Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.10.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.11.13/61(1001) Հոդ.1092
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.10.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
04.10.2013
Дата вступления в силу
04.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3260/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3260/02/11
2013 թ.

Նախագահող դատավոր՝  Գ. Մատինյան

Դատավորներ՝   

Ի. Վարդանյան
 

Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի հոկտեմբերի 04-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.03.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդան Աթայանի ընդդեմ Ընկերության և Մանվել Տեր-Առաքելյանի` պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Վարդան Աթայանը պահանջել է Ընկերությանն ու Մանվել Տեր-Առաքելյանին պարտավորեցնել վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը, անհապաղ հանել իր լուսանկարը և «ՀՐԱՄԱՆ»-ը քաղաք Երևան, Հյուսիսային պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող «Հին Էրիվան» վերտառությամբ շենքի մուտքի դռան մոտ` ցուցափեղկի վրա գտնվող պաստառի վրայից, այսուհետ ձեռնպահ մնալ իր և իր մերձավոր ազգականների պատիվն ու արժանապատվությունն արատավորող գործողություններ կատարելուց, ինչպես նաև հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից հետևյալ բովանդակությամբ տեքստով. «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Մանվել Տեր-Առաքելյանը և Ընկերությունը հայցում են Վարդան Աթայանի ներողամտությունը նրա վերաբերյալ վիրավորական արտահայտություններ, անհարկի համեմատություններ թույլ տալու և նրան ու իր մերձավոր ազգականներին հանրային սննդի օբյեկտում սպասարկումը մերժելու համար», ինչպես նաև ներողություն հայցելու տեքստն իր լուսանկարով հրապարակել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, նույն ձևաչափով, ինչ իրենց հրամանը, մեկ ամիս ժամկետով տեղադրել նույն ցուցափեղկի վրա, որտեղ զետեղվել էին լուսանկարները և «ՀՐԱՄԱՆ»-ը, ինչպես նաև վճարել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով փոխհատուցում պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Կ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 12.10.2012 թվականի վճռով հայցը Մանվել Տեր-Առաքելյանի մասով մերժվել է, իսկ Ընկերության մասով բավարարվել է մասնակիորեն՝ Ընկերությանը պարտավորեցվել է հրապարակայնորեն ներողություն հայցել Վարդան Աթայանից՝ ներողության տեքստը հայցվորի լուսանկարով վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակելով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հետևյալ բովանդակությամբ.

«ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ

«Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ն հայցում է Վարդան Աթայանի ներողամտությունը նրա վերաբերյալ վիրավորական արտահայտություններ, անհարկի համեմատություն թույլ տալու և նրան հանրային սննդի օբյեկտում սպասարկումը մերժելու համար»։

Ներողության ձևավորման, տառատեսակի չափն ու տեսակը չպետք է զիջի «Հրամանի» տեղեկատվությանը։

Ընկերությունից հօգուտ Վարդան Աթայանի բռնագանձվել է 500.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցման գումար, և 14.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։ Մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելուն (անհապաղ հանել հայցվորի լուսանկարը և «ՀՐԱՄԱՆ»-ը քաղաք Երևան, Հյուսիսային պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող «Հին Էրիվան» վերտառությամբ շենքի մուտքի դռան մոտ ցուցափեղկի վրա գտնվող պաստառի վրայից) պատասխանողներին պարտավորեցնելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է: Հայցը՝ մնացած մասով, մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.03.2013 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.10.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ընկերությունը չի հանդիսանում Վարդան Աթայանի կողմից վիրավորանք գնահատված արտահայտությունը կատարող և ցուցափեղկում տեղադրող անձ:

Վերաքննիչ դատարանը և Դատարանը չեն նշել, թե գործում առկա որ ապացույցի հիման վրա են եզրահանգել, որ հենց Ընկերությունն է հանդիսանում վիրավորանք որակված արտահայտությունների կատարողը և ցուցափեղկում տեղադրողը։

Ընկերության` վիրավորանք հասցրած անձ հանդիսանալու փաստը վկայակոչվել է Վարդան Աթայանի կողմից, ուստի վերջինս պարտավոր էր ներկայացնել թույլատրելի և վերաբերելի ապացույցներ այդ փաստի հաստատման համար, ինչը չի կատարել, որպիսի պարագայում ապացույցի չներկայացման բացասական հետևանքները պետք է կրեր հայցվորը:

Բացի այդ, Ընկերությունը` որպես իրավաբանական անձ, չի հանդիսանում վիրավորանք հասցնող պատշաճ սուբյեկտ, ուստի նրա նկատմամբ կիրառելի չեն վիրավորանքի համար նախատեսված պատասխանատվության միջոցները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.03.2013 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

 1. Համաձայն 10.12.2003 թվականին տրված թիվ 1553319 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի՝ Մանվել Տեր-Առաքելյանը հանդիսանում է Երևանի Կենտրոն համայնքի Հյուսիսային պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող կառույցի սեփականատեր:

Նշված հասցեում գտնվող շենքում տնտեսական գործունեություն իրականացնող և շենքը որպես հանրային սննդի օբյեկտ օգտագործող է «Աբգար Հինգերորդ» ՍՊ ընկերությունը (հատոր 1, գ.թ. 35-43):

 2. «Հին Էրիվան» վերտառությամբ շենքի մուտքի մոտ՝ ցուցափեղկի պաստառի վրա, Ուսամա Բեն Լադենի լուսանկարի հետ նույն շարքում փակցված է եղել «Յունիբանկ» ՓԲԸ-ի նախագահ Վարդան Աթայանի լուսանկարը և վերևում զետեղված է եղել ներքոհիշյալ բովանդակությամբ «ՀՐԱՄԱՆ» վերնագրված տեքստը.

 «Վերը նշված անձանց և նրանց մերձավոր ազգականներին ճանաչել անցանկալի հաճախորդներ, մարդկության նկատմամբ հանցագործություն կատարելու (ՄՀ) կամ հանրային սննդի օբյեկտի դեմ ոտնձգություն (ՀԴՈ) կատարելու համար

1. ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ՀԴՈ)

2. ՎԱՐԴԱՆ ԱԹԱՅԱՆ (ՀԴՈ)

3. ԲԵՆ-ԼԱԴԵՆ (ՄՀ)

4. ՍԱԴԱՄ ՀՈՒՍԵՅՆ (ՄՀ) Ծանոթություն. վերը նշված անձանց արգելվում է սպասարկել տվյալ տարածքում» (հատոր 1, գ.թ. 32-33):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում է, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում, դատարաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի, ինչպես նաև այդ հոդվածի կիրառման հետ կապված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ հոդվածների միատեսակ մեկնաբանման անհրաժեշտությամբ պայմանավորված, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցերին.

ա) Արդյոք իրավաբանական անձը կարող է պատասխանատվություն կրել վիրավորանքի կամ զրպարտության համար,

բ) եթե այո, ապա ինչ ապացույցներով կարող է հիմնավորվել իրավաբանական անձի՝ վիրավորանք կամ զրպարտություն կատարած անձ հանդիսանալու փաստը:

 

ա) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

Նշված իրավական դրույթի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելով` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վնաս պատճառողն այն անձն է (ֆիզիկական կամ իրավաբանական), ով վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորել է այլ ֆիզիկական անձի պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավը: Վիրավորանքի կամ զրպարտության միջոցով վնաս պատճառելու հետևանքով առաջացող հարաբերության սուբյեկտների շրջանակի սահմանափակում օրենսդիրն արդարացիորեն չի նախատեսել, և այդպիսիք կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք (տե՛ս ըստ Վանո Եղիազարյանի հայցի ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Վերահաստատելով իր այս դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ դրա հիմքում ընկած է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ տրված իրավակարգավորումը, համաձայն որի՝ քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերությունների մասնակիցները՝ ֆիզիկական անձինք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրա պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ՝ Քաղաքացիներ) ու իրավաբանական անձինք են, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը և համայնքներն են (հոդված 128):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական բարիքները, նույն օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխան, պաշտպանվում են դրանցով նախատեսված դեպքերում և կարգով:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 1-ին կետով հատկապես նախատեսված է անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի՝ իբրև ոչ նյութական բարիքների դատական կարգով պաշտպանության հնարավորությունը ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց կատարած խախտումներից:

բ) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են`

1) գրավոր և իրեղեն ապացույցներով.

2) փորձագետների եզրակացություններով.

3) վկաների ցուցմունքներով.

4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Անդրադառնալով վիրավորանքի համար պատասխանատվության պայմաններին՝ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

ա) անձին վիրավորանքի համար պատասխանատվության ենթարկելիս առաջնահերթ պետք է պարզել վիրավորական արտահայտությունները վերջինիս կողմից կատարած լինելու, այսինքն` տվյալ սուբյեկտի` վիրավորանք կատարած անձ հանդիսանալու հանգամանքը,

բ) տուժողի կողմից որևէ անձի որպես վիրավորանք հասցրած անձ որակելը պետք է կատարվի այնպիսի կոնկրետ ապացույցների մատնանշմամբ, որոնք վկայում են վիրավորական արտահայտությունները տվյալ անձի կողմից կատարած լինելու մասին,

գ) ենթադրությունների հիման վրա անձին վիրավորանք հասցրած անձ դիտարկելը թույլատրելի չէ,

դ) նշված փաստերը չապացուցելու պարագայում դրա բացասական հետևանքները կրում է հայցվորը (տե՛ս Հայկ Հարությունյանի (երրորդ անձինք Վարդուհի Աբրահամյանի, Արեգ, Սաթենիկ, Գոռ Հարությունյանների) հայցն ընդդեմ «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ի, Մանվել Տեր-Առաքելյանի թիվ ԵԿԴ/3246/02/11 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով իր դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ անձի պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության գործերով ևս կիրառելի են ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության վերաբերյալ օրենսդրական ընդհանուր կարգավորումները: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ՝

ա) վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից,

բ) գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Վերոնշյալ վերլուծություններից հետո Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն գործի առանձնահատկություններին և նշված սկզբունքների կիրառությանը սույն գործի նկատմամբ:

Սույն գործի փաստերի համաձայն՝ 10.12.2003 թվականին տրված թիվ 1553319 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի համաձայն՝ Մանվել Տեր-Առաքելյանը հանդիսանում է Երևանի Կենտրոն համայնքի Հյուսիսային պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող կառույցի սեփականատեր, իսկ այդ շենքում տնտեսական գործունեություն իրականացնող և շենքը որպես հանրային սննդի օբյեկտ օգտագործող է «Աբգար Հինգերորդ» ՍՊ ընկերությունը:

«Հին Էրիվան» վերտառությամբ շենքի մուտքի մոտ՝ ցուցափեղկի պաստառի վրա, Ուսամա Բեն Լադենի լուսանկարի հետ նույն շարքում փակցված է եղել «Յունիբանկ» ՓԲԸ-ի նախագահ Վարդան Աթայանի լուսանկարը և վերևում զետեղված է եղել ներքոհիշյալ բովանդակությամբ «ՀՐԱՄԱՆ» վերնագրված տեքստը.

«Վերը նշված անձանց և նրանց մերձավոր ազգականներին ճանաչել անցանկալի հաճախորդներ, մարդկության նկատմամբ հանցագործություն կատարելու (ՄՀ) կամ հանրային սննդի օբյեկտի դեմ ոտնձգություն (ՀԴՈ) կատարելու համար

1. ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ՀԴՈ)

2. ՎԱՐԴԱՆ ԱԹԱՅԱՆ (ՀԴՈ)

3. ԲԵՆ ԼԱԴԵՆ (ՄՀ)

4. ՍԱԴԱՄ ՀՈՒՍԵՅՆ (ՄՀ) Ծանոթություն. վերը նշված անձանց արգելվում է սպասարկել տվյալ տարածքում»:

Սույն գործով Ընկերության մասով հայցը բավարարելիս Դատարանը պատճառաբանել է, որ Ընկերության կողմից տարածած «Հրաման» վերտառությամբ տեքստում տեղ գտած որպես «հանրային սննդի օբյեկտի դեմ ոտնձգություն», «մարդկության նկատմամբ հանցագործություն» կատարող սուբյեկտ Վարդան Աթայանին որակելը արատավորում է նրան, քանի որ նրան վերագրվող արարքներն իրենց բնույթով հանցագործություններ են։ Հանցագործությունը՝ որպես հանրության կողմից պարսավելի արարք, չի կարող չարատավորել այն անձին, ում վերագրվում է: Ավելին, Վարդան Աթայանի վերաբերյալ կատարված արտահայտությունները զուգորդվել են նրա լուսանկարը Բեն Լադենի լուսանկարի կողքին փակցնելով։ Հանրահայտ փաստ է, որ վերջինս եղել է ահաբեկիչ և կատարել է մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։ Վարդան Աթայանը, հանդիսանալով բանկային համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող անձ, ունենալով որոշակի սոցիալական և պաշտոնական դիրք, կարող է երրորդ անձանց կողմից ընկալվել որպես սուբյեկտ, ով իր դիրքի օգտագործմամբ կատարել է հակաիրավական արարքներ։ Հետևաբար, «Հրամանում» տեղ գտած արտահայտությունները նպատակ են հետապնդել նսեմացնելու հայցվորի հեղինակությունը և նվաստացնելու նրան։ Նշված հանգամանքը հավաստվում է նրանով, որ Ընկերությունն ակնհայտորեն գիտեր իր կողմից կատարված վիրավորական արտահայտությունների («հանրային սննդի օբյեկտի դեմ ոտնձգություն», «մարդկության նկատմամբ հանցագործություն» կատարող) ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու և վիրավորանք լինելու մասին։ Ավելին, Ընկերությունը «Հրաման» վերնագրված տեքստը փակցրել է «Հին Էրիվան» վերտառությամբ շենքի մուտքի մոտ, այն շենքի, որտեղ վերջինս իրականացրել է հանրային սննդի գործունեություն։ Ընկերությունն ակնհայտորեն գիտակցել է, որ Վարդան Աթայանի լուսանկարն այնպիսի անձի լուսանկարի կողքին փակցնելը, ով մեղադրվել է մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար, միանշանակ արատավորելու է նրա պատիվը և արժանապատվությունը։

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ վերը նշված «Հրամանում» արված արտահայտություններն իրականում արատավորել են անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, նպատակ են հետապնդել նսեմացնելու Վարդան Աթայանի հեղինակությունը, նվաստացնելու նրան, և այդ արտահայտությունները կատարվել են հրապարակային ձևով, գտել է, որ Ընկերությունը բավականաչափ միջոցներ չի ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց: Միաժամանակ, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը` Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ իրավաբանական անձը կարող է հանդիսանալ վիրավորանք հասցնող պատշաճ սուբյեկտ, և որ Ընկերությունը պատասխանատվության է ենթարկվել բավարար ապացույցների հիման վրա:

Վերլուծելով գործի փաստերը և ստորադաս դատարանների պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վեճը լուծելիս դատարաններն իրավացիորեն հաշվի են առել հետևյալ փաստերը` ա) վիրավորական արտահայտություններ պարունակող պաստառը փակցված է եղել Ընկերության գործունեության վայրում, բ) դրա վրա եղած տեքստը վերաբերել է հայցվորին չսպասարկելուն, իսկ Ընկերությունը զբաղվել է հանրային սննդի ծառայությունների մատուցմամբ, այսինքն՝ տեքստի բովանդակությունն ուղղակիորեն կապված է Ընկերության գործունեության հետ: Հետևաբար, գործում գտնվող վերաբերելի և թույլատրելի բավարար ապացույցներով՝ պաստառի վրա առկա «Հրաման» վերնագրված տեքստի բովանդակությամբ և լուսանկարներով, պաստառի գտնվելու վայրով, ապացուցվել է Ընկերության՝ վիրավորանք կատարած անձ հանդիսանալու հանգամանքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը կայացրել է ըստ էության ճիշտ դատական ակտ, հետևաբար տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.03.2013 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

 

Ե. Սողոմոնյան