ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2013 թվականի N 1390-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ ու 21-րդ հոդվածները և 67-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը բաժանման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն», «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն», «Նորք» հոգեբուժական կենտրոն», «Ավան» հոգեկան առողջության կենտրոն», «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները (այսուհետ` ընկերություններ):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`
1) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերությունների բաժանիչ հաշվեկշռի կազմման և հաստատման աշխատանքների կատարումը.
2) հաստատել ընկերությունների կանոնադրությունները և ապահովել դրանց պետական գրանցման աշխատանքները:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն ստեղծված ընկերությունների պետական գրանցումից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենների ընտրությունից հետո երկամսյա ժամկետում ընկերությունների տնօրենները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացնում համապատասխան ընկերության զարգացման ծրագիրը, որը ներառում է ընկերության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, ընկերության կառուցվածքի և գործունեության բարեփոխման վերաբերյալ առաջարկությունները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 16 Երևան |