ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2013 թվականի N 776-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման միջոցառումների արդյունավետ համակարգումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի համակարգման միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը տեղեկատվություն ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 4 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2013 թ. սեպտեմբերի 4-ի N 776-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Սույն աշխատակարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի (այսուհետ` ծրագիր) համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության նպատակի և գործառույթների գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Հանձնաժողովի հիմնական նպատակն է ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման աշխատանքների համակարգումը և միջոցառումների իրականացման պատասխանատու պետական մարմինների (այսուհետ` պատասխանատու պետական մարմին) փոխհամաձայնեցված գործողությունների ապահովումը:
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն աշխատակարգով:
4. Հանձնաժողովի հիմնական գործառույթներն են`
1) ծրագրի իրականացման և ամփոփման ընթացքում լիազոր մարմնին անհրաժեշտ աջակցության ապահովումը.
2) ծրագրի իրականացման ընթացքում պատասխանատու պետական մարմնին անհրաժեշտ աջակցության ապահովումը.
3) ծրագրի ճշգրտման և վերանայման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
4) ծրագրի մոնիթորինգի և գնահատման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի բարելավման վերաբերյալ առաջարկությունները մշակելը և ներկայացնելը:
5. Հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնելիս կարող է`
1) հարցում կատարել և պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից, գիտական, միջազգային ու հասարակական կազմակերպություններից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) խորհրդակցական ձայնի իրավունքով հանձնաժողովի նիստերին հրավիրել պետական պաշտոնյաների, գիտական հաստատությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:
6. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ: Նիստն իրավազոր է որոշումներ կայացնելու, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
7. Հանձնաժողովի նիստերը վարում է նրա ղեկավարը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամը` հանձնաժողովի ղեկավարի հանձնարարությամբ:
8. Հանձնաժողովի արտահերթ նիստ կարող է գումարվել նրա ղեկավարի կամ անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
9. Հանձնաժողովի ղեկավարը`
1) հրավիրում և անցկացնում է հանձնաժողովի նիստերը.
2) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.
3) կազմում է հանձնաժողովի նիստի օրակարգը, որոշում նիստի անցկացման ժամկետն ու վայրը.
4) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
5) կատարում է աշխատանքի բաշխում հանձնաժողովի անդամների միջև.
6) հանձնաժողովի աշխատանքներին, ըստ անհրաժեշտության, ներգրավում է մասնագետների, փորձագետների, կազմավորում է աշխատանքային խմբեր.
7) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների հետ հարաբերություններում.
8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի N 776-Ա որոշմամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:
10. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին.
2) հանձնաժողովի ղեկավարի բացակայության դեպքում, վերջինիս հանձնարարությամբ, վարում է հանձնաժողովի նիստը.
3) հանձնաժողովին է ներկայացնում տեղեկություն ծրագրում ընդգրկված միջոցառումների ընթացքի մասին.
4) ներկայացնում է առաջարկություններ հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ.
5) հանձնաժողովի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություն հանձնաժողովի աշխատանքներին մասնագետների, փորձագետների ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու վերաբերյալ.
6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի N 776-Ա որոշմամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
11. Հանձնաժողովի քարտուղարը`
1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութեր և կազմակերպում նյութերի տրամադրումը հանձնաժողովի անդամներին և նիստին հրավիրված անձանց.
2) արձանագրում է հանձնաժողովի նիստերը և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծեր.
3) հետևում է հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքին և դրա մասին զեկուցում հանձնաժողովի ղեկավարին.
4) հաշվառում է հանձնաժողովի որոշումները:
12. Պատասխանատու պետական մարմինը հանձնաժողովի անդամ հանդիսացող իր ներկայացուցչի փոփոխության դեպքում հնգօրյա ժամկետում տեղեկացնում է լիազոր մարմնին` առաջարկելով նոր թեկնածություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2013 թ. սեպտեմբերի 4-ի N 776-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Ասատրյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (հանձնաժողովի ղեկավար) |
Տ. Սահակյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Մ. Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ա. Քարամյան |
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ |
Ի. Դավթյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ |
Կ. Կույումջյան |
- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ (համաձայնությամբ) |
Գ. Հայրապետյան |
- Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Վ. Ասատրյան |
- «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության զարգացման և հետազոտությունների խմբի ղեկավար (համաձայնությամբ) |
Մ. Հովսեփյան |
- «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Վ. Բաբաջանյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ժողովրդագրության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |