ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԿԴ/0168/01/12 |
Գործ թիվ ԵԿԴ/0168/01/12 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան |
Դատավորներ՝ |
Ս. Համբարձումյան |
|
Մ. Պետրոսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Մ. Ավագյանի | |
մասնակցությամբ տուժողի ներկայացուցիչ |
Ա. Անանյանի |
2013 թվականի մայիսի 8-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Մարգար Գագիկի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի մարտի 7-ի որոշման դեմ ամբաստանյալ Մ.Հակոբյանի պաշտպան Ռ.Սիրեկանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2012 թվականի հուլիսի 11-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է թիվ 13140312 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:
2012 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ Մարգար Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ Մարգար Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2012 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ Ջիվան Գասպարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
2012 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ Ջիվան Գասպարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցվել է ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ:
2012 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ Մ.Հակոբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
2012 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ թիվ 13140312 քրեական գործից մաս է անջատվել և առանձնացվել առանձին վարույթում` անհայտ անձի կողմից Մ.Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ հափշտակություն կատարելու վերաբերյալ, որին տրվել է թիվ 13140312/1 համարը:
2012 թվականի սեպտեմբերի 20-ին Մարգար Հակոբյանի վերաբերյալ թիվ 13140312 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 15-ի դատավճռով Մարգար Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով:
3. Ամբաստանյալ Մ.Հակոբյանի պաշտպան Ռ.Սիրեկանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի մարտի 7-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 15-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 7-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Մ.Հակոբյանի պաշտպան Ռ.Սիրեկանյանը:
Վճռաբեկ դատարանի 2013 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ ամբաստանյալ Մ.Հակոբյանի պաշտպան Ռ.Սիրեկանյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Մ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, նախնական համաձայնության գալով ինքնությունը չպարզված անձնավորության հետ, 2012թ. մայիս ամսվա ընթացքում, միասնական հանցավոր մտադրությամբ միավորված, Երևան քաղաքի «Հաղթանակ» կամուրջի հենասյուների վրայից քանդելով գաղտնի հափշտակել է «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող զգալի չափի` ընդհանուր 180.000 ՀՀ դրամ արժողությամբ 3 հատ լուսարձակներ» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 160):
6. Անհայտ անձի կողմից Մ.Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ «Հաղթանակ» կամրջի լուսարձակները գաղտնի հափշտակելու վերաբերյալ սույն քրեական գործից մաս անջատելու մասին քննիչի 2012 թվականի սեպտեմբերի 14-ի որոշման մեջ արձանագրված է` «Գողությունը միայնակ կատարելու վերաբերյալ մեղադրյալ Մ.Հակոբյանի ցուցմունքը ստուգելու նպատակով վերջինիս առաջարկվել է մասնակցել քննչական փորձարարությանը և միայնակ «Հաղթանակ» կամրջի հենասյանը մոնտաժված լուսարձակն ապամոնտաժել և ցած իջեցնել, սակայն մեղադրյալ Մ.Հակոբյանը հրաժարվել է իր իսկ ցուցմունքում նշված հանգամանքը ստուգելու համար նախատեսված քննչական գործողությանը մասնակցելուց, որպիսի պայմաններում ակնհայտ է, որ մեղադրյալ Մ.Հակոբյանը հանցագործությունը կատարել է ինքնությունը չպարզված անձնավորության հետ նախնական համաձայնության գալով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 165-167):
7. Գործով ձեռք բերված ապացույցների իրավական վերլուծության արդյունքում Առաջին ատյանի դատարանը, հաստատված համարելով վերը նշված մեղադրանքը, արձանագրել է, որ «(...) ամբաստանյալ Մ.Հակոբյանի ցուցմունքները՝ լուսարձակները միայնակ հափշտակելու մասին, իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու հարցում հանցակցին օգնելու, համեմատաբար մեղմ պատիժ ստանալու նպատակ են հետապնդում և հերքվում են արդեն իսկ նշված ապացույցներով:
(...) [Դ]ատարանը գտնում է, որ ամբաստանյալ Մ.Հակոբյանի կողմից, նրա մեղավորությամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողություն կատարելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 82):
8. Վերաքննիչ դատարանը, քննարկելով Մ.Հակոբյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելու վերաբերյալ պաշտպան Ռ.Սիրեկանյանի փաստարկը, նշել է՝ « (…) Վերաքննիչ դատարանը ուսումնասիրելով և վերլուծելով գործի ապացույցները, նույնպես հանգում է համոզման, որ ամբաստանյալ Մ.Հակոբյանի ցուցմունքները` լուսարձակները միայնակ հափշտակելու մասին, իրականությանը չեն համապատասխանում և արժանահավատ չեն:
Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները, մասնավորապես` գողությունը միայնակ կատարելու անհնարինությունը վկայող դեպքի վայրի վերը նկարագրված իրադրությունը, գողությունը միայնակ կատարելու հարցը պարզելու նպատակով քննչական փորձարարությանը մասնակցելուց Մ.Հակոբյանի խուսափելու փաստը, հանգում է համոզման, որ ամբաստանյալ Մ.Հակոբյանը գողությունը կատարել է մեկ այլ անձի հետ միասին:
(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ Մ.Հակոբյանի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության, որ ամբաստանյալ Մ.Հակոբյանի մեղավորությունը հիմնավորված է Առաջին ատյանի դատարանում դատաքննության ժամանակ հետազոտված և դատավճռում շարադրված` ամբաստանյալի հանցանքը հիմնավորող ապացույցներով, որոնցով և հերքվում են վերաքննիչ բողոքում նշված, ինչպես նաև Վերաքննիչ դատարանում` դատաքննության ժամանակ, ամբաստանյալ Մ.Հակոբյանի պաշտպան Ռ.Սիրեկանյանի բերած ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չլինելու վերաբերյալ պատճառաբանությունները:
(…) Վերաքննիչ դատարանը, քննության ենթարկելով ամբաստանյալ Մ.Հակոբյանի պաշտպան Ռ.Սիրեկանյանի վերաքննիչ բողոքի փաստարկները, դրանք համադրելով քրեական գործով ձեռք բերված ապացույցների հետ, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, նույնպես հանգում է այն հետևության, որ Մարգար Գագիկի Հակոբյանի մեղքը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքում հաստատված է: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 152-153):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
9. Բողոք բերած անձը նշել է, որ սույն գործով ստորադաս դատական ատյանների դատական ակտերը օրինական, հիմնավորված և պատճառաբանված չեն, կայացվել են նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով:
Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ սույն գործով նախաքննության և դատաքննության ընթացքում իր պաշտպանյալը ցուցմունք է տվել այն մասին, որ լուսարձակները միայնակ է գողացել, բացի այդ, քրեական գործով ձեռք չեն բերվել ապացույցներ, որոնք կհիմնավորեին, որ իրեն վերագրվող արարքը Մ.Հակոբյանը կատարել է ինքնությունը չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ:
Վերոգրյալի հիման վրա, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածում ամրագրված դրույթն այն մասին, որ մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի, բողոք բերած անձը գտել է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը պետք է վերաորակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով:
10. Ուստի, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 15-ի դատավճիռը, Մարգար Հակոբյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, Մարգար Հակոբյանի նկատմամբ նշանակել վերագրվող արարքի համար նախատեսված մեղմ պատիժ՝ տուգանք, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պայմանական չկիրառել:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ապացուցվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ Մ.Հակոբյանը հափշտակությունը կատարել է այլ անձի (անձանց) հետ նախնական համաձայնությամբ:
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն՝ «Միայն ապացույցների հիման վրա են հաստատվում`
1) դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն).
2) կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին.
3) հանցագործության` քրեական օրենքով նախատեսված հատկանիշները.
4) անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ.
5) քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները.
6) այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:
Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) քրեադատավարական օրենքով ապացույցներին և ապացուցման գործընթացին ներկայացվող պահանջները հետևյալն են.
ա) ապացույցները պետք է պարունակեն ոչ թե գնահատողական դատողություններ, կարծիքներ, այլ կոնկրետ փաստական տվյալներ որոշակի գործողությունների, իրադարձությունների վերաբերյալ, (…):
(…) Ապացույցների գնահատումը, որպես ապացուցման գործընթացի տարր, իրենից ներկայացնում է մտավոր, տրամաբանական գործունեություն, որի արդյունքում եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա: Ներքին համոզմունքը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:
Ապացույցները, որոնք հավաքվել և ստուգվել են օրենքին համապատասխան, կազմում են ներքին համոզմունքի այն օբյեկտիվ հիմքը, որն իր դրսևորումն է գտնում ընդունվող որոշումներում: Թեպետ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, այն չի կարող լինել կամայական: Դրա հիմքում պետք է դրված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը: (…)» (տե՛ս Մակար Ռազմիկի Հովհաննիսյանի և Աշոտ Վաղարշակի Մարտիրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 որոշման 13-14-րդ կետերը):
13. ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի համաձայն` « (…) Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն`
«(…)
3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:
4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի»:
Մեջբերված սահմանադրական և քրեադատավարական դրույթները մեկնաբանելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված՝ Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի գործով որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշման համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների կամայական գնահատման արգելքը դատարաններին պարտավորեցնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում թվարկված՝ ապացուցման ենթակա հանգամանքների, այդ թվում՝ կոնկրետ հանցանքի հատկանիշների և այդ հանցանքի մեջ անձի մեղավորության վերաբերյալ իր հետևությունները հիմնավորել վերաբերելի, փոխկապակցված, հավաստի ապացույցներով և ոչ թե ենթադրություններով: Այլ խոսքով՝ հանցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի վերաբերյալ` ապացուցման ենթակա յուրաքանչյուր հանգամանքի կապակցությամբ դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի ոչ թե գնահատողական դատողությունների, կանխատեսումների կամ կարծիքների, այլ կոնկրետ գործով օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ մեղսագրվող հանցագործության և դրա հատկանիշների ապացուցման բեռը կրում է մեղադրանքի կողմը, իսկ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի: Դրանից հետևում է, որ մեղադրանքի կողմը կրում է անձի մեղքը հաստատելու համար բավարար ապացույցներ ներկայացնելու պարտականությունը: Այս հանգամանքը բազմիցս շեշտադրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Մասնավորապես, Եվրոպական դատարանը կարևորել է կոնկրետ գործով արդար դատական քննություն կատարված լինելու վերաբերյալ իր համոզմունքի ձևավորումը և նշել է, որ քրեական վարույթի իմաստով արդար դատական քննությունը ներառում է նաև անմեղության կանխավարկածի պահպանումը, ինչը նշանակում է, որ դատավորը չպետք է ելնի այն կանխավարկածից, թե անձը կատարել է իրեն մեղսագրվող հանցանքը, հանցանքի կատարման մեջ անձի մեղավորությունն ապացուցելու պարտականությունը կրում է դատախազությունը և կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի (տե՛ս Թելֆներն ընդդեմ Ավստրիայի (TELFNER v. AUSTRIA) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2001 թվականի մարտի 20-ի վճիռը, գանգատ թիվ 33501/96, կետ 15, ինչպես նաև Նատունենն ընդդեմ Ֆինլանդիայի (NATUNEN v. FINLAND) գործով 2009 թվականի մարտի 31-ի վճիռը, գանգատ թիվ 21022/04, կետ 53):
14. ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն՝
«1. Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը:
2. Կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մասնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այլ այնպիսի անձանց օգտագործելու միջոցով, ովքեր օրենքի ուժով ենթակա չեն քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել են անզգուշությամբ: (....)»:
Հանցակցության հատկանիշների և ձևերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել Ա.Մաթևոսյանի և Ռ.Հարությունյանի գործով որոշման մեջ (տե՛ս Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանի և Ռաֆիկ Արայիկի Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ՎԲ-48/08 որոշման 28-29-րդ կետերը), ինչպես նաև Ա.Միքայելյանի և Ա.Վաղարշակյանի գործով որոշման մեջ (տե՛ս Արամ Արշավիրի Միքայելյանի և Արայիկ Ժորժիկի Վաղարշակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԱՔԴ/0174/01/11 որոշման 17-րդ կետը):
ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես՝ մինչև հանցագործությունն սկսելը, պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու մասին»:
Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցանք կատարելու հարցերին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հ.Սարգսյանի և այլոց գործով որոշման մեջ (տե՛ս Հակոբ Հայկի Սարգսյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԼԴ/0136/01/10 որոշման 11-18-րդ կետերը):
15. Սույն գործի նյութերից երևում է, որ նախաքննության ընթացքում Մ.Հակոբյանի հետ միասին «Հաղթանակ» կամրջի հենասյուների վրայից 3 հատ լուսարձակները նախնական համաձայնությամբ մեկ միասնական դիտավորությամբ գաղտնի հափշտակելու մեջ մեղադրվել է նաև այլ անձ, որի նկատմամբ քրեական հետապնդումը արդարացման հիմքով դադարեցվել է ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ: Դրանից հետո, չնայած Մ.Հակոբյանը մշտապես պնդել է, որ գողությունը կատարել է միայնակ, նախաքննության մարմինը քրեական գործից մաս է անջատել և առանձնացրել առանձին վարույթում (տե՛ս սույն որոշման 1-ին կետը): Անհայտ անձի կողմից Մ.Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ «Հաղթանակ» կամրջի լուսարձակները գաղտնի հափշտակելու վերաբերյալ սույն քրեական գործից մաս անջատելու մասին որոշման մեջ նախաքննության մարմինն արձանագրել է, որ մեղադրյալ Մ.Հակոբյանի ցուցմունքն ստուգելու նպատակով նրան առաջարկվել է մասնակցել քննչական փորձարարությանը և միայնակ «Հաղթանակ» կամրջի հենասյանը մոնտաժված լուսարձակն ապամոնտաժել և ցած իջեցնել, սակայն մեղադրյալ Մ.Հակոբյանը հրաժարվել է (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Քննչական փորձարարությանը մասնակցելուց Մ.Հակոբյանի հրաժարումը նախաքննության մարմինը գնահատել է որպես հաստատում այն հանգամանքի, որ նա հանցագործությունը կատարել է ինքնությունը չպարզված անձնավորության հետ նախնական համաձայնության գալով: Հետագայում, այդպես էլ չբացահայտելով խմբի մեջ ընգրկված մյուս անձին կամ անձանց` նախաքննության մարմինը Մ.Հակոբյանին մեղսագրել է լուսարձակների հափշտակությունը «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ» կատարելու ծանրացնող հատկանիշը (տե՛ս սույն որոշման 5-6-րդ կետերը):
Սույն գործով ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ամբաստանյալ Մ.Հակոբյանի ցուցմունքները՝ լուսարձակները միայնակ հափշտակելու մասին, իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու հարցում հանցակցին օգնելու, համեմատաբար մեղմ պատիժ ստանալու նպատակ են հետապնդում (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը ևս գտել է, որ ամբաստանյալ Մ.Հակոբյանի ցուցմունքները` լուսարձակները միայնակ հափշտակելու մասին, իրականությանը չեն համապատասխանում և արժանահավատ չեն: Իր այս եզրակացության հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է այն հանգամանքը, որ Մ.Հակոբյանը խուսափել է մասնակցել քննչական փորձարարությանը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
16. Սույն որոշման 15-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված վերլուծության համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հափշտակություն կատարելու մեջ Մ.Հակոբյանի մեղավորությունը Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել` հիմք ընդունելով ոչ թե ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ձեռք բերված, վերաբերելի, թույլատրելի և հավաստի ապացույցների բավարար ամբողջությունը, այլ մեղադրյալի կողմից քննչական փորձարարությանը մասնակցելուց հրաժարվելու փաստի վրա հիմնված ենթադրությունը:
17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապացուցված չէ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ Մ.Հակոբյանը հափշտակությունը կատարել է այլ անձի (անձանց) հետ նախնական համաձայնությամբ: Այս առումով Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածով ամրագրված՝ ապացույցների գնահատման պահանջը:
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Մ.Հակոբյանի արարքը «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված լինելու» հատկանիշով որակելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով երաշխավորված` անձի մեղավորության մասին հետևությունը ենթադրությունների վրա չհիմնելու, ինչպես նաև բոլոր չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու սկզբունքների խախտում:
18. Սույն որոշման 12-17-րդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, չհիմնավորված որոշման կայացմանը: Թույլ տրված խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մարգար Գագիկի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 15-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի մարտի 7-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Ուստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Մարգար Գագիկի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի մարտի 7-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|