ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թվականի N 462
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՉՏՐՎԱԾ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՆԿՈՒՂՆԵՐԻ, ԿԻՍԱՆԿՈՒՂՆԵՐԻ) ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 15.08.13 N 860-Ն)
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում նկուղների տնօրինման, օգտագործման և տիրապետման կարգը հաստատելու մասին» N 563 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում վարձակալության չտրված ոչ բնակելի տարածքների (այդ թվում` նկուղների, կիսանկուղների) վարձակալության տրման և վաճառքի կարգը (կցվում է):
(1-ին կետը փոփ. 15.08.13 N 860-Ն)
2. Սահմանել, որ`
ա) սույն կարգը գործում է նկուղների և կիսանկուղների վարձակալության տրմանը և վաճառքին վերաբերող մասով մինչև բնակելի շենքում սեփականատերերի միավորում` համատիրություն (կոնդոմինիում) կազմակերպելը.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 02.02.02 N 88)
(2-րդ կետ փոփ. 02.02.02 N 88)
3. Պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորմանը` երկամսյա ժամկետում համատեղ հաստատել բնակելի տների նկուղները և կիսանկուղները բնակիչներին վարձակալության տրման և վաճառքի կանոնակարգը:
|
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀՀ տարածքում վարձակալության չտրված ոչ բնակելի տարածքների (ԱՅԴ ԹՎՈՒՄ` նկուղների, կիսանկուղների) վարձակալության տրման ԵՎ վաճառքի
(վերնագիրը փոփ. 15.08.13 N 860-Ն)
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պետական, պետական միջոցների մասնակցությամբ կառուցված և մինչև 1990 թվականի դեկտեմբերի 1-ը շահագործման հանձնված հանրային բնակֆոնդի վարձակալության չտրված ոչ բնակելի տարածքների (այդ թվում` նկուղների, կիսանկուղների) վարձակալության տրման և վաճառքի կարգը:
(1-ին կետը փոփ. 15.08.13 N 860-Ն)
2. Պետական սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքները վարձակալության են տրվում կամ վաճառվում տնտեսական կարիքների և օրենսդրությամբ չարգելված գործունեություն իրականացնելու համար, գործող շինարարական նորմերին և կանոններին համապատասխան:
3. Ոչ բնակելի տարածքները վարձակալության են տրվում կամ վաճառվում ըստ պատկանելության պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների (Երևան և Գյումրի քաղաքներում` քաղխորհուրդների գործկոմների) կամ գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների որոշմամբ:
4. Ոչ բնակելի տարածքները վարձակալության են տրվում կամ վաճառվում` հաշվի առնելով դրանց տեխնիկական հնարավորությունները, առանձնահատկություններն ու նպատակահարմարությունը:
5. Բնակիչներին տնտեսական կարիքների համար օգտագործելու նպատակով սահմանված կարգով վարձակալության են տրվում կամ վաճառվում բնակելի տների նկուղային և կիսանկուղային տարածքները` դրանց վարձակալելու և գնելու նախապատվության իրավունքը տալով տան բնակիչներին, հետևյալ չափերով`
ա) մինչև սույն կարգի հաստատումը զբաղեցված նկուղային և կիսանկուղային տարածքները` փաստացի զբաղեցված մակերեսի չափով.
բ) ազատ տարածքները` որպես կանոն, 3.0-8.0 քմ մակերեսի չափով:
6. Բնակելի տների ոչ բնակելի տարածքները ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին վարձակալության են տրվում և վաճառվում աճուրդային կամ մրցութային կարգով:
7. Ոչ բնակելի տարածքները վարձակալելու կամ գնելու համար դիմումը (հայտը) ներկայացվում է ըստ պատկանելության պատգամավորների տեղական խորհուրդների (Երևան և Գյումրի քաղաքներում` քաղաքային խորհուրդների) գործկոմներին, գերատեսչություններին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին:
Ոչ բնակելի տարածքը վարձակալության տալու կամ վաճառելու մասին որոշումն ընդունվում է դիմումի տրման օրից երկամսյա ժամկետում:
8. Ոչ բնակելի տարածքը վարձակալության տալու կամ վաճառելու մասին որոշման կայացումից հետո դիմողի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:
Ապագա վարձակալի մեղքով երկամսյա ժամկետում վարձակալության պայմանագիր չկնքելու կամ գնորդի մեղքով տարածքը չգնելու դեպքում, տարածքը վարձակալության տալու կամ վաճառելու մասին որոշման ուժը կորցրած է համարվում:
9. Ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը, կողմերի փոխհարաբերությունները, վաղաժամկետ դադարեցման հիմքն ու դրա իրավական հետևանքները նախատեսվում են վարձակալության պայմանագրով:
10. Բնակիչների համար վարձակալությամբ տրված ոչ բնակելի տարածքների տարեկան վարձավճարի չափ է սահմանվում, մինչև 8 քմ մակերեսի դեպքում` յուրաքանչյուր 1 քմ մակերեսի համար նվազագույն աշխատավարձի 2 տոկոսի չափով, 8 քմ մակերեսից ավելիի դեպքում` յուրաքանչյուր ավելի քմ մակերեսի համար նվազագույն աշխատավարձի 10 տոկոսի չափով:
11. Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և անհատ ձեռներեցների համար յուրաքանչյուր 1 քմ մակերեսի համար վարձավճարի չափը որոշվում է ըստ պատկանելության պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների և ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից` ելնելով աճուրդի կամ մրցույթի արդյունքներից:
12. Մինչև 8 քմ մակերեսով նկուղային և կիսանկուղային տարածքները բնակիչների կողմից կարող են գնվել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 563 որոշմամբ սահմանված կարգով:
Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու անհատ ձեռներեցների կողմից ոչ բնակելի տարածքները, ինչպես նաև բնակիչների կողմից 8 քմ մակերեսից ավելի նկուղային և կիսանկուղային տարածքները կարող են գնվել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 20-ի «Փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքը և նրա նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերը հաստատելու մասին» թիվ 182 որոշմամբ հաստատված արժեքով և դրա նկատմամբ կիրառվող գործակիցներով:
(կարգը փոփ. 15.08.13 N 860-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.08.2013, N 860-Ն | 07.09.2013, N 462 | |
02.02.2002, N 88 | 02.02.2002, N 462 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|