Գլխավոր տեղեկություն
Номер
N 442-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.05.2013-27.09.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.05.08/24(964).1 Հոդ.426.2
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.04.2013
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
03.05.2013
Дата вступления в силу
09.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2013 թվականի N 442-Ն

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2013 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2013 թվականի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 3

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

ապրիլի 18-ի N 442-Ն որոշման

 

2 0 1 3  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ընդհանուր նկարագիրը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առաջնայնություններից մեկը եղել և մնում է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացումը: Ներկայումս բազմաթիվ ծրագրեր են իրականացվում ոլորտի որակյալ կադրերի պատրաստման և վերապատրաստման, ոլորտում արտահանման և ներդրումների ծավալների մեծացման, ձեռներեցության խթանման, սկսնակ ընկերությունների ձևավորմանն աջակցման ու աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ, որոնք ի վերջո կնպաստեն Հայաստանի տնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացմանը, գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանմանն ու Հայաստանի` որպես տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաներ ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանը:

2001 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության ինֆորմացիոն (տեղեկատվական) տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգը, 2008 թվականին` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը, իսկ 2010 թվականին` Հայաստանում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգը: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի ՆՀ-896 հրամանագրով ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը (այսուհետ` ՏՏԶԱԽ), որի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ ՏՏԶԱԽ-ը, հանդիսանալով կապող օղակ Հայաստանի Հանրապետության կառավարության և ՏՏ-ի բիզնեսի, կրթական հաստատությունների, ՏՏ-ի հասարակական կազմակերպությունների, դոնոր և միջազգային կազմակերպությունների միջև, կազմակերպում և անցկացնում է էլեկտրոնային հասարակության կայացմանն ու ՏՏ-ի արդյունաբերության խնդիրների լուծմանը նպաստող քննարկումներ։

Վերջին տասնամյակում կնքվել են փոխըմբռնման հուշագրեր և համագործակցության պայմանագրեր ինչպես տարբեր երկրների` Հնդկաստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և այլն, այնպես էլ՝ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի տեխնոլոգիական առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «Ալկաթելը», «Հյուլեթ Փակարդը», «Սան Մայքրոսիսթեմսը», «Նեյշնլ Ինսթրումենթսը», «Մենթոր Գրաֆիքսը», «Սիսկոն», «Ինթելը», «Սինոփսիսը», «Դ-Լինքը», «Նոկիան» և այլն։

Կազմակերպվել են «Արմթեք» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովը և «Դիջիթեք» տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների մասնագիտացված ցուցահանդեսը:

Ոլորտն այսօր ապահովում է բարձր եկամտաբերություն և գրավիչ է խոշորածավալ օտարերկրյա ներդրումների համար:

2012 թվականի դրությամբ ՏՏ-ի ոլորտում գործում է ավելի քան 350 ընկերություն: Ոլորտում ներգրավված է մոտավորապես 7800 մասնագետ:

2012 թվականին ՏՏ-ի ոլորտի տարեկան շրջանառությունը կազմել է շուրջ 250 մլն ԱՄՆ-ի դոլար:

1998 թվականից ի վեր ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 25 տոկոս աճ:

Էլեկտրոնային կառավարման համակարգերի առավելագույն կիրառումը խթանելու նպատակով 2010 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներդրվել է www.e-gov.am էլեկտրոնային կառավարման պորտալը, որի նպատակն է մեկտեղել Հայաստանի Հանրապետության պետական գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման բոլոր գործիքներն ու տվյալների շտեմարանները և հարմարավետ միջավայր ստեղծել դրանց օգտագործման համար: Կայքում մատուցվում են լիցենզիաների հայտերի էլեկտրոնային ընդունման, լիցենզավորված անձանց հաշվետվությունների էլեկտրոնային ընդունման, կազմակերպությունների էլեկտրոնային գրանցման, հարկային հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման, էլեկտրոնային վիզայի, Մտավոր սեփականության գործակալության էլեկտրոնային հայտերի ընդունման և տեղեկատվական որոնման, էլեկտրոնային ստորագրությունների ստացման, ինտերնետով հրապարակային ծանուցման, մեկ անձից կատարվող գնումների, ինտերակտիվ բյուջեի, դատական տեղեկատվական համակարգի, վճարումների պետական էլեկտրոնային համակարգի, անշարժ գույքի կադաստրի էլեկտրոնային համակարգի, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության էլեկտրոնային աճուրդի համակարգի, Հայաստանի իրավական տեղեկատվության համակարգի, քաղաքացիների դիմումների ընթացքին առցանց հետևելու, ռեեստրների և այլ ծառայություններ։ Էլեկտրոնային կառավարման պորտալի՝ նոր ծառայություններով համալրումը կրում է շարունակական բնույթ: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում այլ էլեկտրոնային ծառայությունների` էլեկտրոնային առողջապահության, էլեկտրոնային կրթության, էլեկտրոնային արխիվների, էլեկտրոնային վիճակագրական հաշվետվությունների, էլեկտրոնային կենսաթոշակային համակարգի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) էլեկտրոնային համակարգի, շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011 թվականի հունվարի 26-ին ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» N 7963-AM վարկային համաձայնագրի համաձայն Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 24 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի չափով վարկ: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում մրցունակ էլեկտրոնային հասարակության ձևավորմանը և ձեռնարկությունների նորարարությանը` ամրապնդելով դրանց հիմքում ընկած ենթակառուցվածքները և նպաստավոր միջավայրը: Համաձայնագրի շրջանակում իրականացվում են Գյումրու տեխնոքաղաքի, «Համակարգիչ՝ բոլորի համար», ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում հայաստանյան ներկայացուցչության հիմնման, Վենչուրային կապիտալի/սկսնակ ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի ստեղծման, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Միջին Ասիայի երկրների համար Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի հիմնման, Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ստեղծման և ՏՏ-ի ոլորտի զարգացմանն ուղղված այլ ծրագրեր:

2012 թվականի հունիսի 1-ից Հայաստանում կիրառվում են նոր կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրեր և նույնականացման քարտեր:

Հայաստանի Հանրապետությունը 2011 թվականի հուլիս ամսվանից երկամյա ժամկետով ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության շրջանակում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների աշխատանքային խմբի գործունեության համակարգումը: 2012 թվականի հոկտեմբերի 4-5-ը Երևանում անցկացվեց նշված աշխատանքային խմբի նիստը, որին մասնակցեցին ՍԾՏՀ կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներ, ՍԾՏՀ կազմակերպության քարտուղարության, ինչպես նաև Հայաստանից ներկայացուցիչներ: Նիստի նպատակն էր նպաստել տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների միջև համագործակցությանը, որը հիմք կհանդիսանա երկկողմ և բազմակողմ ծրագրերի մշակման և իրականացման համար:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն և աստիճանական կերպով շարունակում է աջակցել ոլորտի հետագա զարգացմանը։

2012 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացվել էր 80 մլն դրամ` որպես պետական աջակցություն` ուղղված ՏՏ-ի ոլորտի զարգացմանը։ Նշված ծրագրի շրջանակում կատարվել են հետևյալ միջոցառումները`

1) Հայաստանի ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը և խթանելը Հայաստանում և արտերկրում, հետազոտությունը, հասարակական իրազեկումը։

ՏՏ-ի ոլորտի հետազոտության ընդհանուր նպատակն էր հավաքագրել տեղեկություններ Հայաստանի մասնավոր ՏՏ-ի ընկերությունների գործառնության մասին (թե տեղական, թե Հայաստանում գործող արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղերի համար)` ՏՏ-ի ոլորտի վերջին տարիներին գրանցած նվաճումների և ներկա իրավիճակի վերլուծության նպատակով:

2012 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) նախաձեռնությամբ և ԱՄՆ ՄԶԳ-ի Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (ՍSAID, EDMC) ծրագրի աջակցությամբ Հայաստան է հրավիրվել ՏՏ-ի բիզնես միջավայրի և վիճակագրության փորձագետ, որի հետ սերտ համագործակցությամբ ուսումնասիրվել է ՏՏ-ի և բարձր տեխնոլոգիաների ոլորտի բիզնես միջավայրը և, ելնելով առկա մարտահրավերներից, թարմացվել է հետազոտության մեթոդոլոգիան` ԵՄ-ի չափանիշներին համապատասխան, մշակվել են հետազոտության իրականացման համար անհրաժեշտ հարցաթերթիկները:

Ծրագրի շրջանակում մշակվել և թարմացվել է հետազոտության մեթոդոլոգիան, Հայաստանում գործող կազմակերպությունների ուղեցույցը, որում ներառված են ավելի քան 190 ընկերություններ, մշակվել է վերջնական հաշվետվությունը, որը ներառում է տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի զարգացումները, գործարար միջավայրի ներկա իրավիճակը, իրավական դաշտը, կրթության ոլորտը և այլն.

2) «Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ» միջոցառման շրջանակում անցկացվել են մի շարք համաժողովներ, ցուցահանդեսներ, մրցույթներ: Դրանք են`

ա. 2012 թվականի հոկտեմբերի 5-7-ը «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում գտնվող «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (այսուհետ` ԻՏՁՄ) կողմից կազմակերպվող «Դիջիթեք-2012» տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսը բացեց Հայաստանի Հանրապետության Նախագահը:

 «Դիջիթեք» ցուցահանդեսների հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է:

«Դիջիթեք-2012» ցուցահանդեսին մասնակցեցին շուրջ 120 տեղական և արտասահմանյան ընկերություններ՝ Կորեայից, Սինգապուրից, Ռուսաստանից, Իտալիայից, Գերմանիայից և Վրաստանից: Ցուցահանդես այցելեց ավելի քան 24000 այցելու:

Ցուցահանդեսին կից անցկացվեցին հետևյալ միջոցառումները՝

 «Ճարտարագիտության աշխարհ» (ճարտարագիտական նորարարական լուծումների ցուցադրություն)՝ ընդհանուր տաղավարով հանդես եկան շուրջ 30 տեղական և միջազգային ճարտարագիտական ընկերություններ՝ տարբեր ծառայություններով և լուծումներով` արտադրական պրոցեսների ղեկավարումից և ավտոմատացումից մինչև ուսումնական լաբորատոր ստենդների մշակում,

 ԴիջիԼայֆ սեմինարներ՝ «Տեխնոլոգիաների կիրառումն առօրյա բիզնեսում» սեմինարների շարք,

 Դիջիթեք Սթարթափ՝ ցուցահանդեսի շրջանակում խրախուսվել էր տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ, ինչպես նաև դեղագործության, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտների համար թվային նորարար լուծումներ առաջարկող ընկերությունների մասնակցությունը` նրանց համար սահմանելով մասնակցության հատուկ պայմաններ: Այս հատվածը ցուցահանդեսում ներկայացրեցին 12 նորաստեղծ ընկերություններ,

 տեխնոլոգիական աշխատանքի տոնավաճառ՝ տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն ունեցան հանդիպել գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին և ներկայացնել իրենց տվյալները: Մասնակից կազմակերպություններից էին «Սիներջի Ինթերնեյշնըլ Սիսթըմզ», «Յունիքոմփ», «Օրանժ Արմենիա», «Սփյուռ», «Մակադամիան», «Սորսիո», «ԱյՓիԷսՍի» ընկերությունները և այլն,

 Արմռոբոտիքս՝ Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն,

 «Բաց խաղ» մրցույթ՝ «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն,

 բ. «Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովի ֆինանսավորում» միջոցառում։

Միջոցառման շրջանակում 2012 թվականին հայտարարվել է «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթը, որի ընթացքում ստացված հայտերի թիվը (50 հայտ) մի քանի անգամ գերազանցում է նախորդ տարիների հայտատուների թիվը: Մրցույթի նպատակն էր խթանել խոստումնալից նոր տեխնոլոգիաների բացահայտումը և զարգացումը Հայաստանում: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց 5 ծրագիր:

Բացի դրանից, 2012 թվականին կազմակերպվել է սեմինար՝ 2011 թվականի դրամաշնորհային մրցույթում հաղթած թիմերի համար, որտեղ վերջիններս ներկայացրել են իրականացված աշխատանքները և հաջորդ քայլերը: Կազմակերպվել են նաև պարբերական հանդիպումներ նախորդ տարիներին հաղթած թիմերի հետ, քննարկվել են ծրագրերի արդյունքներն ու առկա զարգացումները:

Միջոցառման շրջանակում, որը տեղի է ունեցել 2012 թվականի հուլիսին, Ծաղկաձորում, մշակվել է «Ուսումնական ճամբար՝ սկսնակ ձեռներեցների համար» ծրագիրը: Սկսնակ թիմերի ու ձեռներեցների համար նախատեսված ճամբարը երկօրյա ինտենսիվ և ինտերակտիվ ուսումնական ծրագիր էր. ԱՄՆ-ից հրավիրված փորձառու ձեռներեցներն ու բիզնեսի զարգացման մասնագետները, հանդես գալով որպես մենթորներ, ճամբարի մասնակիցներին օգնեցին զարգացնել նորարարական մտածելակերպը և «գաղափարի մշակման» կամ «վաղ զարգացման» փուլում գտնվող տեխնոլոգիական ոլորտի խոստումնալից ձեռներեցների շրջանում խթանեցին նոր գաղափարների ձևավորումը: Ճամբարի արդյունքում հաղթող է ճանաչվել երեք թիմ,

 գ. «ՏՏ ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» արտագնա հանդիպում-քննարկումների ֆինանսավորում» միջոցառման շրջանակում 2012 թվականի փետրվարի 24-26-ը Աղվերանի «Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում անցկացվել է «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով 2012 թվականի առաջին հանդիպում-քննարկումը, որը նվիրված էր հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրների քննարկմանը:

2012 թվականի ապրիլի 13-15-ը Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայզ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով 2012 թվականի երկրորդ հանդիպում-քննարկումը, որը նվիրված էր «Տեխնոլոգիական լուծումների և ապրանքների առևտրայնացում» թեմայի քննարկմանը:

2012 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 1-ը Աղվերանի «Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «ՏՀՏ լիդերները՝ առանց փողկապների» խորագրով 2012 թվականի երրորդ հանդիպում-քննարկումը: Ֆորումի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները` «ՏՀՏ և ինովացիոն ոլորտների պետական կառավարման համակարգի կառուցվածքը և գործառույթները», «Տեխնոլոգիական ոլորտում առկա պետական գնումների հետ կապված խնդիրների քննարկում», «Հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները», «Ինժեներական ոլորտի զարգացման հիմնախնդիրները»:

2012 թվականի հոկտեմբեր 12-14-ը Հանքավանի «Անի Ռեզորթ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով 2012 թվականի չորրորդ հանդիպում-քննարկումը, որը նվիրված էր «Տեխնոլոգիական ոլորտի կրթական խնդիրներ» թեմայի քննարկմանը:

2012 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 2-ը Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցում տեղի ունեցավ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով 2012 թվականի հինգերորդ հանդիպում-քննարկումը, որը նվիրված էր Արցախի տեխնոլոգիական զարգացմանը:

 «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով պարբերաբար անցկացվող արտագնա հանդիպում-քննարկումների միջոցով բարձրացվել է հասարակության իրազեկվածությունը և ամրապնդվել են ոլորտի ներքին կապերը` հիմք ստեղծելով նորարարությունների, արտադրողականության բարձրացման և ՏՏ-ի ոլորտի ու հանրության միջև առավել լայն կապերի ամրապնդման համար,

դ. «Դիջիթեք բիզնես ֆորում» միջոցառման շրջանակում 2012 թվականի հունիսի 15-ին և 16-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «Սմարթ Քանթրի-թվային լուծումներ՝ ինովացիոն տնտեսության համար» խորագիրը կրող 5-րդ ամենամյա Դիջիթեք բիզնես ֆորումը, որի շրջանակում գրանցվեց մասնակից կազմակերպությունների մոտավորապես 48 տոկոս աճ: Եթե 2011 թվականին ֆորումին մասնակցում էր շուրջ 40 կազմակերպություն, ապա 2012 թվականին` 59, որից 38-ը` տեղական, իսկ 21-ը` արտասահմանյան: Ընդհանուր առմամբ, Դիջիթեք բիզնես ֆորումը 2012 թվականին ունեցավ շուրջ 1500 այցելու:

«Սմարթ Քանթրի` թվային լուծումներ՝ ինովացիոն տնտեսության համար» խորագիրը կրող Դիջիթեք բիզնես ֆորումում 2012 թվականին ավելացել էր հատկապես արտասահմանյան ընկերությունների և ՏՏ-ի ոլորտի ասոցիացիաների մասնակցությունը: Իրենց երկրի փորձն ու արտադրանքը ներկայացրեցին կազմակերպություններ Բուլղարիայից, Մակեդոնիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Վրաստանից, Դանիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից և Լատվիայից,

ե. «ԱրմԹեք 2012» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի կազմակերպում» միջոցառման շրջանակում 2012 թվականի դեկտեմբերի 10-11-ին ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում, Սթենֆորդի համալսարանում տեղի ունեցավ «ԱրմԹեք» բարձր տեխնոլոգիաների հինգերորդ գլոբալ գործարար համաժողովը, որի նպատակն է աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը, ՏՏ-ի ոլորտի մասնագետների միջև համագործակցությունը և ներդրումների աճը: Համաժողովը հնարավորություն ընձեռեց ամբողջ աշխարհից ավելի քան 200 մասնակիցներին քննարկել Հայաստանի ՏՏ-ի և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարական խնդիրները, գնահատել զարգացման միտումները և ծանոթանալ ոլորտի վերջին նորամուծություններին: Միաժամանակ, այն բացառիկ հնարավորություն հանդիսացավ ԱՄՆ-ի տեխնոլոգիական ոլորտի ազդեցիկ ներկայացուցիչների հետ հանդիպելու և նոր համագործակցային ծրագրերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:

Համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության և «Ինթել» ընկերության միջև կնքվեց Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագիր, իսկ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրվեց Հայաստանում չիպերի գործարան հիմնելու մասին հուշագիր:

Համաժողովի շրջանակում բացվեց նաև Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը ԱՄՆ-ի Սիլիկոնային հովտում, և ստորագրվեց Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիրը: Վենչուրային հիմնադրամը ՏՏ-ի ոլորտում նորաստեղծ կազմակերպություններին հնարավորություն կընձեռի ապահովել ֆինանսական ներդրումների հասանելիությունը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սիլիկոնյան հովտում գտնվող «ԱյԲիԷմ» (IBM) ընկերության կենտրոնակայան և «Գուգլ» (Google) ընկերության գրասենյակ: Հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է նաև Սիլիկոնյան հովտում աշխատող հայազգի երիտասարդ մասնագետների հետ, ովքեր ներկայացրել են ՏՏ-ի ոլորտում ներգրավված երիտասարդ մասնագետների միջև ցանցի ստեղծմանն ուղղված իրենց նախաձեռնությունը.

3) «Միջազգային համագործակցություն» միջոցառման շրջանակում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝

ա. «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի ծրագրի իրականացում» միջոցառման շրջանակում 2012 թվականին «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնում (ՄԻԿ) իրականացվել են մի շարք դասընթացներ և այլ միջոցառումներ՝ ներգրավելով ավելի քան 600 ուսանող:

2012 թվականին ՄԻԿ-ը համագործակցություն հաստատեց «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի հետ, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթացներ՝ կազմակերպության ՏՏ-ի բաժնի աշխատողների համար:

«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը «Սորսիո» ՓԲԸ-ի հետ համատեղ իրականացրել է ամառային պրակտիկա՝ ուսանողների և երիտասարդ մասնագետների համար: Ծրագրի նպատակն էր օգնել երիտասարդներին կարճ ժամանակահատվածում ձեռք բերել ծրագրավորման նորարար տեսական և պրակտիկ գիտելիքներ: Ծրագրի շրջանակում մրցութային կարգով ընտրված 12 ուսանողները ձևավորեցին 3 թիմ և մշակեցին 3 նախագիծ: Նախագծերի մշակման հետ մեկտեղ ուսանողները մասնակցեցին համապատասխան ծրագրավորման դասընթացների և հանձնեցին «Մայքրոսոֆթ Թեքնոլոջի Ըսոշիեյթ» («Microsoft Technology Associate») քննությունը` դառնալով «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից լիցենզավորված պրոֆեսիոնալ (Microsoft Certified Professional): Ծրագրի ավարտին 8 լավագույն ուսանողները «Սորսիո» ՓԲԸ-ի հետ կնքեցին մեկ տարվա աշխատանքային պայմանագիր:

ՄԻԿ-ի կողմից իրականացվել է Մայքրոսոֆթի «Երևակայության գավաթ» մրցույթի հայաստանյան փուլի կազմակերպական աշխատանքները: 2012 թվականի մրցույթի ընթացքում ստացվել են առավելագույն թվով հայտեր, որոնցում ներկայացված նախագծերն աչքի են ընկել առաջարկվող նորարար և որակյալ լուծումներով: Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլին ներկայացվել է 20 նախագիծ, որոնցից ժյուրին ընտրել է 7-ը: Երկրորդ փուլի ընթացքում ընտրված 7 թիմերը շնորհանդեսների տեսքով ներկայացրեցին իրենց գաղափարները, որի արդյունքում հաղթող ճանաչվեց 3 թիմ,

բ. «Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի ծրագրերի իրականացում» միջոցառման շրջանակում 2012 թվականի ընթացքում Հայ-հնդկական ՏՀՏ-ի ուսումնական կենտրոնում ուսանողների, մասնագետների և դասախոսների համար իրականացվել են 63 կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացներ (1650 ժամ ընդհանուր տևողությամբ): Մասնակիցների թիվը կազմել է շուրջ 570:

Կենտրոնում կազմակերպվել է 19 սեմինար (48 ժամ ընդհանուր տևողությամբ): Մասնակիցների թիվը կազմել է շուրջ 173:

Կենտրոնի կողմից վարվող դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների ծրագրի մշակումն իրականացվել է Հնդկաստանից ժամանած երկու փորձագետի հետ համատեղ: Կենտրոնում կազմակերպված դասընթացներն ու սեմինարները վարվել են նաև նշված հնդիկ մասնագետների կողմից:

Կենտրոնն սկսել է համագործակցել ՏՏ-ի ոլորտի մի շարք կազմակերպությունների հետ՝ որակյալ կադրերի պատրաստման և վերջիններիս համապատասխան աշխատանքով ապահովելու նպատակով:

Ուսումնական գործունեության հետ մեկտեղ կենտրոնը նաև արդի գիտահետազոտական աշխատանքներ է իրականացնում համապատասխան լսարանում, որն ապահովված է ՊԱՐԱՄ գերհամակարգչով, անհրաժեշտ սարքավորումներով, ծրագրային ապահովմամբ և գրականությամբ: Կենտրոնում առկա են ավելի քան 6000 մասնագիտական գրքեր, որոնք հանրամատչելի են և պարբերաբար օգտագործվում են ուսանողների ու ոլորտի այլ մասնագետների կողմից:

Կենտրոնում իրականացվել է նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Կորեայի Հանրապետության կառավարության փորձագետների կողմից կազմակերպված մեկօրյա սեմինար, որի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել էլեկտրոնային հասարակության ձևավորման և ՏՏ-ի ոլորտի զարգացման բնագավառում Կորեայի կուտակած փորձին: Սեմինարին ներկա են գտնվել ոլորտի ավելի քան 30 մասնագետ:

 2012 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Արցախից ժամանած 19 ուսանողի համար կենտրոնում իրականացվեցին հատուկ արագացված դասընթացներ (90 ժամ ընդհանուր տևողությամբ):

Կենտրոնը Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի և ՁԻՀ-ի հետ համատեղ կազմակերպել է «Մոբայլ Երկուշաբթի Երևան» միջոցառումը, որի նպատակն էր մոբայլ հասարակությանը միավորել հետաքրքիր և զարգացող թեմաների քննարկման շուրջ: Միջոցառմանը մասնակցեց ոլորտի ավելի քան 25 մասնագետ,

գ. «Ինթել և Սիսկո ընկերությունների հետ համատեղ ծրագրերի իրականացում» միջոցառման շրջանակում մշակվել է Հայաստանում Սիսկո լուծումների լաբորատորիայի հիմնման ծրագիրը: ՀՊՃՀ-ում տեղակայված ՁԻՀ-ի ուսումնական լաբորատորիայում 65 ուսանողների և մասնագետների համար կազմակերպվել են մի շարք դասընթացներ (ընդհանուրը` 510 դասաժամ):

ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում կայացած «ԱրմԹեք 2012» համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության և «Ինթել» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր` կրթության և հետազոտությունների բնագավառում համագործակցության վերաբերյալ: Հուշագրի համաձայն նախատեսվում է ընդլայնել Հայաստանի և «Ինթել» ընկերության միջև համագործակցությունն ուսուցիչների վերապատրաստման, դպրոցներում համակարգչային հագեցվածության բարձրացման և կրթական բովանդակության ձևավորման ուղղությամբ, ինչպես նաև նոր համագործակցություն հաստատել ծրագրավորման և համատեղ հետազոտական աշխատանքների իրականացման ոլորտներում:

 

2. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնախնդիրները

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության մեջ ամենաբարձր հավելյալ արժեք ձևավորող ոլորտն է, ինչով էլ լիովին հիմնավորված հայտնվել է երկրի տնտեսության զարգացման գերակայությունների շարքում: Սակայն վերլուծությունները ցույց են տալիս, որ ՏՏ-ի ոլորտից մեր հավակնություններն ու ակնկալիքները կարող են արդարանալ միայն զարգացման հետևողական, նպատակային քաղաքականություն վարելու դեպքում, երբ ոլորտի հիմնախնդիրները, համաշխարհային և տարածաշրջանային զարգացումների թելադրանքից ելնելով, արագ լուծումներ ստանան, ապահովվի խոշոր արտասահմանյան ընկերությունների մուտքը և նոր ներդրումների հոսքը Հայաստան: Տեխնոլոգիաների սրընթաց զարգացման դարաշրջանում ՏՀՏ-ի ներդրումն ու կիրառումն այսօր օբյեկտիվ անհրաժեշտություն է, որն իր հերթին նպաստում է տնտեսության զարգացմանը, գիտության, մշակույթի ու յուրաքանչյուր անհատի առաջընթացին:

ՏՏ-ի ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ, ոլորտի մասնավոր հետազոտությունների, փորձագիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ։ Դրանք են` մասնավորապես, ՏՏ-ի ոլորտի առաջնային զարգացումն ու էլեկտրոնային հասարակության կայացումն ապահովող կիրարկման մեխանիզմների բարելավման, ՏՏ-ի ոլորտի զարգացմանն ու էլեկտրոնային հասարակության կայացմանը նպաստող ներդրումների խթանման հետ կապված խնդիրները, ՏՏ-ի ոլորտի տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանման և համաշխարհային շուկաներում կայուն դիրքավորման բարդությունները, ՏՀՏ ոլորտում որակյալ և մրցունակ կրթական միջավայրի ձևավորման, կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները, ՏՏ-ի ոլորտում բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման հետ կապված խնդիրները և միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող անհրաժեշտ ՏՀՏ-ի ենթակառուցվածքների անբավարարությունը:

Նշված հիմնախնդիրների հաղթահարմանն են ուղղված 2013 թվականի ընթացքում նախատեսվող ծրագրային միջոցառումները` կարևոր նախապայման հանդիսանալով ոլորտի զարգացման նոր ռազմավարության և երկրի ընդհանուր տնտեսական աճի ապահովման համար։

 

II. ՏՏ-Ի ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

3. ՏՏ-ի ոլորտի խթանման ծառայությունների 2013 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է։

4. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 28-ի նիստի «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչելու մասին» N 58 արձանագրային որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 1207-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի նիստի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 35 արձանագրային որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 730-Ա որոշումը,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 70-Ն որոշումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

5. Ծրագրի իրականացման հիմնական նպատակը Հայաստանում տեղեկատվական և գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի ոլորտի կայացմանն աջակցելն է։ Մասնավորապես`

 1) Հայաստանում ՏՀՏ-ի կատարելագործված ենթակառուցվածքներով, համակարգչային հագեցվածության և ինտերնետ հասանելիության բարձր աստիճանով, համակարգչային բարձր գրագիտությամբ, համատարած կիրառվող էլեկտրոնային ծառայություններով, խոշորածավալ տեղական ՏՏ-ի շուկայի առկայությամբ և առաջադեմ գիտելիքահենք արդյունաբերությամբ երկրի վարկանիշի ապահովումը.

 2) մեծ հավելյալ արժեք ստեղծող հետազոտական և բարդ ինժեներական լուծումներ ու ծառայություններ մատուցող ընկերություններով, համաշխարհային շուկաներում մրցունակ տեղական ՏՏ-ի արտադրանքով զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացումը.

 3) համաշխարհային շուկայում մրցակցային առավելություններ ունեցող «Հայկական ՏՏ ապրանքային նշան»-ի ներթափանցումն ու ներկայությունն ապահովող միջոցառումների իրականացումը.

 4) հայկական ՏՀՏ-ի ոլորտի մի շարք կարևոր բնագավառների աճը խթանելու նպատակով համապատասխան կրթությամբ մասնագետների պատրաստման, որակյալ աշխատուժի աճի պահպանման և զարգացման խնդիրների լուծումը:

 6. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

 1) ՏՏ-ի ոլորտի զարգացման միտումների վերլուծությունն ու մարտահրավերների ուսումնասիրությունը, ոլորտի նվաճումները ներկայացնելը, ոլորտի զարգացման խթանման, ներկայացման և առաջմղման համար մեխանիզմների մշակումը.

 2) հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները տեղական ցուցահանդեսներում, համաժողովներում և այլ միջոցառումներում ներկայացնելու արդյունքում հասարակական իրազեկման բարձրացումը, տնտեսության այլ բնագավառներում ՏՏ-ի լուծումների կիրառման խթանումը, որի արդյունքում` արտադրողականության աճի և ապրանքների ու ծառայությունների արտահանման ավելացումը.

 3) ՏՏ-ի ոլորտի զարգացմամբ հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատման և ընդլայնման միջոցով նշված երկրների փորձի ներդրումը, սփյուռքահայության հետ համագործակցության ընդլայնումը, ներդրումների ներգրավումը, նպատակային երկարաժամկետ ծրագրերի իրականացումը և միջազգային ճանաչում ունեցող ՏՏ-ի առաջատար կազմակերպությունների ներգրավումը` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացումը և Հայաստանի՝ որպես տարածաշրջանային ՏՏ-ի հանգույցի իմիջի ձևավորումը.

 4) ոլորտի մասնագիտական կարողությունների զարգացումը, մասնավորապես, «Մայքրոսոֆթ» ինովացիոն և հայ-հնդկական ՏՀՏ-ի ուսումնական կենտրոնների գործունեության ապահովումը, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպումը, Սիսկոյի ցանցային ակադեմիայի գործունեության ապահովումը, մասնագիտական դասընթացների կազմակերպումը, «Ինթել» կազմակերպության հետ համատեղ վերապատրաստման դասընթացների իրականացումը, «Նեյշնլ Ինսթրումենթս», «Նոկիա» և այլ վերազգային ընկերությունների հետ կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացումը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

7. Ծրագիրն իրականացվում է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն` ուղղված Հայաստանում ՏՏ-ի ոլորտի շարունակական զարգացմանը և միջազգային շուկաներում դիրքավորմանը, երկրում գիտելիքահենք տնտեսության ձևավորման ուղղությամբ իրական հնարավորությունների ստեղծմանը:

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

8. Հայաստանի ՏՏ-ի ոլորտի ներկայացում և խթանում Հայաստանում ու արտերկրում, հետազոտություն, հասարակական իրազեկում`

1) ՏՏ-ի ոլորտի զարգացման հայեցակարգի համաձայն առաջնային խնդիրներից է արտերկրում և Հայաստանում ոլորտը ներկայացնելը, ՏՏ-ի ոլորտում հաջողությունների հասած պետությունների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության խթանումն ու ապահովումը, Հայաստանի վարկանիշի ձևավորումը` որպես ՏՏ-ի տարածաշրջանային կենտրոն, այդ թվում` նպաստելով Հայաստանում մի շարք միջազգային նշանակություն ունեցող միջոցառումների պարբերական անցկացմանը, նպատակային երկարաժամկետ ծրագրերի իրականացումը և երկրի տնտեսական դաշտ համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի կազմակերպությունների ներգրավումը` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացման և հայկական ՏՏ-ի ապրանքային նշանի առաջխաղացման նպատակով.

2) Հայաստանում և արտերկրում ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը, խթանելը և հասարակության իրազեկումը պատշաճ կերպով կազմակերպելու համար անհրաժեշտ է համապատասխան նյութերի նախապատրաստում և տպագրում։ Այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել ոլորտին վերաբերող հետազոտություններ և վերլուծություններ, որոնք կներկայացնեն ՏՏ-ի ոլորտի առկա իրավիճակը, այդ թվում` հիմնական խնդիրները և մարտահրավերները, ռազմավարական զարգացման հեռանկարները և վերջին տարիներին գրանցված նվաճումները։ Դրանք արդյունավետ կերպով կծառայեն ոչ միայն բազմաթիվ միջոցառումների, հանդիպումների ընթացքում հայկական ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը, այլև տեղեկատվական աղբյուր կհանդիսանան ՏՏ-ի ոլորտում առկա հիմնական մարտահրավերների և դրանց հաղթահարման հնարավոր ուղիների, ոլորտի զարգացման հեռանկարների, ներդրումների ներգրավման և հետագա ռազմավարության մշակման համար.

3) Հայաստանի ՏՏ-ի ոլորտը միջազգային և տեղական շուկաներում` խոշորագույն ցուցահանդեսներում և գագաթնաժողովներում ներկայացնելը կարևորագույն գործոն է Հայաստանի` որպես ՏՀՏ-ի և բարձր տեխնոլոգիաներ ունեցող երկրի վարկանիշի բարձրացման, հայկական ՏՏ-ի ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ցուցադրման, միջազգային շուկաներում առանձին ընկերությունների ծրագրային փաթեթների, լուծումների և ծառայությունների ներկայացման, նոր գործարար կապերի ստեղծման ու ընդլայնման, միջազգայնորեն մրցունակ հայկական ՏՏ-ի ապրանքային նշանի ձևավորման, ոլորտի վերջին համաշխարհային նվաճումներին ծանոթացման, շուկայական ուսումնասիրությունների ու վերլուծությունների կատարման համար.

4) Հայաստանում կազմակերպվող միջոցառումները (ցուցահանդեսներ, համաժողովներ, մրցույթներ և այլն) նպատակ ունեն ցուցադրելու հայկական ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները և նվաճումները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության, մասնավոր հատվածի, գիտական, կրթական հաստատությունների ու դոնոր կազմակերպությունների համագործակցության և համատեղ ջանքերի արդյունքներ։ Դրանք կխթանեն նաև ոլորտի վերաբերյալ իրազեկության բարձրացմանը` հիմք հանդիսանալով նորարարությունների, արտադրողականության ու մրցունակության բարձրացման և տեխնոլոգիական հանրության ներսում առկա կապերի ամրապնդման համար: «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում գտնվող «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում կկազմակերպվեն «Դիջիթեք-2013» ցուցահանդեսը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում` «Դիջիթեք բիզնես ֆորում 2013» համաժողովը, Աղվերանի «Արթուրս Աղվերան Ռեզորթ», Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայզ», Դիլիջանի «Դիլիջան Ռեզորթ» և Աղվերանի «Աղվերան Ռեզորթ» հյուրանոցներում` ՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով պարբերաբար անցկացվող արտագնա հանդիպում-քննարկումները, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում` Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովը և «Արմթեք 2013» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովը:

9. Միջազգային համագործակցություն`

1) Հայաստանի տնտեսության, մասնավորապես, երկրի ՏՏ-ի ոլորտի արտադրողականության և մրցունակության բարձրացման համար էական նշանակություն ունի Հայաստանում ՏՏ-ի խոշոր վերազգային կազմակերպությունների ներկայությունը, վերջիններիս հետ համատեղ ներդրումային և կրթական ծրագրերի մշակումն ու իրագործումը։ Այդ գործընթացի նպատակն է խթանել օտարերկրյա ներդրումները Հայաստանում, ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ուսումնասիրել և կիրառել ոլորտի միջազգային լավագույն փորձը։ Նման նախաձեռնությունները պահանջում են երկարաժամկետ պետական պարտավորությունների ստանձնում, քանի որ նման պարտավորության առկայությունը հանդիսանում է համագործակցության երաշխավորման հիմնական գրավական, իսկ որոշ դեպքերում՝ նաև նախապայման.

2) միջոցառման շրջանակում կշարունակվեն իրականացվել Երևանի պետական համալսարանի տարածքում գործող հայ-հնդկական ՏՀՏ-ի ուսումնական կենտրոնի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տարածքում գործող «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի, ինչպես նաև «Ինթել», «Սիսկո», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Նոկիա» և այլ վերազգային ընկերությունների հետ համատեղ ծրագրերը:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

10. ՏՏ-ի ոլորտի խթանման ծառայությունների 2013 թվականի ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 80000.0 հազ. դրամի չափով, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

ապրիլի 18-ի N 442-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Միջոցառումը

Կատարողը

Կատարման ժամկետը

Կատարման արդյունքները

1

2

3

4

5

1.

Հայաստանի ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը և խթանելը Հայաստանում և արտերկրում, հետազոտություն, հասարակական իրազեկում

   

Այս միջոցառումները նպատակ ունեն վերլուծել ՏՏ-ի ոլորտի զարգացման միտումները և ուսումնասիրել մարտահրավերները, ներկայացնել ոլորտի առաջխաղացումները, ձևավորել մեխանիզմներ ոլորտի զարգացման խթանման, ներկայացման և առաջմղման համար:

 

1.1. ՏՏ-ի ոլորտի հետազոտություն, ընկերությունների վերաբերյալ ուղեցույց և ներկա իրավիճակի վերլուծություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2013 թ. ընթացքում

ՏՏ-ի ոլորտի հետազոտության, ներկա իրավիճակի վերլուծության և գնահատման արդյունքում ոլորտի հիմնական խնդիրների և մարտահրավերների բացահայտում

 

1.2. «Դիջիթեք 2013» ցուցահանդեսի և դրա շրջանակում այլ միջոցառումների ֆինանսավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)

2013 թ.

2-րդ կիսամյակ

«Դիջիթեք-2013» ցուցահանդեսին և դրա շրջանակում իրականացվող այլ միջոցառումներին ակնկալվում է շուրջ 20000 մարդու այցելություն: Ցուցահանդեսը կխթանի ոլորտի ընկերությունների միջև նոր կապեր ստեղծելուն, ինչպես նաև ոլորտի նոր ընկերություններին շուկա մուտք գործելուն և իրենց ապրանքներն ու ծառայությունները ցուցադրելուն:

 

1.3. «Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովի ֆինանսավորում» միջոցառման կազմակերպում և իրականացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2013 թ.

2-րդ կիսամյակ

Միջոցառման, մասնավորապես, դրա շրջանակում անցկացվող «Բիզնես համագործակցության աջակցման» արդյունքում մասնավոր ընկերությունների և գիտնականների թիմերի միջև գիտահետազոտական ոլորտում գործընկերության խթանում` երկու կողմերի համար տնտեսապես փոխշահավետ նոր հնարավորությունների զարգացմամբ

Մրցույթի անցկացման արդյունքում մինչև 5 դրամաշնորհի տրամադրում

 

1.4. ՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով պարբերաբար անցկացվող արտագնա հանդիպում-քննարկումների կազմակերպում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)

2013 թ. ընթացքում

Միջոցառման շրջանակում կկազմակերպվի «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» 4 հանդիպում: Ակնկալվում է, որ կմասնակցեն ոլորտի 100 կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական 5 գերատեսչությունների ղեկավարներ, 25 նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի գործունեությունը լուսաբանող 20 լրագրող:

 

1.5. «Դիջիթեք բիզնես ֆորում 2013» համաժողով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)

2013 թ.

1-ին կիսամյակ

Միջոցառումը կներկայացնի տնտեսության այլ բնագավառներում ՏՏ-ի ոլորտի գործիքների և լուծումների կիրառման հնարավորությունները, կնպաստի գործնական կապերի ստեղծմանը

 

1.6. «ԱրմԹեք 2013» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի կազմակերպում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2013 թ.

2-րդ կիսամյակ

Միջոցառումը կնպաստի գործարար և մասնագիտական տեղեկատվության ստացմանը և բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ոլորտում կարևոր կապերի հաստատմանը:

Այն հնարավորություն կտա ներկայացնել ՏՏ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացումները, ձևավորել հարթակ արտասահմանյան ներդրումների խթանման, արտերկրում տեղական կազմակերպությունների առաջխաղացման համար:

2.

Միջազգային համագործակցություն

   

Այս միջոցառման հիմնական նպատակներն են նպաստել լավագույն միջազգային փորձի ներդրմանը Հայաստանում և տարածաշրջանում Հայաստանի` որպես ՏՏ-ի հանգույցի իմիջի ձևավորմանը: Միաժամանակ, կնպաստի նման նախաձեռնությունների շրջանակում ստանձնած պետական պարտավորությունների ապահովմանը:

 

2.1. Հայ-հնդկական ՏՀՏ-ի ուսումնական կենտրոնի բնականոն գործունեության ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2013 թ. ընթացքում

Ուսումնական ծրագրերի, դասընթացների, ինչպես նաև բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիաներով հետազոտական ծրագրերի իրականացում

 

2.2. «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի բնականոն գործունեության ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2013 թ.

ընթացքում

Կենտրոնի գործունեության ապահովում, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպում:

Մոտավորապես 500 ուսանողի և մասնագետի կարողությունների զարգացում, մինչև 10 թիմի նախագծերի իրականացմանն աջակցություն:

 

2.3. «Ինթել», «Սիսկո», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Նոկիա» և այլ վերազգային ընկերությունների հետ կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացման ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2013 թ.

ընթացքում

Սիսկոյի ցանցային ակադեմիայի գործունեության ապահովում, մասնագիտական դասընթացների կազմակերպում, Սիսկոյի հետ ստորագրված հուշագրով նախատեսված այլ միջոցառումների իրականացում: «Ինթել» կազմակերպության հետ համատեղ վերապատրաստման դասընթացների իրականացում, բովանդակության ձևավորում:

«Նեյշնլ Ինսթրումենթս», «Նոկիա» և այլ վերազգային ընկերությունների հետ համատեղ ծրագրերի իրականացում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.09.2013, N 999-Ն 27.09.2013, N 442-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան