«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2003 թվականի N 174-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 28.06.12 N 802-Ն)
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի չորրորդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ոստիկանության ծառայողի վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 28.06.12 N 802-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ Ե Վ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 28.06.12 N 802-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) ծառայողի վերապատրաստում (այսուհետ՝ վերապատրաստում) անցնելու կարգը և պայմանները:
(1-ին կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն, փոփ. 28.06.12 N 802-Ն)
2. Ոստիկանության ծառայողի մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման, գործնական հմտությունների և ունակությունների ձեռքբերման, ամենօրյա պրակտիկ գործունեության ընթացքում նրանց մասնագիտական վարպետության կատարելագործման, մշտական մարտական, ծառայողական, ֆիզիկական պատրաստվածության ու օպերատիվ-ծառայողական խնդիրների իրականացման համար ոստիկանության ծառայողներն անցնում են վերապատրաստում:
(2-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն, լրաց. 19.09.13 N 1000-Ն)
3. Ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարները պատասխանատու են ծառայողների վերապատրաստման աշխատանքներն արդյունավետ և որակյալ կազմակերպելու համար:
(3-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն)
4. Վերապատրաստման կազմակերպման մեթոդական ղեկավարումը և վերահսկումն իրականացվում են ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից:
(4-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն)
5. Ոստիկանության ստորաբաժանումներում վերապատրաստման կազմակերպումը և մեթոդական ապահովումն իրականացնում է տվյալ ստորաբաժանման կադրային ապարատը, որի ղեկավարը հանդիսանում է այդ աշխատանքների կատարման անմիջական պատասխանատուն:
Այն ստորաբաժանումներում, որտեղ կադրային ապարատներ չկան, պատասխանատու է նշանակվում ոստիկանության ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության փորձառու ծառայող:
(5-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն)
6. Վերապատրաստման արդյունքների հաշվառումը կատարվում է՝
ա) վերապատրաստման ատեստատով, ինչը լրացվում է կադրային ապարատի ծառայողի կողմից և կցվում ծառայողի անձնական գործին: Վերապատրաստման ատեստատի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը (այսուհետ` ոստիկանության պետ).
բ) հաշվառման մատյանով, որը լրացվում է տվյալ ստորաբաժանման կադրային ապարատի ծառայողի, իսկ կադրային ապարատ չունեցող ստորաբաժանումներում՝ վերապատրաստման աշխատանքների կատարման պատասխանատուի կողմից:
(6-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն, փոփ. 28.06.12 N 802-Ն)
7. Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ոստիկանության ծառայողների վերապատրաստման մասին տարեկան հաշվետվությունը մինչև հաջորդ տարվա հունվարի 10-ը ներկայացվում է ոստիկանության կադրային ստորաբաժանում:
(7-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն)
II. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
8. Մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման նպատակով ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներն առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ պարտադիր պետք է անցնեն վերապատրաստման դասընթացներ:
(8-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն)
9. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված պահանջով ոստիկանությունում պաշտոնի նշանակված ծառայողն անցնում է վերապատրաստում` 2 ամիս ժամկետով:
Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջով ոստիկանությունում պաշտոնի նշանակված ծառայողն անցնում է վերապատրաստում:
(9-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն, 28.06.12 N 802-Ն)
10. Ոստիկանության ծառայողների յուրաքանչյուր կատեգորիայի համար ուսուցման կոնկրետ ժամկետները և բովանդակությունը որոշվում են ուսումնական պլաններով ու առարկայական ծրագրերով, որոնք մշակում են համապատասխան ուսումնական հաստատությունները՝ ոստիկանության շահագրգիռ ստորաբաժանումների հետ համատեղ:
Ոստիկանության ծառայողի վերապատրաստման ուսումնական պլանները հաստատվում են ոստիկանության պետի կամ նրա տեղակալի կողմից, իսկ ոստիկանության ծառայողների վերապատրաստման առարկայական ծրագրերը՝ ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարի կողմից:
Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերապատրաստումն իրականացվում է ոստիկանության պետի որոշմամբ:
(10-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն, փոփ. 28.06.12 N 802-Ն)
11. Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների կադրային ապարատների ծառայողների, իսկ կադրային ապարատ չունեցող ստորաբաժանումներում վերապատրաստման աշխատանքների կատարման պատասխանատուների կողմից կազմվում են հաջորդ տարում վերապատրաստման ենթակա ոստիկանության ծառայողների ցուցակները՝ համաձայնեցնելով ծառայողների ղեկավարների հետ:
Ցուցակների հիման վրա ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 30-ը ոստիկանության կադրային ստորաբաժանում է ներկայացվում վերապատրաստման ենթակա ոստիկանության ծառայողների քանակական հայտը:
Վերապատրաստման ենթակա ոստիկանության ծառայողների քանակական հայտերի հիման վրա ոստիկանության կադրային ստորաբաժանումն ուսումնական հաստատության հետ համատեղ, ըստ ծառայությունների և պաշտոնների, մշակում է վերապատրաստման տարեկան և եռամսյակային պլան-գրաֆիկներ, որոնք հրամանով հաստատվում են ոստիկանության պետի կամ նրա տեղակալի կողմից:
Պլան-գրաֆիկով նախատեսվում են այն ուսումնական հաստատությունները, որտեղ անցկացվում են վերապատրաստման դասընթացներ, սահմանվում ու վերապատրաստման ենթակա ծառայողների կատեգորիաները, նրանց թիվը, ինչպես նաև ուսուցման ժամկետները:
(11-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն)
12. Վերապատրաստում չեն անցնում`
ա) այն ծառայողները, որոնք հեռակա ուսուցման ձևով սովորում են ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, ոստիկանության ուսումնական հաստատություններում.
բ) այն ծառայողները, որոնց ոստիկանությունում ծառայության սահմանային տարիքը լրանալուն մնացել է 3 տարվանից պակաս ժամանակ.
գ) այն կին ծառայողները, որոնք ունեն մինչև 3 տարեկան երեխա:
(12-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն)
13. Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսուցման ավարտից հետո հաջողությամբ ստուգարքներ և քննություններ հանձնած ոստիկանության ծառայողին տրվում է սահմանված նմուշի վկայական, որի ձևը հաստատվում է ոստիկանության պետի հրամանով:
Վերապատրաստման դասընթացների ավարտից հետո վերապատրաստում անցած ծառայողի ստորաբաժանման ղեկավարին ոստիկանության ուսումնական հաստատության կողմից ներկայացվում են տեղեկություններ վերապատրաստում անցած ծառայողի հաճախումների և առաջադիմության վերաբերյալ:
Դասընթացների ընթացքում անբավարար առաջադիմություն ցուցաբերած ոստիկանության ծառայողի զբաղեցրած պաշտոնում մնալու նպատակահարմարությունը քննարկվում է ատեստավորման կարգով՝ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա:
Դասընթացների ընթացքում ցուցաբերած գերազանց և լավ առաջադիմությունը հաշվի է առնվում ոստիկանության ծառայողի առաջխաղացման հարցի քննարկման ժամանակ:
Վերապատրաստման դասընթացներին մասնակցող ոստիկանության կարիքավոր ծառայողներն ապահովվում են հանրակացարանով և սննդով:
(13-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն)
14. Ոստիկանությունում կրտսեր և միջին խմբերի պաշտոններում ծառայության բնույթը փոխած ոստիկանության ծառայողները պաշտոնի նշանակվելուց հետո տվյալ պաշտոնում իրենց գործառութային պարտականությունները հաջող կատարելու համար նոր գիտելիքներ, գործնական հմտություններ և ունակություններ ձեռք բերելու նպատակով անցնում են վերապատրաստում` ստաժավորման ձևով:
(14-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն, փոփ. 17.05.07 N 560-Ն)
15. Ստաժավորման տևողությունը 30 օր է:
(15-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն)
16. Ստաժավորումը հիմնականում անցկացվում է ծառայության վայրում, անհրաժեշտության դեպքում այն կարող է անցկացվել ոստիկանության այլ ստորաբաժանումներում և ուսումնական հաստատություններում:
(16-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն)
17. Ստաժավորումը կազմակերպում են ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, որոնք պարտավոր են՝
ա) հրամանով սահմանել ստաժավորման վայրը, ժամկետը, հաստատել ստաժավորման անհատական պլանը և նշանակել ստաժավորման ղեկավար.
բ) հսկողություն սահմանել ստաժավորման ղեկավարի և ստաժավորվողի աշխատանքների նկատմամբ.
գ) ստաժավորման ավարտից հետո ստաժավորվողի հետ անցկացնել զրույց.
դ) հաստատել ստաժավորման արդյունքների մասին հաշվետվությունը:
(17-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն)
18. Ստաժավորման ղեկավարը պարտավոր է՝
ա) ստաժավորվողի հետ համատեղ մշակել անհատական պլան և այն ներկայացնել ղեկավարի հաստատմանը.
բ) ստաժավորվողին ծանոթացնել իր գործառութային պարտականություններին.
գ) ներկա լինել ստաժավորվողի կողմից առավել բարդ հանձնարարությունների կատարմանը.
դ) հետևել ստաժավորման պլանի կատարման ընթացքին.
ե) ստաժավորվողին ցույց տալ անհրաժեշտ գործնական և մեթոդական օգնություն.
զ) ստաժավորվողի հետ միասին նախապատրաստել ստաժավորման արդյունքների մասին հաշվետվությունը և այն ներկայացնել ղեկավարի հաստատմանը:
(18-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն)
19. Ստաժավորում անցնող ծառայողը պարտավոր է՝
ա) ստաժավորման ղեկավարի հետ միասին կազմել ստաժավորման անհատական պլան.
բ) սահմանված ժամկետում կատարել պլանով նախատեսված հանձնարարությունները.
գ) հաշվառել կատարված աշխատանքը.
դ) կազմել հաշվետվություն ստաժավորման արդյունքների մասին:
(19-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն)
20. Ծառայողների պրակտիկ գործունեության ընթացքում, նպատակ ունենալով կատարելագործելու ծառայողի մասնագիտական վարպետությունը և ապահովելու նրանց մշտական մարտական, ֆիզիկական պատրաստվածությունը և որակները, որոնք անհրաժեշտ են ամենօրյա օպերատիվ-ծառայողական խնդիրների հաջող իրականացման համար, ոստիկանության ծառայողներն անցնում են ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականություն՝ որպես վերապատրաստման տեսակ:
(20-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն, լրաց., փոփ. 19.09.13 N 1000-Ն)
21. Ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականությունը կազմակերպվում է ոստիկանության պետի հրամանով, որում սահմանվում են պարապմունքների անցկացման օրը և ժամերը:
(21-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն, փոփ. 19.09.13 N 1000-Ն)
22. Ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների ընթացքում ուսումնասիրվում են համապատասխան ծառայությունների խնդիրներին վերաբերող մասնագիտական բնույթի, ինչպես նաև կրակային, շարային և տեխնիկական պատրաստականությանը, ռազմական տեղագրությանը, քաղաքացիական պաշտպանությանը, առաջին բուժօգնությանը վերաբերող և անձնակազմի ծառայողական պարտականությունների արդյունավետ կատարմանը նպաստող այլ թեմաներ:
Ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների կազմակերպման նպատակով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից ձևավորվում են ուսումնական խմբեր` մինչև 30 ծառայողներից` հաշվի առնելով պաշտոնների խմբերը, ծառայության առանձնահատկությունները և նշանակվում են խմբերի ղեկավարներ:
(22-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն, փոփ. 19.09.13 N 1000-Ն)
23. Ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականության ուսուցման տարեկան պլանները կազմվում են ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից՝ հաշվի առնելով անձնակազմի օպերատիվ-ծառայողական գործունեության առանձնահատկություններն ու անձնակազմի մասնագիտական պատրաստականության մակարդակը՝ ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից կազմված ուսուցման տիպային թեմատիկ պլանների հիման վրա:
(23-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն, փոփ. 19.09.13 N 1000-Ն)
24. Տարվա ընթացքում համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և ուսումնական խմբերի ղեկավարներն ստուգում են անձնակազմի գիտելիքները՝ հարցազրույցի և ստուգողական պարապմունքների միջոցով:
Ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների արդյունքներն ամփոփվում են տարվա վերջում՝ դիֆերենցված ստուգարքների ընդունմամբ:
(24-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն, փոփ. 19.09.13 N 1000-Ն)
25. Ոստիկանության ծառայողների ծառայողական պարապմունքների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ոստիկանության կադրային, իսկ մարտական և ֆիզիկական պարապմունքների նկատմամբ` ոստիկանության մարտական ու ֆիզիկական պատրաստականության ստորաբաժանումների կողմից, որոնք տեղերում ցույց են տալիս գործնական և մեթոդական օգնություն` դրանք արդյունավետ կազմակերպելու համար:
(25-րդ կետը խմբ. 01.12.05 N 2127-Ն, 28.06.12 N 802-Ն, լրաց. 19.09.13 N 1000-Ն)
(հավելվածը խմբ. 01.12.05 N 2127-Ն, փոփ. 17.05.07 N 560-Ն, փոփ., խմբ. 28.06.12 N 802-Ն, լրաց., փոփ. 19.09.13 N 1000-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|