Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.04.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.06.19/32(972).1 Հոդ.587.26
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
05.04.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
05.04.2013
Дата вступления в силу
05.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0326/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0326/02/12
2013 թ.

Նախագահող դատավոր՝   Ն. Բարսեղյան

Դատավորներ՝   

Ա. Մկրտչյան
 

Ի. Վարդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արամ Մակարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.11.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արամ Մակարյանի ընդդեմ Խաչիկ Մանուկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արամ Մակարյանը պահանջել է Խաչիկ Մանուկյանից բռնագանձել 12.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վերադարձման ենթակա հիմնական փոխառության գումար, ինչպես նաև պարտավորության կետանցի օրվանից` 01.12.2009 թվականից սկսած, 12.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն հաշվարկված տոկոսներ` տոկոսների բռնագանձումը շարունակելով մինչև վճռի փաստացի կատարումը, ինչպես նաև 450.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Բադիրյան) (այսուհետ` Դատարան) 13.07.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է պատասխանող Խաչիկ Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Մակարյանի բռնագանձել 12.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ փոխառության գումարը: Պատասխանող Խաչիկ Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Մակարյանի բռնագանձել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 02.12.2009 թվականից մինչև վճիռ կայացնելու օրը` 13.07.2012 թվականը, որը կազմում է 1.489.771 ՀՀ դրամ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվեգրումը և բռնագանձումը շարունակելով մինչև պարտքի գումարի փաստացի մարման օրը: Պատասխանող Խաչիկ Մանուկյանից հօգուտ հայցվոր Արամ Մակարյանի բռնագանձել 250.000 ՀՀ դրամ` որպես դատական ծախսի գումար, ինչպես նաև 50.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Պատասխանող Խաչիկ Մանուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 73.467,42 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար: Հայցապահանջը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.11.2012 թվականի որոշմամբ Խաչիկ Մանուկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 13.07.2012 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արամ Մակարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ կետը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 60-րդ հոդվածի 1-ին կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Դատարանը թեև հաստատել է դատական ծանուցագրերի ստացված լինելու հանգամանքը, սակայն գտել է, որ միանշանակ հնարավոր չէ հետևություն անել Խաչիկ Մանուկյանի կողմից պատշաճ ծանուցման մասին, հիմնավոր չէ և չի բխում գործի իրական փաստերից, քանի որ նման եզրահանգման համար Վերաքննիչ դատարանն ինքն է հետազոտել փոստային հավաստագրերում առկա ստորագրությունների իսկությունը և գործում առկա փոստային հավաստագրերի ուսումնասիրության, հետազոտման առումով կատարել է հատուկ գիտելիքներ պահանջող գործողություն, ինչն էլ հանգեցրել է գործի սխալ լուծմանը։

Մինչդեռ, դատարանն իրավունք չունի ծանուցման կամ հակառակ փաստի քննարկման ժամանակ անձամբ ստուգել փոստային հավաստագրում առկա ծանուցվողի ստորագրության իսկությունը, առավել ևս այն դեպքում, երբ դրա վերաբերյալ չի ներկայացվել համապատասխան թույլատրելի և վերաբերելի ապացույց։ Այնինչ Վերաքննիչ դատարանը ոչ միայն հաշվի չի առել այն հանգամանքը, որ գործում առկա չէ նման ապացույց, այլև անձամբ ուսումնասիրության է ենթարկել փոստային հավաստագրերում առկա ստորագրության իսկությունը, այսինքն՝ կատարել է հատուկ գիտելիքներ պահանջվող գործողություն, ինչից ելնելով կասկածի տակ է դրել այդ հավաստագրերում առկա պատասխանողի ստորագրության իսկությունը։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել նաև այն փաստը, որ ոչ թե գործ ունենք դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ Խաչիկ Մանուկյանի ծանուցված չլինելու հանգամանքի հետ, այլ նրա դատավարական իրավունքներից և պարտականություններից ոչ բարեխիղճ օգտվելու փաստի հետ։ Այսինքն՝ Դատարանը, ունենալով բավարար հիմքեր գործի քննությունը Խաչիկ Մանուկյանի բացակայությամբ շարունակելու համար, այդուհանդերձ բազմակի անգամ Խաչիկ Մանուկյանի միջնորդությամբ հետաձգել է գործի քննությունը՝ հնարավորություն ընձեռելով նրան ոչ միայն անձամբ ներկա գտնվել գործի քննությանը, այլև բավարար ժամանակ է հատկացրել իր կամ ներկայացուցչի միջոցով ներկայացնել հայցադիմումի պատասխան։

Հետևաբար, տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե ոչ պատշաճ ծանուցման հետ, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28րդ հոդվածի 3րդ կետի պահանջի խախտման, այսինքն՝ դատավարության մասնակցի կողմից դատավարական իրավունքներից և պարտականություններից ոչ բարեխիղճ օգտվելու փաստի հետ։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.11.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.07.2012 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Դատարանի 30.03.2012 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ գործի քննությունը նշանակվել է 18.04.2012 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 43)։

2) 18.04.2012 թվականին Խաչիկ Մանուկյանը ներկայացրել է միջնորդություն՝ հայցադիմումի պատասխանի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 51)։

3) Դատարանը 18.04.2012 թվականին նշանակված գործի քննությունը Խաչիկ Մանուկյանի միջնորդության (հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգելու) հիման վրա հետաձգել է և այն նշանակել 07.05.2012 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 52)։

4) 07.05.2012 թվականին գործի քննությունը Խաչիկ Մանուկյանի չներկայանալու պատճառով կրկին հետաձգվել և նշանակվել է 11.07.2012 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 68)։

5) 11.07.2012 թվականին, չնայած Խաչիկ Մանուկյանի պատշաճ ծանուցմանը՝ վերջինս հերթական անգամ չի ներկայացել դատական նիստին: Նշված օրը տեղի է ունեցել դատական նիստ, և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 13.07.2012 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 78)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է դատական ծանուցումների հետ կապված դատավարական պարտականությունները բարեխիղճ կատարելու, ինչպես նաև դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցված չլինելու փաստն ապացուցելու դատավարական բեռի վերաբերյալ միասնական պրակտիկա ձևավորելու անհրաժեշտությամբ:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

Նույն օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանվում են գործին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները, որի 3-րդ կետը սահմանում է, որ գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերն ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում:

Վերը նշված դրույթների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով: Նշված սկզբունքը դրսևորվում է նաև դատարանին և գործին մասնակցող մյուս անձանց հասցեի փոփոխության վերաբերյալ գործին մասնակցող անձի կողմից ծանուցելով: Նման կերպ պաշտպանվում է ոչ միայն հասցեն փոխած անձի իրավունքը, այլև դատավարության մյուս մասնակիցների իրավունքները, քանի որ դատարանը, ծանուցագրերը ուղարկելով փոխված հասցեով, ըստ էության ապահովում է գործի ողջամիտ ժամկետում քննությունը մի կողմից և դատավարության մասնակիցների` դատական նիստին ներկա գտնվելու հնարավորությունը մյուս կողմից: Դրանով է պայմանավորված նաև այն, որ օրենսդիրը իր դատավարական իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվող կողմի վրա է թողնում հետևանքները կրելու ռիսկը, այն է` հասցեն փոփոխելու վերաբերյալ հաղորդման բացակայության դեպքում ծանուցումը համարվում է հանձնված` անկախ հասցեատիրոջ` այդ հասցեում բնակվելու հանգամանքից:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը նշել է, որ թեև գործի նյութերով հիմնավորվել է, որ Դատարանի կողմից 11.07.2012 թվականին կայանալիք դատական նիստին Խաչիկ Մանուկյանի պատշաճ ծանուցումն ապահովելու նպատակով ուղարկված դատական ծանուցագիրը ստացվել և ստորագրվել է, այդուհանդերձ նույն ժամանակահատվածում` մինչև 11.07.2012 թվականին կայանալիք դատական նիստը պատասխանողին հասցեագրված ծանուցագրերից 17.05.2012 թվականի թիվ Ե-11958 ծանուցագիրը վերադարձվել է «Դուռը փակ է» նշումով, իսկ նույն ժամանակահատվածում Երևանի Դ. Մալյանի 11-րդ շենքի թիվ 20 բնակարան մուտք եղած թվով երկու հավաստագրերի վրա առկա ստորագրությունների` անզեն աչքով ուսումնասիրությունից ակներև է դառնում, որ դրանք էականորեն տարբերվում են ինչպես մեկը մյուսից, այնպես էլ գործի նյութերում առկա մյուս փոստային հավաստագրերում և այլ փաստաթղթերում առկա ստորագրություններից։

Բողոքաբերի ներկայացուցիչը վերաքննիչ ատյանում փաստել է, որ իր վստահորդը վերը նշված հասցեում չի բնակվում, և որ Խաչիկ Մանուկյանը գործուղումների բերումով դատական ողջ գործընթացի ժամանակ պարբերաբար բացակայել է Հայաստանի Հանրապետությունից:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ չնայած գործի նյութերում առկա ծանուցագրերը Երևանի Դ. Մալյան 11-րդ շենքի թիվ 20 բնակարանի հասցեում ստացված լինելուն` միանշանակ հնարավոր չէ հետևություն անել Խաչիկ Մանուկյանի կողմից դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված լինելու հանգամանքի մասին, առավել ևս, որ վերջինիս իրական մասնակցությունը գործի քննությանը չի ապահովվել, որպիսի պարագայում դատարանը գործը քննել է պատասխանողի բացակայությամբ ու վճիռ կայացրել:

Վերոնշյալ վերլուծությունների և գործի փաստերի համադրմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը իրավաչափ չէ: Սույն գործով ստորադաս դատարանի կողմից նախ և առաջ գնահատման առարկա պետք է դարձվեր պատասխանողի դատավարական իրավունքներից օգտվելու և պարտականությունները ոչ բարեխղճորեն կատարելու փաստը, հետո նոր միայն պատշաճ ծանուցված լինելու փաստը։ Այսինքն` Վերաքննիչ դատարանը ծանուցված չլինելու հիմքին անդրադառնալիս նախ պետք է պարզեր, թե արդյոք դատավարությանը մասնակից կողմը դատական նիստից բացակայել է ոչ պատշաճ ծանուցման հետևանքով, թե ծանուցվելով դատական նիստի ժամի և վայրի մասին՝ արհեստականորեն ձգձգել է դատական նիստի գործընթացը և ձևական հիմքեր ստեղծել վերաքննիչ բողոք բերելու համար։

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չի ուսումնասիրել վերը նշված փաստի գոյությունը, քանի որ սույն գործում առկա ապացույցներից պարզ է դառնում, որ Դատարանը բազմիցս հետաձգել է գործի քննությունը, չնայած նրան, որ Խաչիկ Մանուկյանը պատշաճ ծանուցված է եղել նիստի ժամանակի և վայրի մասին։ 18.04.2012 թվականին նշանակված դատական նիստի մասին ծանուցված լինելով` Խաչիկ Մանուկյանը միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ խնդրելով ընտրությունների կապակցությամբ հետաձգել գործի քննությունը: Նշված միջնորդությունը բավարարվել է` գործի քննությունը հետաձգվել է մինչև 07.05.2012 թվականը։ Դրանից հետո դատական նիստը մեկ անգամ ևս հետաձգվել է մինչև 11.07.2012 թվականը, որի վերաբերյալ Խաչիկ Մանուկյանը ծանուցվել է (հատոր 1-ին, գ.թ. 78), սակայն չի ներկայացել նշանակված նիստին։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, երբ ծանուցման կամ հակառակ փաստի քննարկման ժամանակ անձամբ է ստուգել փոստային հավաստագրում առկա ծանուցվողի ստորագրության իսկությունը: Վճռաբեկ դատարանը նման դիրքորոշման համար հիմք է ընդունում այն, որ ծանուցված չլինելու փաստը մի դեպքում կարող է հաստատվել գործում համապատասխան անդորրագրի բացակայությամբ, իսկ մյուս դեպքում՝ անդորրագրի վրա առկա ստորագրությունը այլ անձի կողմից կատարված լինելով: Առաջին դեպքում փաստի հաստատման համար չի պահանջվում հատուկ գիտելիքների առկայություն, փաստը` ծանուցված չլինելը, հաստատվում է համապատասխան անդորրագրի բացակայությամբ: Այլ է իրավիճակը երկրորդ դեպքում, քանի որ ստորագրության պատկանելիության փաստը կարող է հաստատվել միայն փորձագիտական եզրակացության առկայությամբ, անկախ անզեն աչքով համեմատվող ստորագրությունների միջև տարբերությունների տեսանելի լինելուց: Ընդ որում, բողոք ներկայացրած կողմն ինքն է կրում իր վկայակոչած փաստի ապացուցման բեռը:

Վերը նշված հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման դեպքերում գործում է ծանուցման անդորրագրերի վրա առկա ստորագրությունները հասցեատիրոջ կողմից ստորագրված լինելու կանխավարկածը, քանի դեռ հակառակն ապացուցված չէ:

Նշված եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն, որ Խաչիկ Մանուկյանը պատշաճ ծանուցվել է 18.04.2012 թվականին նշանակված դատական նիստի մասին և նշված ծանուցումը ստացել է Երևանի Դ. Մալյանի 11-րդ շենք, բնակարան 20 հասցեով, որից հետո էլ ներկայացրել է միջնորդություն գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ, իսկ հասցեն փոխելու մասին որևէ այլ դիմում ոչ դատարանին, ոչ էլ գործին մասնակցող անձանց Խաչիկ Մանուկյանը չի ներկայացրել: Փաստերի դասավորվածության նման պարագայում, երբ Խաչիկ Մանուկյանի` վերը նշած հասցեով ուղարկված հետագա ծանուցումները ստորագրությամբ ստացվել են, և վերջինս հետագայում փաստարկել է իր հասցեն փոխելու և ծանուցված չլինելու վերաբերյալ, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված հոդվածների ուժով նա համարվում է պատշաճ ծանուցված:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Խաչիկ Մանուկյանը զրկված չի եղել քաղաքացիական գործի քննությանը մասնակցելու կամ իր ներկայացուցչի ներկայությունն ապահովելու հնարավորությունից։

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 09.11.2012 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն գործով դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկվել է միայն դատական նիստի վերաբերյալ պատշաճ ծանուցված չլինելու հիմքով։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.11.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2012 թվականի վճռին:

2. Խաչիկ Մանուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 360 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.09.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք, 360 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06.02.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք, ինչպես նաև 02.12.2009 թվականից սկսած 12.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան` պարտավորության փաստացի կատարման օրվա դրությամբ բռնագանձման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսի չափով գումար` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և հետաձգված պետական տուրք ու նույն գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան` պարտավորության փաստացի կատարման օրվա դրությամբ բռնագանձման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսի չափով գումար, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և հետաձգված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան