Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.04.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.06.19/32(972).1 Հոդ.587.6
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
05.04.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
05.04.2013
Дата вступления в силу
05.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1229/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1229/02/10

2013 թ.

Նախագահող դատավոր՝

Դատավորներ՝

Ա. Մկրտչյան

Ն. Բարսեղյան

 

Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նաիրա Նավասարդյանի` նաև որպես Վարդուհի Նավասարդյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.10.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լյովա Նավասարդյանի ընդդեմ Նաիրա Նավասարդյանի, Վարդուհի Նավասարդյանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռ.Առաքելյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշեն տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք Երևան քաղաքի Նոր Նորքի վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու և որպես հետևանք սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Լյովա Նավասարդյանը պահանջել է անվավեր ճանաչել 02.11.2010 թվականի` Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքի, Կոտայքի մարզի Ալափարս գյուղում գտնվող անշարժ գույքի, ինչպես նաև Երևան քաղաքի Մարգարյան 2-րդ նրբանցքի 5-րդ շենքի թիվ 43 բնակարանի, ՎԱԶ-2106 մակնիշի 05 ՕՕ 819 պետհամարանիշի ավտոմեքենայի 1/2 բաժնեմասի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը` տրված Նաիրա և Վարդուհի Նավասարդյանների անվամբ:

01.12.2010 թվականին Լյովա Նավասարդյանը ներկայացրել է հայցային չափը փոփոխելու մասին դիմում, որով պահանջել է անվավեր ճանաչել 02.11.2010 թվականի` Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքի, Կոտայքի մարզի Ալափարս գյուղում գտնվող անշարժ գույքի, ինչպես նաև Երևան քաղաքի Մարգարյան 2-րդ նրբանցքի 5-րդ շենքի թիվ 43 բնակարանի, ՎԱԶ-2106 մակնիշի 05 ՕՕ 819 պետհամարանիշի ավտոմեքենայի 1/2 բաժնեմասի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը` տրված Նաիրա և Վարդուհի Նավասարդյանների անվամբ և որպես հետևանք անվավեր ճանաչել Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 5-րդ շենքի թիվ 43 բնակարանի նկատմամբ Նաիրա և Վարդուհի Նավասարդյանների անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 21.02.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.06.2011 թվականի որոշմամբ Լյովա Նավասարդյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, իսկ Նաիրա և Վարդուհի Նավասարդյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` բեկանվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 21.02.2011 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության:

Վճռաբեկ դատարանի 10.08.2011 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.06.2011 թվականի որոշման դեմ Նաիրա և Վարդուհի Նավասարդյանների ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա.Սմբատյան) (այսուհետ` Դատարան) 25.05.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է: Մասնակի` Երևանի Մարգարյան 2-րդ նրբանցքի 5-րդ շենքի թիվ 43 բնակարանի, Երևանի Ավան 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 22/1 հասցեում և ՀՀ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի 22-րդ փողոցի թիվ 25 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2 մասերի նկատմամբ Նաիրա և Վարդուհի Նավասարդյանների անվամբ «Աջափնյակ» նոտարական տարածքի նոտար Ռոզա Առաքելյանի կողմից 02.11.2010 թվականին տրված, սեղանամատյանի 4304 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր է ճանաչվել և որպես անվավերության հետևանք անվավեր է ճանաչվել ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա Երևանի Մարգարյան 2-րդ նրբանցքի 5-րդ շենքի թիվ 43 բնակարանի նկատմամբ Նաիրա և Վարդուհի Նավասարդյանների անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Քաղաքացիական գործի վարույթը` ՎԱԶ-2106 մակնիշի 05 ՕՕ 819 պետհամարանիշի ավտոմեքենայի 1/2 մասի նկատմամբ 02.11.2010 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճվել է հայցվորի հայցից հրաժարվելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.10.2012 թվականի որոշմամբ Նաիրա և Վարդուհի Նավասարդյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.05.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նաիրա Նավասարդյանը` նաև որպես Վարդուհի Նավասարդյանի ներկայացուցիչ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լյովա Նավասարդյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետը, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը և 52-րդ հոդվածի 2-րդ կետը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը հիմնավորում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 09.06.2011 թվականի որոշմամբ բավարարելով Լյովա Նավասարդյանի վերաքննիչ բողոքը և քաղաքացիական գործի քննությանը որպես երրորդ անձ մասնակից դարձնելով Երևան քաղաքի Նոր Նորքի վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնին, ըստ էության կարևորել է գործով բազմակողմանի քննություն իրականացնելու, այդ թվում` վեճի առարկա հանդիսացող երեք անշարժ գույքերի ձեռքբերման միջոցները պարզելու անհրաժեշտությունը: Բացի այդ, նշված որոշմամբ ամբողջությամբ բեկանվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության, հետևաբար նոր քննության ծավալը սահմանափակված չի եղել, և իրականացվել է գործի քննություն` ողջ ծավալով:

Վերաքննիչ բողոքի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ Դատարանը գործն ամբողջ ծավալով քննելուց հետո հայցը բավարարելիս հաստատված էր համարել հանգամանքներ` հիմքում չդնելով գործում առկա և ոչ մի վերաբերելի ապացույց:

Վերաքննիչ դատարանը 26.10.2012 թվականի դատական ակտը կայացնելիս հանգել է սխալ հետևության, չի իրականացրել վերաքննիչ բողոքի պատշաճ քննություն, որի արդյունքում անտեսել է Վճռաբեկ դատարանի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի մեկնաբանությունները և խախտել է նույն հոդվածի միատեսակ կիրառելիության ապահովման պահանջը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.10.1012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վիճելի հասցեների անշարժ գույքերը թեև ձեռք են բերվել հանգուցյալ կնոջ` Սիլվա Մարգարյանի հետ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, սակայն դրանք չեն կարող համարվել որպես այդպիսին, քանի որ Երևան քաղաքի Մարգարյան 2-րդ նրբանցքի 5-րդ շենքի թիվ 43 բնակարանը ձեռք է բերել Երևան քաղաքի Լալայանց 4 հասցեի դիմաց Հայաստանի Հանրապետությունից ստացված փոխհատուցման գումարով, որի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքը հանդիսացել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 24.09.2002 թվականի թիվ 2-1325 վճիռը, իսկ Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքը և Կոտայքի մարզի Ալափարս գյուղում գտնվող անշարժ գույքը ձեռք է բերել եղբոր անգործունակ երեխաներին, որոնց խնամակալն է հանդիսանում ինքը, սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Գայի պողոտա 26-րդ շենքի թիվ 35 բնակարանի վաճառքից ստացված գումարով, որոնք նույնպես չեն կարող հանդիսանալ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույք և չեն կարող մտնել Սիլվա Մարգարյանի ժառանգական զանգվածի մեջ:

Գտնում է, որ վճռաբեկ բողոքը զուրկ է իրավական հիմնավորումներից և ենթակա է մերժման, քանի որ վերաքննիչ դատարանը կայացրել է օրինական և հիմնավոր դատական ակտ, յուրաքանչյուր ապացույց գնահատել է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Համաձայն 10.03.1967 թվականին տրված թիվ 233000 ամուսնության վկայականի` Լյովա Նավասարդյանի և Սիլվա Մարգարյանի ամուսնությունը գրանցվել է 10.03.1967 թվականին (հատոր 1, գ.թ. 51):

2) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 24.09.2002 թվականի թիվ 2-1325 վճռով Երևան քաղաքի Լալայանց թիվ 4 հասցեում գտնվող, Լյովա Նավասարդյանի կողմից փաստացի օգտագործվող 80,3 քմ մակերեսով կառույցի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի հիմքով ճանաչվել է վերջինիս սեփականության իրավունքը, իսկ 179,1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ` օգտագործման իրավունքը (հատոր 1, գ.թ. 18):

3) Համաձայն ՀՀ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի 14.01.2011 թվականի թիվ 38/01-1210 գրության` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 05.10.2001 թվականի թիվ 950-Ն որոշման պահանջները, Լալայանց 4 հասցեի իրացման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երևանի քաղաքապետի, որի անունից հանդես է եկել «Հյուսիսային պողոտա և կասկադ» ԾԻԳ ՊՈԱԿ-ը և նշված հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Լյովա Նավասարդյանի և վերջինիս կնոջ` Սիլվա Մարգարյանի միջև 26.03.2004 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի` Լալայանց 4 հասցեում սեփականության իրավունքով պատկանող 80,3 քմ մակերեսով շինության և 179,1 քմ մակերեսով օգտագործման իրավունքով պատկանող հողամասի դիմաց տրամադրվել է 51.173,79 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ փոխհատուցում (հատոր 1, գ.թ. 89):

4) 04.05.2004 թվականի նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագրի համաձայն` Լյովա Նավասարդյանը գնել է Երևան քաղաքի Մարգարյան 2-րդ նրբանցքի 5-րդ շենքի թիվ 43 բնակարանը, և վերջինիս անվամբ 12.05.2004 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1130416 վկայականը (հատոր 1, գ.թ. 25- 29):

5) Լյովա Նավասարդյանը Երևան քաղաքի Նոր Նորքի թաղապետի 06.12.2005 թվականի թիվ 295 և 26.12.2005 թվականի թիվ 314 որոշումներով ճանաչվել է համապատասխանաբար Ռուզաննա Նավասարդյանի և Գարեգին Նավասարդյանի խնամակալը (հատոր 1, գ.թ. 20, 22):

6) 09.12.2005 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Լյովա Նավասարդյանը գնել է Կոտայքի մարզի Ալափարս վ/տ-ում գտնվող 0,125 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասն ու 126,4 քմ մակերեսով բնակելի տունը, և 14.12.2005 թվականին վերջինիս անվամբ տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 0154477 վկայականը (հատոր 1, գ.թ. 30, 56):

7) Համաձայն ՀՀ Նոր Նորքի թաղապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահի 24.03.2006 թվականի թիվ 24/04Ն-20 տեղեկանքի` հանձնաժողովը, հիմք ընդունելով Նոր Նորք համայնքի ղեկավարի թիվ 295, 06.12.2005 թվականի և թիվ 314, 26.12.2005 թվականի խնամակալության մասին որոշումները, հաշվի առնելով խնամարկյալների` Ռուզաննա և Գարեգին Նավասարդյանների շահերն ու նրանց անվտանգության ապահովման կարևորությունը, չի առարկել, որ Լյովա Նավասարդյանը վաճառի Ռուզաննա և Գարեգին Նավասարդյաններին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Գայի պողոտա 26-րդ շենքի թիվ 35 բնակարանը` պայմանով, որ վերջինս չանտեսի իր խնամարկյալների շահերը և նրանց ապահովի առանձին բնակելի տարածքներով (հատոր 1, գ.թ. 21):

8) 13.10.2006 թվականին նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Լյովա Նավասարդյանը, որը որպես խնամակալ հանդես է եկել Ռուզաննա Նավասարդյանի և Գարեգին Նավասարդյանի անունից, 13.800.000 ՀՀ դրամ գումարով վաճառել է վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Գայի պողոտա 26-րդ շենքի թիվ 35 բնակարանը (հատոր 3, գ.թ. 80):

9) 30.10.2006 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Ջուլետա Գազարյանը և Խոսրով Գևորգյանը 9.000.000 ՀՀ դրամ գումարով Լյովա Նավասարդյանին են վաճառել Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 22/1 հասցեում գտնվող 30,0 քմ բնակելի տունն ու 0,03982 հա հողամասը, և 02.11.2006 թվականին վերջինիս անվամբ տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2166865 վկայականը (հատոր 1, գ.թ. 31-36):

10) Լյովա Նավասարդյանի կինը` Սիլվա Մարգարյանը մահացել է 05.02.2010 թվականին (հատոր 1, գ.թ. 50):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն բողոքի շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված անշարժ գույքը նրանց է պատկանում ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, եթե այդպիսի գույքի նկատմամբ իրավունքը ձեռք է բերվել դատական ակտով կամ մեկ այլ գույքի վաճառքից ստացված միջոցներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ ամուսինների միջև կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույնն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը (տե՛ս Ռաֆայել Աբազյանը և Անժիկ Երիցյանն ընդդեմ Ռուբեն Աբազյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի թիվ 3-415(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):

Վերը նշված հոդվածի իմաստով բացառություն է կազմում այն գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրն ունեցել է մինչև ամուսնությունը, ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը, անհատական օգտագործման առարկաները, ինչպես նաև սեփականաշնորհմամբ ձեռք բերված գույքը (տե՛ս Ռուզաննա Ծատուրյանն ընդդեմ Գևորգ Սաղումյանի և այլոց թիվ ԵԱՔԴ/2304/02/08 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 26.06.2006 թվականի որոշումը):

Նշված դիրքորոշման համատեքստում անդրադառնալով գործի փաստերին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 10.03.1967 թվականից 05.02.2010 թվականն ընկած ժամանակահատվածում ամուսիններ Լյովա Նավասարդյանի և Սիլվա Մարգարյանի ձեռք բերած գույքը, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել է նրանց, անկախ նրանից ամուսիններից որ մեկի միջոցների հաշվին է ձեռք բերվել գույքը կամ ում անվամբ է այն ձևակերպվել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով յուրաքանչյուր անշարժ գույքի նկատմամբ ամուսինների համատեղ սեփականության իրավունքի ծագման փաստը գնահատելու համար անհրաժեշտ է առաջնորդվել վերը նշված կանոնակարգմամբ:

Այսպես` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 24.09.2002 թվականի թիվ 2-1325 վճռով Երևան քաղաքի Լալայանց թիվ 4 հասցեում գտնվող, Լյովա Նավասարդյանի կողմից փաստացի օգտագործվող 80,3 քմ մակերեսով կառույցի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի հիմքով ճանաչվել է վերջինիս սեփականության իրավունքը, իսկ 179,1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ` օգտագործման իրավունքը:

 Համաձայն ՀՀ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի 14.01.2011 թվականի թիվ 38/01-1210 գրության` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 05.10.2001 թվականի թիվ 950-Ն որոշման պահանջները` Լալայանց 4 հասցեի իրացման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երևանի քաղաքապետի, որի անունից հանդես է եկել «Հյուսիսային պողոտա և կասկադ» ԾԻԳ ՊՈԱԿ-ը և նշված հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Լյովա Նավասարդյանի և վերջինիս կնոջ` Սիլվա Մարգարյանի միջև 26.03.2004 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով Լալայանց 4 հասցեում սեփականության իրավունքով պատկանող 80,3 քմ մակերեսով շինության և 179,1 քմ մակերեսով օգտագործման իրավունքով պատկանող հողամասի դիմաց տրամադրվել է 51.173,79 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ փոխհատուցում:

04.05.2004 թվականին նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագրով Լյովա Նավասարդյանը գնել է Երևան քաղաքի Մարգարյան 2-րդ նրբանցքի 5-րդ շենքի թիվ 43 բնակարանը, և վերջինիս անվամբ 12.05.2004 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1130416 վկայականը:

Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել Դատարանի կողմից նշված անշարժ գույքի մասով հայցի բավարարման հիմքում դրված այն պատճառաբանությունը, որ Երևանի Լալայանց 4 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ամուսինների` Լյովա Նավասարդյանի և Սիլվա Մարգարյանի սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ էր, որպեսզի ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացված լիներ նաև Սիլվա Մարգարյանի կողմից, և դատական ակտով դատարանը հաստատված համարեր, որ Սիլվա Մարգարյանը նույնպես տաս տարի անընդմեջ, բացահայտ, բարեխիղճ և որպես սեփական գույք տիրապետել է վիճելի անշարժ գույքը: Դատարանը նշել է նաև, որ Երևանի Լալայանց 4 հասցեում գտնվող անշարժ գույքի փոխհատուցման դիմաց ստացված գումարով Լյովա Նավասարդյանը Վիկտոր և Ամալյա Ալեքյաններից 04.05.2004 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա ձեռք է բերել Երևանի Մարգարյան 2-րդ նրբանցքի 5-րդ շենքի 2 սենյականոց թիվ 43 բնակարանը: Ներկայացված հայցադիմումի պատասխանով Նաիրա և Վարդուհի Նավասարդյաններն ընդունել և հաստատել են, որ Երևանի Մարգարյան 2-րդ նրբանցքի 5-րդ շենքի թիվ 43 բնակարանը ձեռք է բերվել Երևանի Լալայանց 4 հասցեում գտնվող անշարժ գույքի դիմաց Լյովա Նավասարդյանին տրամադրված փոխհատուցման գումարով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի Լալայանց թիվ 4 հասցեում գտնվող 80,3 քմ մակերեսով կառույցի նկատմամբ ձեռքբերման վաղեմության հիմքով Լյովա Նավասարդյանը սեփականության իրավունք է ձեռք բերել 24.09.2002 թվականի թիվ 2-1325 օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, այսինքն` Սիլվա Մարգարյանի հետ ամուսնության ընթացքում, և այն չի հանդիսանում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույք: Բացի այդ, Երևան քաղաքի Լալայանց թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրում որպես վաճառողներ, այսինքն` գույքի սեփականատերեր, հանդես են եկել Լյովա Նավասարդյանը և Սիլվա Մարգարյանը:

Հետևաբար, անկախ այն հանգամանքից, թե Երևան քաղաքի Մարգարյան 2-րդ նրբանցքի 5-րդ շենքի թիվ 43 բնակարանը գնվել է Երևան քաղաքի Լալայանց թիվ 4 հասցեի անշարժ գույքի վաճառքից ստացված գումարով, թե ամուսինների այլ միջոցներով, բոլոր դեպքերում այն համարվում է համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք:

Վերաքննիչ դատարանը համաձայնել է նաև Դատարանի այն դիրքորոշմանը, որ Լյովա Նավասարդյանը, նպատակ ունենալով անգործունակ ճանաչված իր երկու խնամարկյալների համար գնել առանձին բնակարաններ, նախնական համաձայնության է եկել Կոտայքի մարզի Ալափարս գյուղի 22-րդ փողոցի թիվ 25 հասցեի սեփականատեր Թաթոս Դանիելյանի հետ անշարժ գույքի առուվաճառքի վերաբերյալ, վերջինիս վճարել է 1.000 ԱՄՆ դոլար, այնուհետև դիմել է Նոր Նորքի թաղապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնին` իր խնամարկյալներին պատկանող բնակարանը վաճառելու և նրանց համար երկու առանձին բնակարաններ ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանության հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս առումով անհրաժեշտ է գործի փաստերը դիտարկել ժամանակագրական հաջորդականությամբ: Այսպես` Կոտայքի մարզի Ալափարս գյուղի 22-րդ փողոցի թիվ 25 հասցեում գտնվող անշարժ գույքը` 0,125 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասն ու 126,4 քմ մակերեսով բնակելի տունը, Լյովա Նավասարդյանը ձեռք է բերել 09.12.2005 թվականին, այսինքն` ամուսնությունից հետո` մինչև Նոր Նորքի թաղապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնի 24.03.2006 թվականի թույլտվության տրամադրումը: Փաստերի դասավորվածության նման պարագայում, ինչպես նաև ամուսինների համատեղ սեփականության իրավական կարգավորման վերաբերյալ վերը նշված դիրքորոշումը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված անշարժ գույքի նկատմամբ չեն տարածվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված բացառությունները, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի ուժով այն հանդիսանում է համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույք:

Ինչ վերաբերում է Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 22/1 հասցեում գտնվող 30 քմ բնակելի տանն ու 0,03982 հա հողամասին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված գույքի նկատմամբ ամուսինների համատեղ սեփականության իրավունքի ծագման հարցն անհրաժեշտ է դիտարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին կետի համատեքստում, որի համաձայն` խնամարկյալ քաղաքացու եկամուտները` ներառյալ խնամարկյալին իր գույքի կառավարումից հասանելիք եկամուտները, բացառությամբ այն եկամուտների, որոնք խնամարկյալը կարող է տնօրինել ինքնուրույն, խնամակալը կամ հոգաբարձուն ծախսում են միայն ի շահ խնամարկյալի` խնամակալության և հոգաբարձության մարմնի նախնական թույլտվությամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվության` խնամակալն իրավունք չունի կնքել, իսկ հոգաբարձուն` համաձայնություն տալ կնքելու խնամարկյալի գույքի օտարման` ներառյալ փոխանակության կամ նվիրատվության, վարձակալության, այդ գույքն անհատույց օգտագործման հանձնելու կամ գրավ դնելու գործարքներ, որոնք հանգեցնում են խնամարկյալին պատկանող իրավունքներից հրաժարվելուն, բաժանել նրա գույքը կամ դրանից բաժիններ առանձնացնել, ինչպես նաև խնամարկյալի գույքի նվազեցմանը հանգեցնող ցանկացած այլ գործարք:

Նշված իրավադրույթն ըստ էության ամրագրում է խնամարկյալ քաղաքացու` անձամբ տնօրինման ոչ ենթակա գույքն ի շահ այլ անձի օտարելու արգելք: Ունենալով համապարտադիր (իմպերատիվ) ուժ` նշված դրույթը, որպես երաշխիք, ապահովում է խնամարկյալների գույքի նկատմամբ վերջիններիս իրավունքների պահպանումը` նախատեսելով երկու պայման` գույքի օտարումը բացառապես ի շահ խնամարկյալի և գույքի օտարման վերաբերյալ խնամակալության և հոգաբարձության մարմնի նախնական թույլտվությունը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նշված հոդվածում օգտագործված «ի շահ» եզրույթը ենթադրում է գույքի օտարումից խնամարկյալի համար որոշակի բարիքների ստեղծում, որպիսին կարող է դրսևորվել ստացված դրամը խնամարկյալի կարիքների համար օգտագործելով, մեկ այլ համարժեք գույք ձեռք բերելով և այլն:

Համադրելով նշված մեկնաբանությունը գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքը թեև Լյովա Նավասարդյանը ձեռք է բերել Սիլվա Մարգարյանի հետ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով չի կարող դիտվել որպես ամուսիններին համատեղ սեփականությամբ պատկանող գույք, քանի որ այն ձեռք չի բերվել ամուսիններից որևէ մեկի միջոցներով, ուստի բացակայում է այն նախապայմաններից մեկը, որն անհրաժեշտ է գույքի նկատմամբ ամուսինների համատեղ սեփականության իրավունքի ծագման փաստը հաստատելու համար: Նշված գույքը Լյովա Նավասարդյանը գնել է Նոր Նորքի թաղապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահի 24.03.2006 թվականի թույլտվությունից հետո` իր խնամարկյալներ Ռուզաննա և Գարեգին Նավասարդյաններին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Գայի պողոտա 26-րդ շենքի թիվ 35 բնակարանի առուվաճառքի գումարով 30.10.2006 թվականին:

Այլ կերպ` 13.10.2006 թվականին վաճառելով Երևան քաղաքի Գայի պողոտա 26-րդ շենքի թիվ 35 բնակարանը և ձեռք բերելով Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքը, Լյովա Նավասարդյանը գործել է ի շահ իր խնամարկյալների` ունենալով նաև գույքն օտարելու և նոր անշարժ գույք ձեռք բերելու վերաբերյալ Նոր Նորքի թաղապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի թույլտվությունը:

Վերոնշյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը հանգել են ճիշտ հետևության և գտել, որ Երևան քաղաքի Ավան 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 22/1 հասցեում Լյովա Նավասարդյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույքը չի կարող համարվել ամուսինների համատեղ սեփականություն և Սիլվա Մարգարյանի մահվան պահին չէր կարող հանդիսանալ նրա ժառանգական զանգվածի մեջ մտնող գույք, քանի որ Լյովա Նավասարդյանի կողմից վերջինիս խնամարկյալներին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Գայի պողոտա 26-րդ շենքի թիվ 35 բնակարանը վաճառելուց հետո խնամակալի` Լյովա Նավասարդյանի գործողություններն ուղղված են եղել խնամարկյալների համար անշարժ գույք ձեռք բերելուն:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար։

 Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.10.2012 թվականի որոշման` Երևան քաղաքի Մարգարյան 2-րդ նրբանցքի 5-րդ շենքի թիվ 43 բնակարանի և ՀՀ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի 22-րդ փողոցի թիվ 25 հասցեում գտնվող անշարժ գույքերի 1/2 մասերի նկատմամբ Նաիրա և Վարդուհի Նավասարդյանների անվամբ «Աջափնյակ» նոտարական տարածքի նոտար Ռոզա Առաքելյանի կողմից 02.11.2010 թվականին տրված, սեղանամատյանի 4304 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա Երևան քաղաքի Մարգարյան 2-րդ նրբանցքի 5-րդ շենքի թիվ 43 բնակարանի նկատմամբ Նաիրա և Վարդուհի Նավասարդյանների անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու մասով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 25.05.2012 թվականի վճիռը օրինական ուժի մեջ թողնելու մասը և այդ մասով այն փոփոխել. հայցը նշված մասով մերժել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.10.2012 թվականի որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան