ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
10 սեպտեմբերի 2013 թ. |
2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԱՇԳԱԲԱՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԻՆՏԵԳՐՎԱԾ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ն. Երիցյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբատում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում (կից վերապահումով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2013 թվականի հուլիսի 9-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը (Համաձայնագիր) ստորագրվել է 2012 թվականի դեկտեմբերի 5-ին` Աշգաբատում, Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյանի կողմից:
Համաձայնագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը կատարել է վերապահում:
2. Համաձայնագրի նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների ինտեգրված արժութային շուկայում արտարժույթով փոխարկման գործարքների իրականացման գործում կողմերի ռեզիդենտ բանկերի իրավահավասար և փոխշահավետ մասնակցության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
ա) մյուս կողմերի ռեզիդենտ բանկերին, որոնք իրենց հաստատության պետության օրենսդրությանը համապատասխան իրավունք ունեն իրականացնելու արժութային գործարքներ, ապահովել մուտք դեպի իրենց ազգային արժութային շուկա` միջբանկային փոխարկման գործարքների իրականացման նպատակով, նրանց տրամադրելով ոչ պակաս բարենպաստ պայմաններ, քան իր ռեզիդենտ բանկերին տրամադրվածն է.
բ) Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ընթացքում կողմերի միջև ծագած վիճելի հարցերը լուծել շահագրգիռ կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին, կոչված են բարենպաստ պայմաններ ստեղծելու ԱՊՀ մասնակից պետությունների միջև տնտեսական ինտեգրման և ֆինանսական շուկաների արդյունավետ գործունեության զարգացման խթանման համար։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբատում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում (կից վերապահումով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
10 սեպտեմբերի 2013 թ. ՍԴՈ-1111 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|