Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.05.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.08.28/47(987) Հոդ.812
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
08.05.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
08.05.2013
Дата вступления в силу
08.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՇԴ/0126/01/12

Գործ թիվ ՇԴ/0126/01/12

Նախագահող դատավոր՝  Ս. Համբարձումյան

Դատավորներ՝  

Ա. Պետրոսյան, Մ. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

մասնակցությամբ

 

 

պաշտպան

Մ. Մուրադյանի

 

2013 թվականի մայիսի 8-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հմայակ Սիմոնի Դավթյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի հունվարի 30-ի որոշման դեմ ամբաստանյալ Հ.Դավթյանի պաշտպան Մ.Մուրադյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի հուլիսի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 30104412 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2012 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ Հմայակ Սիմոնի Դավթյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

2012 թվականի սեպտեմբերի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2012 թվականի նոյեմբերի 21-ի դատավճռով Հ.Դավթյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել է ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով` զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` 2 (երկու) տարի ժամկետով:

3. Ամբաստանյալ Հ.Դավթյանի պաշտպան Մ.Մուրադյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի հունվարի 30-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 21-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հունվարի 30-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Հ.Դավթյանի պաշտպան Մ.Մուրադյանը:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ ամբաստանյալ Հ.Դավթյանի պաշտպան Մ.Մուրադյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Հ.Դավթյանը դատապարտվել է այն բանի համար, որ «2012թ. հուլիսի 31-ին` ժամը 15-ի սահմաններում, վարելով «Օպել Վեկտրա» մակնիշի 75QP075 պ/հ ավտոմեքենան` Գյումրի-Արևիկ ավտոճանապարհով ընթանալիս թույլ է տվել ՃԵԿ-ի 67 կետի պահանջին հակասող գործողություն, այն է` Հմայակ Դավթյանը տվյալ վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն ունեցել է և նա ժամանակին միջոցներ չձեռնարկելով ավտոմեքենան մինչև վրաերթի տեղին հասնելը կանգնեցնելու կամ դանդաղեցնելու համար, որպեսզի Անժելիա Ստեփանի Կաթունյանը դուրս գա վտանգավոր գոտուց, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն դրանով իսկ պայմանավորել տվյալ վրաերթի առաջացումը: Հմայակ Դավթյանն իր երթևեկության համար վտանգավոր գոտում հետիոտնի շարժման սկզբնապահից սկսած պետք է ժամանակին կատարված արգելակումով իր վարած ավտոմեքենայի ընթացքը դանդաղեցնելու կամ էլ այն լրիվ կանգնեցնելու միջոցով հնարավորություն տար հետիոտնին դուրս գալու վտանգավոր գոտուց: Ավտոմեքենայի ոչ պատշաճ կառավարման արդյունքում վրաերթի է ենթարկել ճանապարհն աջից ձախ արագ քայլերով ուղղահայաց հատող հետիոտն Անժելա Կաթունյանին, որը վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 54):

6. Գյումրի քաղաքի Նոր Ավան թաղամասի բնակիչների կողմից տրված բնութագրի համաձայն` «[Հ.Դավթյանի] [հ]այրը` Սիմոն Ժորիկի Դավթյանը և մայրը` Սուսաննա Երվանդի Դավթյանը 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամներ են: Աշխատանքի բացակայության պատճառով, քանի որ տանը ոչ ոք չի աշխատում, ամբողջ հոգսը իր վրա է վերցրել Հմայակ Սիմոնի Դավթյանը» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 96):

7. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թիվ 018109 և թիվ 782460 տեղեկանքների համաձայն` Հ.Դավթյանի հայրը 2-րդ, իսկ մայրը` 3-րդ կարգի հաշմանդամ են (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 98-99):

8. Գյումրու քաղաքապետարանի «Գյումրու բնակարանների սպասարկման» ՓԲԸ-ի կողմից տրված տեղեկանքի համաձայն` Հ.Դավթյանի ընտանիքն ունի հետևյալ կազմը` հայր, մայր, տատիկ և քույր (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 95):

9. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. «Պատիժ սահմանելիս դատարանը հաշվի է առնում կատարված հանցագործության բնույթն ու ամբաստանյալի անձը, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվել է դրական, մեղքը ընդունել է և զղջացել է կատարածի համար: Տուժողի իրավահաջորդ Լևոն Կաթունյանն ամբաստանյալի նկատմամբ որևէ պահանջ չի ներկայացրել և խնդրել է մեղմ վերաբերվել:

Նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով, որոշակի ժամկետով զրկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 54-55):

10. Ամբաստանյալի պաշտպան Մ.Մուրադյանը վերաքննիչ բողոքում խնդրել է Հ.Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` նշելով, որ «[Առաջին ատյանի] դատարանը պետք է հաշվի առներ նաև դեպքին հաջորդող պահին Հ.Դավթյանի վարքագիծը և նրա ընտանեկան վիճակը (…), մասնավորապես այն, որ դեպքից անմիջապես հետո տուժողին օգնություն է ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց, վերականգնել տուժողին պատճառված վնասը, բացի այդ նրա խնամքին է երեք անձ` հաշմանդամ ծնողները և տատը, ընտանիքում միակ աշխատողն է (…), և իր վաստակով հոգում է ընտանիքի սոցիալական խնդիրները» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 93):

11. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Հիմնավորված չէ և քրեական գործի նյութերից չի բխում վերաքննիչ բողոքի այն պնդումը, թե «ամբաստանյալ Հ.Դավթյանի խնամքին են գտնվում երեք անձ և նա ընտանիքի միակ կերակրողն է», այդ փաստը հաստատող ապացույցներ գործում առկա չեն:

Ընդհակառակը, գործում առկա տվյալների համաձայն` Հ.Դավթյանին մեղադրանք առաջադրելու պահից վերջինս ապահովվել է հանրային պաշտպանով` անվճարունակ լինելու պատճառով:

(…) Վերաքննիչ դատարանը քննության առնելով ամբաստանյալ Հ.Դավթյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը, հաշվի առնելով հանցավորի անձը բնութագրող տվյալները, վերջինիս պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոնշյալ հանգամանքները, հանգում է այն հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր չէ առանց պատիժը կրելու և միայն այդ կերպ կարելի է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները: (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 95):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

12. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես՝ չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-63-րդ և 70-րդ հոդվածները, որոնք ենթակա էին կիրառման: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ, այն է` պատահարից հետո Հ.Դավթյանի դրսևորած վարքագիծը, տուժողին օգնություն ցուցաբերելը և հիվանդանոց տեղափոխելը, տուժողին պատճառված վնասը հատուցելը, ինչպես նաև Հ.Դավթյանի ընտանեկան վիճակը, ընտանիքի միակ կերակրող լինելը և այն, որ նրա խնամքին են երեք անձ` հաշմանդամ ծնողները, տատը:

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Հ.Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը մերժելու հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է այն հանգամանքը, որ նա օգտվում է հանրային պաշտպանի ծառայություններից, մինչդեռ քրեական գործին հանրային պաշտպանի մասնակցությունը քրեական դատավարությունում անձի պաշտպանության ձև է և չի կարող դիտվել նրա անձը բնութագրող հանգամանք:

13. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 21-ի ու Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հունվարի 30-ի դատական ակտերը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապացույցների բարեխիղճ գնահատման, ինչպես նաև վերաքննիչ դատարանի՝ որպես առաջին ատյանի դատարանի դատական ակտերը վերանայող վերադաս ատյանի հայեցողության շրջանակների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Ապացույցների բարեխիղճ գնահատումը.

 

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալ Հ.Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը քննարկելիս Վերաքննիչ դատարանն արդյո՞ք բարեխիղճ գնահատման է ենթարկել սույն գործով ձեռք բերված ապացույցները:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարզում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն՝ «Միայն ապացույցների հիման վրա են հաստատվում`

(…)

5) քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները.

6) այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝

«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) [ա]պացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա: Ներքին համոզմունքը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:

(…)

Թեպետ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, այն չի կարող լինել կամայական: Դրա հիմքում պետք է դրված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը:

(…)

Ապացույցների գնահատումը համապատասխան որոշումներում պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների ձևով` (…)» (տե՛ս Մակար Ռազմիկի Հովհաննիսյանի և Աշոտ Վաղարշակի Մարտիրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 որոշման 14-րդ կետը):

17. Զարգացնելով Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի գործով որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների կամայական գնահատման արգելքը ենթադրում է ապացույցները բարեխիղճ վերլուծության ենթարկելու պարտականություն: Այլ խոսքով՝ դատարանը պարտավոր է իր դատական ակտում ամրագրել և համապատասխան վերլուծության ու գնահատման ենթարկել գործի քննության և լուծման, այդ թվում՝ անձի նկատմամբ պատիժ նշանակելու և այդ պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Հետևաբար, անձի նկատմամբ նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, պարտավոր է բարեխիղճ գնահատման ենթարկել նրա անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները հաստատող ապացույցները:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքում պաշտպանը խնդրել է Հ.Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` ի թիվս այլ հանգամանքների նշելով, որ Հ.Դավթյանի խնամքին են հաշմանդամ ծնողները, տատը, և նա հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ իր դատական ակտում պատճառաբանելով, որ հիմնավորված չէ և քրեական գործի նյութերից չի բխում, որ ամբաստանյալ Հ.Դավթյանի խնամքին են գտնվում երեք անձ, և նա ընտանիքի միակ կերակրողն է: Ավելին, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ այդ փաստը հաստատող ապացույցներ գործում առկա չեն (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

Մինչդեռ, սույն քրեական գործի նյութերում առկա են մի շարք փաստաթղթեր, այն է՝ Գյումրի քաղաքի Նոր Ավան թաղամասի բնակիչների կողմից տրված բնութագիրը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թիվ 018109, թիվ 782460 և Գյումրու քաղաքապետարանի «Գյումրու բնակարանների սպասարկման» ՓԲԸ-ի կողմից տրված տեղեկանքները, որոնք հիմնավորում են, որ ամբաստանյալ Հ.Դավթյանի խնամքին են գտնվում երեք անձ, և նա ընտանիքի միակ կերակրողն է (տե՛ս սույն որոշման 6-8-րդ կետերը):

19. Սույն որոշման 16-17-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 18-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Հ.Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը քննարկելիս Վերաքննիչ դատարանը բարեխիղճ գնահատման չի ենթարկել սույն գործով ձեռք բերված ապացույցները: Մասնավորապես, քրեական գործում Հ.Դավթյանի անձը բնութագրող, պատասխանատվությունը մեղմացնող համապատասխան ապացույցների առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Հ.Դավթյանի խնամքին երեք անձի առկայությունը և նրա` ընտանիքի միակ կերակրողը հանդիսանալու հանգամանքը հաստատող ապացույցներ քրեական գործում առկա չեն:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը Հ.Դավթյանի նկատմամբ նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ, 127-րդ հոդվածների խախտում, ինչի հետևանքով սխալ հետևության է հանգել Հ.Դավթյանի խնամքին երեք անձի առկայությունը և վերջինիս՝ ընտանիքի միակ կերակրողը հանդիսանալու հանգամանքը հաստատված չլինելու վերաբերյալ:

 

II. Վերաքննիչ դատարանի հայեցողության շրջանակները.

 

20. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հանրային պաշտպանի ծառայություններից օգտվելը որպես Հ.Դավթյանի անձը բնութագրող հանգամանք գնահատելով` Վերաքննիչ դատարանը դուրս չի՞ եկել արդյոք ՀՀ քրեադատավարական օրենքով վերադաս դատական ատյանին վերապահված հայեցողության շրջանակներից:

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստական հանգամանքները ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է որևէ փաստական հանգամանք, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստական հանգամանքի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստական հանգամանք կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքը, (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանն ստուգում է գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանի դատական ակտում պետք է նշվեն, թե ինչ հիմքերով է առաջին ատյանի դատարանի դատական ակտը համարվում ճիշտ, իսկ բողոքում բերված եզրահանգումները` անհիմն, ինչն է հիմք ծառայել առաջին ատյանի դատարանի դատական ակտն ամբողջությամբ կամ մի մասով բեկանելու կամ փոխելու համար»:

Մեջբերված քրեադատավարական դրույթների համակարգային վերլուծությունից երևում է, որ վերաքննիչ դատարանն իրավասու է առաջին ատյանի դատարանում հաստատված փաստական հանգամանքները հաստատված չհամարել կամ հաստատված համարել նոր հանգամանք, եթե վերաքննիչ բողոքի շրջանակներում առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերանայման արդյունքում պատճառաբանված հետևություն կանի այն մասին, որ տվյալ փաստական հանգամանքի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: ՀՀ քրեադատավարական օրենքում ամրագրված այս մոտեցումը հանդիսանում է վերաքննիչ դատարանի՝ որպես առաջին ատյանի դատարանի դատական ակտերը վերանայելու իրավասությամբ օժտված վերադաս դատական ատյանի հայեցողության շրջանակներն ուրվագծող հիմքը, որը յուրաքանչյուր դեպքում հնարավորություն է տալիս պարզել, թե առաջին ատյանի դատարանի դատավճռի վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանն արդյոք պատշաճ գնահատման է ենթարկել գործի հանգամանքները, հանցավորի անձը և այլն, թե դրսևորել է կամայական մոտեցում՝ չարաշահելով իրեն վերապահված հայեցողությունը:

22. Դատական հայեցողությունը որոշում կայացնելիս ընտրություն կատարելու դատարանի իրավազորությունն է: Նշված ընտրության հիմքերն ու սահմաններն ամրագրված են քրեադատավարական օրենքով, պետք է համապատասխանեն օրենսդրի կամքին և դատավորի իրավագիտակցությանը, բխեն իրավունքի հիմնարար սկզբունքներից, գործի կոնկրետ հանգամանքներից և հանցավորի անձից:

Մեջբերված մոտեցումից հետևում են դատական հայեցողության հատկանիշները, որոնցից առաջինը հայեցողության օրինականությունն է: Այլ կերպ` դատական հայեցողությունն օրինական է, եթե հիմնված է օրենքի վրա: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենքում առկա ձևակերպումները հաճախ «գնահատողական» բնույթ են կրում (օրինակ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված «ակնհայտ սխալ» ձևակերպումը), որոնք ենթակա են գնահատման յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների և հանցագործի անձը բնութագրող հատկանիշների համատեքստում: Հետևաբար, «գնահատողական» բնույթ ունեցող ձևակերպումների կիրառման ժամանակ դատական հայեցողությունն օրինական է, եթե դատարանը որոշում կայացնելիս հիմնվել է կոնկրետ գործի հանգամանքների և հանցագործի անձը բնութագրող տվյալների վրա:

Դատական հայեցողությունն օբյեկտիվ երևույթ է, հետևաբար, դատական հայեցողության երկրորդ հատկանիշն այն է, որ դատարանն իրավասու է ընտրություն կատարել օրենքով սահմանված շրջանակներում:

Դատական հայեցողության երկրորդ հատկանիշի հետ սերտորեն փոխկապակցված է երրորդը, որի համաձայն՝ դատական հայեցողությունն օրինական, հիմնավորված և արդարացի հնարավոր որոշումների միջև ընտրություն կատարելու՝ դատարանի իրավասությունն է: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատարանին վերապահված ընտրության իրավասությունը ենթադրում է, որ յուրաքանչյուր կոնկրետ գործով դատարանը հնարավոր օրինական որոշումներից պետք է ընտրի այն, որն առավելագույնս կհամապատասխանի հիմնավորվածության և արդարացիության չափանիշներին:

Դատական հայեցողության չորրորդ հատկանիշն օրինական, հիմնավորված և արդարացի հնարավոր որոշումների միջև ընտրություն կատարելիս դատարանի կողմից կոնկրետ գործի հանգամանքներն ու հանցագործի անձը բնութագրող տվյալներն առավելագույնս հաշվի առնելու պարտականությունն է: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական հայեցողության շրջանակներում դատարանին վերապահված ընտրությունը ենթադրում է ոչ միայն մի քանի որոշումների միջև ընտրություն կատարելու իրավասություն, այլ նաև այնպիսի ընտրություն կատարելու պարտականություն, որի արդյունքում կայացված որոշումն առավելագույնս կհամապատասխանի քննվող կոնկրետ գործի հանգամանքներին և հանցագործի անձին:

23. Դատական հայեցողության՝ սույն որոշման նախորդ կետում ամրագրված չորս հատկանիշները վերաբերելի են նաև վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերանայման դատավարական կարգին: Նշված հատկանիշների հետ մեկտեղ, վերաքննիչ դատարանի հայեցողությունը բնութագրվում է մի շարք այլ հատկանիշներով, որոնք բխում են ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման՝ վերաքննիչ դատարանի գործառույթից: Այսպես, առաջին ատյանի դատարանի կողմից դատական հայեցողության շրջանակներում կայացված դատական ակտը վերանայման արդյունքում կարող է բեկանվել և (կամ) փոփոխվել վերաքննիչ դատարանի կողմից այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը պատճառաբանված եզրակացություն կանի այն մասին, որ՝

ա) առաջին ատյանի դատարանը խախտել է դատական հայեցողության՝ օրենքով սահմանված շրջանակները,

բ) առաջին ատյանի դատարանն իրավական նշանակություն է տվել այնպիսի հանգամանքի, որը կոնկրետ գործով ակնհայտորեն չէր կարող նման նշանակություն ունենալ,

գ) առաջին ատյանի դատարանը կայացրել է այնպիսի դատական ակտ, որը չի համապատասխանում ՀՀ վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերին (այդ թվում՝ դրանցում առկա օրենքի մեկնաբանություններին) և առաջին ատյանի դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ չի հիմնավորվել, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ,

դ) առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական, հիմնավորված և արդարացի չէ:

24. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ իր դատական ակտում Վերաքննիչ դատարանն ամբաստանյալի՝ ընտանիքի միակ կերակրող հանդիսանալու հանգամանքը հերքել է՝ ելնելով քրեական վարույթի ընթացքում նրա կողմից իր պաշտպանության իրավունքի իրացման ձևից: Մասնավորապես, իր դատական ակտում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(…) գործում առկա տվյալների համաձայն` Հ.Դավթյանին մեղադրանք առաջադրելու պահից վերջինս ապահովվել է հանրային պաշտպանով` անվճարունակ լինելու պատճառով» (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

25. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքը գնահատելով սույն որոշման 21-23-րդ կետերում շարադրված վերլուծության համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Դավթյանի կողմից հանրային պաշտպանի ծառայություններից օգտվելու փաստը գնահատելիս Վերաքննիչ դատարանն իրավական նշանակություն է տվել այնպիսի հանգամանքի, որը սույն գործով ակնհայտորեն չէր կարող նման նշանակություն ունենալ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է` ելնելով անձի գույքային դրությունից, և որ քրեական վարույթում հանրային պաշտպանի ներգրավվածության հանգամանքը որևէ դեպքում չի կարող գնահատվել հանցավորի անձը բնութագրող տվյալների համատեքստում, առավել ևս՝ անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը մերժելու հիմք հանդիսանալ:

Հետևաբար, հանրային պաշտպանի ծառայություններից օգտվելը որպես Հ.Դավթյանի անձը բնութագրող հանգամանք գնահատելով` Վերաքննիչ դատարանը դուրս է եկել ՀՀ քրեադատավարական օրենքով վերադաս դատական ատյանին վերապահված հայեցողության շրջանակներից և դրա արդյունքում կայացրել է անօրինական, անհիմն և անարդար դատական ակտ:

26. Սույն որոշման 21-25-րդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չարաշահել է վերադաս դատական ատյանի հայեցողության շրջանակները՝ այդպիսով թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում:

27. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշման 19-րդ և 26-րդ կետերում արձանագրված խախտումները հանդիսանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված՝ քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք հանգեցրել են Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող՝ անօրինական և չհիմնավորված դատական ակտի կայացմանը:

Նշված հանգամանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն հիմք են Հմայակ Սիմոնի Դավթյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հունվարի 30-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

28. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ նյութական իրավունքի խախտման վերաբերյալ բողոքաբերի փաստարկին (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը) հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման 27-րդ կետում արձանագրված դատավարական իրավունքի խախտումները վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Հմայակ Սիմոնի Դավթյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հունվարի 30-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան