Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.04.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.06.19/32(972).1 Հոդ.587.5
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
05.04.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
05.04.2013
Дата вступления в силу
05.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0133/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0133/02/09

2013 թ.

Նախագահող դատավոր՝

Դատավորներ՝

Լ. Գրիգորյան

Ա. Թումանյան

 

Տ. Սահակյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անժելա Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.08.2012 թվականի որոշման դեմ` ըստ Ռաֆայել Ավետիսյանի հայցի ընդդեմ Սեյրան Վարդանյանի իրավահաջորդներ Արթուր և Անժելա Վարդանյանների` ներքին առուծախի գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռաֆայել Ավետիսյանը պահանջել է վավեր ճանաչել իր և Սեյրան Վարդանյանի միջև 10.12.2007 թվականին կնքված առուծախի գործարքը և ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 62 հասցեում գտնվող տան և հողամասի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.11.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2010 թվականի որոշմամբ Ռաֆայել Ավետիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` որոշվել է բեկանել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.11.2009 թվականի վճիռը, և գործն ուղարկել նոր քննության:

Վճռաբեկ դատարանի 19.05.2010 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2010 թվականի որոշման դեմ Անժելա Վարդանյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.10.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2011 թվականի որոշմամբ Ռաֆայել Ավետիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` որոշվել է բեկանել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.10.2010 թվականի վճիռը, և գործն ուղարկել նոր քննության:

Վճռաբեկ դատարանի 23.03.2011 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2011 թվականի որոշման դեմ Անժելա Վարդանյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Հեբոյան) (այսուհետ` Դատարան) 04.04.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.08.2012 թվականի որոշմամբ Ռաֆայել Ավետիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` որոշվել է Դատարանի 04.04.2012 թվականի վճիռը մասնակիորեն բեկանել և փոփոխել, այն է` հայցը բավարարել և վավեր ճանաչել Ռաֆայել Ավետիսյանի և Սեյրան Վարդանյանի միջև 10.12.2007 թվականին կատարված ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 62 հասցեում գտնվող տան և հողամասի առուվաճառքի գործարքը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անժելա Վարդանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռաֆայել Ավետիսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 434-րդ, 436-րդ, 437-րդ, 445-րդ, 461-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վիճելի տան և հողամասի վերաբերյալ կողմերը (գնորդ և վաճառող) փաստաթուղթ չեն կազմել, առավել ևս` այն նոտարական կարգով չի վավերացվել: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետը սույն գործով կիրառելի չէ, քանի որ տվյալ դեպքում Ռաֆայել Ավետիսյանը չի ներկայացրել որևէ փաստարկ Սեյրան Վարդանյանի` գործարքի նոտարական վավերացումից խուսափելու վերաբերյալ: Գործարքը կնքելուց մինչև սեփականատիրոջ մահն անցել է շուրջ 4 ամիս, և կողմերն իրական հնարավորություն են ունեցել օրինական ուժ տալու գործարքին, սակայն դրան նոտարական վավերացում չի տրվել, քանի որ իրականում կողմերի միջև ոչ մի գործարք էլ չի կնքվել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ տվյալ դեպքում նախնական պայմանագիրն առոչինչ է, այն չի կարող իրավական հետևանքների հանգեցնել, և նախնական պայմանագրով ստանձնած պարտավորությունները դադարել են, քանի որ դրանով նախատեսված ժամկետում չի կնքվել անշարժ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագիր:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի տրամաբանությունից հետևում է, որ գործարքի կողմերից մեկի պահանջով դատարանը կարող է վավեր ճանաչել այն, եթե գործարքի կողմերից որևէ մեկը խուսափում է դրա նոտարական վավերացումից: Այսինքն` գործարքի կողմերի միջև պետք է կնքված լինի հիմնական պայմանագիր, որի նոտարական վավերացումից կողմերից մեկը պետք է խուսափի: Մինչդեռ, տվյալ դեպքում առկա է նախնական պայմանագիր, որը դատական կարգով վավեր ճանաչելու ինստիտուտ գործող օրենսդրությամբ գոյություն չունի:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ հոդվածները, 53-րդ հոդվածի 1-ին կետը, 122-րդ, 220-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել սույն գործով ձեռք բերված բոլոր ապացույցները` չհամադրելով դրանք միմյանց հետ, ինչի արդյունքում կայացրել է չհիմնավորված և չպատճառաբանված որոշում: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել, ինչպես նաև միմյանց հետ չի համադրել երկու փորձագիտական եզրակացությունները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.08.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 04.04.2012 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքի հիմքերն ու փաստարկներն օրինաչափ և հիմնավորված չեն, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է նյութական ու դատավարական նորմերի օբյեկտիվ և արդարացի կիրառմամբ, հետևաբար այդ որոշումն օրինական և հիմնավորված է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 10.10.2007 թվականի «Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» թիվ 2357008 վկայականի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 62 բնակելի տան և հողամասի նկատմամբ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 4-1 մատյանի 223 համարի տակ գրանցվել է Սեյրան Վարդանյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ 13-15):

2) Առանց թվագրման «Տան և հողամասի առուծախի» նախնական պայմանագրի համաձայն` Սեյրան Վարդանյանը 80.000 ԱՄՆ դոլարով վաճառել է, իսկ Ռաֆայել Ավետիսյանը մասնակի վճարման պայմանով գնել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 62 բնակելի տունը և հողամասը: Նույն նախնական պայմանագրի համաձայն` 80.000 ԱՄՆ դոլարի կեսը` 40.000 ԱՄՆ դոլարը, պայմանագրի կնքման պահին վճարվել է, իսկ մնացած 40.000 ԱՄՆ դոլարը պետք է վճարվի գործարքի նոտարական վավերացման պահին: Նույն նախնական պայմանագրով նշված գործարքի նոտարական վավերացման ժամկետ է սահմանվել 2008 թվականի հունվարից մինչև 2008 թվականի փետրվարի վերջը (հատոր 1-ին, գ.թ. 5):

3) 10.12.2007 թվականի ստացականի համաձայն` Սեյրան Վարդանյանը ստացել է գույքի առուծախի կանխավճարը` 40.000 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ. 12):

4) ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցի 28.01.2008 թվականի գրության համաձայն` Սեյրան Վարդանյանը նշված հիվանդանոց ընդունվել է 08.01.2008 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 122):

5) 10.01.2008 թվականի ստացականի համաձայն` Արթուր Վարդանյանը ստացել է տան և հողամասի վաճառքի գումարի մնացած` 40.000 ԱՄՆ դոլարն ամբողջովին: Նույն ստացականը ստորագրվել է Արթուր Վարդանյանի և Սեյրան Վարդանյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 11):

6) 09.04.2008 թվականին տրված մահվան թիվ 147736 վկայականի համաձայն` Սեյրան Վարդանյանը մահացել է 26.03.2008 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 19):

7) ՀՀ արդարադատության նախարարության «Կոտայք» նոտարական տարածքի նոտար Նունե Մանուչարյանի 21.07.2009 թվականի թիվ 90 գրության համաձայն` Արթուր Վարդանյանը 16.07.2008 թվականին, իսկ Անժելա Վարդանյանը 13.08.2008 թվականին իրենց հայտարարություններով ընդունել են Սեյրան Վարդանյանի մահից հետո մնացած ժառանգական գույքը (հատոր 1-ին, գ.թ. 145):

8) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 24.03.2009 թվականի թիվ 08530901 եզրակացության «Հետևություններ» բաժնի «Ձեռագրաբանական մասի» համաձայն`

1ա) Փորձաքննությանը տրամադրված տան և հողամասի առուծախի նախնական պայմանագրի, 10.01.2008 թվականի ստացականի և 10.12.2007 թվականի ստացականի ձեռագրի տեքստերը և դրանց տակ տեղավորված ձեռագիր գրառումները (բացի անձնագրի տվյալներին վերաբերող թվային գրառումներից) կատարվել են միևնույն անձի կողմից:

բ) «1ա» կետում նշված փաստաթղթերում տեղավորված Սեյրան Վարդանյանի անունից ստորագրությունները կատարվել են միևնույն անձի կողմից:

2. Փորձաքննությանը տրամադրված թիվ 1327/01 երաշխավորության պայմանագրի երեք էջերի վրա տեղավորված, թիվ 04842 երաշխավորության պայմանագրի երեք էջերի վրա տեղավորված Սեյրան Վարդանյանի անունից ստորագրությունները, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման ղեկավարին հասցեագրված 08.10.2007 թվականի դիմումի (քսերոպատճեն) վերջում «Դիմող» բառի դիմաց տեղավորված Վարդանյանի անունից ստորագրությունը կատարվել են միևնույն անձի կողմից:

3. «1բ» կետում նշված հետազոտելի ստորագրությունները և «2» կետում նշված հետազոտելի ստորագրությունները կատարվել են տարբեր անձանց կողմից (հատոր 1-ին, գ.թ. 90-94):

9) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 31.01.2012 թվականի թիվ 11-2711 եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն`

1. ա) Փորձաքննության ներկայացված տան և հողամասի առուծախի պայմանագրի, 10.01.2008 թվականի և 10.12.2007 թվականի ստացականների ձեռագիր տեքստերը և դրանց տակ տեղավորված ձեռագիր գրառումները կատարվել են միևնույն անձի կողմից:

բ) Տան և հողամասի առուծախի պայմանագրի, 10.01.2008 թվականի և 10.12.2007 թվականի ստացականների ձեռագիր տեքստերի ստորին մասերում «Սեյրան Վարդանյան» բառերի դիմաց տեղավորված ստորագրությունները կատարվել են միևնույն անձի կողմից:

2. ա) 17.03.2006 թվականի թիվ 1327/01 և 19.02.2007 թվականի թիվ 04842 երաշխավորության պայմանագրերի 1-ին, 2-րդ էջերի ստորին մասերում և 3-րդ էջի միջին աջ մասում «Երաշխավոր Սեյրան Վարդանյան» բառերի տակ տեղավորված ստորագրությունները կատարվել են միևնույն անձի կողմից:

բ) Միևնույն, թե տարբեր անձանց կողմից են կատարվել տան և հողամասի առուծախի պայմանագրի, 10.01.2008 թվականի և 10.12.2007 թվականի ստացականների ձեռագիր տեքստերի ստորին մասերում «Սեյրան Վարդանյան» բառերի դիմաց տեղավորված ստորագրությունները («խումբ 1 ստորագրություններ») և 17.03.2006 թվականի թիվ 1327/01 և 19.02.2007 թվականի թիվ 04842 երաշխավորության պայմանագրերի 1-ին, 2-րդ էջերի ստորին մասերում և 3-րդ էջի միջին աջ մասում «Երաշխավոր Սեյրան Վարդանյան» բառերի տակ տեղավորված ստորագրությունները («խումբ 2 ստորագրություններ») պարզել հնարավոր չէ` հետազոտելի ստորագրությունների ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության և պարզ կատարման պատճառով:

3. «1» կետի «ա» ենթակետում նշված ձեռագիր տեքստերի և «բ» ենթակետում նշված ստորագրությունների միջև համեմատական հետազոտություն չանցկացվեց` դրանք հետազոտության տարբեր օբյեկտներ լինելու պատճառով: Ուստի պարզել` միևնույն, թե տարբեր անձանց կողմից են կատարվել հետազոտելի ձեռագիր տեքստերը և ստորագրությունները, հնարավոր չէ (հատոր 5-րդ, գ.թ. 91-95):

10) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տված բացատրությամբ հայտնել է, որ 24.03.2009 թվականի թիվ 08530901 եզրակացության «Հետևություններ» բաժնում նշված փաստաթղթերի` նախնական պայմանագրի և ստացականների կազմման ժամանակն ունի մինչև մեկ տարվա կատարման վաղեմություն, որի ժամկետը կատեգորիկ է որոշված, և այն մեկ տարուց ավելի հնարավոր չէ, որ կազմված լինի:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է անշարժ գույքի վերաբերյալ նախնական պայմանագրի դատական կարգով վավեր ճանաչման իրավաբանական հնարավորության խնդրով:

1) Քննելով վճռաբեկ բողոքն առաջին հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նախնական պայմանագրով կողմերը պարտավորվում են ապագայում կնքել գույք հանձնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր (հիմնական պայմանագիր)` նախնական պայմանագրով նախատեսված պայմաններով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախնական պայմանագիրը կնքվում է հիմնական պայմանագրի համար սահմանված ձևով, իսկ եթե հիմնական պայմանագրի ձևը սահմանված չէ, ապա` գրավոր: Նախնական պայմանագրի ձևի մասին կանոնները չպահպանելն այն դարձնում է առոչինչ:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` նախնական պայմանագրում նշվում է այն ժամկետը, որի ընթացքում կողմերը պարտավորվում են կնքել հիմնական պայմանագիր: Եթե նախնական պայմանագրում նման ժամկետ որոշված չէ, ապա հիմնական պայմանագիրը պետք է կնքվի նախնական պայմանագիրը կնքելու պահից` մեկ տարվա ընթացքում:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` նախնական պայմանագրով նախատեսված պարտավորությունները դադարում են, եթե մինչև այն ժամկետի ավարտը, որում կողմերը պետք է կնքեին հիմնական պայմանագիրը, այն չի կնքվում, կամ կողմերից մեկը մյուսին առաջարկ չի ներկայացնում այդ պայմանագիրը կնքելու մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիրն այնպես, ինչպես և հիմնական պայմանագիրը, ենթակա է նոտարական վավերացման, որպիսի պահանջը չպահպանելը հանգեցնում է նախնական պայմանագրի առոչնչության: Միաժամանակ, հիմնական պայմանագիրը պետք է կնքվի նախնական պայմանագրով սահմանված ժամկետում, իսկ նման ժամկետ սահմանված չլինելու դեպքում` մեկ տարվա ընթացքում: Ավելին, եթե նախնական պայմանագրով նախատեսված ժամկետում կողմերը հիմնական պայմանագիր չեն կնքում կամ կողմերից մեկը մյուսին առաջարկ չի ներկայացնում այն կնքելու մասին, ապա նախնական պայմանագրով նախատեսված պարտավորությունները դադարում են:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար անհրաժեշտ է պարզել այն իրավական հարցը, թե արդյոք կարող է նախնական պայմանագիրը դատական կարգով ճանաչվել վավեր, այսինքն` արդյոք դրա նկատմամբ կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավակարգավորումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը գործարքը կատարած կողմի պահանջով գործարքը վավեր ճանաչելու համար սահմանել է հետևյալ փաստերի միաժամանակյա առկայությունը`

1) կողմերից մեկի կողմից գործարքի լրիվ կամ մասնակի կատարված լինելը,

2) մյուս կողմի խուսափելն օրենքով նախատեսված կարգով գործարքի վավերացումից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` այն դեպքում, երբ նախնական պայմանագիր կնքած կողմը խուսափում է հիմնական պայմանագիր կնքելուց, կիրառվում են նույն օրենսգրքի 461 հոդվածով սահմանված կանոնները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե կողմը, ում համար օրենքին համապատասխան պարտադիր է պայմանագիր կնքելը, խուսափում է այն կնքելուց, մյուս կողմն իրավունք ունի դատարան դիմել` պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջով:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը նախնական պայմանագիր կնքած կողմի պահանջով գործարքը կնքելուց խուսափող կողմին պայմանագիր կնքելուն հարկադրելու համար սահմանել է հետևյալ փաստերի միաժամանակյա առկայությունը`

1) պայմանագիր կնքելն օրենքին համապատասխան պարտադիր է,

2) պայմանագիր կնքելու պարտավորություն ունեցող կողմը խուսափում է այն կնքելուց:

Վերոգրյալ կարգավորումներից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից սահմանվել են «գործարքը վավեր ճանաչելու» և «պայմանագիր կնքելուն հարկադրելու» իրարից էականորեն տարբերվող իրավական ռեժիմներ: Ընդ որում, դատական կարգով կարող է վավեր ճանաչվել գործարքի կողմերի միջև արդեն իսկ կնքված ինչպես նախնական, այնպես էլ հիմնական պայմանագիրը, որի նոտարական վավերացումից կողմը խուսափում է, այսինքն` օրենքը չի բացառում նախնական պայմանագրի վավեր ճանաչման հնարավորությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չեն նշված մասով բողոք բերած անձի փաստարկները:

 

2) Քննելով վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են`

1) գրավոր և իրեղեն ապացույցներով.

2) փորձագետների եզրակացություններով.

3) վկաների ցուցմունքներով.

4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով ապացույցի հասկացությունը, սպառիչ սահմանել է դրանց տեսակները, այն է` գրավոր և իրեղեն ապացույցները, փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները, գործին մասնակցող անձանց ցուցմունքները: Ընդ որում, դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Միաժամանակ, դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է այս կամ այն ապացույցը մերժում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության, ինչպես նաև որոշման իրավական հիմնավորվածության մասին:

Սույն գործում առկա «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 24.03.2009 թվականի թիվ 08530901 եզրակացության «Հետևություններ» բաժնի «Ձեռագրաբանական մասի» համաձայն`

1ա) Փորձաքննությանը տրամադրված տան և հողամասի առուծախի նախնական պայմանագրի, 10.01.2008 թվականի ստացականի և 10.12.2007 թվականի ստացականի ձեռագիր տեքստերը և դրանց տակ տեղավորված ձեռագիր գրառումները (բացի անձնագրի տվյալներին վերաբերող թվային գրառումներից) կատարվել են միևնույն անձի կողմից:

բ) «1ա» կետում նշված փաստաթղթերում տեղավորված Սեյրան Վարդանյանի անունից ստորագրությունները կատարվել են միևնույն անձի կողմից:

2. Փորձաքննությանը տրամադրված թիվ 1327/01 երաշխավորության պայմանագրի երեք էջերի վրա տեղավորված, թիվ 04842 երաշխավորության պայմանագրի երեք էջերի վրա տեղավորված Սեյրան Վարդանյանի անունից ստորագրությունները, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման ղեկավարին հասցեագրված 08.10.2007 թվականի դիմումի (քսերոպատճեն) վերջում «Դիմող» բառի դիմաց տեղավորված Վարդանյանի անունից ստորագրությունը կատարվել են միևնույն անձի կողմից:

3. «1բ» կետում նշված հետազոտելի ստորագրությունները և «2» կետում նշված հետազոտելի ստորագրությունները կատարվել են տարբեր անձանց կողմից:

Միաժամանակ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 31.01.2012 թվականի թիվ 11-2711 եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն`

1. ա) Փորձաքննության ներկայացված տան և հողամասի առուծախի պայմանագրի, 10.01.2008 թվականի և 10.12.2007 թվականի ստացականների ձեռագիր տեքստերը և դրանց տակ տեղավորված ձեռագիր գրառումները կատարվել են միևնույն անձի կողմից:

բ) Տան և հողամասի առուծախի պայմանագրի, 10.01.2008 թվականի և 10.12.2007 թվականի ստացականների ձեռագիր տեքստերի ստորին մասերում «Սեյրան Վարդանյան» բառերի դիմաց տեղավորված ստորագրությունները կատարվել են միևնույն անձի կողմից:

2. ա) 17.03.2006 թվականի թիվ 1327/01 և 19.02.2007 թվականի թիվ 04842 երաշխավորության պայմանագրերի 1-ին, 2-րդ էջերի ստորին մասերում և 3-րդ էջի միջին աջ մասում «Երաշխավոր Սեյրան Վարդանյան» բառերի տակ տեղավորված ստորագրությունները կատարվել են միևնույն անձի կողմից:

բ) Միևնույն, թե տարբեր անձանց կողմից են կատարվել տան և հողամասի առուծախի պայմանագրի, 10.01.2008 թվականի և 10.12.2007 թվականի ստացականների ձեռագիր տեքստերի ստորին մասերում «Սեյրան Վարդանյան» բառերի դիմաց տեղավորված ստորագրությունները («խումբ 1 ստորագրություններ») և 17.03.2006 թվականի թիվ 1327/01 և 19.02.2007 թվականի թիվ 04842 երաշխավորության պայմանագրերի 1-ին, 2-րդ էջերի ստորին մասերում և 3-րդ էջի միջին աջ մասում «Երաշխավոր Սեյրան Վարդանյան» բառերի տակ տեղավորված ստորագրությունները («խումբ 2 ստորագրություններ») պարզել հնարավոր չէ` հետազոտելի ստորագրությունների ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության և պարզ կատարման պատճառով:

3. «1» կետի «ա» ենթակետում նշված ձեռագիր տեքստերի և «բ» ենթակետում նշված ստորագրությունների միջև համեմատական հետազոտություն չանցկացվեց` դրանք հետազոտության տարբեր օբյեկտներ լինելու պատճառով: Ուստի պարզել` միևնույն, թե տարբեր անձանց կողմից են կատարվել հետազոտելի ձեռագիր տեքստերը և ստորագրությունները, հնարավոր չէ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և չի գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, ինչպես նաև դրանք չի համադրել միմյանց հետ:

Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը չի հետազոտել և գնահատել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 24.03.2009 թվականի թիվ 08530901 եզրակացությունը և այն չի համադրել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 31.01.2012 թվականի թիվ 11-2711 եզրակացության հետ, ինչի արդյունքում հաշվի չի առել, որ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 24.03.2009 թվականի թիվ 08530901 եզրակացությամբ փորձագետը տվել է կատեգորիկ եզրակացություն այն մասին, որ տան և հողամասի առուծախի պայմանագրի, 10.01.2008 թվականի և 10.12.2007 թվականի ստացականների ձեռագիր տեքստերի ստորին մասերում «Սեյրան Վարդանյան» բառերի դիմաց կատարված ստորագրությունները և 17.03.2006 թվականի թիվ 1327/01 և 19.02.2007 թվականի թիվ 04842 երաշխավորության պայմանագրերի 1-ին, 2-րդ էջերի ստորին մասերում և 3-րդ էջի միջին աջ մասում «Երաշխավոր Սեյրան Վարդանյան» բառերի տակ կատարված ստորագրությունները կատարվել են տարբեր անձանց կողմից:

Ավելին, «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տված բացատրությամբ հայտնել է, որ 24.03.2009 թվականի թիվ 08530901 եզրակացության «Հետևություններ» բաժնում նշված փաստաթղթերի` նախնական պայմանագրի և ստացականների կազմման ժամանակն ունի մինչև մեկ տարվա կատարման վաղեմություն, որի ժամկետը կատեգորիկ է որոշված, և այն մեկ տարուց ավելի հնարավոր չէ, որ կազմված լինի:

Մինչդեռ, տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է միայն «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 31.01.2012 թվականի թիվ 11-2711 եզրակացությունը և որևէ կերպ չի պատճառաբանել, թե ինչու է մերժում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 24.03.2009 թվականի թիվ 08530901 եզրակացությունը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին և նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը: Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Միաժամանակ, սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ապացույցների զանգվածում ներառված փորձագիտական եզրակացությունների գնահատման խնդրին` հաշվի առնելով առանձին գործերով այս ապացույցների կարևորությունը և դրանց գնահատման առումով միասնական դատական պրակտիկայի ձևավորման անհրաժեշտությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փորձագետի եզրակացությունը պետք է պարունակի`

1. նշում` կիրառված մեթոդների մասին,

2. կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը,

3. հետազոտությունների արդյունքում արված հետևությունները,

4. առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում է մյուս ապացույցների հետ:

Նշված հոդվածների վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածում խոսքը գնում է փորձագետին առաջադրված հարցերի վերաբերյալ հետևությունների և դրանց հիման վրա հիմնավորված պատասխանների (եզրակացության) մասին: Հետևաբար, փորձագիտական եզրակացության արդյունքում տրված հավանական եզրահանգումները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի և 62-րդ հոդվածի ուժով չեն կարող ունենալ ապացուցողական նշանակություն որոշակի փաստի առկայությունն ապացուցելու առումով: Փորձագետի հետևությունների ձևը չի որոշում եզրակացության դերը և տեղը ապացուցման պրոցեսում: Հետևության ձևը (հավանական կամ կատեգորիկ) և փորձաքննության արդյունքում տրված եզրակացությունն այն երկու բաղադրամասերն են, որոնք հնարավոր չէ տարանջատել: Ոչ հավանական եզրակացությունն ինքնին և ոչ էլ եզրակացության մեջ նշված տվյալներն առանձին վերցրած չունեն ապացուցողական նշանակություն. այդպիսին չեն համարվում նաև հիպոթեթիկ եզրակացության համար հիմք հանդիսացող տվյալները: Հավանական հետևությունների թվից, որքան էլ որ շատ դրանք լինեն, չի առաջանում հավաստի և իրական եզրակացություն. հավանական հետևությունների քանակը չի ավելացնում փորձագիտական եզրակացության ապացուցողական նշանակությունը:

Հետևաբար, փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները գնահատվեն որպես մեկ ապացույց:

Վերոնշյալ մեկնաբանության լույսի ներքո համադրելով գործում առկա փորձագիտական եզրակացությունների վերաբերյալ Դատարանի և Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պետք է հիմք ընդունել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 24.03.2009 թվականի թիվ 08530901 եզրակացությունը, քանի որ դրանով, ինչպես վերը նշվեց, կատեգորիկ եզրակացություն է տրվել այն մասին, որ տան և հողամասի առուծախի նախնական պայմանագրում, ստացականներում և երաշխավորության պայմանագրերում «Սեյրան Վարդանյան» բառերի դիմաց առկա ստորագրությունները կատարվել են տարբեր անձանց կողմից: Նշված հանգամանքը պնդել է նաև փորձագետը գործի քննության ընթացքում տված բացատրությամբ` միաժամանակ պնդելով նաև, որ նախնական պայմանագրի և ստացականների կազմման ժամանակն ունի մինչև մեկ տարվա վաղեմություն: Իսկ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 31.01.2012 թվականի թիվ 11-2711 եզրակացությամբ հետևություն է արվել այն մասին, որ վերոգրյալ փաստաթղթերում «Սեյրան Վարդանյան» բառերի դիմաց առկա ստորագրությունները միևնույն, թե տարբեր անձանց կողմից են կատարվել, պարզել հնարավոր չէ` հետազոտելի ստորագրությունների ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության և պարզ կատարման պատճառով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի հաստատվել տան և հողամասի առուծախի նախնական պայմանագրերը և ստացականները Սեյրան Վարդանյանի կողմից ստորագրված լինելու հանգամանքը: Հետևաբար, հայցը մերժելու մասով հիմնավոր է Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ վիճելի տան և հողամասի վերաբերյալ կողմերը (գնորդ և վաճառող) փաստաթուղթ չեն կազմել և այն նոտարական կարգով չեն վավերացրել:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերոգրյալ հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.08.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 04.04.2012 թվականի վճռին:

2. Ռաֆայել Ավետիսյանից հօգուտ Անժելա Վարդանյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան