ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
28 հունիսի 2013 թ. |
2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԱՇԳԱԲԱՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՌՆԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՇՈՒՐՋ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբատում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարող իրավասու մարմինների նյութատեխնիկական ապահովման շուրջ համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի 2013 թվականի հունիսի 5-ի դիմումը Սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարող իրավասու մարմինների նյութատեխնիկական ապահովման շուրջ համագործակցության մասին համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2012 թվականի դեկտեմբերի 5-ին` Աշգաբատում:
Մոլդովայի Հանրապետությունը Համաձայնագիրն ստորագրել է վերապահումով:
2. Համաձայնագրի նպատակն է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների (այսուհետ` Կողմեր) ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարող իրավասու մարմինների նյութատեխնիկական ապահովման բնագավառում համաձայնեցված քաղաքականության վարման անհրաժեշտությամբ պայմանավորված` ստեղծել հավասար և արտոնյալ պայմաններ այդ մարմինների` հատուկ տեխնիկայով, հատուկ միջոցներով և ապահովման նյութերով բազմակողմանի հագեցվածության համար:
3. Համաձայնագրով Կողմերի իրավասու մարմինների համագործակցությունն իրականացվում է հատուկ տեխնիկայի, հատուկ միջոցների և ապահովման նյութերի գնման և առաքման, այդ թվում` արտոնյալ պայմաններով, հարցումների կատարման կամ դրանց վերաբերյալ տեղեկատվության ուղարկման միջոցով:
Գնման և առաքման հնարավորության վերաբերյալ տեղեկատվությունը կարող է փոխանցվել մյուս Կողմին` նախաձեռնողական կարգով, եթե հիմքեր կան կարծելու, որ Կողմերի իրավասու մարմինների մոտ առկա հատուկ տեխնիկան, ապահովման հատուկ միջոցները և նյութերը հետաքրքրություն են ներկայացնում այդ Կողմի համար:
Համաձայնագրով նաև նախատեսվում է, որ հարցման և տեղեկատվության իսկության կամ դրանց բովանդակության վերաբերյալ կասկածների առկայության դեպքում Կողմերի իրավասու մարմինները կարող են խնդրել դրանց հաստատումը կամ բացատրությունը:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մասնավորապես հետևյալ պարտավորությունները.
- որոշել մյուս Կողմերի հետ համագործակցության համար իրավասու մարմինների ցուցակը և փոխանցել այն ավանդապահին` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին ծանուցումն ի պահ հանձնելու ժամանակ,
- որպես հարցվող Կողմ` ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը, հարցումը ստանալու օրվանից սկսած առավելագույնը 30-օրյա ժամկետում, ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` մյուս Կողմի հարցման ամբողջական, ժամանակին և որակյալ կատարման ապահովման համար,
- որպես հարցվող Կողմ` ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը հարցնող Կողմի իրավասու մարմնին անհապաղ տեղյակ պահի հարցման կատարումը խոչընդոտելու կամ այն ուշացնելու հանգամանքների վերաբերյալ, իսկ եթե հարցման կատարումը հարցումը ստացող Հայաստանի Հանրապետության մարմնի իրավասության մեջ չի մտնում, ապա ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության տվյալ մարմինն այն փոխանցի ՀՀ համապատասխան իրավասու մարմնին` այդ մասին հաղորդելով հարցնող Կողմի իրավասու մարմնին,
- որպես հարցվող Կողմ` ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը հարցնող Կողմի իրավասու մարմնին անհապաղ գրավոր տեղեկացնի հարցման կատարման լրիվ կամ մասնակի մերժման մասին` մերժման հիմնավոր պատճառների նշումով,
- կատարված հարցման տվյալները չօգտագործել այլ նպատակներով, քան այն, որոնց համար հարցվել և տրամադրվել են` առանց հարցվող Կողմի իրավասու մարմնի համաձայնության,
- որպես հարցվող Կողմ` ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը ստացված տվյալները երրորդ կողմին փոխանցելու համար անպայման ստանա տվյալները տրամադրած Կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնությունը,
- Համաձայնագրի իրագործման հետ կապված ծախսերն իրականացնել այդ նպատակների համար Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից նախատեսված միջոցների հաշվին,
- հատուկ տեխնիկայի, հատուկ միջոցների և ապահովման նյութերի` արտոնյալ պայմաններով գնման և մատակարարման իրականացման ժամանակ մյուս Կողմի հետ որոշել վճարման պայմաններն ու ձևերը,
- Համաձայնագրի իրականացման շրջանակներում, մատակարարվող հատուկ տեխնիկայի, հատուկ միջոցների և ապահովման նյութերի Հայաստանի Հանրապետության տարածքով տեղափոխման ժամանակ, օգտագործել ներմուծման, արտահանման կամ տարանցման պայմանները` ներառյալ արտոնյալ սակագները` հաստատված հատուկ տեխնիկայի, հատուկ միջոցների և ապահովման նյութերի համանման տեղափոխման համար` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության,
- որպես տարանցման Կողմ` ապահովել հատուկ տեխնիկայի, հատուկ միջոցների և ապահովման նյութերի տեղափոխման գերակա կարգը Հայաստանի Հանրապետության տարածքում, որոնք մատակարարվում են Համաձայնագրին համապատասխանությամբ` մատակարարող Կողմի կամ ստացող Կողմի հարցման հիմքի վրա,
- չվաճառել և չփոխանցել Համաձայնագրի շրջանակներում մատակարարված հատուկ տեխնիկան, հատուկ միջոցները և ապահովման նյութերը երրորդ Կողմին, իրավաբանական և ֆիզիկական անձանց` առանց մատակարարող Կողմի գրավոր համաձայնության,
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Համաձայնագրի շրջանակներում համագործակցության արդյունքում ստացված սահմանափակ տարածման տեղեկատվության պահպանության համար,
- պետական գաղտնիքներ պարունակող տվյալների պաշտպանության հարցերը կարգավորել Կողմերի հետ կնքված համաձայնագրերով և այլն:
5. Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերից յուրաքանչյուրի` այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտականությունները, որոնց մասնակիցն են հանդիսանում նրանք:
6. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրում հղում է կատարված 1999 թվականի հունիսի 4-ին Մինսկում ստորագրված «Ահաբեկչության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» պայմանագրին, որը սահմանադրական դատարանի կողմից քննության է առնվել 2000 թվականի հուլիսի 4-ին և որոշում կայացվել դրանում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ (ՍԴՈ-240):
Վերոհիշյալ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2001 թվականի հոկտեմբերի 22-ին` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Ն-209-2 թվակիր որոշմամբ:
7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրի 5-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունների շրջանակում` Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ կամ մասամբ կարող է մերժել հատուկ տեխնիկայի, հատուկ միջոցների և ապահովման նյութերի գնման և առաքման, այդ թվում` արտոնյալ պայմաններով, հարցումների կատարումը, եթե իրավասու մարմնի կարծիքով հարցման կատարումը կարող է վնաս պատճառել պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, իրավակարգին, կամ հակասում է ազգային օրենսդրությանը և/կամ միջազգային պարտավորություններին, ինչպես նաև առաջ բերել քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի խախտում:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը գտնում է, որ, իրականացնելով ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված լիազորությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների արդյունավետությունը գնահատելու, ինչպես նաև այդ պարտավորությունների կատարման հուսալիությունն առավելագույնս ամրապնդելու նպատակով։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը միաժամանակ նշում է, որ քննության առարկա Համաձայնագրով ստանձնված պարտավորությունների կատարումն ինքնին պահանջում է Համաձայնագրի կատարման նկատմամբ պետական վերահսկողության հստակ և անընդհատ իրականացվող մեխանիզմներ` Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորման և մարդու սահմանադրական իրավունքների հնարավոր խախտումները բացառելու համար։
Ելնելով գործի քննության արդյունքներից և նկատի ունենալով, որ Համաձայնագրի դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբատում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարող իրավասու մարմինների նյութատեխնիկական ապահովման շուրջ համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
28 հունիսի 2013 թ. ՍԴՈ-1103 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|