Գլխավոր տեղեկություն
Номер
N 779-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.08.2013-16.09.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2013.08.07/44(984) Հոդ.747
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.06.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.07.2013
Дата вступления в силу
08.08.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2013 թվականի N 779-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 20-ի N 779-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ծառայողների համազգեստի, խորհրդանշանի, տարբերանշանների նկարագրի հետ կապված հարաբերությունները, դրանք կրելու կարգը և ժամկետները:

2. 2-րդ և 3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան (այսուհետ` բարձրագույն դասային աստիճան) ունեցող ծառայողների համազգեստը մուգ մանուշակագույն գաբարդինից է, իսկ 3-րդ դասի խորհրդականից մինչև արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ծառայողներինը` մուգ մանուշակագույն կիսաբրդյա կտորից:

3. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ծառայողների համազգեստը կազմված է`

1) գլխարկ հովարով` մուգ մանուշակագույն կիսաբրդյա կտորից, սև թավշյա գլխարկաբոլորքով, մուգ մորեգույն եզրաշերտով, գլխարկագագաթի և գլխարկաբոլորքի վրա` մուգ մորեգույն եզրաշերտ: Երկու կոճակներով ամրացվում է երկշերտ հյուսված կապը (քուղը)` գլխարկաբոլորքի վրա ցանցահյուսազարդով: Գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ամրացվում է արծաթագույն գլխարկանշան (ձև N 1, նկար 11), որի կենտրոնական մասում զետեղված է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության խորհրդանիշը: Գլխարկահովարը սև է, լաքապատ (ձև N 1, նկար 4): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ծառայողների գլխարկահովարից վերև` գլխարկաբոլորքի վրա, բացի արծաթագույն լարահյուսից, ամրացվում է կաղնու ճյուղերի տեսքով 2 համաչափ արծաթեկար զարդ` 5-տոկոսանոց արծաթե թելերով, որի կենտրոնական մասում զետեղված է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության խորհրդանիշը (ձև N 1, նկար 6), իսկ գլխարկագագաթի վրա` առջևի կենտրոնական մասում, Հայաստանի Հանրապետության արծաթագույն զինանշանը (ձև N 1, նկար 3).

2) գլխարկ ականջակալներով (ձմեռային)` սև, մորթե, կազմված ականջակալներից, առջևի կենտրոնական մասում ամրացվում է արծաթագույն գլխարկանշան (ձև N 1, նկար 2), բարձրագույն դասային աստիճան ունեցող ծառայողների համար` սև կարակուլե գլխարկ, առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության արծաթագույն զինանշան (ձև N 1, նկար 1).

3) կիտել` մուգ մանուշակագույն կտորից, մարմինը կիսագրկող մակերեսով, հաստ փողքերով, հետծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով, կողքերից ունի կափույրով ծածկվող կտրվածքով ներկարված գրպաններ, ձախ կողմում ունի ծոցագրպան: 3-րդ դասի խորհրդականից մինչև արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ծառայողների համար միակոճկուն` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով միաշարք երեք արծաթագույն կոճակներով, կարանովի թիկնամասով և փողքերի կտրվածքով (ձև N 2, նկար 2 և 3): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ծառայողների համար երկկոճկուն (երկփեղկ)` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով 6 արծաթագույն կոճակներով` տեղադրված երկշարք, թիկնամասի ներքևում` առանց կտրվածքի (ձև N 2, նկար 1).

4) տաբատ` մուգ մանուշակագույն կտորից, ուրվագիծը` ուղիղ, առանց ծալքերի, 2,5 մմ լայնությամբ մուգ մորեգույն եզրակարով, գոտին գոտեմակողերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են, հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան (ձև N 2, նկար 2 և 3), բարձրագույն դասային աստիճան ունեցող ծառայողների համար` եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ ձգվում է մուգ մորեգույն վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով (ձև N 2, նկար 1).

5) կոշիկ` սև գույնի կաշվից, երեսամասն ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով ամրացված գոտիով, հետևամասերի միացումն առաջամասերին` էլաստիկ ժապավենով, հիմնական և միջնաստառները՝ կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը` արհեստական կաշվից: Ներբանը ձևավորված է պոլիուրեթանից` սոսնձով միացման մեթոդով (ձև N 2, նկար 1 և 2).

6) կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի կաշվից, երեսամասը` ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի, լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ներբանների եզրերը` վրաքաշվող մասերի հետ կարերով, միացման մեթոդը` սոսնձով (ձև N 6, նկար 1 և 2).

7) վերնաշապիկ՝ երկարաթև` սպիտակ կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով, թևքերը` երկար, կոճակով կոճկվող թեզանիքներով (ձև N 3, նկար 1 և 2): 3-րդ դասի խորհրդականից մինչև արդարադատության 1-ին դասի խորհրդականի համար (ձև N 3, նկար 2) վերնաշապիկի ձախ գրպանի վերնամասում կարվում է արծաթագույն զարդանշանը (ձև N 9, նկար 4), իսկ բարձրագույն դասային աստիճան ունեցող ծառայողների համար (ձև N 3, նկար 1), կարվում է (ձև N 9, նկար 2) զարդանշանը: Զարդանշանի վերևում դրվում են դասային աստիճանները ցույց տվող աստղանշանները.

8) վերնաշապիկ` կարճաթև` սպիտակ կտորից է, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կարագծերին էլաստիկ ժապավեններ, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով, թևքերը՝ կարճ, ուղիղ թևքածալերով (ձև N 4, նկար 1 և 2): 3-րդ դասի խորհրդականից մինչև արդարադատության 1-ին դասի խորհրդականի համար (ձև N 4, նկար 2) վերնաշապիկի ձախ գրպանի վերնամասում կարվում է արծաթագույն զարդանշանը (ձև N 9, նկար 4), իսկ բարձրագույն դասային աստիճան ունեցող ծառայողների համար կարվում է զարդանշանը (ձև N 9, նկար 2): Զարդանշանի վերևում դրվում են դասային աստիճաններ ցույց տվող աստղանշանները.

9) վերարկու ձմեռային` մուգ մանուշակագույն դրապից, ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ, օձիքը ծալովի է, ունի 3 արծաթագույն՝ Հայաստանի Հանրապետության զինանշանով կոճակ` գրատալանջի վրա, կոճակների միջև տարածությունը 16-17 սմ է: Թևքերը՝ երկկարանի, ներկարված: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան, 2 գրպանը՝ ներկարովի, փեշը` գետնից 40 սմ բարձր, (ձև N 6, նկար 2): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ծառայողների համար` բարձր որակի դրապից՝ երիզված մուգ մորեգույն եզրաշերտով և ունի 3 զույգ արծաթագույն՝ Հայաստանի Հանրապետության զինանշանով կոճակ (ձև N 6, նկար 1): Զարդանշանները և դասային աստիճան ցույց տվող աստղանշանները կարովի են.

10) անձրևանոց` մուգ մանուշակագույն անջրաթափանց կտորից, միակոճկուն, ուղիղ ուրվագծով օձիքը` ծալովի, մեջքամասը և կրծքամասը՝ դեպի դուրս բացվող վերին կարով, փեշը` գետնից բարձր 60 սմ, ունի նույն կտորից պլաստմասսայե ճարմանդով գոտի (ձև N 5, նկար 1 և 2).

11) փողկապ` սև, ունի լայնացած ուրվագծով ձևվածք: Պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում սուր անկյունով, վերևում` մշտական հանգույցով: Օձիքի տակ ամրանում է էլաստիկ ժապավենով և ամրակով: Փողկապի վրա ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության զինանշանը (ձև N 3, նկար 1 և 2).

12) փողկապի ամրակ` երկճյուղանի մետաղյա արծաթագույն շերտիկ.

13) վզարկու` սպիտակ տրիկոտաժե գործվածքից.

14) գոտի տաբատի՝ կաշվե, սև, 35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով.

15) ձեռնոց՝ կաշվե, սև, հինգմատնյա.

16) թևքանշանը` վահանաձև, երիզված սև 2 մմ երիզով, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության խորհրդանիշի պատկերով` 11 սմ x 7.5 սմ մոխրագույն ֆոնի վրա: Թևքանշանը կրում են կիտելի, անձրևանոցի, վերարկուի և վերնաշապիկի ձախ թևքի արտաքին կողմին, թևքի վերին կետից 8-9 սմ ներքև (ձև N 7, նկար 2).

17) զարդանշանը՝ կարվում է կիտելի, անձրևանոցի և վերարկուի 2 թևքերին: 3-րդ դասի խորհրդականից մինչև արդարադատության 1-ին դասի խորհրդականի համար (ձև N 1, նկար 13), իսկ բարձրագույն դասային աստիճան ունեցող ծառայողների համար (ձև N 1, նկար 14)։ Զարդանշանը կարվում է երկու թևքերի եզրագծից 8-10 սմ վերև, իսկ վերջինիս վերևում դրվում են դասային աստիճանները ցույց տվող աստղանշանները.

18) օձիքի խորհրդանշան՝ կարվում է կիտելի, անձրևանոցի և վերարկուի օձիքներին: 3-րդ դասի խորհրդականից մինչև արդարադատության 1-ին դասի խորհրդականի համար (ձև N 1, նկար 12), իսկ բարձրագույն դասային աստիճան ունեցող ծառայողների համար (ձև N 1, նկար 8):

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

4. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության կին ծառայողների համազգեստը կազմված է`

1) գլխարկ` կանացի` մուգ մանուշակագույն կիսաբրդյա կտորից: Կազմված է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և 2 փեշիկից: Վերծալված եզրակարերն ավարտվում են մուգ մորեգույն եզրակով (կանտով): Ձախ կողմում ունի 3 օդանցք: Առջևի կենտրոնական ճակատային մասում ամրացվում է արծաթագույն մետաղից պատրաստված օվալաձև գլխարկանշան (ձև N 1, նկար 9), որի կենտրոնական մասում զետեղված է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության խորհրդանիշը (ձև N 1, նկար 5).

2) գլխարկ ականջակալներով (ձմեռային)` սև, մորթե, կազմված ականջակալներից, առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան (ձև N 1, նկար 2), բարձրագույն դասային աստիճան ունեցող կին ծառայողների համար` սև կարակուլե գլխարկ, առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության արծաթագույն զինանշան (ձև N 1, նկար 1).

3) կիտել` մուգ մանուշակագույն կիսաբրդյա կտորից, մարմինը կիսագրկող մակերեսով, հետծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով, կողքերից ունի կափույրով ծածկվող թեք կտրվածքով ներկարված գրպաններ, դեպի ձախ կոճկումով Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով միաշարք երեք արծաթագույն կոճակներով (ձև N 2, նկար 4).

4) կիսաշրջազգեստ` մուգ մանուշակագույն կիսաբրդյա կտորից, ուղիղ կարվածքով է, երկկողմանի սեղմոններով, աստառով, գոտին` գոտեմակօղերով, հետևամասում՝ բացվածքով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով, կողքի կարի միջով 2,5 մմ լայնությամբ մուգ մորեգույն եզրակարով (ձև N 2, նկար 4): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ծառայողների համար` եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ ձգվում է մուգ մորեգույն վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, կիսաշրջազգեստի կողքի կարի ամբողջ երկայնքով.

5) կոշիկ` սև գույնի բնական կաշվից, միջադիրը` բնական կաշվից, ներդիրը` կոշիկին համապատասխան կաշվից: Ներբանը ձևավորված է պոլիուրեթանից` սոսնձով միացման մեթոդով: Կրունկը՝ մինչև 5 սմ բարձրության, փաթաթված երեսամասի նյութով (ձև N 2, նկար 4).

6) կիսաճտքավոր կոշիկ սև գույնի բնական կաշվից, բարձրությունը` 25-30 սմ, ներդիրը` կիսաճտքավոր կոշիկին համապատասխան կաշվից, միջադիրը` բայկա կամ համանման, կրունկը՝ մինչև 5.5 սմ բարձրության (ձև N 6, նկար 3).

7) վերնաշապիկ՝ երկարաթև` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետում նկարագրված վերնաշապիկին` դեպի ձախ կոճկումով, ձախ շերտակարի փոխարեն կարվում է աջ շերտակար (ձև N 3, նկար 3).

8) վերնաշապիկ` կարճաթև` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 8-րդ ենթակետում նկարագրված վերնաշապիկին` դեպի ձախ կոճկումով, ձախ շերտակարի փոխարեն կարվում է աջ շերտակար (ձև N 4, նկար 3).

9) վերարկու ձմեռային` մուգ մանուշակագույն կտորից, ուրվագիծը կիսանստած, հետևամասի և լանջափեշերի վրա վերևից ներքև` ռելիեֆային կարեր, լանջափեշերի գրպանատեղում ներկարված են կտրվածքով գրպաններ, թևերը ներկարված են, ուղիղ, օձիքը` ծալվող, հետևամասի ներքևը` մշակված կտրվածքով, տաք ներդիրով և մետաքսե աստառով, փեշը գետնից մինչև 70 սմ բարձր, ունի 3 արծաթագույն՝ Հայաստանի Հանրապետության զինանշանով կոճակ` գրատալանջի վրա` դեպի ձախ կոճկումով (ձև N 6, նկար 3).

10) անձրևանոց` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 10-րդ ենթակետում նկարագրված անձրևանոցին` դեպի ձախ կոճկումով և փեշը` գետնից բարձր մինչև 70 սմ (ձև N 5, նկար 3).

11) փողկապ` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 11-րդ կետում նկարագրված փողկապին.

12) փողկապի ամրակ` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 12-րդ ենթակետում նկարագրված փողկապի ամրակին.

13) վզարկու` նման է սույն հավելվածի 3-րդ կետի 13-րդ ենթակետում նկարագրված վզարկուին.

14) գոտի՝ կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 14-րդ ենթակետում նկարագրված գոտուն.

15) ձեռնոց՝ կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 15-րդ ենթակետում նկարագրված ձեռնոցին.

16) թևքանշանը` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 16-րդ ենթակետում նկարագրված թևքանշանին.

17) զարդանշանը կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 17-րդ ենթակետում նկարագրված զարդանշանին.

18) օձիքի խորհրդանշանը կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 18-րդ ենթակետում նկարագրված խորհրդանշանին:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ծառայողը համազգեստը կրում է սույն հավելվածով սահմանված կանոններին համապատասխան:

6. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ծառայողները կրում են շնորհված դասային աստիճաններին համապատասխանող համազգեստ:

7. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ծառայողի համազգեստը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերին ու նկարագրությանը և պահվի անթերի վիճակում:

8. Ամառային կամ ձմեռային համազգեստի անցնելը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի հրամանով (ամառային համազգեստն իր մեջ ներառում է տղամարդկանց համար վերնաշապիկ և տաբատ, կանանց համար՝ վերնաշապիկ և կիսաշրջազգեստ):

9. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ծառայողները կոնկրետ միջոցառումներին համազգեստը կրում են Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի կարգադրությամբ:

10. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ծառայողին արգելվում է`

1) համազգեստը, խորհրդանշանը և կոչումների տարբերանշանները կրել սահմանված ձևերին չհամապատասխանող ձևով.

2) համազգեստի վրա կրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված կրծքանշաններ, քաղաքացիական հագուստի պարագաներ և այլ իրեր:

11. Կիտելի, վերարկուի, անձրևանոցի վրա տեղադրվում են Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության խորհրդանշաններ, թևքանշաններ և դասային աստիճանի տարբերանշաններ:

12. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ծառայողների համազգեստի առանձին մասերի կրելու առանձնահատկությունները հետևյալն են`

1) գլխարկը, ձեռնոցները կրելու կարգը. ականջակալներով գլխարկը և ամենօրյա գլխարկները կրում են ուղիղ, առանց թեքելու, ընդ որում, ամենօրյա գլխարկի հովարը պետք է գտնվի հոնքերի մակարդակին, իսկ ականջակալներով գլխարկի ներքևի եզրը պետք է լինի 2-4 սմ հոնքերից վերև: Ձեռնոցները կրում են ձմեռային վերարկուի հետ.

2) կիտելը, վերարկուն, անձրևանոցը, վզարկուն կրելու կարգը. կիտելը կրում են բոլոր կոճակները կոճկված, գրպանների կափույրները դուրս հանված: Կիտելը կրում են բոլոր կոճակները դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ) կոճկված վիճակում: Վերարկուն կրում են բոլոր կոճակները կոճկված: Վերարկուի հետ կրում են սպիտակ վզարկու` օձիքի տակից: Անձրևանոցն անձրևային եղանակին կրում են հագուստի պարագաների վրայից, բոլոր կոճակները կոճկած.

3) տաբատը, վերնաշապիկը, փողկապը կրելու կարգը. տաբատը կրում են կոշիկների կամ կիսաճտքավոր կոշիկների վրա բաց թողնված, պետք է ունենա երկայնակի արդուկած փոթ: Երկարաթև վերնաշապիկները կրում են բոլոր կոճակները կոճկած, փողկապով, իսկ կարճաթև վերնաշապիկները` առանց փողկապի, վերևի կոճակն արձակված: Երկարաթև վերնաշապիկի օձիքը հետևից պետք է լինի կիտելի օձիքի վերին ծայրին հավասար, կամ դրանից ոչ ավելի, քան 0.5 սմ բարձր: Արգելվում է կրել գունաթափված և չարդուկված վերնաշապիկ: Վերնաշապիկը պետք է լինի մաքուր, արդուկված, ճիշտ տեղադրված դասային աստիճանը ցույց տվող տարբերանշաններով: Վերնաշապիկը կոճկվում է դեպի աջ (կին ծառայողների համար` դեպի ձախ): Փողկապն ամրացվում է վերնաշապիկին: Այն միշտ պետք է մաքուր և կոկիկ վիճակում լինի: Արգելվում է կրել գունաթափված և մաշված փողկապ: Փողկապի ամրակն ամրացվում է վերնաշապիկի վերին 3-րդ և 4-րդ կոճակների մեջտեղում.

4) կոշիկները կրելու կարգը. կոշիկները պետք է լինեն բարվոք և մշտապես մաքուր վիճակում: Կիսաճտքավոր կոշիկները պետք է խնամքով քուղակապված լինեն: Կիսաճտքավոր կոշիկների ճտքերն իջեցնելը կամ ծալելն արգելվում է:

13. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ծառայողների համազգեստը կրելու ժամկետները սահմանվում են՝ համաձայն աղյուսակի:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ

 

14. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության խորհրդանիշի տարրերն են` վահանը, կշեռքը և սուրը: Վահանն ուղղահայաց հնգանկյուն է, որի վերևի մասում պատկերված է կշեռքը, իսկ կենտրոնում՝ Հայաստանի Հանրապետության զինանշանը: Վահանից դուրս` վերևի մասում, երևում է սրի բռնակը, իսկ ներքևից դուրս է գալիս սրի շեղբը: Վահանի ներքևի մասում եռագույն ժապավեն է, որի վրա սպիտակ տառերով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» (ձև N 7, նկար 1):

15. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության 3-րդ դասի խորհրդականից մինչև արդարադատության 1-ին դասի խորհրդականի աստիճան ունեցող ծառայողների օձիքներին տեղադրվում են եզրազարդված խորհրդանշաններ օձիքների անկյուններում` (ձև N 1, նկար 12), իսկ բարձրագույն դասային աստիճան ունեցող ծառայողների օձիքներին` արծաթազօծ ասեղնագործվածքով եզրազարդված խորհրդանշաններ (ձև N 1, նկար 8):

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ

 

16. Տարբերանշանները բաղկացած են զարդանշանից և հնգանկյուն տեսք ունեցող աստղանշաններից`

1) զարդանշանները լինում են երկու տեսակի՝ թևքերի և վերնաշապիկների վրա տեղադրվող:

Բարձրագույն դասային աստիճան ունեցող ծառայողների թևքերի վրա տեղադրվող զարդանշաններն ունեն 30 մմ լայնություն և 230-240 մմ երկարություն (ձև N 9, նկար 1), կրծքամասում տեղադրվող զարդանշանը՝ 30 մմ լայնություն և 120-130 մմ երկարություն (ձև N 9, նկար 2): 3-րդ դասի խորհրդականից մինչև արդարադատության 1-ին դասի խորհրդականի աստիճան ունեցող ծառայողների համազգեստի թևքերի վրա տեղադրվող զարդանշաններն ունեն 20 մմ լայնություն և 230-240 մմ երկարություն (ձև N 9, նկար 3), կրծքամասում տեղադրվող զարդանշանը՝ 20 մմ լայնություն և 120-130 մմ երկարություն (ձև N 9, նկար 4).

2) աստղանշաններն ունեն հետևյալ չափսերը՝ 3-րդ դասի խորհրդականից մինչև 1-ին դասի խորհրդականը՝ 15 մմ, արդարադատության 3-րդ դասի խորհրդականից մինչև արդարադատության 1-ին դասի խորհրդականը՝ 23 մմ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականից մինչև արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականը՝ 30 մմ: Աստղանշանները տեղադրվում են զարդանշանների վերին եզրից 10 մմ վերև` կոչումների տարբերանշաններին համապատասխան քանակներով և չափսերով (ձև N 8):

 

VI. ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ (ԱՍՏՂԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԶԱՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ) ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

17. Տարբերանշանները տեղադրվում են`

1) արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի համար` 2 աստղանշան, աստղանշանների կենտրոնների միջև հեռավորությունը` 40 մմ (ձև N 8, նկար 1).

2) արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի համար` 1 աստղանշան՝ (ձև N 8, նկար 2).

3) արդարադատության 1-ին դասի խորհրդականի համար` 3 աստղանշան, աստղանշանների կենտրոնների միջև հեռավորությունը` 30 մմ (ձև N 8, նկար 3).

4) արդարադատության 2-րդ դասի խորհրդականի համար` 2 աստղանշան` աստղանշանների կենտրոնների միջև հեռավորությունը` 30 մմ (ձև N 8, նկար 4).

5) արդարադատության 3-րդ դասի խորհրդականի համար` 1 աստղանշան` (ձև N 8, նկար 5).

6) 1-ին դասի խորհրդականի համար` 4 աստղանշան, աստղանշանների կենտրոնների միջև հեռավորությունը 2 մմ է (ձև N 8, նկար 6).

7) 2-րդ դասի խորհրդականի համար` 3 աստղանշան, աստղանշանների կենտրոնների միջև հեռավորությունը 2 մմ է (ձև N 8, նկար 7).

8) 3-րդ դասի խորհրդականի համար` 2 աստղանշան՝ աստղանշանների կենտրոնների միջև հեռավորությունը 2 մմ է (ձև N 8, նկար 8):

Աղյուսակ

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

Կրելու
ժամկետը
(տարի)

1.

Ձմեռային գլխարկ և օձիք կարակուլից (բարձրագույն դասի)

1 հատ

4

2.

Գլխարկ ականջակալով բնական մորթուց (գլխավոր և առաջատար դասի)

1 հատ

3

3.

Գլխարկ կիսաբրդյա հովարով (բարձրագույն դասի)

1 հատ

4

4.

Գլխարկ կիսաբրդյա հովարով (գլխավոր և առաջատար դասի)

1 հատ

3

5.

Գլխարկ կիսաբրդյա կանացի

1 հատ

3

6.

Կիտել տաբատ կիսաբրդյա (բարձրագույն դասի)

1 հատ

3

7.

Կիտել տաբատ կիսաբրդյա երկփեղկ (գլխավոր դասի)

1 հատ

3

8.

Կիտել տաբատ կիսաբրդյա (առաջատար դասի)

1 հատ

3

9.

Կիտել կիսաբրդյա կիսաշրջազգեստով

1 հատ

3

10.

Վերարկու ձմեռային (բարձրագույն դասի) բարձրորակ դրապից

1 հատ

4

11.

Վերարկու ձմեռային (գլխավոր և առաջատար դասի) դրապից

1 հատ

3

12.

Անձրևանոց գոտիով

1 հատ

3

13.

Տաբատ (բարձրագույն դասի)

1 հատ

2

14.

Տաբատ

1 հատ

2

15.

Կիսաշրջազգեստ

1 հատ

2

16.

Վերնաշապիկ երկարաթև (սպիտակ կտորից)

2 հատ

1

17.

Վերնաշապիկ կիսաթև (սպիտակ կտորից)

2 հատ

1

18.

Փողկապ սև (ասեղնագործ գերբով)

1 հատ

2

19.

Կոշիկ

1 հատ

1

20.

Կիսաճտքավոր կոշիկ

1 հատ

2

21.

Ձեռնոց կաշվե, սև հինգմատյա

1 հատ

2

22.

Գոտի կաշվե սև

1 հատ

2

23.

Փողկապի ամրակ

1 հատ

2

24.

Վզարկու

1 հատ

2

25.

Ուսադիրներ

4 զույգ

3

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

Ձև 1

Ներմուծեք նկարագրությունը_2344

Ձև 2

Ներմուծեք նկարագրությունը_2341

Ձև 3

Ներմուծեք նկարագրությունը_2342

Ձև 4

Ներմուծեք նկարագրությունը_2346

Ձև 5

Ներմուծեք նկարագրությունը_2348

Ձև 6

Ներմուծեք նկարագրությունը_2349

Ձև 7

Ներմուծեք նկարագրությունը_2355

Ձև 8

Ներմուծեք նկարագրությունը_2356

Ձև 9

Ներմուծեք նկարագրությունը_2357

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.09.2020, N 1482-Ն 16.09.2020, N 779-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան