Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.04.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.06.19/32(972).1 Հոդ.587.28
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
05.04.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
05.04.2013
Дата вступления в силу
05.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0021/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0021/02/12
2013 թ.

Նախագահող դատավոր՝   Տ. Սահակյան

Դատավորներ՝   

Կ. Հակոբյան
 

Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Տիգրան Արշակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վարդան Պողոսյանի ընդդեմ Տիգրան Արշակյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Վարդան Պողոսյանը պահանջել է Տիգրան Արշակյանից հօգուտ իրեն բռնագանձել 28.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես փոխառության գումար և այդ գումարի նկատմամբ վճարման ենթակա տոկոսները` սկսած 26.11.2010 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ինչպես նաև փաստաբանի վարձատրության գումարը և ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու համար օրենքով սահմանված տոկոսները` սկսած 30.12.2011 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր Ա. Չիչոյան) (այսուհետ՝ Դատարան) 22.06.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.09.2012 թվականի որոշմամբ Վարդան Պողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 22.06.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Արշակյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, 118-րդ հոդվածը, 207-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հարցերին պատասխանելուց կամ ցուցմունքներ տալուց կողմի հրաժարվելու դեպքում հրաժարումն անհիմն համարելը ոչ թե դատարանի պարտականությունն է, այլ` իրավունքը, իսկ կողմն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Տվյալ դեպքում պատասխանողը օգտվել է իրեն վերապահված իրավունքից` նշանակված դատական նիստին չի ներկայացել և խնդրել է գործը քննել իր բացակայությամբ` Դատարանին ներկայացնելով իր գրավոր բացատրությունը, որի պայմաններում իր չներկայանալը չի կարող դիտվել որպես ցուցմունք տալուց հրաժարում կամ խուսափում:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ Դատարանի 22.06.2012 թվականի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 23.07.2012 թվականին, իսկ այդ վճռի դեմ վերաքննիչ բողոքը փոստի միջոցով առաքվել է 24.07.2012 թվականին, այսինքն` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված մեկամսյա ժամկետի խախտմամբ, ինչպես նաև միջնորդություն չի ներկայացվել ժամկետը վերականգնելու մասին, Վարդան Պողոսյանի բերած վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.09.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 22.06.2012 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Սույն գործով Դատարանը վճիռը կայացրել է 22.06.2012 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 77-79).

2) Դատարանի 22.06.2012 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքը Վարդան Պողոսյանը ներկայացրել է 24.07.2012 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 4).

3) Վերաքննիչ բողոքը միջնորդություն չի պարունակել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 4-7).

4) Բողոքի հետ մեկտեղ ներկայացվել է նաև միջնորդություն պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ.8).

5) 30.07.2012 թվականին Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել պետական տուրքի վճարումը հետաձգելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 13).

6) Վերաքննիչ դատարանի 28.09.2012 թվականի որոշմամբ Վարդան Պողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 22.06.2012 թվականի վճիռը, գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Միաժամանակ որոշվել է դատական ծախսերի, այդ թվում Վերաքննիչ դատարանի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բռնագանձման հարցին անդրադառնալ գործի նոր քննությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 39-42):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետների հաշվարկման հարցին։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվվող դատավարական ժամկետի ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա սկիզբը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տարիներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին: Ամիսներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Եթե ամիսներով հաշվվող ժամկետի վերջը համընկնում է այնպիսի ամսվա, որը համապատասխան ամսաթիվ չունի, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:

Այն դեպքում, երբ ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե գումարը բռնագանձելու պահանջի մասին կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, ապա ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` այդ ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ եթե ներկայացված չէ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գումարը բռնագանձելու մասին պահանջ կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում այդ չափը, ապա ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նշված ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Նշված ժամկետից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից: Վերաքննիչ բողոք ներկայացնելու համար ժամկետների հաշվարկի դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել քաղաքացիական դատավարությունում ժամկետների հաշվարկի համար նախատեսված ընդհանուր կանոններով, որոնք ամրագրված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ և 75-րդ հոդվածներում:

Վերաքննիչ բողոք բերելու ժամկետները բաց թողնելու կամ բաց թողած ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը մերժելու դեպքում օրենսդիրը նախատեսել է որոշակի իրավական հետևանքներ: Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում:

Վերոգրյալից հետևում է, որ վերաքննիչ բողոքը բոլոր դեպքերում վերադարձվում է, եթե այն բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, իսկ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում վերաքննիչ դատարանը կարող է կայացնել այն դեպքում, երբ բացակայում են վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը:

Վերը նշված վերլուծության համատեքստում անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը վճիռը կայացրել է 22.06.2012 թվականին, իսկ այդ վճռի դեմ վերաքննիչ բողոքը Վարդան Պողոսյանը ներկայացրել է 24.07.2012 թվականին: Փաստերի նման դասավորվածության դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի հաշվարկը սկսվում է Դատարանի վճիռը կայացնելու հաջորդ օրը` 2012 թվականի հունիսի 23-ին և լրանում 2012 թվականի հուլիսի 23-ին: Հետևաբար Վարդան Պողոսյանը, վերաքննիչ բողոքը ներկայացնելով 2012 թվականի հուլիսի 24-ին, բաց է թողել օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը: Ունենալով հնարավորություն` Վարդան Պողոսյանը չի ներկայացրել միջնորդություն բաց թողած ժամկետը վերականգնելու մասին: Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված հանգամանքը, 30.07.2012 թվականին որոշում է կայացրել պետական տուրքի վճարումը հետաձգելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի վերը նշված նորմերի խախտման ձևով, որը հետագայում ազդել է գործի ելքի վրա` 28.09.2012 թվականի որոշմամբ բավարարել է Վարդան Պողոսյանի վերաքննիչ բողոքը, Դատարանի 22.06.2012 թվականի վճիռը բեկանել է և գործն ուղարկել է նոր քննության։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը, վարույթ ընդունելով օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված բողոքը, խախտել է իրավական որոշակիության սկզբունքը: Նշված սկզբունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտած դիրքորոշման համաձայն` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի բաղկացուցիչ մասն է իրավական որոշակիության սկզբունքը: Իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է, որ երբ համապատասխան ժամկետն անցնելուց հետո դատարանի կողմից որևէ հարցի տրված լուծումը դարձել է վերջնական, ապա այն այլևս չի կարող կասկածի տակ դրվել (տե՛ս Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի, 1999 թվականի հոկտեմբերի 28, գանգատ թիվ 28342/95, պարբ. 61):

 

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և վճռաբեկ բողոքում նշված մյուս փաստարկին չանդրադառնալու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 22.06.2012 թվականի վճռին:

2. Վարդան Պողոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1.058 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք, 1.058 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.12.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք, ինչպես նաև 30.12.2011 թվականից մինչև 28.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը վերադարձնելու օրը նշված գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսի չափով գումար` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և հետաձգված պետական տուրք ու նույն գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, գումար` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և հետաձգված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

 

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան