ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0372/02/11 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0372/02/11 |
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան |
Դատավորներ՝ |
Ն. Տավարացյան |
Ս. Միքայելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Գ. Հակոբյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
|
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի ապրիլի 05-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Լևոն Համբարձումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.12.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Օֆելյա Մովսեսյանի, Ռուդոլֆ Բաբայանի և երրորդ անձ Լևոն Համբարձումյանի` նվիրատվության պայմանագիրը և դրանից բխող իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է 1/2 մասով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Մանանդյան փողոցի 26-րդ շենքի թիվ 5 բնակարանի վերաբերյալ Երևանի Շենգավիթի թաղապետարանի և Օֆելյա Մովսեսյանի միջև 17.08.2005 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրն ու դրա հիման վրա Օֆելյա Մովսեսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ն. Հովսեփյան) 14.09.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան, դատավորներ` Ա. Թումանյան, Կ. Չիլինգարյան) 01.12.2011 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Բաբայանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 14.09.2011 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.01.2012 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.12.2011 թվականի որոշման դեմ Ռուդոլֆ Բաբայանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա. Չիչոյան) (այսուհետ` Դատարան) 03.08.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.12.2012 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի և Լևոն Համբարձումյանի վերաքննիչ բողոքները մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Համբարձումյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Օֆելյա Մովսեսյանը, Ռուդոլֆ Բաբայանը և Քաղաքապետարանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 166-րդ և 169-րդ հոդվածները, 172-րդ հոդվածի 2-րդ կետը, 303-րդ և 305-րդ հոդվածները, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 112-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երևանի Շենգավիթի թաղապետարանը վիճելի գույքն օտարել է, իսկ այդ պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է դատարանի որոշմամբ բնակարանի նկատմամբ կիրառված արգելանքի պայմաններում:
07.11.2012 թվականին նշանակված դատական նիստում Վերաքննիչ դատարանը հայտարարել է, որ դատական նիստը հետաձգվում է, իսկ հաջորդ դատական նիստի ժամանակի մասին կողմը կծանուցվի: Մինչդեռ հաջորդ դատական նիստի ժամանակի մասին կողմը չի ծանուցվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.12.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Օֆելյա Մովսեսյանի և Ռուդոլֆ Բաբայանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վիճելի բնակարանը 10.08.2005 թվականին Երևանի Շենգավիթի թաղապետը նվիրել է դրա միակ վարձակալ Օֆելյա Մովսեսյանին, ով այդ բնակարանը 18.02.2008 թվականին վաճառել է Ռուդոլֆ Բաբայանին: Վերջինս հանդիսանում է վիճելի բնակարանի բարեխիղճ ձեռքբերող:
Գույքն օտարելիս վիճելի բնակարանն արգելանքի տակ չի գտնվել, դրա նկատմամբ սահմանափակումներ գրանցված չեն եղել:
2.2. Քաղաքապետարանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Լևոն Համբարձումյանի կողմից բերված վճռաբեկ բողոքի դեմ որևէ առարկություն չունի, այն հիմնավոր է:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 10.09.2012 թվականին Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքները վարույթ ընդունելու և գործի քննությունը 07.11.2012 թվականի ժամը 12:05-ին նշանակելու մասին (հատոր 5-րդ, գ.թ. 62).
2) 06.11.2012 թվականին Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքները վարույթ ընդունելու և գործի քննությունը 07.11.2012 թվականի ժամը 12:05-ին նշանակելու մասին (հատոր 6-րդ, գ.թ. 3).
3) 07.11.2012 թվականի ժամը 12:05-ին նշանակված դատական նիստին ներկայացել է նաև Լևոն Համբարձումյանը (հատոր 6-րդ, գ.թ. 4).
4) 07.11.2012 թվականի ժամը 12:05-ին նշանակված դատական նիստում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով գործի քննություն չի իրականացվել (հատոր 6-րդ, գ.թ. 4).
5) 07.11.2012 թվականի ժամը 12:05-ին նշանակված դատական նիստում Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել «գործի քննությունը հետաձգելու և մեկ այլ հերթի նշանակելու մասին»` հայտարարելով, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին կողմերին լրացուցիչ կծանուցի (հատոր 6-րդ, գ.թ. 4).
6) 21.11.2012 թվականին տեղի է ունեցել դատական նիստ: Դատական նիստին ներկայացել են Ռուդոլֆ Բաբայանը և Օֆելյա Մովսեսյանը: Լևոն Համբարձումյանը 21.11.2012 թվականին տեղի ունեցած դատական նիստին չի մասնակցել (հատոր 6-րդ, գ.թ. 11).
7) 21.11.2012 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին Լևոն Համբարձումյանին տեղեկացնելու վերաբերյալ ապացույց գործում առկա չէ.
8) 21.11.2012 թվականին նշանակված դատական նիստում Վերաքննիչ դատարանն իրականացրել է գործի քննություն և գործի քննությունը հայտարարելով ավարտված` հայտարարել է որոշման հրապարակման ժամանակը` 06.12.2012 թվականին (հատոր 6-րդ, գ.թ. 11).
9) 06.12.2012 թվականին Վերաքննիչ դատարանը հրապարակել է որոշումը (հատոր 6-րդ, գ.թ. 13):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով կամ ուղարկվում է էլեկտրոնային փոստով՝ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման հարցին։ Մասնավորապես, նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում (ի թիվս այլոց տե՛ս Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի և մյուսների թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նշված դիրքորոշումը և դրա լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 21.11.2012 թվականին տեղի է ունեցել դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին Լևոն Համբարձումյանին տեղեկացնելու վերաբերյալ ապացույց գործում առկա չէ: Այդ նիստում է Վերաքննիչ դատարանն իրականացրել գործի քննություն և այն հայտարարելով ավարտված` հայտարարել է որոշման հրապարակման ժամանակը, իսկ 06.12.2012 թվականին հրապարակել է որոշումը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան պատշաճ ձևով չի ծանուցել 21.11.2012 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին և գործը քննել է նրա բացակայությամբ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Լևոն Համբարձումյանին պատշաճ չծանուցելով 21.11.2012 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին, խախտել է նրա` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի քննությունը Լևոն Համբարձումյանի դատավարական իրավունքի խախտմամբ իրականացնելու պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.12.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06.03.2013 թվականի որոշմամբ հետաձգված և վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գանձման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Գ. Հակոբյան |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Է. Հայրիյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան |