Գլխավոր տեղեկություն
Номер
N 958-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (28.09.2013-12.06.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.09.18/51(991) Հոդ.855
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.08.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.09.2013
Дата вступления в силу
28.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2013 թվականի N 958-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 7-րդ հոդվածների ու 16-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի գոտևորման նախագիծը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) սույն կետում նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`

ա. սույն որոշման հավելվածում նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման միջոցով Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված ոչ սեյսմակայուն, հին և խարխուլ շինություններով, որի փոխարեն նախատեսվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատում: Որոշ հատվածներում, կառուցապատման ծրագրերի շրջանակներում, ստեղծվելու են ստորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ, ինչպես նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները,

բ. համաձայն քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները կհանդիսանան ճարտարապետական համալիրներ` պահպանելով և ապահովելով ներդաշնակ կառուցապատում, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված տարածքներում առկա հին և խարխուլ բնակարանային ֆոնդի փոխարեն նոր, սեյսմակայուն բնակարանային ֆոնդի կառուցում, ինչպես նաև կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղերը հնարավորություն կընձեռեն նվազեցնելու Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածությունը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`

ա. դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, արդեն իսկ կառուցապատվել է Հյուսիսային պողոտան,

բ. տարածքներում անհնար է ապահովել բնականոն երթևեկություն, ջրամատակարարում, ջրահեռացում և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով: Կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին իրականացնել քաղաքաշինական ծրագիրը` հին Երևանի ճարտարապետական ոճը համադրելով այժմյան կառուցվող շենքերի, շինությունների հետ, բացի դրանից, տարածքում արդեն իսկ մասնակիորեն կատարված են սեփականության իրացման աշխատանքներ:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները ձեռք բերողը «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է.

2) նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակվում է Երևանի քաղաքապետին.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2015 թվականի հունվարի 1-ն է.

4) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է լիազոր մարմին ճանաչված Երևանի քաղաքապետը.

5) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.

6) սույն որոշման հավելվածում նշված տարածքները ձեռք բերողի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա տարածքները ձեռք բերողի և լիազոր մարմնի միջև կնքված և սույն որոշմանը կցված պայմանագրին, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշմանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

3. Ընդունել ի գիտություն, որ «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ստանձնել է պայմանագրային պարտավորություն՝ պետությունը զերծ պահել ցանկացած վնասից և պատասխանատվությունից, որոնք կարող են առաջանալ սեփականության օտարման արդյունքում կամ հետևանքով՝ կապված սեփականության դիմաց փոխհատուցման անհամարժեքության, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրի իրականացման հետ:

4. Լիազորել Երևանի քաղաքապետին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքներում առկա` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` պետության և հասարակության կարիքների համար գույքի օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 13

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 29-ի N 958-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

 

NN
ը/կ

Գտնվելու վայրը և նկարագիրը

Նկարագրության
արձանագրության
կազմման ժամկետը

1.

Պուշկինի 2 շենքն ամբողջությամբ. Պուշկինի 2 շ. հ. 2, բն. 7. Պուշկինի 4 շենք, հհ. 7, 8, 9, 9ա բնակարաններ. Պուշկինի 4. Պուշկինի 4 շենքի բակ. Պուշկինի 4 տուն. Պուշկինի 8. Պուշկինի 8, բն. 3. Պուշկինի 10-1 և 6ա. Պուշկինի 10, բն. 3, Պուշկինի 10, հ. 6 տարածք. Պուշկինի 10 շենքի բակում ավտոտնակ. Պուշկինի 10 շենքի բակում խորդանոց. Բելյակովի 9. Բելյակովի փողոց, հ. 9/1 (N 1 սխեմա)

 4 ամիս

2.

Լալայանց 37 շենքի հհ. 3, 4, 5, 8, 16, 17, 19 բնակարաններ. Լալայանց 37, արվեստանոց. Լալայանց 37, ավտոտնակ. Տերյան 23 բազմաբնակարան շենքի հհ. 2, 5, 6, 10, 13, 14, 15, 16, 19 բնակարաններ. Տերյան 23 շենքում կիսանկուղային արվեստանոց. Տերյան 25 բազմաբնակարան շենքի հհ. 2 և 3, 5, 6, 8, 10, 11, 12 և 13, 12-13, 14, 19, 22 և 23, 26, 29, 30 բնակարաններ. Տերյան 25, բն. 30, խորդանոց. Տերյան 25, հ. 21 գրասենյակ և նկուղ. Տերյան 25, արվեստանոց. Տերյան 25, կիսանկուղ. Տերյան 25 և Լալայանց 37, ավտոտնակ. Կողբացու 42. Կողբացու 42 շենքի բակ, ավտոտնակ. Կողբացու 42, ավտոտնակ. Կողբացու 42, հ. 6 կաթսայատուն. Կողբացու 50ա (N 2 սխեմա)

 4 ամիս

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

Ներմուծեք նկարագրությունը_2389

Ներմուծեք նկարագրությունը_2390

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.06.2021, N 946-Ն 12.06.2021, N 958-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան