Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1113
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.09.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.09.25/52(992) Հոդ.866
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
10.09.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
10.09.2013
Дата вступления в силу
10.09.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

10 սեպտեմբերի 2013 թ.

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ /ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ/ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման /ռեադմիսիայի/ մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 25.06.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա համաձայնագիրը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման /ռեադմիսիայի/ մասին համաձայնագիրը /այսուհետ` Համաձայնագիր/ ստորագրվել է Բրյուսելում 2013թ. ապրիլի 19-ին` ՀՀ արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանի կողմից:

Համաձայնագրի նախաբանում հստակ արձանագրված է, որ Պայմանավորվող կողմերի հիմնական նպատակն է ամրապնդել իրենց համագործակցությունն անօրինական միգրացիայի դեմ առավել արդյունավետ պայքար ծավալելու համար:

Համաձայնագրի միջոցով Պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր /կառուցակարգեր/ այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին, և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը` համագործակցության ոգով:

Իբրև հիմնարար և առանցքային սկզբունք` Համաձայնագիրը որոշակի սահմանում է, որ դրա գործողության ընթացքում անհրաժեշտ է ապահովել մարդու իրավունքների և պարտավորությունների ու պարտականությունների նկատմամբ հարգանքը, իրականացնել հետընդունված անձանց իրավունքների պաշտպանությունը, որոնք բխում են նրանց վերաբերյալ կիրառելի միջազգային փաստաթղթերից, մասնավորապես, 1948թ. դեկտեմբերի 10-ի` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից, 1950թ. նոյեմբերի 4-ի` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայից և այլն:

 

2. Քննության առարկա Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից, 24 հոդվածներից և դրա անբաժանելի մասը հանդիսացող 6 հավելվածներից:

Համաձայնագրի 1-ին հոդվածում տրված են դրա տեքստում օգտագործվող հասկացությունների /եզրույթների/ սահմանումները և դրանց իրավակիրառ նշանակությունը:

Համաձայնագրի` «Հիմնարար սկզբունքները» վերտառությամբ 2-րդ հոդվածում առանձնակի շեշտված է, որ անկանոն միգրացիայի դեմ համագործակցելիս հարցում ներկայացրած պետությունը պետք է նախապատվություն տա կամավոր, այլ ոչ թե պարտադրված վերադարձին, եթե պատճառներ չկան հավատալու, որ այն կխոչընդոտի անձի վերադարձին հարցում ստացած պետություն:

Համաձայնագրի 1-ին և 2-րդ բաժիններն ամրագրում են հետընդունման մասով Հայաստանի Հանրապետության /այսուհետ` Հայաստան/ և Եվրոպական միության /այսուհետ` Միություն/ պարտավորությունները, իսկ 3-րդ բաժինը նվիրված է հետընդունման իրավական ընթացակարգերին: Նախատեսված են այն անձանց շրջանակները, որոնք ենթակա են սահմանված կարգով հետընդունման, ինչպես նաև հետընդունման պարզորոշ պայմանները և համապատասխան կառուցակարգերը:

Սահմանված է, որ հետընդունվող անձի ցանկացած փոխանցման համար պահանջվում է հետընդունման դիմումի ներկայացում` հարցում ստացած պետության իրավասու մարմնին:

Համաձայնագրի 8-րդ հոդվածում շարադրված են հետընդունման դիմումին ներկայացվող հիմնական պահանջները, իսկ հետընդունման դիմումի համար կիրառելի ընդհանուր ձևը ներկայացված է Համաձայնագրի 5-րդ հավելվածում:

Հետընդունման դիմումը կարող է ներկայացվել կապի ցանկացած միջոցով, այդ թվում` էլեկտրոնային միջոցներով:

Քաղաքացիության մասով ապացուցման միջոցները թվարկված են Համաձայնագրի 9-րդ հոդվածում և համապատասխանաբար` դրա 1-ին և 2-րդ հավելվածներում, իսկ երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասով ապացուցման միջոցները` Համաձայնագրի 3-րդ և 4-րդ հավելվածներում /հոդված 10/:

Համաձայնագրին համապատասխան` հետընդունման ենթակա անձինք կարող են տեղափոխվել ցանկացած միջոցով, այդ թվում` նաև օդային ուղիներով: Սխալմամբ իրականացված հետընդունման իրավական հետևանքները նախատեսված են Համաձայնագրի 13-րդ հոդվածում:

Համաձայնագրում /հոդված 17/ հատկապես մատնանշված են անձանց անձնական տվյալների պաշտպանության հանգամանքը և այդ կապակցությամբ Կողմերի որոշակի պարտավորությունները:

Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Համաձայնագիրը վավերացվում կամ հաստատվում է Պայմանավորվող կողմերի կողմից` իրենց համապատասխան ընթացակարգերի համաձայն:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկրորդ ամսվա առաջին օրը` այն ամսաթվից հետո, երբ վերջին Պայմանավորվող կողմը ծանուցել է մյուս Կողմին, որ վերը նշված ընթացակարգերը կատարվել են /հոդված 23/:

 

3. Համաձայնագրով Հայաստանն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- տալիս է նախապատվություն կամավոր, այլ ոչ պարտադրված վերադարձին,

- հետ է ընդունում սեփական քաղաքացիներին` անդամ պետության դիմումի հիման վրա` ըստ Համաձայնագրի 3-րդ հոդվածի պահանջների,

- հետ է ընդունում նաև նույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց անչափահաս չամուսնացած երեխաներին, ինչպես նաև ամուսիններին,

- հետ է ընդունում այն անձանց, ովքեր հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից` անդամ պետության տարածք մուտք գործելուց հետո,

- տրամադրում է հետընդունվող անձի վերադարձի համար պահանջվող ճամփորդական փաստաթուղթ /3 աշխատանքային օրվա ընթացքում/,

- հետ է ընդունում երրորդ երկրի քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց` Համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան,

- ապահովում է իր տարածք հետընդունված անձանց իրավունքների պաշտպանությունը` համաձայն նրանց նկատմամբ կիրառելի միջազգային փաստաթղթերի,

- սահմանված կարգով ներկայացնում է հետընդունման դիմում` հարցում ստացած պետության իրավասու մարմնին,

- պահպանում է հետընդունման դիմումի համար կիրառելի ընդհանուր ձևը` ըստ Համաձայնագրի 5-րդ հավելվածի,

- գրավոր ծանուցում է հարցում ստացած պետության իրավասու մարմիններին` փոխադրման ժամկետների, մուտքի անցակետի և այլ տեղեկությունների մասին,

- եթե հանդես է գալիս որպես հարցում ներկայացրած պետություն, ապա պարտավորվում է հոգալ հետընդունվող անձի կամ երրորդ կողմի հետընդունման հետ կապված տրանսպորտային բոլոր ծախսերը,

- կրում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ` համատեղ կոմիտե ստեղծելու, ինչպես նաև կոմիտեի գործունեությանը մասնակցելու կապակցությամբ /հոդված 19/,

- ապահովում է նշված կոմիտեի կողմից ընդունված որոշումների կատարումը,

- իրականացնում է անձնական տվյալների սահմանված կարգով պաշտպանությունը,

- նշանակում է իրավասու մարմիններ` Համաձայնագրի 20-րդ հոդվածին համապատասխան:

 

4. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագիրը կոչված է ամրապնդելու Հայաստանի և Միության համագործակցությունն անձանց անօրինական միգրացիայի դեմ` սահմանելով փոխադարձության հիման վրա արագ և արդյունավետ հետընդունման ընթացակարգեր ու դյուրացնելով անձանց սահմանված կարգով տարանցումը: Անկանոն միգրացիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ընթացքում Կողմերը պարտավորվում են ապահովել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքները և նորմերը:

 Սույն Համաձայնագրի դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին, միտված են միգրացիոն քաղաքականության ոլորտում Հայաստանի և Միության կապերի ընդլայնմանը և խորացմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման /ռեադմիսիայի/ մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

10 սեպտեմբերի 2013 թ.

ՍԴՈ-1113

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան