելու հատկություններ, ինչպես նաև կարող են բռնկվել կրակի աղբյուրից,

պայթյունավտանգ նյութեր, որոնք կարող են պայթել բոցի ազդեցությամբ կամ ցնցումների և շփման նկատմամբ դրսևորել ավելի զգայունություն, քան երկնիտրաբենզոլը,

թունավոր նյութեր, որոնք ազդելով կենդանի օրգանիզմների վրա՝ կարող են դառնալ հիվանդության կամ մահվան պատճառ,

շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութեր, որոնք ջրային միջավայրում ձեռք են բերում սուր թունավոր հատկություններ,

բ. կիրառվում են 0,07 և ավելի մեգապասկալ ճնշման տակ աշխատող սարքավորումներ, ջրի՝ մինչև 1150 C (60 կՎտ և ավելի հզորության) և 1150 C-ից բարձր ջերմաստիճանի տակ աշխատող ջերմային կայանքներ,

գ. իրականացվում են հանքարդյունահանման, հորապայթեցման աշխատանքներ կամ աշխատանքներ՝ օգտակար հանածոների հանքահարստացման ուղղությամբ,

դ. իրականացվում են թունելաշինական աշխատանքներ կամ ցանկացած այլ աշխատանք՝ ստորերկրյա պայմաններում,

ե. ստացվում են մետաղների հալույթներ.

2) շարժասանդուղքներում, ճոպանուղիներում, կարուսելներում, ֆունիկուլյորներում, ամբարձիչ կռունկներում, մեկ տոննա և ավելի բեռնաբարձությամբ ամբարձիչ սարքավորումներում և մեխանիզմներում.

3) վերելակներում, եթե դրանք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում՝ արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում՝ բացառությամբ 250 կգ կամ պակաս բեռնատարողությամբ վերելակների.

4) նավթամթերքների, հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, հաստատուն և շարժական լցավորման կայաններում, գազագլանաանոթային սարքավորումներում, տեխնոլոգիական նպատակներով գազ օգտագործող օբյեկտներում, գազապահեստարաններում.

5) ջրային լողամիջոցներում՝ բացառությամբ ջրային հեծանիվների և առանց շարժիչի նավակների, այդ թվում՝ փչովի։

(11-րդ կետը լրաց. 14.03.13 N 234-Ն) 

12. Կենտրոնն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) տեխնիկական անվտանգության ոլորտում գիտատեխնիկական, փորձարարական, խորհրդատվական ծառայությունների մատուցում, դիագնոստիկա, փորձարկում և զննում.

2) տեխնիկական անվտանգության հետ կապված բնագավառներում ուսումնական դասընթացների իրականացում.

3) տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացում ու համապատասխան փորձագիտական եզրակացության տրամադրումը։

(12-րդ կետը փոփ. 19.12.13 N 1451-Ն) 

13. Կենտրոնը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն համապատասխան լիցենզիայի հիման վրա:

14. Կենտրոնի ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

 

III. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

15. Կենտրոնի կառավարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան իրականացնում են հիմնադիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նրա կողմից լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը, գործադիր մարմինը` տնօրենը:

16. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

1) պետական կազմակերպության հիմնադրումը.

2) պետական կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) պետական կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.

4) պետական կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.

5) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

17. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`

1) կենտրոնին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

2) կենտրոնի կառավարման համակարգի սահմանումը.

3) կենտրոնի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

4) օրենսդրությամբ սահմանված կարգով կենտրոնի տնօրենին պաշտոնի նշանակելը և ազատելը.

5) կենտրոնի հաստիքացուցակի, պահպանման տարեկան ծախսերի նախահաշվի հաստատումը, տնօրենի վարձատրության, ինչպես նաև կենտրոնի շահույթի հաշվին աշխատողների լրացուցիչ վարձատրության (հավելավճար, պարգևատրում և այլն) չափերը և պայմանները որոշելը.

6) կենտրոնի գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

7) կենտրոնի կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի և կենտրոնի տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող որոշումները, հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը.

8) կենտրոնին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

9) կենտրոնի սեփականության պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

10) կենտրոնի գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնություն տալը.

11) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, հիմնադրի որոշումներով ու սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

18. Կենտրոնի կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) իր գործունեության ընթացքում իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով և սույն կանոնադրությամբ նախատեսված լիազորությունները:

19. Խորհուրդը բաղկացած է հինգ անդամից, որոնցից`

1) մեկը կենտրոնի կոլեկտիվի անդամ է, որին ընտրում է կոլեկտիվի ընդհանուր ժողովը.

2) երեքը լիազորված պետական մարմնի համակարգի ծառայողներ են, որոնք նշանակվում են լիազոր մարմնի ղեկավարի կողմից.

3) մեկը գիտական հաստատությունների ներկայացուցիչ է (իր համաձայնությամբ), որին նշանակում է լիազոր մարմինը:

20. Խորհրդի կազմը հաստատում է լիազորված պետական մարմինը` երեք տարի ժամկետով:

21. Խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի անդամներից:

22. Խորհրդի լիազորությունները`

1) լիազորված մարմին կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

2) լիազորված մարմին տնօրենի նշանակման, նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագրի հաստատման, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, վարձատրության կարգի և պայմանների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

3) կենտրոնի տնօրենի գործունեության նկատմամբ ընթացիկ վերահսկողության իրականացումը.

4) կենտրոնի շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը.

5) կենտրոնի գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.

6) խորհրդի նախագահի ընտրությունը, իր աշխատակարգի հաստատումը.

7) լիազորված մարմին` կենտրոնի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

8) տնօրենի հաշվետվությունների քննարկումն ու հաստատումը.

9) կենտրոնի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը հաստատելը.

10) կենտրոնի կառուցվածքին, ինչպես նաև կենտրոնի ստորաբաժանումների կանոնադրություններին համաձայնություն տալը:

23. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`

1) իր դիմումի համաձայն.

2) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` լիազոր մարմնի աշխատակազմում զբաղեցրած պաշտոնից ազատվելու հետևանքով.

3) մահվան դեպքում.

4) օրենքով սահմանված այլ դեպքերում:

24. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է՝ պահպանելով սույն կանոնադրության 19-րդ կետով սահմանված համամասնությունները:

25. Խորհրդի գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ կամ տարվա ընթացքում երկու անգամ քվորումի բացակայության պատճառով նիստեր չգումարվելու հիմքով:

26. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն չորս անգամ: Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի առնվազն 3 անդամի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի առնվազն 2 անդամի առաջարկությամբ:

27. Խորհուրդը հաստատում է իր աշխատակարգը: Խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևում է խորհրդի նախագահը:

 

IV. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

 

28. Կենտրոնի տնօրենին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը:

29. Կենտրոնի տնօրենն օրենքով, հիմնադրի որոշումներով ու լիազորված պետական մարմնի ղեկավարի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կենտրոնի գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի որոշումների ու լիազորված պետական մարմնի հրամանների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

30. Կենտրոնի տնօրենի հետ օրենքով սահմանված կարգով կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:

31. Կենտրոնի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

32. Կենտրոնի տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կենտրոնին և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Կենտրոնի գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

33. Կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակված անձի բացակայության դեպքում լիազոր մարմնի ղեկավարի հրամանով այդ լիազորություններն իրականացնում է կենտրոնի տնօրենի տեղակալներից մեկը:

34. Կենտրոնի տնօրենը`

1) առանց լիազորագրի հանդես է գալիս կենտրոնի անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի լիազորված պետական մարմնի ու կենտրոնի կոլեգիալ կառավարման մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կենտրոնի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

3) տալիս է կենտրոնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում կենտրոնի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

5) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

6) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

7) նախքան հաստատելը` խորհրդի համաձայնեցմանն է ներկայացնում կենտրոնի կառուցվածքը.

8) սահմանում է կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները` համաձայնեցնելով խորհրդի հետ.

9) հաստատում է կենտրոնի հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները` համաձայնեցնելով խորհրդի հետ.

10) նշանակում է կենտրոնի հիմնարկների, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարներին` համաձայնեցնելով խորհրդի հետ, նրանց տալիս է համապատասխան լիազորագրեր.

11) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կենտրոնի կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

 

V. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

35. Կենտրոնի սեփականությունը ձևավորվում է դրա հիմնադրման ժամանակ հիմնադրի կողմից կենտրոնին սեփականության իրավունքով հանձնվող գույքից, որը հետագայում կարող է համալրվել կենտրոնի գործունեության ընթացքում ձեռք բերված գույքով, ինչպես նաև հիմնադրի կողմից սեփականության իրավունքով կենտրոնին հանձնվող գույքով:

36. Կենտրոնն իրավունք ունի, օրենքին, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

37. Հիմնադիրը սեփականության իրավունքով կենտրոնին պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կենտրոնի լուծարումից հետո մնացած գույքի:

38. Կենտրոնի սեփականության պահպանման հոգսը կրում է կենտրոնը:

39. Կենտրոնի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

40. Կենտրոնի սեփականության ձևավորման աղբյուրներն են`

1) կենտրոնին սեփականության իրավունքով հանձնված գույքը.

2) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական ու նպատակային.

3) ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները:

41. Հիմնադրի կողմից կենտրոնին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք:

42. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից կենտրոնին ամրացված գույքը:

43. Կենտրոնն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու: Կենտրոնն իրավունք ունի պետության անունից` օրենքով սահմանված կարգով վարձակալության հանձնելու իրեն ամրացված գույքը: Ամրացված տարածքների վարձակալության արդյունքում ստացված վարձավճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Ամրացված գույքի՝ այլ օգտագործման արդյունքում ստացված եկամուտները կենտրոնի սեփականությունն են: Ամրացված գույքի` օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

44. Կենտրոնի ֆինանսական միջոցները ձևավորվում են`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացվող միջոցներից.

2) ձեռնարկատիրական գործունեությունից գոյացած միջոցներից.

3) դրամաշնորհներից.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ միջոցներից:

45. Կենտրոնի ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է հետևյալ ուղղություններով`

1) կենտրոնի գործունեությունն ապահովող գույքի, սարքավորումների և նյութերի ձեռքբերում.

2) աշխատողների կենսաապահովման մակարդակի բարձրացում` պարգևատրումների, հավելավճարների և նյութական օգնությունների միջոցով.

3) տեխնածին վթարների ռիսկերի նվազեցում.

4) կենտրոնի տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերում.

5) հիմնադրի և խորհրդի կողմից ու օրենքով սահմանված այլ ուղղություններով:

 

VI. ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

46. Կենտրոնը կարող է վերակազմակերպվել (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

47. Կենտրոնը դատական կարգով կարող է վերակազմակերպվել և լուծարվել` միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

48. Կենտրոնի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

49. Կենտրոնը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Կենտրոնը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

50. Կենտրոնի լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

(հավելվածը փոփ. 15.05.08 N 532-Ն, լրաց., խմբ., փոփ. 26.08.10 N 1101-Ն, խմբ. 28.07.11 N 1130-Ն, խմբ., լրաց. 14.03.13 N 234-Ն, փոփ. 19.12.13 N 1451-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան