ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի որոշում Գործ թիվ 3-1338 (ՎԴ) |
Գործ թիվ 3-1338 (ՎԴ) 2013 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | |
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի մայիսի 24-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վեներա Անտոնյանի վճռաբեկ բողոքը` ըստ դիմումի Վեներա Անտոնյանի` պաշտոնատար անձի գործողությունները վիճարկելու պահանջի մասին, քաղաքացիական (վարչական) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 23.07.2004 թվականի որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Վեներա Անտոնյանը վիճարկել է պաշտոնատար անձի գործողությունները և խնդրել է պարտավորեցնել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի անձնագրային բաժանմունքին (այսուհետ` Անձնագրային բաժանմունք) Վահե և Տիգրան Մելքոնյաններին հանել Երևան քաղաքի Ազատության պողոտայի 2ա շենքի թիվ 14 բնակարանի հաշվառումից:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա.Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 15.03.2004 թվականի վճռով Վեներա Անտոնյանի դիմումը մերժվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.06.2004 թվականի վճռով Վեներա Անտոնյանի դիմումը` պաշտոնատար անձի գործողությունները վիճարկելու պահանջի մասին մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 23.07.2004 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 08.06.2004 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վեներա Անտոնյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
26.12.2003 թվականին դիմել է Անձնագրային բաժանմունք` խնդրելով դադարեցնել Վահե և Տիգրան Մելքոնյանների հաշվառումը սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Ազատության պողոտայի 2ա շենքի թիվ 14 բնակարանի նկատմամբ, սակայն 20.01.2004 թվականի թիվ 47-109 գրությամբ մերժվել է իր խնդրանքը` պատճառաբանելով, որ Վահե և Տիգրան Մելքոնյաններին հաշվառումից հանելը հնարավոր չէ, քանի որ, ըստ գործող կարգի` անչափահաս երեխաները հաշվառումից հանվում են ծնողներից որևէ մեկի հետ միասին հաշվառումից դուրս գալու ժամանակ, ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների (խնամակալ, հոգաբարձու) դիմումների դեպքում, ուսման կապակցությամբ կամ դատարանի համապատասխան վճիռ ներկայացնելու դեպքում:
Դատարանը և Վերաքննիչ դատարանն Անձնագրային բաժանմունքի դեմ իր դիմումը մերժելիս գտել են, որ Անձնագրային բաժանմունքի մերժումն օրինական է, քանի որ հիմնված է ՀՀ կառավարության 25.12.1998 թվականի թիվ 821 որոշման վրա:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատն իր հերթին գտել է, որ օրենքի կիրառելիության մասով իր բողոքը հիմնավորված չէ, քանի որ երեխաները վիճելի հասցեի բնակարանի նկատմամբ բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեն և դիմումատուն կարող է, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն, պահանջ ներկայացնել` փոխհատուցմամբ վերջիններիս բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ:
Իր գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) կողմից 02.10.2012 թվականին կայացվել է վճիռ, որով արձանագրվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Մասնավորապես, ՄԻԵԴ-ը նշել է, որ ՀՀ կառավարության թիվ 821 որոշումը չի պարունակում դրույթներ, որոնք ուղիղ ձևով արգելում են չեղյալ համարել երեխաների գրանցումը բնակարանում: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը չի կապել և չի կապում որևէ մեկի գրանցումը մշտական բնակավայրում` այդ բնակավայրի նկատմամբ նրա օգտագործման իրավունքի հետ: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ կետի` բնակարանի օգտագործման իրավունքը կարող է առաջանալ, եթե կա գրավոր համաձայնություն սեփականատիրոջ հետ: Այս դեպքում, իր և Վահե, Տիգրան Մելքոնյանների միջև չկա այդպիսի համաձայնություն: Ավելին, նախքան քաղաքացիական օրենսգրքի ուժի մեջ մտնելը, 1999 թվականի բնակարանի օգտագործման իրավունքը ապահովվում էր ՀՀ բնակարանային օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն, սակայն հաստատվել է, որ երեխաները երբեք չեն ապրել իր բնակարանում: Հետևաբար, այն չի կարող ենթադրել, որ երեխաներն օգտվել են բնակարանի օգտագործման իրավունքից` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն: ՄԻԵԴ-ն արձանագրել է նաև, որ չնայած նշվում է, որ անչափահաս երեխաներին գրանցումից հանելը կարող է կատարվել, եթե ծնողներից մեկը դուրս է գալիս գրանցումից, բայց հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ երեխաների գրանցումը, փաստորեն, չի դադարեցվել, երբ 1996 թվականին դադարեցվել է նրանց մոր գրանցումն իր բնակարանում, մինչդեռ երեխաներն ապրում էին իրենց հոր հետ, նրանց տանը, մեկ այլ քաղաքում: ՄԻԵԴ-ի կողմից 02.10.2012 թվականին կայացված վճռով արձանագրվել է նաև, որ այն ձևը, որով Հայաստանի իշխանությունները մերժել են երեխաներին դիմումատուի բնակարանի հաշվառումից հանելը, այն է` ընդհանուր հղում կատարելով ՀՀ կառավարության թիվ 821 որոշմանը և պահանջելով, որ փոխհատուցում վճարվի նրանց, որպեսզի դադարեցվի բնակարանի նկատմամբ բնակելի տարածության օգտագործման նրանց ենթադրյալ իրավունքը, հանգեցրել է ներպետական օրենսդրության անկանխատեսելի կիրառման և, հետևաբար, չի համապատասխանում իրավաչափության և օրենքի գերակայության սկզբունքին: Հետևաբար, իր գույքից անարգել օգտվելու դիմումատուի իրավունքին միջամտելն օրենքով նախատեսված չի եղել:
Վերը նշված հիմքով ՄԻԵԴ-ն արձանագրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 23.07.2004 թվականի որոշումը, բեկանել և փոփոխել այն` դիմումը բավարարել կամ բեկանել նշված որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 15.03.2004 թվականին Դատարանը մերժել է Վեներա Անտոնյանի պահանջը` պաշտոնատար անձի գործողությունները վիճարկելու և Անձնագրային բաժանմունքին Վահե և Տիգրան Մելքոնյաններին Երևան քաղաքի Ազատության պողոտա 2ա շենքի թիվ 14 բնակարանի հաշվառումից հանելուն պարտավորեցնելու մասին, գտնելով, որ մերժումը եղել է օրենքի սահմաններում, քանի որ Անձնագրային բաժանմունքը գործել է համաձայն ՀՀ կառավարության 25.12.1998 թվականի թիվ 821 որոշման:
2) 08.06.2004 թվականին Վերաքննիչ դատարանը նույն հիմքով մերժել է Վեներա Անտոնյանի վերաքննիչ բողոքը:
3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատը, վերանայելով և անփոփոխ թողնելով Վերաքննիչ դատարանի 08.06.2004 թվականի վճիռը, պատճառաբանել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն` բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այդ իրավունքը կարող է սեփականատիրոջ պահանջով դադարեցվել դատական կարգով` սեփականատիրոջ կողմից շուկայական գնով փոխհատուցելու միջոցով:
Արձանագրելով, որ նյութական իրավունքի խախտման մասին վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները հիմնավոր չեն, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատը փաստել է, որ Վահե և Տիգրան Մելքոնյանների բնակելի տարածության օգտագործման իրավունքը կարող է դադարեցվել միմիայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
4) Վեներա Անտոնյանի գանգատի հիման վրա (գանգատ թիվ 3946/05) ՄԻԵԴ-ի կողմից 02.10.2012 թվականին կայացված վճռով արձանագրվել է, որ այն ձևը, որով Հայաստանի իշխանությունները մերժել են երեխաներին դիմումատուի բնակարանի հաշվառումից հանելը, այն է` ընդհանուր հղում կատարելով ՀՀ կառավարության թիվ 821 որոշմանը և պահանջելով, որ փոխհատուցում վճարվի նրանց, որպեսզի դադարեցվի բնակարանի նկատմամբ բնակելի տարածության օգտագործման նրանց ենթադրյալ իրավունքը, հանգեցրել է ներպետական օրենսդրության անկանխատեսելի կիրառման և, հետևաբար, չի համապատասխանում իրավաչափության և օրենքի գերակայության սկզբունքին: Հետևաբար, իր գույքից անարգել օգտվելու դիմումատուի իրավունքին միջամտելն օրենքով նախատեսված չի եղել:
Վերը նշված հիմքով ՄԻԵԴ-ն արձանագրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք ՄԻԵԴ-ի վճռով արձանագրված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտումը նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 23.07.2004 թվականի որոշումը վերանայելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ ՆԳ նախարարության Երևանի ՆԳՎ Քանաքեռ-Զեյթուն ներքին գործերի բաժնի 20.01.2004 թվականի թիվ 47-109 գրությամբ մերժվել է Տիգրան և Վահե Մելքոնյաններին հաշվառումից հանելու դիմումատու Վեներա Անտոնյանի խնդրանքը` պատճառաբանությամբ, որ ըստ գործող կարգի` անչափահաս երեխաները հաշվառումից հանվում են ծնողներից որևէ մեկի հետ միասին հաշվառումից դուրս գալու ժամանակ, ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների դիմումի հիման վրա, ուսման կապակցությամբ կամ դատարանի համապատասխան վճիռ ներկայացնելու դեպքում:
Դատարանը և Վերաքննիչ դատարանը, մերժելով Վեներա Անտոնյանի դիմումը, պատճառաբանել են, որ Անձնագրային բաժանմունքը գործել է ՀՀ կառավարության 25.12.1998 թվականի թիվ 821 որոշման պահանջներին համապատասխան, այսինքն` Անձնագրային բաժանմունքի գործողություններն իրավաչափ են և վերջինիս գործողություններով չի խախտվել դիմումատուի իրավունքը:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատը, վերանայելով և անփոփոխ թողնելով Վերաքննիչ դատարանի 08.06.2004 թվականի որոշումը, պատճառաբանել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն` բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այդ իրավունքը կարող է սեփականատիրոջ պահանջով դադարեցվել դատական կարգով` սեփականատիրոջ կողմից շուկայական գնով փոխհատուցում տալու միջոցով:
Փաստելով, որ նյութական իրավունքի խախտման մասին վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները հիմնավոր չեն, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատն արձանագրել է, որ Վահե և Տիգրան Մելքոնյանների բնակելի տարածության օգտագործման իրավունքը կարող է դադարեցվել միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
Վեներա Անտոնյանի գանգատի հիման վրա ՄԻԵԴ-ը, քննելով գույքից անարգել օգտվելու` դիմումատուի իրավունքի նկատմամբ միջամտության առկայության և միջամտության օրենքով նախատեսված լինելու հարցերը, 02.10.2012 թվականին կայացված վճռով արձանագրել է, որ այն ձևը, որով Հայաստանի իշխանությունները մերժել են երեխաներին դիմումատուի բնակարանի հաշվառումից հանելը, այն է` ընդհանուր հղում կատարելով ՀՀ կառավարության թիվ 821 որոշմանը և պահանջելով, որ փոխհատուցում վճարվի նրանց, որպեսզի դադարեցվի բնակարանի նկատմամբ բնակելի տարածության օգտագործման նրանց ենթադրյալ իրավունքը, հանգեցրել է ներպետական օրենսդրության անկանխատեսելի կիրառման և հետևաբար, չի համապատասխանում իրավաչափության և օրենքի գերակայության սկզբունքին: Հետևաբար, իր գույքից անարգել օգտվելու դիմումատուի իրավունքին միջամտելն օրենքով նախատեսված չի եղել:
Վերը նշված հիմքով ՄԻԵԴ-ն արձանագրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վեներա Անտոնյանի գանգատի վերաբերյալ ՄԻԵԴ-ի 02.10.2012 թվականին կայացրած վճռով արձանագրված խախտումը նոր հանգամանք է և հիմք ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 23.07.2004 թվականի որոշումը վերանայելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 23.07.2004 թվականի որոշումը վերանայելու համար:
Որոշումը վերանայելիս ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Մինչև 2008 թվականի հունվարի 1-ը գործող ինկորպորացիայով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխով նախատեսված էր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունները (անգործությունը) վիճարկելու գործերի վարույթը:
ՀՀ Ազգային ժողովի կողմից 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածը սահմանում է գործերի առարկայական ընդդատությունը, որի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (…):
Վերը նշված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ թեև դիմումատու Վեներա Անտոնյանի կողմից 2004 թվականին հատուկ հայցային վարույթի կարգով դիմում է ներկայացվել Դատարան` պաշտոնատար անձի գործողությունները վիճարկելու մասին, սակայն 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանվել է գործերի առարկայական ընդդատությունը, որի հիմքով վարույթի վերաբացումից հետո սույն գործը ենթակա է քննության վարչական դատավարության կարգով ՀՀ վարչական դատարանի կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 23.07.2004 թվականի որոշումը:
2. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 08.06.2004 թվականի վճիռը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Վ. ԱԲԵԼՅԱՆ |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Է. Հայրիյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|