Գլխավոր տեղեկություն
Номер
N 281-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.10.2013-11.04.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2013.10.01/28(472) Հոդ.281
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
31.07.2013
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
31.07.2013
Дата вступления в силу
11.10.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 սեպտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013377

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

31 հուլիսի 2013 թ.

ք. Երևան

N 281-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՅԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐՈՎ ԵԼՔԱՅԻՆ ՁԱՅՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետը, 2-րդ մասի ե) ենթակետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին կետի բ) ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել այլ կարգավորվող անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների մատուցման կարգը (հավելված):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`

1) 2007 թվականի օգոստոսի 24-ի «Այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների մատուցման կարգը հաստատելու մասին» N 345-Ն որոշումը,

2) 2008 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի N 345-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 70-Ն որոշումը,

3) 2008 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի N 345-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 579-Ն որոշումը,

4) 2011 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի N 345-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 13-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի հուլիսի 31-ի

N 281-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԱՅԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐՈՎ ԵԼՔԱՅԻՆ ՁԱՅՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է ծանուցում ներկայացրած ձայնային ծառայություններ մատուցող անձանց (այսուհետև` Ծառայություններ մատուցող) կողմից այլ կարգավորվող անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների մատուցման հետ կապված հարաբերությունները:

2. Ծառայություններ մատուցողը այլ կարգավորվող անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների մատուցման համար պարտավոր է ունենալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից տրամադրված համար զբաղեցնելու թույլտվություն:

 

2. ՀԱՄԱՐՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ

 

 3. Համար զբաղեցնելու թույլտվություն ստանալուց հետո Հանձնաժողովի կողմից իրեն հատկացված համարը գործարկելու համար Ծառայություն մատուցողը ձայնային ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ունեցող անձին (այսուհետ` Օպերատոր) ներկայացնում է գրավոր դիմում, որը պետք է ներառի համար զբաղեցնելու թույլտվության պատճենը, պահանջվող ծառայության մատուցման համար անհրաժեշտ միացման ենթակա վերջնակետային սարքավորման տեսակի և համապատասխան ինտերֆեյսի տեխնիկական պայմանների վերաբերյալ տեղեկություններ:

4. Օպերատորը պարտավոր է դիմումի ստացման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում բավարարել Ծառայություն մատուցողի ներկայացրած դիմումը, բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) դիմումը չի համապատասխանում սույն կարգի 3-րդ կետով սահմանված պահանջներին,

2) կոնկրետ դիմումը բավարարելու համար լրացուցիչ ժամկետն արդարացնող հատուկ կառուցման աշխատանքներ են պահանջվում:

5. Դիմումը բավարարելու դեպքում Օպերատորի և Ծառայություն մատուցողի միջև կնքվում է պայմանագիր:

6. Սույն կարգի 4-րդ կետի 1) ենթակետով նախատեսված դեպքում Օպերատորը 5 աշխատանքային օրվա ընթացքում մերժում է Ծառայություն մատուցողի դիմումը, ինչի մասին գրավոր տեղեկացնում է վերջինիս` նշելով մերժման պատճառները:

7. Սույն կարգի 4-րդ կետի 2) ենթակետով նախատեսված դեպքում Օպերատորը դիմումը և հատուկ կառուցման աշխատանքների իրականացման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումները դիմումը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հանձնաժողով` այդ մասին տեղեկացնելով Ծառայություններ մատուցողին:

8. Հանձնաժողովը, հաշվի առնելով Ծառայություններ մատուցողի պահանջարկի կանխատեսումները և պահանջվող հատուկ կառուցման աշխատանքների ծավալը, 15 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) ազատել Օպերատորին համարի գործարկման պարտականությունից,

2) սահմանել Օպերատորի կողմից համարի գործարկման համար նոր ժամկետ,

3) պահանջել Ծառայություն մատուցողից ամբողջությամբ կամ մասամբ վճարել համարի գործարկմանն ուղղակիորեն առնչվող ծախսերը:

 

3. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

9. Ծառայություն մատուցողի՝ ձայնային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ սարքավորումների տեղադրման վայրը պետք է համապատասխանի Ծառայություն մատուցողի կողմից Հանձնաժողով ներկայացրած ծանուցման ձևաթղթում ամրագրված գործունեության վայրին:

10. Ծառայություններ մատուցողը պարտավոր է իր հաճախորդների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, նպատակակետի, քանակի և տեխնիկական պայմանների վերաբերյալ տեղեկությունները համարել և պահել գաղտնի:

11. Ծառայություններ մատուցողը պարտավոր է սույն կարգի 10-րդ կետում նշված տեղեկությունները արխիվացնել 1 տարի ժամկետով:

12. Ծառայություններ մատուցողն իրավասու է բացահայտել սույն կարգի 10-րդ կետում նշված տեղեկությունները՝

1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` քրեական հանցագործության կամ ազգային անվտանգության նկատմամբ որևէ սպառնալիքի հետախուզման, հետաքննման կամ քրեական հետապնդման առնչությամբ.

2) հաճախորդի գրավոր համաձայնության հիման վրա.

3) եթե բացահայտումն անհրաժեշտ է ի պաշտպանություն Ծառայություն մատուցողի (ընթանում են վարույթներ ընդդեմ այդ Ծառայություն մատուցողի): Հաճախորդը կարող է պահանջել, որպեսզի բացահայտումը կատարվի գաղտնիության կարգով` դռնփակ վարույթների միջոցով:

13. Ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում սույն կարգի 12-րդ կետի համաձայն տեղեկությունների բացահայտման հետևանքով պատճառված որևէ վնասի համար:

14. Ծառայություն մատուցողը պարտավոր է ազգային անվտանգության մարմինների պահանջով իր ապարատային միջոցների կազմում ընդգրկել լրացուցիչ սարքավորումներ և ծրագրային միջոցներ, ինչպես նաև անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-տեխնիկական միջոցառումներ անցկացնելու համար:

15. Ծառայություն մատուցողը պարտավոր է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապահովել իրավապահ և ազգային անվտանգության աշխատակիցների մուտքը հաղորդակցության սարքավորումներին, ենթակառուցվածքներին, միացնող-անջատող, ուղղորդող և նմանատիպ այլ սարքերին, ներառյալ գաղտնալսումների իրականացման համար անհրաժեշտ սարքերին:

16. Ծառայություն մատուցողը պարտավոր է հաճախորդներին տրամադրել ճշգրիտ հաշիվներ (biլլs): Հաշիվները պետք է տրամադրվեն անվճար, արտացոլեն միայն այն ծառայությունները, որոնցից հաճախորդը փաստացի օգտվել է՝ վճարների բացվածքը ներկայացնելով ըստ ծառայությունների տեսակների, իսկ հաճախորդի պահանջի դեպքում պետք է պարունակեն բավարար տեղեկատվություն յուրաքանչյուր զանգի ժամի, տևողության և նպատակակետի մասին:

17. Ծառայություն մատուցողը պարտավոր է ձայնային ծառայությունները մատուցել եվրոպական լավագույն փորձին համապատասխանող հաշիվների վարման (billing) ժամանակակից համակարգով:

18. Հեռախոսավարի օգնությամբ կամ ավտոմատ կերպով մատուցված միջքաղաքային, միջազգային ձայնային ծառայությունները վճարվում են ըստ հեռախոսային միացման տևողության, որը հաշվարկվում է յուրաքանչյուր անձի կամ բաժանորդային սարքի պատասխանի պահից մինչև կանչվող անձի կամ բաժանորդային սարքի անջատման պահն ընկած ժամանակահատվածի համար։

19. Բաժանորդային սարքերի շարքին, որոնց պատասխանի ազդանշանը հավասարվում է կանչվող անձի պատասխանին և ծառայում իբրև ձայնային ծառայության տևողության հաշվարկի սկիզբ, դասվում են՝

1) տվյալների փոխանցման սարքերը,

2) ֆաքսիմիլային սարքը,

3) ավտոմատ պատասխանիչով բաժանորդային սարքը,

4) հեռախոսահամարի ավտոմատ որոշիչով հեռախոսային սարքը,

5) բաժանորդային այլ սարքերը, որոնք փոխարինում են բաժանորդին նրա բացակայության ընթացքում և ապահովում տեղեկատվության փոխանակումը։

20. Հեռախոսավարի օգնությամբ միջքաղաքային, միջազգային ձայնային ծառայությունների մատուցման դեպքում Ծառայություն մատուցողը պարտավոր է պատվերները գրանցել գրանցամատյանում:

21. Համաձայնեցնելով Հանձնաժողովի հետ Ծառայություն մատուցողը, ելնելով օգտագործվող կոմուտացիոն սարքավորումների հնարավորություններից, սահմանում է նվազագույն սակագրման միավորը տեղական, միջքաղաքային և միջազգային ձայնային ծառայությունների համար (վայրկյաններով կամ րոպեներով): Սակագրման միավորը չի կարող գերազանցել 1 րոպեն:

22. Ծառայություններ մատուցողին աշխարհագրական սկզբունքով հատկացված համարից դեպի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանց կատարվող տեղական զանգերի համար սահմանել մեկ րոպեի համար 7,5 դրամ սակագին (առանց ավելացված արժեքի հարկի), սկսած առաջին րոպեից: Ծառայություններ մատուցողին հատկացված «800 հատուկ ծառայության» հասանելիության կոդով համարներից դեպի ԱրմենՏելի ցանց զանգեր չեն կատարվում:

23. «800 հատուկ ծառայության» հասանելիության կոդով ձայնային ծառայությունները մատուցվում են Հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 16-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող առանձին ծառայությունների առավելագույն սակագների սահմանման մասին» N 530-Ն որոշման 1-ին կետով հաստատված «800 հատուկ ծառայության առավելագույն սակագներ» N 4 հավելվածով սահմանված սակագներով:

24. Ծառայություն մատուցողը ձայնային ծառայությունները գովազդող քարտերի (կանխավճարային կամ հետվճարային) վրա պետք է նշի ընկերության անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անուն, ազգանուն) կամ ապրանքանիշի (brand) անվանումը, իսկ կանխավճարային եղանակով ձայնային ծառայությունների մատուցման դեպքում՝ նաև կանխավճարային քարտի հերթական համարը:

25. Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով Ծառայություն մատուցողը պարտավոր է ներկայացնել հաշվետվություններ:

26. Ծառայություններ մատուցողին արգելվում է ձայնային ծառայությունները մատուցել համարի կամ կոդի զբաղեցման թույլտվության մեջ չնշված համարով կամ կոդով:

27. Ծառայություններ մատուցողի կողմից համարի կամ կոդի զբաղեցման թույլտվության մեջ չնշված համարով կամ կոդով ձայնային ծառայությունների մատուցման հայտնաբերման պարտավորությունը կրում է Օպերատորը, որի վերաբերյալ հարկադրման դիմում է ներկայացնում Հանձնաժողովին: Հանձնաժողովը քննարկում է դիմումը և ընդունում համապատասխան որոշում:

28. Ծառայություն մատուցողին տրամադրված համարներն Օպերատորի կողմից գործարկվում են միայն դրանց մուտքային զանգի հնարավորությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ ծառայություն մատուցողը բավարար հիմքեր է ներկայացնում Հանձնաժողովին այն մասին, որ առանց ելքային զանգերի հնարավորության չի կարող իրականացնել իր իրավունքներն ու պարտականությունները:

 

4. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

29. Համարի կամ կոդի զբաղեցման թույլտվության պայմանների պահպանման վերահսկումն իրականացնում է Հանձնաժողովը:

30. Հանձնաժողովը կամ նրա լիազոր ներկայացուցիչներն իրավունք ունեն ազատ մուտք գործել Ծառայություններ մատուցողի տարածք:

31. Վերահսկումն իրականացնելու ընթացքում Ծառայություններ մատուցողը պարտավոր է լիովին համագործակցել և աջակցել Հանձնաժողովին կամ նրա լիազոր ներկայացուցիչներին: