Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 327-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.01.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.12.28/35(479).1 Հոդ.347.54
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
27.12.2013
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
27.12.2013
Дата вступления в силу
07.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013532

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 դեկտեմբերի 2013 թ.

թիվ 327-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/22-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել ներդրումային ֆոնդի կառավարիչների միացման գործընթացի ամբողջականությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից այդ գործընթացի արդյունավետ վերահսկողությունը,

Հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, 74-րդ հոդվածի 1-ին մասը, 75-րդ հոդվածը,

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ներդրումային ֆոնդի կառավարիչների միացման կարգը» կանոնակարգ 10/22-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 327-Ն որոշմամբ

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/22-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդի կառավարիչների (այսուհետ` կառավարիչ) կողմից միացման պայմանագրի կնքման համար նախնական համաձայնություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ) ներկայացվող տեղեկությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, միացման պայմանագրի հաստատման համար ներկայացվող փաստաթղթերը և տեղեկությունները, հաստատված փոխանցման ակտի և պահպանվող կառավարչի կանոնադրությունը կամ կանոնադրության փոփոխությունները և լրացումները գրանցելու համար այդ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը, ինչպես նաև միացման մասին հայտարարության հրապարակման կարգը:

2. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն` պատվիրված նամակով, կամ առձեռն կամ ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, բացառությամբ սույն կանոնակարգի 2-րդ գլխով սահմանված ղեկավարների մասին տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Ընդ որում, ղեկավարների մասին տեղեկությունները ներկայացվում են էքսել (excel) ֆորմատով: Տպագիր եղանակով ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն կառավարչի (կառավարիչների) իրավասու անձի կողմից և ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:

 

ԳԼՈՒԽ 2. ԿԱՌԱՎԱՐՉԻ ՄԻԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

3. Միացման պայմանագրի կնքմանը նախնական համաձայնություն ստանալու նպատակով միացման մասին որոշման ընդունումից հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում միացող և պահպանվող կառավարիչները Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները.

1) «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասով ներկայացված փաստաթղթերը, ընդ որում`

ա. միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին դիմումը ներկայացվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,

բ. գործարքի էական պայմանները ներկայացվում են սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված միացման պայմանագրի նախագծում ներառման միջոցով,

գ. միացման արդյունքում պահպանվող կառավարչի առաջիկա երեք տարիների գործարար ծրագիրը ներկայացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 116-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալինցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ի (այսուհետ` Կանոնակարգ 10/01) հավելված 16-ի,

դ. պահպանվող կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու մասին նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի դիմումը և այլ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացվում են համաձայն Կանոնակարգ 10/01-ի:

2) միացող և պահպանվող կառավարիչների միջև կնքվող միացման պայմանագրի նախագիծը, որում ներառվում են.

ա. միացող և պահպանվող կառավարիչների անվանումները և գրանցման տվյալները,

բ. միացման կարգը, պայմանները և ժամկետները, միացող կառավարչի բաժնետոմսերի (բաժնեմասերի) և այլ արժեթղթերի փոխարկման կարգը` բանաձևային կամ այլ ստանդարտ ձևով,

գ. միացող և պահպանվող կառավարիչների բաժնետոմսերի (բաժնեմասերի) դիմաց շահութաբաժիններ (շահույթ) ստանալու կարգը և պայմանները,

դ. համատեղ ժողովում քվեարկության և որոշումների ընդունման կարգը,

ե. միացմանը մասնակցող կառավարիչների համատեղ ժողովի գումարման ժամկետը, հրավիրման և անցկացման կարգը,

զ. այլ տեղեկություններ` միացմանը մասնակցող կողմերի հայեցողությամբ,

է. կողմերի իրավունքներն ու պարտականությունները,

ը. դրույթ կողմերի պարտավորության մասին, համաձայն որի` կողմերը կապահովեն, որպեսզի պայմանագիրը Կենտրոնական բանկի հաստատմանը ներկայացնելու պահին առկա չլինեն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերը:

3) միացման հիմնավորումը, որտեղ նշվում են միացման անհրաժեշտությունը և նպատակը,

4) միացման մասին որոշման ընդունման օրվա դրությամբ միացող կառավարիչների հաշվեկշիռը և ընդհանուր կապիտալի նվազագույն չափը և ֆոնդերում մասնակցության չափը և հաշվարկը` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 301-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» կանոնակարգ 10/03-ի համապատասխանաբար թիվ 1 և թիվ 3 հաշվետվական ձևերի,

5) աուդիտ իրականացնող անձի եզրակացությունը` միացման պայմանագրի նախագծի մասին և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տնտեսական նորմատիվների պահանջներին միացման արդյունքում պահպանվող կառավարչի համապատասխանության մասին,

6) փոխանցման ակտի նախագիծը,

7) պահպանվող կառավարչի կանոնադրության փոփոխության դեպքում` պահպանվող կառավարչի նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրության նախագիծը կամ կանոնադրության փոփոխությունների ու լրացումների նախագիծը, պահպանվող կառավարչի ներքին կազմակերպական կառուցվածքը` սխեմատիկ տեսքով,

8) միացման արդյունքում պահպանվող կառավարչի ղեկավարների փոփոխության դեպքում` նոր ղեկավարների մասին «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» Կանոնակարգ 10/05-ի (այսուհետ` Կանոնակարգ 10/05) Հավելված 2-ով պահանջվող տեղեկությունները: Ընդ որում, եթե տվյալ ղեկավարի գրանցման կամ սույն կանոնակարգի համաձայն միացման պայմանագրի կնքման նախնական համաձայնության համար նախկինում Կենտրոնական բանկ է ներկայացվել Կանոնակարգ 10/05-ի Հավելված 2-ով պահանջվող ողջ տեղեկատվությունը, ապա Հավելված 2-ով սահմանված տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելիս կարող են լրացվել միայն հավելված 2-ի 2.1 (Անուն, ազգանուն, հայրանուն), 2.3 (Ծննդյան ամսաթիվ) դաշտերը և բոլոր այն դաշտերը, որոնցում նախկինում ներկայացված տեղեկատվությունը փոփոխվել է,

9) միացմանը մասնակցող կողմերի հայեցողությամբ այլ էական տեղեկություններ, որոնք կարտացոլեն միացման առանձնահատկությունները:

4. Կենտրոնական բանկը կարող է պահանջել միացման վերաբերյալ այլ տեղեկատվություն` սույն կանոնակարգի 3-րդ կետում նշված տեղեկատվության հավաստիությունը գնահատելու համար:

5. Միացման պայմանագրի կնքման համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու պահից մեկամսյա ժամկետում, միացող և պահպանվող կառավարիչները Կենտրոնական բանկի խորհրդի կողմից միացման պայմանագրի հաստատման համար Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները.

1) միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի,

2) միացման պայմանագիրը` ստորագրված միացող և պահպանվող կառավարիչների գործադիր մարմնի ղեկավարի կողմից, որին կցվում են կառավարչի մասնակիցների ընդհանուր ժողովների որոշումները կամ համապատասխան արձանագրություններից քաղվածքներ միացման պայմանագիրը հաստատելու վերաբերյալ:

6. Միացման պայմանագրի կնքման նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկ ներկայացված սույն կանոնակարգի 3-րդ կետով (բացառությամբ 5-րդ ենթակետի) նախատեսված փաստաթղթերն ու տեղեկությունները, եթե դրանցում տեղի են ունեցել փոփոխություններ: Միացման պայմանագիրը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատվելուց և միացման պայմանագրով սահմանված ժամկետներում միացման պայմանագրով նախատեսված միջոցառումները իրականացնելուց հետո տասնօրյա ժամկետում միացման մասին որոշում ընդունած կառավարիչները Կենտրոնական բանկի գրանցմանն են ներկայացնում.

1) միացման մասին որոշում ընդունած կառավարիչների հաստատած փոխանցման ակտը` միացող և պահպանվող կառավարիչների իրավասու անձանց ստորագրություններով և այդ կառավարիչների կնիքներով (առկայության դեպքում),

2) պահպանվող կառավարչի նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը կամ կանոնադրության լրացումները և փոփոխությունները` Կանոնակարգ 10/01-ով սահմանված կարգով,

3) պահպանվող կառավարչի ֆիրմային անվանման փոփոխության դեպքում ֆիրմային անվանման փոփոխության գրանցման հայտը,

4) պահպանվող կառավարչի ղեկավարների կազմում փոփոխության դեպքում Կանոնակարգ 10/05-ով ղեկավարների գրանցման համար պահանջվող տեղեկությունները: Ընդ որում, եթե ղեկավարի գրանցման համար կամ սույն կանոնակարգի 3-րդ կետի 7-րդ ենթակետով և (կամ) 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում նախկինում Կենտրոնական բանկ է ներկայացվել Կանոնակարգ 10/05-ի Հավելված 2-ով պահանջվող ողջ տեղեկատվությունը և հետագայում կառավարիչը դիմում է Կենտրոնական բանկ տվյալ անձին գրանցելու միջնորդությամբ, ապա Հավելված 2-ով սահմանված միջնորդագիրը Կանոնակարգ 10/05-ի համաձայն Կենտրոնական բանկ ներկայացնելիս կարող է լրացվել միայն միջնորդագրի 2.1 (Անուն, ազգանուն, հայրանուն), 2.3 (Ծննդյան ամսաթիվ) դաշտերը և բոլոր այն դաշտերը, որոնցում նախկինում ներկայացված տեղեկատվությունը փոփոխվել է:

7. Միացման արդյունքում լիցենզիայի վերաձևակերպման անհրաժեշտության դեպքում սույն կանոնակարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերի հետ միասին պահպանվող կառավարիչը Կենտրոնական բանկ է ներկայացնում լիցենզիայի վերաձևակերպման դիմումը` համաձայն Կանոնակարգ 10/01-ի:

8. Եթե սույն կանոնակարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ կամ 6-րդ կետերով պահանջվող տեղեկությունները (փաստաթղթերը) ներկայացնելուց հետո ներկայացված տեղեկություններում (փաստաթղթերում) կատարվել են փոփոխություններ, ապա միացող կառավարիչները փոփոխված տեղեկությունները (փաստաթղթերը) Կենտրոնական բանկ են ներկայացնում համապատասխան փոփոխությունները տեղի ունենալու մասին տեղեկանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև Կենտրոնական բանկի կողմից համապատասխանաբար միացման պայմանագրի կնքմանը նախնական համաձայնություն տրամադրելու կամ տրամադրումը մերժելու, միացման պայմանագիրը հաստատելու կամ հաստատումը մերժելու կամ 6-րդ կետով սահմանված տեղեկությունների (փաստաթղթերի) գրանցման կամ գրանցումը մերժելու մասին որոշման կայացումը:

 

ԳԼՈՒԽ 3. ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Միացման մասին հայտարարությունը հրապարակվում է կառավարչի կայքի` հասցեն մուտքագրելուց հետո հայտնվող առաջին էջում (կառավարչի կայքի գլխավոր (առաջին) էջ) անմիջականորեն (ոչ թափվող մենյուի միջոցով):

10. Սույն կանոնակարգի 9-րդ կետի համաձայն կառավարչի կայքում, ինչպես նաև «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն մամուլում հրապարակման ենթակա միացման մասին հայտարարության մեջ առնվազն նշվում են միացող և պահպանվող կառավարիչների գործունեության վայրերը, հեռախոսահամարները, ինտերնետային կայքի հասցեները, էլեկտրոնային հասցեները, ինչպես նաև պայմանագիրը լուծելու` ֆոնդի մասնակցի իրավունքի և այդ իրավունքի իրականացման պայմանների, ժամկետների և կարգի մասին տեղեկություններ:

 

 

Հավելված 1

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների միացման կարգը»

Կանոնակարգ 10/22-ը Հավելվածի

 

Դ Ի Մ ՈՒ Մ

(միացման նախնական համաձայնություն ստանալու)

 

Հարգելի --------------------

 

_________________________________________________________________________________

(դիմողի (դիմողների) անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գործունեության վայրը)

 

Համաձայն միացող ֆոնդի կառավարչի ընդհանուր ժողովի --/--/20—թվականի թիվ – որոշման և պահպանվող ֆոնդի կառավարչի ընդհանուր ժողովի --/--/20—թվականի թիվ ---- որոշման` դիմում ենք միացման նախնական համաձայնություն ստանալու համար:

Համաձայն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 327-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների միացման կարգը» կանոնակարգ 10/22-ի` կից ներկայացնում ենք միացման նախնական համաձայնություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ցանկը:

 

Առդիր ------- էջ:

 

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է դիմումի մերժմանը:

 

Խնդրում ենք Ձեր համաձայնությունը:

 

Դիմումը ներկայացնող անձինք _______________________________________________________
 

 (պահպանվող կառավարչի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

_________________________________________________________________________________

 (միացող կառավարչի (կառավարիչների) իրավասու անձի (անձանց) անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

 

«___»_______________20__թ.

 

 

Հավելված 2

«Ներդրումային ֆոնդի կառավարիչների միացման կարգը»

Կանոնակարգ 10/22-ը Հավելվածի

 

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ Ա Գ Ի Ր

 

(միացման պայմանագիրը հաստատելու)

 

Հարգելի --------------------

 

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(դիմողի անվանումը, գործունեության իրականացման վայրը)

Համաձայն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 327-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների միացման կարգը» կանոնակարգ 10/22-ի` կից Ձեր հաստատմանն ենք ներկայացնում ----------- որոշմամբ հաստատված միացման պայմանագիրը և կից փաստաթղթերը:

 

Առդիր ------- էջ:

 

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է միջնորդագրի մերժմանը:

Խնդրում ենք Ձեր համաձայնությունը:

 

Դիմումը ներկայացնող անձինք _______________________________________________________
 

 (պահպանվող կառավարչի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

_________________________________________________________________________________

 (միացող կառավարչի (կառավարիչների) իրավասու անձի (անձանց) անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

 

«___»_______________20__թ.