«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հունիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60008179
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 մայիսի 2008 թ. |
N 272-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իա) և իէ) ենթակետերը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել հեռախոսային ծառայությունների մատուցման և այդ ծառայություններից օգտվելու կանոնները (հավելված):
2. «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը, բաժանորդների հետ կնքված հեռախոսային ծառայությունների մատուցման պայմանագրերը համապատասխանեցնել սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոններին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարի 1998 թվականի դեկտեմբերի 12-ի «Հեռախոսակապի ծառայությունների մատուցման կանոնները հաստատելու մասին» թիվ 64 հրամանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ |
Ռ. Նազարյան |
Հավելված
Հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 20-ի N 272-Ն որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ
Սույն կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության համարագրման պլանի համարների կամ կոդերի օգտագործմամբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցերով հեռախոսային ծառայությունների մատուցման, այդ ծառայություններից օգտվելու կարգը և կանոնակարգում են ծառայություններ մատուցողի ու այդ ծառայություններից օգտվողի փոխհարաբերությունները:
Գ Լ ՈՒ Խ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
ծառայություններ մատուցող` Հանձնաժողովի կողմից լիազորված ցանկացած անձ, որը մատուցում է հեռախոսային ծառայություններ.
հեռախոսային (հեռախոսակապի) ծառայություն` տեղական կամ միջքաղաքային, կամ միջազգային երկկողմ ձայնային ծառայության մատուցում, անկախ դրա հիմքում ընկած տեխնոլոգիայից, որի համար օգտագործվում են Հայաստանի Հանրապետության համարագրման պլանի համարներ կամ կոդեր.
հաճախորդ կամ բաժանորդ` ցանկացած անձ, որն օգտվում է հեռախոսային ծառայություններից կամ դիմում է դրանցից օգտվելու համար: Սույն հասկացությունը չի տարածվում այն անձանց վրա, որոնք առաջարկում կամ մատուցում են հեռախոսային ծառայություններ:
հեռախոսային ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր)՝ ծառայություններ մատուցողի և բաժանորդի միջև կնքված` հեռախոսային ծառայություններ մատուցելու պայմանները, նրանց իրավունքներն ու պարտականությունները սահմանող փաստաթուղթ.
հաշվարկային ժամանակաշրջան՝ օրացուցային ամիս, որի ընթացքում մատուցվել են հեռախոսային ծառայությունները.
հեռախոսային ծառայությունների վճարման բաժանորդային համակարգ` վճարման համակարգ, որտեղ բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարը հաշվարկային ժամանակաշրջանի համար հաստատուն մեծություն է, անկախ փաստացի ստացած հեռախոսային ծառայությունների ծավալից (տրաֆիկից).
հեռախոսային ծառայությունների ժամանակավճարային համակարգ` վճարման համակարգ, որտեղ բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարը հաշվարկային ժամանակաշրջանի համար հաշվարկվում է փաստացի ստացած հեռախոսային ծառայությունների ծավալով (տրաֆիկով).
բաժանորդային համար` Պայմանագրով կնքելիս բաժանորդին տրամադրվող հեռախոսահամար, որով նույնականացվում է բաժանորդային գիծը.
վերջնակետային սարքավորում (բաժանորդային սարք)` այն սարքավորումը կամ սարքավորման այն մասը, որը միացված լինելով հեռախոսային ցանցին` սահմանաբաժան կետում, որտեղ հանդիպում են վերջնական օգտագործողի սարքավորումը և ծառայություններ մատուցողի սարքավորումը կամ գծերը, թույլ է տալիս ուղարկել, մշակել կամ ստանալ տեղեկատվություն (ձայն, տվյալներ, պատկերներ և այլն).
սպասարկման ավտոմատ համակարգ` առանց հեռախոսավարի միջամտության հեռախոսակապի իրականացման եղանակ, երբ որևէ բաժանորդային սարքին միանալու համար բաժանորդն իր վերջնակետային սարքավորման համարահավաքման դաշտում ինքնուրույն հավաքում է անհրաժեշտ հեռախոսահամարը.
(պարբերությունն ուժը կորցրել է 31.07.13 N 276-Ն)
հեռախոսակայան` հեռախոսացանցի մաս` բաղկացած սարքավորումներից, կառավարման միջոցներից և ազդանշանային համակարգից, որոնց շնորհիվ ապահովվում է հեռախոսային միացումը.
ռադիոներթափանցման սարքավորումներ` էլեկտրոնային հաղորդակցության սարքավորումներ, որոնք թույլ են տալիս բաժանորդային սարքի միացումը հեռախոսակայանին՝ ռադիոկապի միջոցով.
հեռախոսակայանի գործողության գոտի` տարածք, որը տվյալ հեռախոսակայանին միացված մայրուղային, բաշխիչ ցանցերի մալուխային (ստորգետնյա կամ օդային) գծերի և ռադիոներթափանցման սարքավորումների միջոցով հեռախոսաֆիկացվել է կամ կարող է հեռախոսաֆիկացվել.
միջքաղաքային հեռախոսային ծառայություն` հեռախոսային միացում բաժանորդների միջև, որը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության տարածքում` բացառությամբ տեղական զանգերի տարածքի.
տեղական զանգերի տարածք՝ տարածք, որտեղ հեռախոսային ծառայությունը մատուցվում է Հանձնաժողովի կողմից հաստատված տեղական հեռախոսային ծառայությունների սակագներով.
միջազգային հեռախոսային ծառայություն` հեռախոսային միացում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող վերջնական օգտագործողների միջև.
տեղական հեռախոսային ծառայություն` հեռախոսային միացում տեղական զանգերի տարածքում գտնվող բաժանորդների միջև.
հեռախոսացանց` տեխնոլոգիական շինությունների, սարքավորումների, մայրուղային, բաշխիչ ցանցերի մալուխային (ստորգետնյա կամ օդային) գծերի, ռադիոներթափանցման սարքավորումների ամբողջություն, որոնք հիմնականում նախատեսված են հեռախոսային ծառայությունների մատուցման համար.
հեռախոսային միացում` կանչի արդյունքում կապի միջոցների միջև իրականացված միացում, որը թույլ է տալիս բաժանորդին հաղորդել կամ ընդունել ձայնային կամ ոչ ձայնային տեղեկատվություն.
հեռախոսային ծառայությունների վճարման քարտ` հեռախոսային ծառայություն ստանալու միջոց, որը հնարավորություն է տալիս ծառայություն մատուցողին նույնականացնել բաժանորդին և ստանալ տեղեկատվություն հեռախոսային ծառայություն ստանալու նպատակով նրա կողմից կատարված վճարման մասին:
(1-ին կետը փոփ. 31.07.13 N 276-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2. Ծառայություններ մատուցողի և բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոններով, այլ իրավական ակտերով և Պայմանագրով:
3. Ծառայություններ մատուցողը հանրային հասանելիության կետերում (խոսակցական կետեր, վճարային ավտոմատ հեռախոսներ` տաքսաֆոններ, քարտֆոններ և այլն) հեռախոսային ծառայությունները մատուցում է հրապարակային պայմանագրի հիման վրա:
4. Ծառայություններ մատուցողը պարտավոր է ապահովել Հայաստանի Հանրապետության համարագրման պլանով հատուկ ծառայությունների համար նախատեսված եռանիշ կարճ կոդով հեռախոսային միացումը արտակարգ ծառայություններին` ոստիկանություն, շտապ բուժօգնություն, հրշեջ, փրկարարական, ինչպես նաև այլ ծառայություններին, որոնք անհրաժեշտ կլինեն Հայաստանի Հանրապետության կառավարության, զինված ուժերի և ռազմավարական նշանակության օբյեկտների աշխատանքների կազմակերպման համար:
5. Հայաստանի Հանրապետության տարածքում հեռախոսային ծառայություններ մատուցելիս ծառայություններ մատուցողի և հաճախորդի միջև հաղորդակցումն իրականացվում է հայերենով: Եթե հաճախորդը չի տիրապետում հայերենին, ապա կարող է կիրառվել նաև փոխադարձաբար ընդունելի այլ լեզու:
6. Ծառայություններ մատուցողը պարտավոր է իր բաժանորդների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, նպատակակետի, քանակի և տեխնիկական պայմանների վերաբերյալ տեղեկությունները համարել և պահել գաղտնի:
7. Ծառայություններ մատուցողն իրավասու է բացահայտել այդ տեղեկությունները՝
1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` քրեական հանցագործության կամ ազգային անվտանգության նկատմամբ որևէ սպառնալիքի հետախուզման, հետաքննման կամ քրեական հետապնդման առնչությամբ.
2) հաճախորդի գրավոր համաձայնության հիման վրա.
3) եթե բացահայտումն անհրաժեշտ է ի պաշտպանություն ծառայություններ մատուցողի (ընթանում են վարույթներ ընդդեմ ծառայություններ մատուցողի): Հաճախորդը կարող է պահանջել, որ բացահայտումը կատարվի գաղտնիության կարգով` դռնփակ վարույթների միջոցով:
8. Ծառայություններ մատուցողը պատասխանատվություն չի կրում սույն կանոնների 7 հոդվածի համաձայն տեղեկությունների բացահայտման հետևանքով պատճառված որևէ վնասի համար:
9. Հեռախոսային ծառայությունների մատուցման որակի (սպասարկման որակի) ցուցանիշները սահմանում է Հանձնաժողովը:
10. Բաժանորդին Պայմանագրով տրամադրված բաժանորդային համարը, բաժանորդի համաձայնությամբ, ներդրվում է ծառայություններ մատուցողի բաժանորդների տեղեկատուներում:
11. Նոր հեռախոսակայանների շահագործման կամ տեղական հեռախոսացանցերի վերակառուցման կապակցությամբ բաժանորդային համարների փոփոխումը կատարվում է անվճար` այդ աշխատանքներն սկսելուց 15 օր առաջ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով տեղեկացնելով բաժանորդներին, իսկ եթե նման ծանուցումը հնարավոր չէ, ապա տեղեկացնելով գրավոր կերպով կամ զանգվածային լրատվության միջոցներով, միաժամանակ նշելով աշխատանքների ավարտման ժամկետները:
12. Ծառայություններ մատուցողը կարող է կիրառել հեռախոսային ծառայությունների վճարման բաժանորդային և (կամ) ժամանակավճարային համակարգերը:
13. Տեղական հեռախոսային ծառայությունների ժամանակավճարային համակարգի ներդրման դեպքում ծառայություններ մատուցողը պարտավոր է այդ մասին զանգվածային լրատվամիջոցներով բաժանորդներին տեղեկացնել ներդրումից առնվազն մեկ ամիս առաջ, ընդ որում, այդ մեկ ամսվա ընթացքում բաժանորդներին ներկայացնել փորձնական հաշիվներ` առանց դրանց վճարման պարտավորության:
14. Տեղական հեռախոսային ծառայությունների ժամանակավճարային համակարգ թույլատրվում է կիրառել միայն թվային կառավարմամբ հեռախոսակայանների բաժանորդների համար:
15. Ծառայություններ մատուցողը կարող է հեռախոսային ծառայությունների մատուցումը կազմակերպել հեռախոսային ծառայությունների վճարման քարտերի միջոցով:
16. Հեռախոսային ծառայության վճարման քարտը (այսուհետ` քարտ) պետք է պարունակի.
1) տվյալ քարտը թողարկող ծառայություն մատուցողի անվանումը,
2) քարտի նույնականացման համարը,
3) տվյալ քարտի միջոցով վճարվող հեռախոսային ծառայությունների անվանումները,
4) կանխավճարի չափը, որի վճարումը հաստատում է տվյալ քարտը,
5) քարտի գործողության ժամկետը,
6) ծառայություն մատուցողի կոնտակտային հեռախոսահամարը,
7) քարտի օգտագործման կանոնները:
17. Բաժանորդն իրավունք ունի քարտը չօգտագործելու դեպքում դիմել ծառայություններ մատուցողին` քարտի արժեքի վերադարձման համար: Ծառայություններ մատուցողը պարտավոր է վերադարձնել չօգտագործված քարտի արժեքը:
18. Ծառայություններ մատուցողի և բաժանորդի միջև ծագած վեճերը լուծվում են Հանձնաժողովի միջոցով կամ դատական կարգով։
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
19. Ծառայություններ մատուցողի կողմից բաժանորդներին մատուցվում են հիմնական և լրացուցիչ հեռախոսային ծառայություններ:
20. Հիմնական հեռախոսային ծառայություններն են՝
1) հեռախոսի տեղադրման (հեռախոսացանցին միացման) ծառայությունը,
2) տեղական, միջքաղաքային և միջազգային հեռախոսային ծառայությունները:
21. Լրացուցիչ հեռախոսային ծառայությունները կարող են լինել վճարովի և անվճար:
22. Լրացուցիչ հեռախոսային անվճար ծառայություններն են՝
1) օպերատիվ արձագանքման կենտրոնի կանչը, որի միջոցով բաժանորդը շուրջօրյա կարող է ստանալ տարածաշրջանային կոդի և համարահավաքման ընթացակարգի, տեղական, միջքաղաքային, միջազգային հեռախոսային ծառայությունների սակագների, պատվիրվող բնակավայրի հետ ժամանակների միջև տարբերության և այլնի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև դիմել հեռախոսացանցի նորոգման համար,
2) ծառայություններ մատուցողի նախաձեռնությամբ բաժանորդային համարի փոփոխումը,
3) զանգի սպասումը, զանգի պահումը:
23. Սույն կանոնների 22-րդ կետում նշված հեռախոսային լրացուցիչ անվճար ծառայությունների ցանկը չի կարող նվազեցվել, սակայն կարող է լրացվել, որի մասին ծառայություններ մատուցողը պարտավոր է 30 օր առաջ`
1) գրավոր տեղեկացնել Հանձնաժողովին,
2) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով` բաժանորդին, իսկ եթե նման ծանուցումը հնարավոր չէ, ապա բաժանորդին տեղեկացնել գրավոր կերպով կամ զանգվածային լրատվության միջոցներով:
24. Պայմանագրի մեջ հեռախոսային լրացուցիչ վճարովի ծառայությունների տեսակները կարող են ներառվել միայն բաժանորդի ցանկությամբ:
25. Որևէ հեռախոսային լրացուցիչ վճարովի ծառայության մատուցումը դադարեցնելիս կամ փոփոխելիս, կամ լրացնելիս ծառայություններ մատուցողը պարտավոր է 30 օր առաջ`
1) գրավոր տեղեկացնել Հանձնաժողովին,
2) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով տեղեկացնել բաժանորդին, իսկ եթե նման ծանուցումը հնարավոր չէ, ապա տեղեկացնել գրավոր կերպով կամ զանգվածային լրատվության միջոցներով:
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ
26. Հեռախոսի տեղադրման ծառայության պատվիրման համար հաճախորդը դիմում է ներկայացնում ծառայություններ մատուցողին, կցելով`
1) ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
2) իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը:
(26-րդ կետը խմբ. 31.07.13 N 276-Ն)
27. Տեխնիկական հնարավորության առկայության դեպքում ծառայություններ մատուցողը պարտավոր է հաճախորդին մատուցել հեռախոսի տեղադրման ծառայություն` վերջինիս կողմից սույն կանոնների 26-րդ կետում նշված փաստաթղթերը իր մոտ մուտքագրվելու օրվանից 8 աշխատանքային օրվա ընթացքում` կնքելով գրավոր Պայմանագիր:
(27-րդ կետը փոփ. 31.07.13 N 276-Ն)
28. Բաժանորդի պահանջով, տեխնիկական հնարավորության դեպքում, ծառայություններ մատուցողը պարտավոր է Պայմանագրում ամրագրել այն գումարի մեծությունը, որի սահմանում հաշվարկային ժամանակաշրջանի ընթացքում նա ցանկանում է օգտվել հեռախոսային ծառայություններից: Ամրագրված գումարը լրանալու պահից հաշված երեք ժամվա ընթացքում ծառայություններ մատուցողը մինչև տվյալ հաշվարկային ժամանակաշրջանի վերջը սահմանափակում է բաժանորդի կողմից ելից զանգեր կատարելու հնարավորությունը` բացառությամբ ոստիկանություն, շտապ բուժօգնություն, հրշեջ և փրկարարական ծառայություններ զանգահարելու հնարավորության, եթե դա տեխնիկապես հնարավոր է, նրան ընձեռելով միայն մտից զանգեր ստանալու հնարավորություն: Բացի Պայմանագրում ամրագրված գումարը լրանալու պահից հաշված երեք ժամվա ընթացքում ստացած ծառայությունների համար հաշվարկած գումարից, բաժանորդը պատասխանատվություն չի կրում տվյալ հաշվարկային ժամանակաշրջանի համար ներկայացված հաշիվների համար: Բաժանորդը կարող է դիմել ծառայություններ մատուցողին` ավելացնելու հաշվարկային ժամանակաշրջանի համար հայտավորված գումարի չափը: Ծառայություններ մատուցողը պարտավոր է իր գործառնական գրասենյակներում հրապարակել այն հեռախոսակայանների ցանկը, որոնց գործողության գոտում բաժանորդը կարող է հեռախոսային ծառայություններից օգտվել սույն կետում նշված պայմաններով:
29. Սույն կանոնների 27-րդ կետում նշված տեխնիկական հնարավորության առկայությունն ընդգրկում է`
1) հեռախոսակայանում ազատ համարների առկայություն,
2) օդային ներանցման դեպքում հեռախոսագծի անցկացում մալուխային արկղից մինչև սահմանաբաժան կետը, երբ նոր տեղադրվող բաժանորդային գիծը չի գերազանցում 200 մետրը,
3) մալուխային ներանցման դեպքում հեռախոսագծի անցկացում բաշխիչ տուփից մինչև սահմանաբաժան կետ, երբ նոր տեղադրվող բաժանորդային գիծը չի գերազանցում 40 մետրը,
4) ռադիոներթափանցման դեպքում` ռադիոծածկույթը:
30. Հեռախոսի տեղադրման ծառայության մատուցման տեխնիկական հնարավորության բացակայության դեպքում ծառայություններ մատուցողը հեռախոսի տեղադրման անհնարինության մասին գրավոր տեղեկացնում է հաճախորդին` վերջինիս դիմումն իր մոտ մուտքագրվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում` նշելով մերժման հիմնավորումները:
(30-րդ կետը փոփ. 31.07.13 N 276-Ն)
31. Հեռախոսի տեղադրման ծառայության մատուցման տեխնիկական հնարավորության բացակայության դեպքում, հաճախորդի համաձայնությամբ, ծառայություններ մատուցողը հաճախորդին ներկայացնում է նախահաշիվ` տեխնիկական հնարավորության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացման վերաբերյալ և առաջարկում ամբողջությամբ կամ մասամբ վճարել նախահաշվով սահմանված ծախսերը: Հաճախորդի համաձայնության դեպքում, սույն կանոնների 29-րդ կետով նախատեսված տեխնիկական հնարավորությունների ապահովման համար, ծառայություններ մատուցողի և հաճախորդի միջև կնքվում է պայմանագիր, որով սահմանվում են աշխատանքների կատարման կարգը, ժամկետները և վճարման պայմանները: Աշխատանքների ավարտման օրվանից հաշված 8 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է Պայմանագիր: Նախահաշվով սահմանված ծախսերը ենթակա են արտացոլման այդ բաժանորդին մատուցվող ծառայության հաշվում` որպես կանխավճար, որի մարումը կատարվում է սկսած առաջին հաշվարկային ժամանակաշրջանից մատուցվելիք ծառայությունների արժեքով:
(31-րդ կետը փոփ. 31.07.13 N 276-Ն)
32. Հեռախոսի տեղադրման ծառայությունների մատուցման դիմումի մերժման հետ անհամաձայնության դեպքում հաճախորդը կարող է դիմել Հանձնաժողով:
33. Սույն կանոնների 27-րդ կետում նշված Պայմանագիրը կազմում է ծառայություններ մատուցողը` Հայաստանի Հանրապետության օրենքների և սույն կանոնների դրույթների հիման վրա:
34. Տվյալ հեռախոսակայանի գործողության գոտում Պայմանագրերը կնքվում են ըստ հաճախորդների դիմելու հերթականության: Եթե դիմումում նշվում է 1-ից ավելի հեռախոսագծեր տրամադրելու մասին, ապա ծառայություններ մատուցողը կարող է տրամադրել միայն մեկ հեռախոսագիծ, եթե դիմումում նշված հեռախոսագծերի տրամադրումը կհանգեցնի ծառայությունների մատուցման տարածքում այլ հաճախորդների մեկ հեռախոսագիծ տրամադրելու պահանջարկի չբավարարմանը:
35. Նույն հեռախոսակայանի գործողության գոտում այլ վայր տեղափոխվելիս, բաժանորդի դիմումի համաձայն և տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, Պայմանագրում կատարվում է փոփոխություն, և իրականացվում է նախկինում հատկացված բաժանորդային համարի վերատեղադրում: Բաժանորդային համարի վերատեղադրումն իրականացվում է բաժանորդի դիմումը սույն կանոնների 26-րդ կետում նշված փաստաթղթերի հետ ծառայություններ մատուցողի մոտ մուտքագրվելու օրվանից 8 աշխատանքային օրվա ընթացքում:
(35-րդ կետը փոփ. 31.07.13 N 276-Ն)
36. Հեռախոսակայանի գործողության գոտուց դուրս այլ վայր տեղափոխվելիս բաժանորդի դիմումի համաձայն և տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում վերջինիս մատուցվում է հեռախոսի տեղադրման ծառայություն` հատկացնելով նոր հեռախոսահամար` սույն կանոնների 26-րդ և 27-րդ կետերով սահմանված կարգով:
37. Զուգտակ սխեմայով աշխատելու համար հեռախոսային սարքավորումների վերամիացման ժամանակ կարող են փոփոխվել բաժանորդային համարները:
38. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 276-Ն)
39. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 276-Ն)
40. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 276-Ն)
41. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 276-Ն)
42. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 276-Ն)
43. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 276-Ն)
44. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 276-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
45. Հեռախոսային ծառայության մատուցման վճարման կարգը սահմանվում է սույն կանոններով և Պայմանագրով:
46. Ծառայություններ մատուցողը ցանկացած ժամանակ և առանց Հանձնաժողովի նախնական համաձայնության կարող է կարգավորման ենթակա հեռախոսային ծառայությունները մատուցել Հանձնաժողովի կողմից սահմանված առավելագույն սակագներից ավելի ցածր սակագներով` բացառելով անբարեխիղճ մրցակցությունը, հաճախորդների կամ բաժանորդների նկատմամբ գնային խտրականությունը և մատուցվող ծառայությունների որակի վատթարացումը:
47. Ծառայություններ մատուցողը սակագների փոփոխությունների մասին բաժանորդներին տեղեկացնում է ոչ ուշ, քան նոր սակագների ներդրումից 30 օր առաջ, բացառությամբ սակագների նվազեցման դեպքերի: Հեռախոսային ծառայությունների սակագնի յուրաքանչյուր նվազեցման մասին ծառայություններ մատուցողը պարտավոր է Հանձնաժողովին և բաժանորդներին տեղեկացնել ոչ ուշ, քան այն կիրառելու օրվանից երեք օր առաջ:
48. Ծառայություններ մատուցողը սույն կանոնների 47-րդ կետում նշված տեղեկատվությունը պետք է հրապարակի Հայաստանի Հանրապետության երեք հազար և ավելի տպաքանակ ունեցող երեք թերթերում, իր բաժանորդների սպասարկման կետերում և ինտերնետային կայքում:
49. Ծառայություններ մատուցողը կարող է տեղական, միջքաղաքային և միջազգային հեռախոսակապի ծառայությունների համար կիրառել ըստ ժամերի տարբերակված սակագներ, ինչպես նաև շաբաթվա որոշակի օրերի համար սահմանել արտոնյալ սակագներ` դրանք համաձայնեցնելով Հանձնաժողովի հետ:
50. Ծառայություններ մատուցողը պարտավոր է տվյալ հաշվարկային ժամանակաշրջանում մատուցած ծառայությունների համար բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարի մասին տեղեկատվությունը տեղադրել իր բաժանորդների սպասարկման կետերում և ինտերնետային կայքում, իսկ ծառայությունների մատուցման մեջ գերիշխող դիրք զբաղեցնողները` նաև Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի և փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում (եթե Պայմանագրով կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ)` մինչև տվյալ հաշվարկային ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-րդ օրը: Վճարման ենթակա գումարի մասին տեղեկատվությունը պետք է տարանջատված լինի ըստ հիմնական և լրացուցիչ վճարովի հեռախոսային ծառայությունների, ընդ որում, հիմնական հեռախոսային ծառայությունները պետք է տարանջատվեն ըստ տեղականի, միջքաղաքայինի և միջազգայինի:
51. Ծառայություններ մատուցողը պարտավոր է բաժանորդի պահանջով, առանց ձգձգման, ճշգրիտ հաշիվներ ներկայացնել:
52. Ծառայություններ մատուցողը պարտավոր է նշված տեղեկությունները պահպանել առնվազն մեկ տարի ժամկետով:
53. Ծառայություններ մատուցողը պարտավոր է իր գործառնական գրասենյակներում`
1) բաժանորդի պահանջով նրան անվճար տրամադրել կատարած միջազգային, միջքաղաքային և դեպի հանրային շարժական բջջային կապի ցանցեր ելքային զանգերի վերծանումը` մեկ օրինակ յուրաքանչյուր հաշվարկային ժամանակաշրջանի համար,
2) բաժանորդի պահանջով նրան անվճար տրամադրել կատարած տեղական զանգերի վերծանման էլեկտրոնային տարբերակը երկկողմ ընդունելի եղանակով` մեկ օրինակ յուրաքանչյուր հաշվարկային ժամանակաշրջանի համար:
54. Հաշվարկային ժամանակաշրջանում մատուցված հեռախոսային ծառայությունների համար բաժանորդը պարտավոր է վճարել մինչև հաշվարկային ժամանակաշրջանին հաջորդող ամսվա վերջին օրը, եթե Պայմանագրով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:
55. Ծառայություններ մատուցողը չպետք է հաշիվներ ներկայացնի հեռախոսային ծառայությունների մատուցման հաշիվ ներկայացված վերջին հաշվարկային ժամանակաշրջանին նախորդող հաշվարկային ժամանակաշրջանի համար: Նման դեպքերում ծառայությունների մատուցման արժեքը վճարում է ծառայություններ մատուցողը:
56. Հեռախոսային ծառայությունների մատուցման սակագրման միավորը սահմանվում է վայրկյաններով:
57. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 276-Ն)
58. Սպասարկման ավտոմատ համակարգով մատուցվող, տեղական միջքաղաքային կամ միջազգային հեռախոսային ծառայությունների մատուցման համար բաժանորդին հաշիվ ներկայացնելու հիմք են հանդիսանում ծառայություններ մատուցողի կողմից մատուցված ծառայությունների արժեքը հաշվարկող համակարգի (բիլինգային համակարգ) տվյալները:
59. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 276-Ն)
60. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 276-Ն)
61. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 276-Ն)
62. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 276-Ն)
63. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 276-Ն)
64. Տեղական, միջքաղաքային և միջազգային հեռախոսային ծառայությունների մատուցման սպասարկման ավտոմատ համակարգի օգտագործման դեպքում միացման տևողությունը հաշվարկվում է բաժանորդային սարքի պատասխանի պահից մինչև բաժանորդային սարքի անջատման պահն ընկած ժամանակահատվածի համար։
65. Բաժանորդային սարքերի շարքին, որոնց պատասխանի ազդանշանը հավասարվում է կանչվող անձի պատասխանին և ծառայում իբրև հեռախոսային ծառայությունների տևողության հաշվարկի սկիզբ, դասվում են՝
1) տվյալների փոխանցման սարքերը.
2) ֆաքսիմիլային սարքը.
3) ավտոմատ պատասխանիչով բաժանորդային սարքը.
4) հեռախոսահամարի ավտոմատ որոշիչով հեռախոսային սարքը.
5) բաժանորդային այլ սարքերը, որոնք բաժանորդի բացակայության ընթացքում ապահովում են տեղեկատվության փոխանակումը։
66. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 276-Ն)
67. (կետն ուժը կորցրել է 31.07.13 N 276-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԿԱՄ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
68. Ծառայություններ մատուցողն իրավասու է սահմանափակել կամ կասեցնել հեռախոսային ծառայությունների մատուցումը բաժանորդին, եթե`
1) բաժանորդը ժամանակին չի վճարել մատուցված ծառայությունների դիմաց.
2) բաժանորդը հեռախոսացանցին միացրել է չսերտիֆիկացված վերջնակետային սարքավորումներ.
3) բաժանորդը հեռախոսացանցին միացրել է այնպիսի վերջնակետային սարքավորումներ, որոնք համատեղելի չեն կամ միջամտում են հեռախոսացանցի աշխատանքին կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից օգտվելու` ուրիշների հնարավորությանը.
4) սահմանափակումը կամ կասեցումն անհրաժեշտ է սարքավորումների կամ գծի ենթակառուցվածքների տեղադրման, վերանորոգման, փոխարինման կամ պահպանման համար.
5) բաժանորդը խախտում է ծառայություններ մատուցողի ներկայացրած սակագնի պայմանները կամ Պայմանագիրը.
6) ծառայություններ մատուցողը հայտնաբերում է, որ բաժանորդը ոչ ճիշտ տվյալներ է ներկայացրել տվյալ ծառայությունների համար դիմելիս, և այդ տվյալները կարող են վնասակար լինել.
7) ծառայություն մատուցողի և բաժանորդի միջև համաձայնեցված ծառայությունների մատուցման ժամկետն ավարտվել է:
69. Ծառայություններ մատուցողը կարող է սահմանափակել կամ կասեցնել ծառայության մատուցումը, եթե այդ մասին հեռախոսացանցի միջոցով տեղեկացրել է բաժանորդին, իսկ եթե նման ծանուցումը հնարավոր չէ, ապա գրավոր կերպով` ծառայության սահմանափակումից կամ կասեցումից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ՝ նշելով սահմանափակման կամ կասեցման տևողությունը և պատճառները: Նման ծանուցում չի պահանջվում, եթե ծառայության անհապաղ դադարեցումն անհրաժեշտ է սույն կանոնների 68-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում:
70. Եթե մատուցված հեռախոսային ծառայության դիմաց բաժանորդը նախատեսված ժամկետում վճարումներ չի կատարել, ապա ծառայություններ մատուցողը վճարման ժամկետի ավարտից հաշված 15 օր սահմանափակում է բաժանորդի կողմից ելից զանգեր կատարելու հնարավորությունը` բացառությամբ ոստիկանություն, շտապ բուժօգնություն, հրշեջ և փրկարարական ծառայություններ, օպերատիվ արձագանքման կենտրոն զանգահարելու հնարավորության, եթե դա տեխնիկապես հնարավոր է, նրան ընձեռելով միայն մտից զանգեր ստանալու հնարավորություն: Սույն կետում նշված ժամկետը լրանալուց հետո ծառայություններ մատուցողը կարող է կասեցնել ծառայությունների մատուցումը:
71. Հեռախոսային ծառայությունների մատուցումը չի կարող սահմանափակվել կամ կասեցվել, եթե բաժանորդը վերացնում է դրանց հիմքում ընկած հանգամանքները նախքան ծառայությունների մատուցման նախատեսվող սահմանափակումը կամ կասեցումը:
72. Հեռախոսային ծառայությունների մատուցումը կասեցնելու դեպքում ծառայություններ մատուցողը պարտավոր է ապահովել բաժանորդի կողմից ոստիկանություն, շտապ բուժօգնություն, հրշեջ և փրկարարական ծառայություններ զանգահարելու հնարավորությունը, եթե դա տեխնիկապես հնարավոր է:
73. Ծառայություններ մատուցողը չպետք է կասեցնի կամ սահմանափակի հեռախոսային ծառայությունների մատուցումը, եթե վճարման համար նախատեսված ժամկետում բաժանորդը գրավոր բողոքարկում է այդ ծառայությունների վճարը և միաժամանակ վճարում գումարի չվիճարկվող մասը:
74. Բաժանորդն իրավասու է իր հայեցողությամբ կասեցնել իրեն մատուցվող հեռախոսային ծառայությունը մեկ ամսից մինչև մեկ տարի ժամկետով: Այդ դեպքում բաժանորդը պարտավոր է ծառայություններ մատուցողին գրավոր ծանուցել նմանօրինակ կասեցման մասին առնվազն տասն օր առաջ և կատարել ծառայությունների կասեցման առնչությամբ Պայմանագրով նախատեսված իր մյուս բոլոր պարտականությունները: Ծառայության կասեցման հիմքերը վերանալու դեպքում ծառայություններ մատուցողը բաժանորդի դիմումի հիման վրա վերսկսում է ծառայությունների մատուցումը:
75. Ծառայությունը կասեցնելու դեպքում`
1) կասեցվում են հեռախոսակապի ծառայությունների մատուցումը և դրա հետ կապված վճարումներ կատարելու պարտավորությունները.
2) անջատվում են վերջնակետային սարքավորումները կամ վերջնական օգտագործողի գիծը.
3) կասեցման օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում գոյացած պարտքը չմարելու դեպքում ծառայություններ մատուցողը կարող է ծառայության համար անհրաժեշտ և իրեն պատկանող վերջնակետային սարքավորումները և համարը տրամադրել մեկ այլ բաժանորդի, բացառությամբ սույն կանոնների 76-րդ կետում նշված դեպքի:
76. Ծառայություն մատուցողը պարտավոր է վերսկսել հեռախոսային ծառայությունների մատուցումը սահմանափակման կամ կասեցման հիմքերը վերանալուց հետո ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:
77. Պարտքի առկայության դեպքում ծառայություններ մատուցողը կարող է չսահմանափակել կամ չկասեցնել բաժանորդին մատուցվող հեռախոսային ծառայությունները, եթե բաժանորդը ներկայացրել է ծառայություններ մատուցողի համար ընդունելի վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց։ Սույն կետը չի սահմանափակում ծառայություններ մատուցողի իրավունքը` պարտքի մարման ժամանակացույցի խախտման դեպքում կասեցնել ծառայությունների մատուցումը` ղեկավարվելով սույն կանոնների 69-րդ և 70-րդ կետերում ամրագրված ընթացակարգով:
78. Եթե ծառայություններ մատուցողը սույն կանոնների 70-րդ կետի համաձայն սահմանափակել է հեռախոսային ծառայությունների մատուցումը, ապա սահմանափակման օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում գոյացած պարտքը բաժանորդի կողմից չմարելու դեպքում ծառայություններ մատուցողը կարող է իրեն պատկանող վերջնակետային սարքավորումները և բաժանորդին տրամադրված հեռախոսահամարը տրամադրել մեկ այլ բաժանորդի:
Գ Լ ՈՒ Խ 7
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
79. Ծառայություններ մատուցողի կողմից բաժանորդներին տրամադրվող տեղեկատվությունը պետք է պարունակի՝
1) ծառայություններ մատուցողի և նրա տարածքային ստորաբաժանումների անվանումը, գտնվելու վայրը, աշխատանքի ռեժիմը,
2) Հանձնաժողովի կողմից ծառայություններ մատուցողին տրված լիցենզիայի համարը և գործողության ժամկետը,
3) բաժանորդներին մատուցվող հեռախոսային հիմնական և լրացուցիչ (վճարովի և անվճար) ծառայությունների ցանկը,
4) հեռախոսային հիմնական և լրացուցիչ ծառայությունների տրամադրման պայմանները և կարգը,
5) հեռախոսային ծառայությունների և դրանց մատուցման որակը սահմանող, իրավական ակտերը,
6) հեռախոսային ծառայությունների սակագները և պայմանները,
7) հեռախոսային ծառայությունների վճարման կարգը և ձևերը,
8) նոր ավտոմատ հեռախոսակայանների շահագործման ներդրման և գործող հեռախոսակայանների բաժանորդային ունակության ավելացման ժամկետները,
9) հեռախոսային ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման համար դիմումների բավարարման կարգն ու ժամկետները և պայմանագրերի կնքման հերթի շարժը,
10) օպերատիվ արձագանքման կենտրոնի հեռախոսահամարը:
80. Ծառայություններ մատուցողը ծառայությունների մատուցման վերաբերյալ սույն կանոնների 79-րդ կետում նշված, ինչպես նաև հեռախոսային ծառայությունների վերաբերյալ այլ տեղեկատվությունը բաժանորդներին պետք է տրամադրի անվճար` մատչելի ձևով:
Գ Լ ՈՒ Խ 8
ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑՈՒՄ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ
81. Ծառայության խափանման կամ անսարքության դեպքում բաժանորդն այդ մասին ծանուցում է ծառայություններ մատուցողի օպերատիվ արձագանքման կենտրոն: Ծառայություններ մատուցողը պետք է կազմակերպի անսարքությունների վերաբերյալ տեղեկությունների ստացումը և ողջամիտ ժամանակահատվածում վերացնի դրանք: Ծառայություններ մատուցողի պատճառով ծառայությունների ընդհատման դեպքում ծառայություններ մատուցողը պարտավոր է վերականգնել բաժանորդին մատուցվող ծառայությունը` ընդհատման պատճառի վերացումից հետո երկու օրվա ընթացքում:
82. Հեռախոսակապի խափանման վերաբերյալ բաժանորդների հայտերի և վնասվածքների վերացման հաշվառում կատարելու նպատակով ծառայություն մատուցողը պարտավոր է վարել գրանցամատյան:
83. Հեռախոսացանցի անսարքությունները վերացնելու համար ծառայություններ մատուցողը կարող է պնդել, որ բաժանորդը, որի ծառայությունը խափանվել է, անսարքության տեղը և պատճառները պարզելու նպատակով թույլ տա իրեն աշխատելու՝
1) հեռախոսացանցի մաս կազմող սարքավորումների վրա,
2) սահմանաբաժան կետի վրա,
3) հեռախոսացանցին միացված լարերի և վերջնակետային սարքավորումների վրա:
84. Վերանորոգման ծախսերը կրում է բաժանորդը, եթե վերանորոգման անհրաժեշտություն առաջացնող անսարքությունն առաջացել է իր մեղքով:
Գ Լ ՈՒ Խ 9
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
85. Սույն կանոնների 28-րդ կետը կիրառվում է 2009 թվականի հունվարի 1-ից:
(հավելվածը փոփ., խմբ. 31.07.13 N 276-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.07.2013, N 276-Ն | 11.10.2013, N 272-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|