Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.07.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.10.16/57(997) Հոդ.956
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.07.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
04.07.2013
Дата вступления в силу
04.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0306/02/11

2013 թ. 

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0306/02/11

Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան

Դատավորներ` Ս. Միքայելյան

                   Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի հուլիսի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վարդան Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.12.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ա/Ձ Նունե Հովհաննիսյանի (այսուհետ` Ձեռնարկատեր) ընդդեմ Վարդան Պետրոսյանի` 4.903.000 ՀՀ դրամ` որպես պատճառված նյութական վնասի, 480.000 ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության և 774.000 ՀՀ դրամ` որպես հարկային տեսչությանը վճարվելիք գումարների բռնագանձման պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ձեռնարկատերը պահանջել է Վարդան Պետրոսյանից բռնագանձել 4.903.000 ՀՀ դրամ` որպես պատճառված նյութական վնասի, 2.000.000 ՀՀ դրամ` որպես բարոյական վնասի հատուցման, 480.000 ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության և 774.000 ՀՀ դրամ` որպես հարկային տեսչությանը վճարվելիք գումարներ:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 30.11.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.03.2012 թվականի որոշմամբ Նունե Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, որոշվել է. «ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 30.11.2011 թվականի վճիռը մասնակի` պատճառված իրական վնասների, բաց թողնված օգուտի, դրանց արդյունքում գոյացած հարկային պարտավորությունների, ինչպես նաև դատական պաշտպանության արդյունքում փաստաբանական ծառայությունից օգտվելու հիմքով կատարած վճարները բռնագանձելու մասերով բեկանել և քաղաքացիական գործն այդ մասերով ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճիռը բարոյական վնասի հատուցման պահանջի մասով թողնել անփոփոխ` օրինական ուժի մեջ»:

Վճռաբեկ դատարանի 25.04.2012 թվականի որոշմամբ Վարդան Պետրոսյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Ենոքյան) (այսուհետ` Դատարան) 12.09.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, վճռվել է. «Վարդան Պետրոսյանից հօգուտ Նունե Հովհաննիսյանի բռնագանձել 1.022.812 ՀՀ դրամ, որից 424.375 ՀՀ դրամը` որպես պատճառված վնասի գումար, 598.437 ՀՀ դրամը` որպես բաց թողնված եկամուտների գումար: Վարդան Պետրոսյանից հօգուտ Նունե Հովհաննիսյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Մնացած մասով հայցապահանջը մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.12.2012 թվականի որոշմամբ Ձեռնարկատիրոջ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, որոշվել է. «ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 12.09.2012 թվականի վճիռը մասնակիորեն` Վարդան Պետրոսյանից հօգուտ Ա/Ձ Նունե Հովհաննիսյանի 424.375 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի գումար բռնագանձելու մասով բեկանել և փոփոխել: Վարդան Պետրոսյանից հօգուտ Նունե Հովհաննիսյանի բռնագանձել 2.030.700 ՀՀ դրամ` որպես ապրանքների որակական տեսքի փոփոխության և բարոյական մաշվածության հետևանքով պատճառված վնաս: Վճիռը մնացած մասով թողնել անփոփոխ` օրինական ուժի մեջ»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Պետրոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ձեռնարկատերը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ, 130-132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում առկա ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, սխալ է մեկնաբանել վնասի ինստիտուտը:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելուց հետո Ձեռնարկատերը խանութում առկա ապրանքները պետք է պահանջեր նախաքննության մարմնից, քանի որ քրեական գործ հարուցելու պահից նախաքննական մարմինն էր պարտավոր այդ ապրանքները վերադաձնել տուժողին, իսկ այն հանգամանքը, որ 04.08.2009 թվականից նշված ապրանքները չեն վերադարձվել վերջինիս, հետևանք է նախաքննական գործողությունների կատարման կամ Ձեռնարկատիրոջ կողմից անգործության դրսևորման:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ դեռևս Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 25.11.2009 թվականի որոշմամբ (թիվ ԱՎԴ1/0750/02/09 քաղաքացիական գործով) կիրառվել է հայցի ապահովման միջոց, և արգելանք է դրվել Սիմոն Սարգսյանին և Ձեռնարկատիրոջը պատկանող գույքի և դրամական միջոցների, այդ թվում` խանութում գտնվող ոչ պարենային ապրանքների վրա:

Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն իրենից 2.030.700 ՀՀ դրամ բռնագանձելու մասով իրավաչափ չէ, քանի որ թեև իր կողմից որպես ինքնիրավչության դրսևորում 05.07.2009 թվականին փակվել է Ձեռնարկատիրոջը վարձակալությամբ հանձնված խանութը, սակայն խանութում առկա ապրանքների վրա այլ քաղաքացիական գործերով կիրառվել են հայցի ապահովման միջոցներ դեռևս 25.11.2009 թվականից, և դրանց վրա արգելանք դնելու մասին որոշումների առկայության պայմաններում տվյալ ապրանքների որակական տեսքի փոփոխության մեջ իրեն մեղադրելն անհիմն է:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.12.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.09.2012 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանն իրականացրել է օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Նշված որոշումն արդարացի է, քանի որ Վարդան Պետրոսյանի անօրինական գործողությունների հետևանքով Ձեռնարկատերը 05.07.2009 թվականից մինչ օրս զրկվել է իր գույքը տնօրինելու և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հնարավորությունից, որի արդյունքում շարունակում է կրել վնասներ: Բացի այդ, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 25.11.2009 թվականի որոշմամբ խանութում առկա ապրանքների վրա արգելանք չի դրվել, այլ միայն ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արարատի բաժնի 14.09.2011 թվականի որոշմամբ 20.681.784 ՀՀ դրամ գումարի չափով արգելանք է դրվել իրեն պատկանող ոչ պարենային ապրանքների վրա:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 2008 թվականի հոկտեմբեր ամսին Ձեռնարկատերը վարձակալել է Վարդան Պետրոսյանի հորը` Միշա Պետրոսյանին պատկանող Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 58/2 հասցեում` նախկին հանրախանութի շենքում գտնվող տարածքն (այսուհետ` խանութ) ու զբաղվել ոչ պարենային ապրանքների առևտրով (հատոր 1-ին, գ.թ. 61-80):

2) Արարատի քննչական բաժնում 04.08.2009 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, իսկ 02.11.2009 թվականին որոշմամբ Վարդան Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:

Վարդան Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով և էական վնաս պատճառելով տուժողի իրավունքներին ու օրինական շահերին, կատարել է ինքնիրավչություն, այն է` խանութում 26.374.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ոչ պարենային ապրանքների առկայության պայմաններում 05.07.2009 թվականին փակել է այն` որպես Նունե Հովհաննիսյանի կողմից իրեն պարտք մնացած 24.500 ԱՄՆ դոլար գումարը վերադարձնելու երաշխիք` զրկելով նրան առևտուր կատարելու հնարավորությունից (հատոր 1-ին, գ.թ. 61-80):

3) Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի` 20.07.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով Վարդան Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի` 400.000 ՀՀ դրամ գումարի չափով: Նշված դատավճռով վճռվել է նաև Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 58/2 հասցեում գտնվող Միշա Պետրոսյանին պատկանող խանութում առկա 26.374.000 ՀՀ դրամ գումարի ընդհանուր արժեքով ոչ պարենային ապրանքները վերադարձնել տուժող Նունե Հովհաննիսյանին (հատոր 1-ին, գ.թ. 61-80):

4) Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 25.11.2009 թվականի որոշմամբ (թիվ ԱՎԴ1/0750/02/09 քաղաքացիական գործով) կիրառվել է հայցի ապահովման միջոց և 9.746.000 ՀՀ դրամ գումարի չափով արգելանք է դրվել Սիմոն Սարգսյանին և Ձեռնարկատիրոջը պատկանող անշարժ, շարժական գույքերի և դրամական միջոցների վրա: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արարատի բաժնի հարկադիր կատարողի 01.12.2009 թվականի որոշմամբ արգելանք է դրվել Ձեռնարկատիրոջը պատկանող շարժական և անշարժ գույքերի վրա` արգելելով դրանց տնօրինումը (հատոր 1-ին, գ.թ. 57, հատոր 4-րդ, գ.թ. 21):

5) ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 19.03.2010 թվականի թիվ 10-0129 փորձագետի եզրակացության համաձայն` տուժող Նունե Հովհաննիսյանին պատկանող 26.374.000 (քսանվեց միլիոն երեք հարյուր յոթանասունչորս հազար) ՀՀ դրամ արժողության տարբեր տեսակի ոչ պարենային ապրանքներից, որոնք 2009 թվականի հուլիսի 5-ից մինչև փորձաքննության կատարման օրը` 2010 թվականի փետրվարի 2-ը, գտնվել են խանութում, որակական տեսքի փոփոխության և բարոյական մաշվածության հետևանքով վնասվել են անմիջապես արտաքին մակերևույթով բաց մնացած` սպիտակ ու բաց գույների երանգներով ապրանքատեսակները (վերնաշապիկներ, շապիկներ, անկողնային պարագաներ` հիմնականում սպիտակեղեն), որոնց ընդհանուր արժեքը կազմում է 750.000 (յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, որն էլ ապրանքագետ-փորձագետի կողմից դիտվում է որպես Ձեռնարկատիրոջը պատճառված վնաս (հատոր 1-ին, գ.թ. 82-90):

6) ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի 16.09.2011 թվականի թիվ 27301009 փորձագետի եզրակացության համաձայն` ապրանքների որակական տեսքի փոփոխության և բարոյական մաշվածության հետևանքով պատճառված վնաս դիտվում է փոշու հետևանքով վնասված ապրանքների ընդհանուր նյութական վնասի չափը, որը կարող է կազմել 2.030.700 ՀՀ դրամ: (…) փոշուց առավել վնասված ապրանքատեսակների վերականգնումից (փոշուց մաքրման աշխատանքներից) հետո խանութում առկա բոլոր ապրանքներն էլ պիտանի են հետագա գործածության և օգտագործման համար, բացի 30.700 ՀՀ դրամ ընդհանուր արժեքի անվերականգնելի աստիճանի վնասված կոշիկներից (հատոր 2-րդ, գ.թ. 60-72):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանը քննության առարկա է դարձնում իրավական խնդիրն այն մասին, թե գույքը տիրապետելու և օգտագործելու սեփականատիրոջ իրավունքները խախտելու հետևանքով գույքին պատճառված վնասի և վնաս պատճառած անձի գործողությունների միջև պատճառահետևանքային կապն արդյո՞ք առկա է այն դեպքում, երբ այդ նույն գույքի վրա այլ քաղաքացիական գործով որպես հայցի ապահովման միջոց արգելանք է դրվել:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է վնասի հատուցման ընդհանուր պայմաններին:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:

Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, քննարկվող պարագայում օրենսդրի կողմից ամրագրվել է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի որ ենթադրյալ վնաս պատճառած անձն է կրում իր մեղքի բացակայության ապացուցման պարտականությունը, որի ապացուցումն էլ վնաս պատճառած անձին ազատում է այն հատուցելուց:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից՝ հայցվորի մոտ վնասների առկայության, պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը, իսկ հայցվորի կրած վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով կրում է պատասխանող կողմը (տե՛ս «Սասնա-Մանանա» ՍՊԸ-ն ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի թիվ ԵՔԴ/0086/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2009 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` 2008 թվականի հոկտեմբեր ամսին Ձեռնարկատերը վարձակալել է Վարդան Պետրոսյանի հորը` Միշա Պետրոսյանին պատկանող խանութը և զբաղվել ոչ պարենային ապրանքների առևտրով: Այնուհետև, Վարդան Պետրոսյանը խանութում 26.374.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ոչ պարենային ապրանքների առկայության պայմաններում 05.07.2009 թվականին փակել է այն` որպես Ձեռնարկատիրոջ կողմից իրեն պարտք մնացած 24.500 ԱՄՆ դոլար գումարը վերադարձնելու երաշխիք` զրկելով վերջինիս առևտուր կատարելու հնարավորությունից: Նշված արարքի համար Վարդան Պետրոսյանն Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի` 20.07.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի` 400.000 ՀՀ դրամ գումարի չափով: Նշված դատավճռով վճռվել է նաև Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 58/2 հասցեում գտնվող Միշա Պետրոսյանին պատկանող խանութում առկա 26.374.000 ՀՀ դրամ գումարի ընդհանուր արժեքով ոչ պարենային ապրանքները վերադարձնել տուժող Նունե Հովհաննիսյանին:

Դատարանը, վնասի հատուցման պահանջը մասնակի բավարարելիս պատճառաբանել է, որ ըստ փորձագետի եզրակացության` 2.037.000 ՀՀ դրամ ապրանքների որակական տեսքի փոփոխության և բարոյական մաշվածության հետևանքով պատճառված վնասի չափը հաշվարկվել է 05.07.2009 թվականից մինչև 25.07.2011 թվականն ընկած ժամանակահատվածի համար` շուրջ երկու տարի, որն ամսական կտրվածքով կազմում է շուրջ 84.875 ՀՀ դրամ, հետևաբար 2009 թվականի հուլիսից մինչև 2009 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում` շուրջ 5 ամիս, պատճառված վնասի գումարը կկազմի 424.375 ՀՀ դրամ:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանը, վնասի չափը որոշելու հարցում ունենալով միայն փորձագիտական եզրակացությունը և ըստ էության վնասի չափը որոշելիս օգտվելով այդ թույլատրելի ապացույցից, ապրանքների որակական տեսքի փոփոխության և բարոյական մաշվածության հետևանքով պատճառված վնասի չափը որոշելու իր եզրահանգումներում եկել է սխալ հետևության` անտեսելով եզրակացությամբ այդ վնասի չափը որոշելու ելակետային տվյալները և այն որոշելու հիմքը, որոնք տեղ են գտել նույն եզրակացության ապրանքագիտական մասի հետազոտություններում, որտեղ մասնավորապես փորձագետները ոչ պարենային ապրանքատեսակների վիճակից ելնելով, դրանց վնասելու հետևանքով պատճառված (գույքի) նյութական վնասի ընդհանուր չափը, արժեքային արտահայտությամբ որոշել են փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ` հիմնվելով ՀՀ-ում գործող շուկաներում կատարված ուսումնասիրությունների և փորձագիտական կենտրոնի տեղեկատու բանկում առկա տվյալների վրա: Այսինքն` ապրանքների որակական տեսքի փոփոխության և բարոյական մաշվածության հետևանքով պատճառված վնասի չափը որոշվել է ոչ թե ըստ տարբեր ժամանակահատվածների, այլ վնասի չափն արտահայտվել է դրանց պատճառված իրական և փորձաքննության անցկացման ժամանակի դրությամբ առկա վիճակի գնահատմամբ, որպիսի պայմաններում այն ամբողջությամբ ենթակա է բռնագանձման պատասխանողից:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի վերը նշված եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` հայցի ապահովման միջոցներն են պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող գույքի վրա արգելանք դնելը ներառում է դրա գույքագրումը, գույքը տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը և ի պահ հանձնելը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` արգելանքը կիրառվում է պատասխանողին պատկանող և նրա կամ այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա արգելանք դնելու մասին դատարանի որոշումը կատարելու դեպքում:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է հայցի ապահովման դատավարական ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածից հետևում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը (տես` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունն ընդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3511/05/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2011 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 25.11.2009 թվականի որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց և 9.746.000 ՀՀ դրամ գումարի չափով արգելանք է դրվել Սիմոն Սարգսյանին և Ձեռնարկատիրոջը պատկանող անշարժ, շարժական գույքերի և դրամական միջոցների վրա:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արարատի բաժնի հարկադիր կատարողի 01.12.2009 թվականի որոշմամբ արգելանք է դրվել Ձեռնարկատիրոջը պատկանող շարժական և անշարժ գույքերի վրա` արգելելով դրանց տնօրինումը:

Սույն գործի փաստերը համադրելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված փաստական հանգամանքների առկայությամբ, մասնավորապես` Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 25.11.2009 թվականի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման առկայության պայմաններում, ուղղակիորեն հերքվում է 25.11.2009 թվականից հետո Վարդան Պետրոսյանի որևէ գործողության հետևանքով Ձեռնարկատիրոջ կողմից վնասներ կրելու հանգամանքը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վարդան Պետրոսյանի մեղքը, վնասի և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապն առկա է 05.07.2009 թվականից, երբ վերջինս փակել է վարձակալությամբ Ձեռնարկատիրոջը հանձնած խանութը մինչև 25.11.2009 թվականը, երբ այլ քաղաքացիական գործի քննության ընթացքում Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց և արգելանք է դրվել Ձեռնարկատիրոջը պատկանող գույքի վրա: Վերոգրյալի հիման վրա` Դատարանն իրավացիորեն հանգել է այն հետևության, որ 2.030.700 ՀՀ դրամը` որպես ապրանքների որակական տեսքի փոփոխության և բարոյական մաշվածության հետևանքով պատճառված վնաս և 2.872.500 ՀՀ դրամ բաց թողնված զուտ եկամուտները, ենթակա են բավարարման մասնակիորեն` 2009 թվականի հուլիս ամսից մինչև 2009 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում պատասխանողի ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի չափով, որը կազմում է 424.375 ՀՀ դրամ գումար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով Դատարանի վճռում առկա թերի պատճառաբանությունները, հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.12.2012 թվականի որոշման` պատճառված վնասի բռնագանձման մասը և այդ մասով օրինական ուժ տալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 12.09.2012 թվականի վճռին:

2. Ա/Ձ Նունե Հովհաննիսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 139.632 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.10.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք և 48.190 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.04.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք:

 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան