Գլխավոր տեղեկություն
Номер
N 446-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (15.08.2013-07.11.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.05.05/18(752) Հոդ.486
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.03.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.04.2010
Дата вступления в силу
06.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 2010 թվականի N 446-Ն

 

«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ`

1) «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված՝ Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրով և Հայաստանի Հանրապետության ու Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի հոկտեմբերի 12-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 1 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրով և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման նպատակով կնքվելիք այլ համաձայնագրերով նախատեսված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքների կատարումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված՝ «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրով (այսուհետ` բոլորը միասին` համաձայնագիր) նախատեսված ծրագրի Հայաստանի և Վրաստանի միջև գտնվող Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման բաղադրիչի իրականացման աշխատանքների կատարումը, այդ թվում` ապրանքների, ծառայությունների գնումներն իրականացնելու, կառավարելու, վերահսկելու և գնահատելու գործառույթների կատարումը.

2) «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունն է.

3) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանն են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե» և «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները.

4) մինչև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկի արժողությամբ գույքը, բացառությամբ հողի, շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի, կարող է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվել սեփականության իրավունքով, իսկ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, հողը, շենքերը, շինությունները և պատմամշակութային նշանակության գույքը նշված կազմակերպությանը տրվում են անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

(2-րդ կետը խմբ. 01.08.13 N 834-Ն)

3. Թույլատրել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության «Ուրիշ խմբերում չներառված այլ ֆինանսական միջնորդություն (65.23.9)» տեսակը:

4. Հաստատել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 29
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մարտի 11-ի N 446-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է (այսուհետ` կազմակերպություն):

2. Կազմակերպությունն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր) 2010 թվականի մարտի 11-ի N 446-Ն որոշմամբ` հիմնադրման միջոցով:

3. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված` Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրով և Հայաստանի Հանրապետության ու Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի հոկտեմբերի 12-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 1 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրով, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման նպատակով կնքվելիք այլ համաձայնագրերով ու «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրով (այսուհետ` բոլորը միասին` համաձայնագիր) և սույն կանոնադրությամբ:

(3-րդ կետը լրաց. 01.08.13 N 834-Ն)

4. Հիմնադրի և կազմակերպության միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

5. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն ու անգլերեն անվանմամբ կլոր կնիք:

6. Կազմակերպությունը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

7. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և հաշիվներ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:

8. Կազմակերպության անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն կրճատ` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ.

3) անգլերեն լրիվ` «Organization for Implementation of North-south Road Corridor Investment Program» State Non Comertion Organization.

4) անգլերեն կրճատ` «Organization for Implementation of North-south Road Corridor Investment Program» SNCO:

9. Կազմակերպության գտնվելու վայրն է` քաղ. Երևան, 0010, Նալբանդյան 28:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

10. Կազմակերպության գործունեության հիմնական նպատակը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման աշխատանքների կատարումն է:

(10-րդ կետը լրաց. 01.08.13 N 834-Ն)

11. Կազմակերպության խնդիրները և հիմնական գործառույթներն են`

1) առանձին տրանշերի ֆինանսավորմանը հավակնող ծրագրերի ընտրության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

2) շինարարական աշխատանքների նախագծերի ուսումնասիրությունը և հավանության արժանացնելը.

3) գնումների պլանավորումը և իրականացումը.

4) ընտրված կապալառուների, մատակարարների և խորհրդատուների հետ (ծրագրի նախապատրաստման, շինարարական աշխատանքների նախագծման և անկախ տեխնիկական հսկողության) պայմանագրերի կնքումը և դրանցից բխող պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.

5) ծրագրի ֆինանսական կառավարումը` ներառյալ ծրագրի վարկային միջոցների առհանման հայտերի պատրաստումը, կապալառուներին, մատակարարներին և խորհրդատուներին վճարումների կատարումը, հաշվապահության վարումը.

6) բնապահպանական և սոցիալական պաշտպանության միջոցառումների իրականացմանն օժանդակությունը.

7) ծրագրի իրականացման ու արդյունքների մոնիթորինգը և հաշվետվություններ ներկայացնելն ու հանրային իրազեկումը.

8) շահագործման և պահպանման մոդելների ներդրումը և կառավարումը, այդ թվում` կատարողականի վրա հիմնված պետական-մասնավոր համագործակցությամբ.

9) համաձայնագրի իրականացման շրջանակներում անհրաժեշտ կամ իրատեսորեն պահանջվող այլ գործողությունների իրականացումը:

12. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի համակարգման և վերահսկման նպատակով ստեղծված է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհուրդ, որը գործում է համաձայնագրով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի N 892-Ա որոշմամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:

13. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության «Ուրիշ խմբերում չներառված այլ ֆինանսական միջնորդություն (65.23.9)» տեսակը:

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

14. Կազմակերպությունն օգտվում է համաձայնագրով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված արտոնություններից:

15. Կազմակերպության իրավունակությունը ծագում է օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

16. Կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները uահմանվում են սույն կանոնադրությամբ, համաձայնագրով և Հայաստանի Հանրապետության օրենքներով:

17. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող:

18. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի, իսկ հիմնադիրը` կազմակերպության պարտավորությունների համար:

19. Կազմակերպության իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով:

20. Կազմակերպությունը պարտավոր է`

1) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.

2) ապահովել կազմակերպության փաստաթղթերի պահպանումը.

3) համաձայնագրով նախատեսված ծրագրի ավարտից հետո ամփոփ հաշվետվություն ներկայացնել լիազորված պետական մարմին.

4) լիազորված պետական մարմնի կողմից իր տարեկան ֆինանսական հաշվետվության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում այն հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով:

21. Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության գործակալն է և համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության հաշվին` Հայաստանի Հանրապետության անունից:

22. Կազմակերպությունն իր պահպանման ծախսերն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կողմից որպես գործակալական վարձատրություն տրվող գումարների հաշվին:

23. Համաձայնագրով նախատեսված ծրագրի շրջանակներում կազմակերպության պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը, դրանում առանձին ծախսատեսակների նորմատիվները (ներառյալ աշխատավարձը) և հաստիքացուցակը հաստատվում են լիազորված պետական մարմնի կողմից:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

24. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը և գլխավոր գործադիր տնօրենը:

25. Կազմակերպության հիմնադրի բացառիկ իրավասության հարցերն են`

1) կազմակերպության հիմնադրումը.

2) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) կազմակերպության կանոնադրության հաստատումը.

4) օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը:

26. Լիազորված պետական մարմնի իրավասության հարցերն են`

1) կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

2) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.

3) կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

4) կազմակերպության գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը.

5) կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը.

6) կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ հսկողության իրականացումը.

7) կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ հսկողության իրականացումը.

8) կազմակերպության գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնություն տալը.

9) կազմակերպության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

10) օրենքով, համաձայնագրով և հիմնադրի որոշումներով նախատեսված այլ գործառույթներ:

27. Կազմակերպության գործադիր մարմինը (աշխատակազմը (տնօրենը և մյուս աշխատողները) աջակցում է կազմակերպության կառավարման խորհրդին` համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման վերահսկողության գործում, իրականացնում համաձայնագրով նախատեսված ծրագրի ընդհանուր կառավարումը, այդ թվում`

1) մշակում, փոփոխում և վերահսկում է իրագործման պլանի բոլոր մասերը, աուդիտի պլանները և աուդիտի արդյունքում տրված հանձնարարականների նկատմամբ վերաբերմունքը, կադրային պլանները և համապատասխան վճարումների հայտագրերի պատրաստումը և դրանք կառավարման խորհրդի հաստատմանը ներկայացնելը, ինչպես նաև հետևում է նշված խնդիրների իրականացմանը.

2) կառավարում, իրականացնում, համակարգում և վերահսկում է ծրագրի ու նախագծերի մոնիթորինգը և գնահատումը.

3) մշակում, վերահսկում, կառավարում, համակարգում և իրականացնում է ծրագրեր, որոնք կարող են անհրաժեշտ լինել համաձայնագրի արդյունավետ իրագործմանը նպաստելու համար, ինչպես նաև ձեռք է բերում ու պահպանում կառավարման տեղեկատվական համակարգեր` ապահովելու համար ֆինանսական և ծրագրային տեղեկատվության պատշաճ գրանցումը.

4) պատրաստում է ծրագրի ֆինանսական ու հաշվապահական հաշվառման մասին հաշվետվությունները և աուդիտային հաշվետվություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող բոլոր ֆինանսական ու հաշվապահական հաշվետվությունները.

5) վարում է ծրագրի (այդ թվում` յուրաքանչյուր ծրագրի համար` առանձին) հաշվապահական հաշվառումը.

6) իրականացնում և վերահսկում է գնումները` համաձայն «Գնումների մասին» պայմանագրի ու գնումների վերաբերյալ ուղեցույցներով սահմանված չափանիշների.

7) կառավարման խորհրդին ներկայացնում է խորհրդատվություն և գրավոր առաջարկություններ` ներառյալ կառավարման խորհրդի կողմից որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը` որոշումների վերաբերյալ առաջարկություններով.

8) հանդիպում է շահառուների խորհրդի հետ` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, կառավարման խորհրդին տրամադրում է հաշվետվություններ հաշվետու ժամանակամիջոցում շահառուների հանձնաժողովի հետ հանդիպումների և դրա կողմից կատարված առաջարկությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին.

9) պատրաստում և տրամադրում է ծրագրին վերաբերող հարկային արտոնությունների մասին տեղեկանքներ.

10) կատարում է ծրագրի իրականացումը կառավարելու իր գործառույթի շրջանակներում ցանկացած այլ պարտականություն, որը ժամանակ առ ժամանակ կարող է պահանջվել կառավարման խորհրդի կողմից:

28. Կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենը գործում է սույն կանոնադրության, համաձայնագրի և հիմնադրի կողմից տրված հանձնարարականների համաձայն:

29. Կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենը ղեկավարում է կազմակերպության ընթացիկ գործունեությունը և դրա հետ կապված`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է կազմակերպության գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները) և գործարքներ կնքում կազմակերպության անունից.

2) ներկայացնում է կազմակերպությունն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

3) գործում է առանց լիազորագրի և տալիս լիազորագրեր.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

5) բանկերում բացում է կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

6) հաստատում է կազմակերպության կառուցվածքը.

7) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և հսկում դրանց կատարումը.

8) մրցութային կարգով աշխատանքի է ընդունում կազմակերպության աշխատողներին.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմքերի առկայության դեպքում աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին.

10) կազմակերպության աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

11) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, համաձայնագրով և հիմնադրի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ:

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

30. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրումից հետո` հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից, ինչպես նաև կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտներից` բացառությամբ սույն կանոնադրության 39-րդ կետում նախատեսված դեպքի:

31. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ, տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

32. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

33. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

34. Կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

35. Կազմակերպության կողմից կառավարվող (սպասարկվող) համաձայնագրով նախատեսված դրամաշնորհային միջոցները համարվում են պետական միջոցներ, որոնց ծախսման իրավասությունը, ըստ ծախսերի նախահաշվի, վերապահվում է կազմակերպությանը, և հաշվառվում են կազմակերպության արտահաշվեկշռում` հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն գործակալին հանձնված միջոցների հաշվառման կանոններին համապատասխան:

36. Համաձայնագրով նախատեսված դրամաշնորհային միջոցների հաշվին ձեռք բերված (գնված) նյութական և ոչ նյութական արժեքները համարվում են պետական սեփականություն` բացառությամբ կազմակերպության կարիքների համար ձեռք բերվածի, և հաշվառվում են կազմակերպության արտահաշվեկշռային հաշիվներում` մինչև համապատասխան ստացողին հանձնելը, որից հետո հաշվառվում են համապատասխան ստացողի հաշվապահական հաշվեկշռում` որպես սեփականություն կամ ստացողին ամրակցված գույք:

 

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

37. Կազմակերպությունը սույն կանոնադրությամբ նախատեսված խնդիրներն իրականացնելիս ստացված շահույթն ամբողջությամբ ուղղում է իր կանոնադրական նպատակների իրականացմանը:

38. Յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո մնացած կազմակերպության շահույթը կազմակերպության լիազորված պետական մարմնի թույլտվությամբ ուղղվում է կազմակերպության տեխնիկական զարգացման ֆոնդին:

39. Կազմակերպությանն ամրացված գույքը վարձակալության հանձնելիս ստացված վարձավճարները պետք է ուղղվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

40. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

41. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

42. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

43. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

44. Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

45. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

 46. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

VIII. ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

47. Սույն կանոնադրության որևէ դրույթի և համաձայնագրի որևէ դրույթի միջև հակասությունների առկայության դեպքում գերակայում է համաձայնագրի համապատասխան դրույթը:

48. Համաձայնագրի դրույթների փոփոխման դեպքում` կառավարման խորհուրդը հնարավորինս սեղմ ժամկետում` նշված փոփոխությունների մասին տեղեկացնում է լիազոր մարմնին` առաջարկելով Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով սույն կանոնադրության պահանջները համապատասխանեցնել համաձայնագրում կատարված փոփոխությունների հետ:

(հավելվածը լրաց. 01.08.13 N 834-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.10.2014, N 1182-Ն 07.11.2014, N 446-Ն
01.08.2013, N 834-Ն 15.08.2013, N 446-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան