ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ3/0011/05/10 |
Վարչական գործ թիվ ՎԴ3/0011/05/10 2013 թ. |
Նախագահող դատավոր՝ | Գ. Ղարիբյան |
Դատավորներ՝ |
Ա. Աբովյան |
Ա. Առաքելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2013 թվականի հուլիսի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.03.2013 թվականի որոշման դեմ` ըստ Տեսչության հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության` ակտը և որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է արձակել անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանից 165.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ վճարման կարգադրություն:
ՀՀ վարչական դատարանի կողմից 17.12.2009 թվականին արձակվել է վճարման կարգադրություն:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 31.07.2009 թվականի թիվ 2311343 ակտը և Տեսչության պետի 03.09.2009 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 106558 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի 02.03.2010 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Պողոսյան) 31.05.2010 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
Վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշմամբ Տեսչության վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 31.05.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 16.10.2012 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.03.2013 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.10.2012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.1-րդ հոդվածը, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կառավարության 26.08.2004 թվականի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 1325-Ն որոշումը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 26-րդ, 113-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ ամրագրել է Դատարանի այն դիրքորոշումը, թե անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի առևտրակետում հսկիչ-դրամարկղային մեքենայի շահագործման կանոնների պահպանման կարգի խախտում տեղի չի ունեցել, որի հիմքում դրել է հսկիչ-դրամարկղային մեքենան սարքին և կապարակնքված վիճակում լինելու հանգամանքը և անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի ներկայացրած երկու լուսանկարները, որոնցում «21.06.2009թ.» ամսաթվով հսկիչ-դրամարկղային մեքենային ամրացված կապարակնիքները ստորագրված և կնքված են: Սակայն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմունք ձևավորելու համար Վերաքննիչ դատարանը չի պարզել, թե երբ, ինչ հանգամանքներում և ով է կապարակնքել հսկիչ-դրամարկղային մեքենան:
Վերաքննիչ դատարանը, ինչպես նաև Դատարանը վերոգրյալի մասով չեն վերլուծել Վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշմամբ հաստատված հանգամանքները, ինչի հետևանքով 20.08.2009 թվականի հայտարարությունը վերաբերելի, հետևաբար թույլատրելի ապացույց չեն համարել և այն վիճարկվող ակտի իրավաչափության ստուգման հիմքում չեն դրել` չպարզելով այն հանգամանքները, թե առանց համապատասխան հայտարարություն ներկայացնելու 21.06.2009 թվականին ինչ հիմքով է հսկիչ-դրամարկղային մեքենան կապարակնքվել, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանն ինչ նպատակով է 20.08.2009 թվականին հայտարարություն ներկայացրել արդեն իսկ 21.06.2009 թվականին կապարակնքված հսկիչ-դրամարկղային մեքենան կրկին կապարակնքելու համար: Այսինքն` ինչպես Վերաքննիչ դատարանը, այնպես էլ Դատարանը սույն գործի քննությունը չեն իրականացրել Վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշմամբ արձանագրված թերությունները ճշտելու և վերացնելու ուղղությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.03.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` Տեսչության հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Տեսչության պետի 15.05.2009 թվականի թիվ 2311343 հանձնարարագրի հիման վրա անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի մոտ կատարվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և դրանց շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 4):
2) Նշված ստուգման արդյունքում Տեսչությունը 31.07.2009 թվականին կազմել է թիվ 2311343 ակտը, որով արձանագրվել է, որ Վայքի Ջերմուկի խճուղի թիվ 15 հասցեի հարևանությամբ գտնվող անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանին պատկանող առևտրի կետից 28.07.2009 թվականին` ժամը 17:52-ին, իրականացվել է 8.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ զույգ տղամարդու կոշիկի գնում: Վաճառողը տրամադրել է հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն: Միաժամանակ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի խանութում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենան ՀՀ կառավարության սահմանած կարգով հարկային մարմնի կողմից կապարակնքված չէ (հատոր 1-ին, գ.թ. 5-7):
3) Տեսչության պետի 03.09.2009 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 106558 որոշմամբ անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.1-րդ հոդվածով ենթարկվել է 15.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (հատոր 1-ին, գ.թ. 10):
4) Անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանը Տեսչության պետին հասցեագրված 19.05.2009 թվականի հայտարարությամբ խնդրել է թույլտվություն` Վայքի Ջերմուկի խճուղի թիվ 14 հասցեում գտնվող հսկիչ-դրամարկղային մեքենան վերանորոգելու համար և պարտավորվել է մինչև դրա վերանորոգումը դադարեցնել առևտրի կետի գործունեությունը (հատոր 1-ին, գ.թ. 78):
5) Անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանը Տեսչության պետին հասցեագրված 20.08.2009 թվականի հայտարարությամբ հայտնել է, որ Վայքի Ջերմուկի խճուղի թիվ 14 հասցեում գտնվող հսկիչ-դրամարկղային մեքենան տարել է վերանորոգման, այն վերանորոգված է և գտնվում է սարքին վիճակում, ուստի խնդրել է նշված հսկիչ-դրամարկղային մեքենան կապարակնքել (հատոր 1-ին, գ.թ. 79):
6) Գործում առկա երկու լուսանկարից երևում է, որ որպես դրանցում պատկերված հսկիչ-դրամարկղային մեքենայի կապարակնքելու ամսաթիվ նշված է 21.06.2009 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 80-81):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից, և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցերին.
1) ստորադաս դատարանում գործի նոր քննությունը վերադաս դատարանի որոշման հիման վրա` վերադաս դատարանի կողմից սահմանված ծավալով իրականացնելը,
2) հաշվիչ-դրամարկղային մեքենաների վերանորոգման փաստի հաստատումը վիճելի հարաբերության առաջացման պահին գործող իրավակարգավորման համատեքստում:
1) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որը ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստորադաս դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է վերադաս դատարանի որոշման հիման վրա` վերադաս դատարանի սահմանած ծավալով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի նոր քննության ժամանակ կողմերը չեն կարող ներկայացնել նոր ապացույցներ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործի նոր քննության ժամանակ դատարանը կարող է մատնանշել ապացուցման ենթակա նոր փաստ և պահանջել ներկայացնելու դրա հետ կապված նոր ապացույցներ:
Վերոնշյալ իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ վարչական դատավարությունում գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով: Վերջիններս ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո: Այդ դատողությունների և եզրահանգումների բնույթը չի կարող լինել սահմանափակված միայն դատավարական իրավունքի կամ միայն նյութական իրավունքի նորմերի կիրառման շրջանակով: Բողոքի ցանկացած հիմքի և դրանում ներառված ցանկացած փաստարկի վերաբերյալ դատարանի եզրահանգումները կարող են պայմանավորել գործի նոր քննության սահմանները: Այս առումով Վճռաբեկ դատարանը չի տեսնում որևէ առանձնահատկություն այն հարցի հետ կապված, թե արդյոք նույն կանոնն է գործում այն դեպքերում, երբ բողոքաբերը բարձրացրել է ապացույցի վերաբերելիության հարց: Եթե դատական ակտի բեկանումը վերադաս դատական ատյանն իրականացրել է այն հաշվով, որ նշված ապացույցը ներառվի գնահատման ենթակա մյուս ապացույցների կազմում, ապա գործի քննությունը պետք է իրականացվի այդ սահմաններում:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերոնշյալ կառուցակարգի համատեքստում է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մասով դատարանի հայեցողական լիազորության սահմանումն այն հարցում, որ գործի նոր քննության ժամանակ դատարանը կարող է մատնանշել ապացուցման ենթակա նոր փաստ և պահանջել ներկայացնելու դրա հետ կապված նոր ապացույցներ: Նշված լիազորությունը չի կարող գործել ինքնուրույնաբար և ըստ էության կիրառելի է այն դեպքում, երբ այդ լիազորությամբ անհրաժեշտ է ապահովել գործի քննությունը վերադաս դատական ատյանի որոշմամբ նշված սահմաններում:
Հետևաբար, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում (նույն սահմաններում):
Սույն գործով Վճռաբեկ դատարանը, 01.07.2011 թվականի որոշմամբ բեկանելով ՀՀ վարչական դատարանի 31.05.2010 թվականի վճիռը և գործն ուղարկելով նույն դատարան` նոր քննության, պատճառաբանել է, որ ՀՀ վարչական դատարանը, 31.05.2010 թվականի վճռով հաստատված համարելով այն փաստը, որ անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի կողմից շահագործվող հսկիչ-դրամարկղային մեքենայի վրա առկա երկու կապարակնիքները հարկային մարմնի կողմից դրվել են դեռևս 21.06.2009 թվականին, անտեսել է, որ հսկիչ-դրամարկղային մեքենայի կապարակնքման ամսաթվի հետ կապված առկա է հակասություն, իսկ նշված ամսաթվի պարզումը սույն վեճի լուծման համար ունի էական նշանակություն:
Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործում առկա երկու լուսանկարից երևում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենան կապարակնքվել է 21.06.2009 թվականին, սակայն 20.08.2009 թվականի հայտարարությամբ էլ իր հերթին հաստատվում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենան կապարակնքելու պահանջը ներկայացվել է միայն 20.08.2009 թվականին, որպիսի փաստն էլ հաստատվում է Տեսչության 31.07.2009 թվականի թիվ 2311343 ակտով, որում որպես խախտման ամսաթիվ է արձանագրված 28.07.2009 թվականը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտել է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության, քանի որ Դատարանի հետևությունն այն մասին, որ հսկիչ-դրամարկղային մեքենան կապարակնքվել է 21.06.2009 թվականին, իսկ 20.08.2009 թվականի հայտարարությամբ պահանջված գործողությունն այդպես էլ չի կատարվել, չի կարող նշված ապացույցների միջև հակասությունների պայմաններում համարվել հաստատված:
Այսինքն` Վճռաբեկ դատարանը 01.07.2011 թվականի որոշմամբ 20.08.2009 թվականի հայտարարությունը դիտել է որպես վերաբերելի ապացույց, և դրա հիման վրա սահմանել է գործի նոր քննության ծավալ` գործում առկա լուսանկարների և նշված հայտարարության միջև առկա հակասության գնահատում և պարզում (վկայակոչված ապացույցների միջև առկա հակասությունների հաղթահարում):
Գործի նոր քննության ընթացքում Դատարանը հայցը մերժելու, իսկ հակընդդեմ հայցը բավարարելու հիմքում դրել է պատճառաբանությունն այն մասին, որ սույն գործում առկա լուսանկարներից երևում է, որ անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանին պատկանող հսկիչ-դրամարկղային մեքենայի վրա առկա է «21.06.2009թ.» ամսաթվով, «33200262» գրանցման համարով, Տեսչության պետի ստորագրությամբ և Տեսչության կնիքով կնքված կապարակնիք, որը ստուգման պահին առկա է եղել հսկիչ-դրամարկղային մեքենայի վրա, իսկ ինչ վերաբերում է անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի կողմից ներկայացված հայտարարությանը, որով վերջինս խնդրել է կապարակնքել իր հսկիչ-դրամարկղային մեքենան, ապա այն սույն վեճի համար էական նշանակություն չունի, քանի որ վիճարկվող ակտը կազմվել է 31.07.2009 թվականին, և բացի այդ, եթե նույնիսկ հսկիչ-դրամարկղային մեքենան եղել է անսարք վիճակում, և այն ենթարկվել է վերանորոգման, ապա դա տեղի է ունեցել վիճարկվող ակտի կայացումից հետո:
Միաժամանակ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի մոտ ստուգման ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենան կապարակնքված է եղել 21.06.2009 թվականին, այսինքն` թիվ 2311343 ակտի կայացման օրը` 31.07.2009 թվականին, վերջինս ունեցել է կապարակնքված հսկիչ-դրամարկղային մեքենա:
Ինչ վերաբերում է անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի կողմից ներկայացված 20.08.2009 թվականի հայտարարությանը, որով վերջինս խնդրել է կապարակնքել իր հսկիչ-դրամարկղային մեքենան, ապա այդ մասով Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել Դատարանի այն եզրահանգումը, որ նշված հայտարարությունը սույն վեճի համար էական նշանակություն չունի, քանի որ թիվ 2311343 ակտը կազմվել է 31.07.2009 թվականին, և որ տվյալ իրավիճակում վերաբերելի և թույլատրելի են համարվում այն ապացույցները, որոնք նախորդած կլինեն ակտի կայացմանը:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սույն գործի նոր քննությունը նշված ապացույցների հետազոտման և գնահատման մասով չեն իրականացրել Վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշման հիման վրա` վերջինիս սահմանած ծավալով և անտեսել են այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանը 20.08.2009 թվականի հայտարարությունն արդեն իսկ համարել է սույն գործին վերաբերելի, հետևաբար նաև թույլատրելի և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացույց, ինչի արդյունքում ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածով սահմանված գործի նոր քննության սահմանների խախտում:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ինչպես նաև Դատարանը, սույն գործով վերաբերելի և թույլատրելի համարելով այն ապացույցները, որոնք նախորդած կլինեն վիճարկվող ակտի կայացմանը, խախտել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի դրույթները, որոնց ուժով որևէ ապացույց որպես վերաբերելի դիտելու համար դրա ձեռքբերման ժամանակահատվածը չունի նշանակություն, այլ այն գնահատվում է բացառապես վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյության հավանականության տեսանկյունից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները գործի նոր քննությունը չեն իրականացրել Վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշմամբ սահմանված ծավալով` թույլ տալով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:
2) Վիճելի իրավահարաբերության ծագման (վիճելի ակտը կազմելու) պահին գործող խմբագրությամբ ՀՀ կառավարության 26.08.2004 թվականի թիվ 1325-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման» կանոնների 13-րդ կետով սահմանված է, որ կազմակերպությունը (այն է` իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը) վարում է ՀԴՄ-ի և նրա հանգույցների` բոլոր տեսակի խախտումների, կենտրոնում կատարվող նորոգումների և կազմակերպությունում կատարվող տեխնիկական սպասարկման (որոնք նախատեսված են տվյալ մոդելի ՀԴՄ-ի շահագործման կանոններով) մասին տվյալների գրանցման գիրք` համաձայն N 2 ձևի: Գրանցման գրքի էջերը համարակալվում և թելակարվում են կազմակերպության կողմից: Գիրքը կնքվում և համարակալվում է հարկային տեսչության կողմից: Կազմակերպություններն այդ տվյալները յուրաքանչյուր եռամսյակ, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, ներկայացնում են ՀԴՄ-ի գրանցման վայրի հարկային տեսչություն:
Նույն կանոնների 14-րդ կետով սահմանված է, որ կենտրոնը (այն է` տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնողը) իր կողմից կատարված տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների գծով վարում է հաշվառում այդ նպատակով բացված գրքում (N 3 ձև): Այդ գրքի էջերը համարակալվում և թելակարվում են սպասարկող կենտրոնի կողմից: Գիրքը կնքվում և համարակալվում է հարկային տեսչության կողմից: Կենտրոնները յուրաքանչյուր սպասարկվող և նորոգվող ՀԴՄ-ի նորոգման (տեխնիկական սպասարկման) աշխատանքների ավարտից անմիջապես հետո ՀԴՄ-ի գրանցման վայրի հարկային տեսչություն են ներկայացնում տեղեկանք տվյալ ՀԴՄ-ի վրա կատարված սպասարկման և նորոգման աշխատանքների մասին:
Կենտրոնները յուրաքանչյուր եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից սահմանված կարգով և ժամկետում տեղեկություններ են ներկայացնում իրենց կողմից իրականացված տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների մասին:
Վերոգրյալ նորմերից հետևում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոններով դրանց գործարկման, տեխնիկական սպասարկման, ինչպես նաև նորոգման համար սահմանված էր հստակ ընթացակարգ: Մասնավորապես` իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր էին վարել հսկիչ-դրամարկղային մեքենայի և դրա հանգույցների` բոլոր տեսակի խախտումների տեխնիկական սպասարկում, ինչպես նաև նորոգում իրականացնող կենտրոնում կատարվող նորոգումների և իրենց մոտ կատարվող տեխնիկական սպասարկման մասին տվյալների գրանցման գիրք, որպիսի գիրքը կնքվում և համարակալվում էր հարկային տեսչության կողմից, ապա նաև իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր եռամսյակ այդ տվյալները պարտավոր էին նաև ներկայացնել հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման վայրի հարկային տեսչություն: Միաժամանակ տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող կենտրոններն իրենց կողմից կատարված տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների գծով պարտավոր էին վարել հաշվառում, և յուրաքանչյուր սպասարկվող և նորոգվող հսկիչ-դրամարկղային մեքենայի նորոգման (տեխնիկական սպասարկման) աշխատանքների ավարտից անմիջապես հետո դրա գրանցման վայրի հարկային տեսչություն ներկայացնել տեղեկանք` կատարված սպասարկման և նորոգման աշխատանքների մասին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկայակոչված կանոններով սահմանված ընթացակարգի վերաբերյալ տվյալ դեպքում որևէ քննություն չի իրականացվել և այդ մասով ապացույցներ ձեռք չեն բերվել այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշմամբ մատնանշված լուսանկարների և հայտարարության միջև առկա հակասության հաղթահարման տեսանկյունից վերոգրյալը կարող էր ունենալ էական նշանակություն: Մասնավորապես` անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի և նորոգում իրականացնող կենտրոնի կողմից վարվող գրքերով, ինչպես նաև վերջինիս կողմից հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման վայրի հարկային տեսչություն ներկայացված տեղեկանքով կարող էին պարզվել դրա նորոգմանը վերաբերող տվյալներ, այդ թվում նաև` ժամկետների մասով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներով արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև դատարանի իրավունքն է, սակայն դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե'ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության հայցն ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/5525/05/08 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը սույն գործի նոր քննության ընթացքում Վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշմամբ մատնանշված լուսանկարների և հայտարարության միջև առկա հակասության պայմաններում և այն հաղթահարելու համար պարտավոր էր գործի փաստերը պարզել ի պաշտոնե, և այդ գործընթացում ձեռնարկել ողջամիտ միջոցներ, մասնավորապես` Դատարանը կարող էր կողմերից պահանջել ներկայացնել հսկիչ-դրամարկղային մեքենայի նորոգման կանոններով սահմանված ընթացակարգին վերաբերող ապացույցներ (անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի և նորոգում իրականացնող կենտրոնի կողմից վարվող գրքեր, վերջինիս կողմից Տեսչություն ներկայացված տեղեկանք և այլն), որն էլ Դատարանին հնարավորություն կտար բացահայտելու հսկիչ-դրամարկղային մեքենայի կապարակնքման իրական ժամանակահատվածը, ինչը, սակայն, Դատարանը չի արել:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ սույն գործը կրկին անհրաժեշտ է ուղարկել նոր քննության, քանի որ վկայակոչված ապացույցների միջև առկա հակասությունները պարզված չլինելու պայմաններում հնարավոր չէ ի պաշտոնե ստուգել վարչական ակտի իրավաչափությունը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.03.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Է. Հայրիյան | |
Տ. Պետրոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|