Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.04.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.06.19/32(972).1 Հոդ.587.19
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
05.04.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
05.04.2013
Дата вступления в силу
05.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3094/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3094/02/11
2013 թ.

Նախագահող դատավոր՝   Գ. Մատինյան

Դատավորներ՝   

Լ. Գրիգորյան 
 

Ա. Թումանյան 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.08.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Ստանդարտ Էներգո» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 59.643.600 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Կ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 01.06.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.08.2012 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.06.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 28-րդ, 53-րդ, 119-րդ, 130-րդ, 131-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 529-րդ հոդվածի 4-րդ մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 348-րդ, 367-րդ, 408-րդ, 447-րդ, 474-րդ, 528-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերությունը պարտավոր էր ներկայացնել կանխավճարի հաշիվ, ապրանքի մատակարարումից յոթ օր առաջ գրավոր ծանուցել Կազմակերպությանը մատակարարման կոնկրետ ժամկետի մասին, ապրանքը «DDU» պայմաններով մատակարարել Կազմակերպության պահեստ և հանձնել Կազմակերպության պատասխանատու անձին, ինչպես նաև ապրանքի ընդունման փաստի առթիվ ներկայացնել բեռը ստացողի ապրանքատրանսպորտային բեռնագիր: Մինչդեռ պայմանագրով և համաձայնագրով ստանձնած վերոհիշյալ պարտավորություններն Ընկերությունը չի կատարել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Կազմակերպության կողմից Ընկերության մոտ գործուղված ներկայացուցիչը կարող էր իրականացնել միայն մատակարարվող ապրանքի նախնական զննություն և ոչ թե ընդունում: Ընդ որում, Կազմակերպության կողմից ներկայացուցիչ չգործուղելն Ընկերությանը չէր ազատում 15.03.2011 թվականից մինչև 15.04.2011 թվականը մնացած ապրանքի մատակարարումն ավարտելու պարտավորության կատարումից, ինչպես նաև որևէ կերպ չէր սահմանափակում Ընկերության իրավունքը ներկայացնելու կանխավճարի հաշիվ, առանց որի Կազմակերպությունը չէր կարող կատարել 50 տոկոս կանխավճարի վճարում: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ 16.03.2011 թվականի և 07.04.2011 թվականի գրություններում Ընկերությունը մատակարարման կոնկրետ ժամկետ չի նշել և կանխավճարի հաշիվ չի ներկայացրել:

Վերաքննիչ դատարանը ճիշտ չի գնահատել Պայմանագրի և համաձայնագրի դրույթները, անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ Ընկերությունը սահմանված կարգով մատակարարել է ապրանքը Հայաստանի Հանրապետություն, իսկ Կազմակերպությունը հրաժարվել է ընդունել այն:

Մատակարարումն ապահովելու համար Կազմակերպության կողմից վճարման ենթակա կանխավճարը կազմում էր ապրանքի արժեքի 50 տոկոսը, մինչդեռ Դատարանի և Վերաքննիչ դատարանի դատական ակտերով Կազմակերպությունն անհիմն կերպով ծանրաբեռնվել է չմատակարարված և չստացված ապրանքի համար վճարելու պարտավորությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.08.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը դատավարական նորմերի խախտում թույլ չի տվել։ Կազմակերպությունը պատճառաբանել է, թե Դատարանն իրեն զրկել է իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, մինչդեռ Կազմակերպությունը հնարավորություն է ունեցել գրավոր պատասխան ներկայացնել, նախնական դատական նիստում իր դիրքորոշումը հայտնել, սակայն չի արել: Բացի այդ, Կազմակերպությունը Վերաքննիչ դատարանում նման փաստարկ չի հայտնել, ուստի Վերաքննիչ դատարանի որոշումը նշված հիմքերով չի կարող բողոքարկել Վճռաբեկ դատարանում:

Կազմակերպության կողմից ապրանքի ընդունումից հրաժարվելն ապացուցվում է վերաքննիչ բողոքին կից ներկայացված Կազմակերպության փոխտնօրենի 23.01.2012 թվականի գրությամբ, ըստ որի` 2011 թվականի ներդրումային ծրագրի կրճատման կապակցությամբ Կազմակերպությունը ստիպված է եղել հրաժարվել մատակարարման պայմանագրի մնացած մասից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ընկերության և Կազմակերպության միջև 30.03.2010 թվականին կնքվել է ԿՍՕ տիպի 6 (10) ԿՎ վակուումային բեռի անջատիչներով և թվային միկրոպրոցեսորային պաշտպանությամբ բջիջների (այսուհետ` ապրանք) մատակարարման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որով Ընկերությունը պարտավորվել է պայմանագրի երեք հավելվածներով նախատեսված տեսականիով, արժեքով և քանակով մատակարարել ապրանքներ, իսկ Կազմակերպությունը պարտավորվել է ընդունել այդ ապրանքները և վճարել դրանց համար: Պայմանագրի 3.2 կետի համաձայն` ապրանքի մատակարարումը կատարվում է «DDU» պայմաններով պատվիրատուի պահեստ` Հայաստան, ք. Աբովյան (ինկոթերմս 2000): Պայմանագրի 3.3 կետի համաձայն` մատակարարումից 7 օր առաջ մատակարարը գրավոր ծանուցում է ուղարկում պատվիրատուին մատակարարման կոնկրետ ժամկետի մասին: Պայմանագրի 3.4 կետի համաձայն` ապրանքի ընդունումն իրականացվում է պատվիրատուի պատասխանատու անձի կողմից: Արտադրանքի ընդունման փաստի առթիվ պատվիրատուն բեռնաստացի ապրանքատրանսպորտային բեռնագրի վրա կատարում է համապատասխան նշում: Պայմանագրի 4.3 կետի համաձայն` մատակարարման փաստի առթիվ մատակարարը պատվիրատուին տրամադրում է հաշիվը և ապրանքատրանսպորտային բեռնագիրը` ապրանքի ընդունման մասին նշումով: Վճարումն իրականացվում է կողմերի կողմից ստորագրված ընդունման-հանձնման ակտի առկայության դեպքում: Պայմանագրի 4.5 կետի համաձայն` պատվիրատուն վճարում է 1, 2 և 3 լոտերով մատակարարված ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակի համար հետևյալ կարգով` ապրանքի արժեքի 50 տոկոս կանխավճար` կանխավճարի հաշիվը ներկայացնելու պահից 10 բանկային օրվա ընթացքում, ապրանքի արժեքի 50 տոկոսը` կողմերի ընդունման-հանձնման ակտի ստորագրելու պահից 10 բանկային օրվա ընթացքում (հատոր 1-ին գ.թ. 7-10):

2) 10.12.2010 թվականի գրության համաձայն` Կազմակերպությունը խնդրել է մինչև 31.12.2010 թվականը մատակարարել ոչ ավելի, քան 46.650.000 ՌԴ ռուբլու ապրանքներ, իսկ մյուս մասի մատակարարումն իրականացնել 2011 թվականի մարտ ամսին (հատոր 1-ին գ.թ. 24):

3) Կողմերի միջև 24.12.2010 թվականին կնքվել է թիվ A-1527/10 համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր), որով ապրանքի ցանկը լրացվել է Համաձայնագրի թիվ 1 հավելվածում նշվածով և Պայմանագրով մատակարարվող ապրանքի արժեքը համապատասխանաբար ավելացվել է 223.200 ՌԴ ռուբլով: Համաձայնագրի 3.1 կետի համաձայն` ապրանքի մնացորդի մատակարարումը սկսելուց 15 օր առաջ Ընկերությունն այդ մասին կծանուցի Կազմակերպությանը: Համաձայնագրի 3.2 կետի համաձայն` մինչև մատակարարի ծանուցման մեջ նշված ամսաթիվը պատվիրատուն կգործուղի մատակարարի մոտ իր պատշաճ լիազորված ներկայացուցչին ողջ ապրանքի մնացորդը տեղում մինչև բեռնումը զննելու համար` դրա քանակի, որակի, տեսականու և այլ տեսանկյուններից հնարավոր պահանջները օպերատիվ ի հայտ բերելու նպատակով: Համաձայնագրի 4-րդ կետի համաձայն` Համաձայնագրի 2.2 կետին համապատասխան մատակարարված ողջ ապրանքի համար պատվիրատուն կվճարի հետևյալ կարգով` 50 տոկոսը որպես կանխավճար` մինչև համաձայնագրի 2.2 կետում նշված մատակարարումը սկսելու ամսաթիվը, 4.2 կետի համաձայն` մնացած մասով Համաձայնագրի 2.2 կետին համապատասխան ողջ ապրանքի մատակարարումն ավարտելուց հետո` 10 բանկային օրվա ընթացքում (հատոր 1-ին գ.թ. 50-51):

4) 19.01.2011 թվականի գրության համաձայն` Ընկերությունը դիմել է Կազմակերպությանը` խնդրելով ուղարկել լիազորված ներկայացուցիչ` ապրանքը բեռնելուց առաջ զննելու համար, ինչպես նաև Համաձայնագրի 4.1 կետի համաձայն` վճարել 50 տոկոս կանխավճար (հատոր 1-ին գ.թ. 53):

5) 01.02.2011 թվականի գրության համաձայն` Ընկերությունը դիմել է Կազմակերպությանը` տեղեկացնելով, որ 59.643.600 ՌԴ ռուբլու ապրանքներն առաքվել են վերջինիս հասցեով, գտնվում են ճանապարհին և խնդրել է կատարել առաքված ապրանքի դիմաց վճարում (հանած 8.400 ՌԴ ռուբլի կանխավճարը)՝ 59.635.200 ՌԴ ռուբլի (հատոր 1-ին գ.թ. 25):

6) 08.02.2011 թվականի գրության համաձայն` Կազմակերպությունն Ընկերությանը հայտնել է, որ կանխավճարը չի կարող գերազանցել 50 տոկոսը և կկատարվի 24.12.2010 թվականի թիվ A-1527/10 լրացուցիչ համաձայնագրով սահմանված ժամկետից ոչ ուշ (հատոր 1-ին գ.թ. 26):

7) 16.03.2011 թվականի գրության համաձայն` Ընկերությունը դիմել է Կազմակերպությանը` խնդրելով Համաձայնագրի 4.1 կետին և Կազմակերպության 08.02.2011 թվականի նամակին համապատասխան` ապրանքի մատակարարման համար կատարել 50 տոկոս կանխավճար և Համաձայնագրի 3.2 կետին համապատասխան Ընկերության հասցեով պատշաճ կերպով գործուղել լիազորված ներկայացուցչին նախաբեռնման զննություն կատարելու համար (հատոր 1-ին գ.թ. 27): Նշված գրությունը Կազմակերպությունում մուտքագրվելու վերաբերյալ ապացույց չի ներկայացվել: Ընկերությունը 07.04.2011 թվականին դիմել է Կազմակերպությանը նույն խնդրանքով: Գրությունը Կազմակերպությունում մուտքագրվել է 15.04.2011 թվականին (հատոր 1-ին գ.թ. 54):

8) 16.03.2011 թվականի և 07.04.2011 թվականի գրություններում Ընկերությունը մատակարարման կոնկրետ ժամկետ չի նշել:

9) Կազմակերպությունը Համաձայնագրով պայմանավորված 50 տոկոս կանխավճարը չի կատարել և ներկայացուցիչ չի գործուղել Ընկերության գտնվելու վայր, իսկ Ընկերությունը ապրանքի մնացորդը Ռուսաստանի Դաշնության Բելգորոդ քաղաքից Հայաստանի Հանրապետության Աբովյան քաղաք չի մատակարարել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է այն իրավական խնդրին, թե մատակարարման պայմանագրից բխող հարաբերություններում ինչպես կարող է դրսևորվել ապրանքի չընդունումը կամ այն ընդունելուց հրաժարումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 521-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար:

Նույն օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գնորդը (ստացողը) պարտավոր է կատարել պայմանագրին համապատասխան մատակարարված ապրանքների ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գնորդը (ստացողը) ընդունված ապրանքները պետք է զննի օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված ժամկետում: Գնորդը (ստացողը) պարտավոր է այդ նույն ժամկետում` օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված կարգով, ստուգել ընդունած ապրանքների քանակն ու որակը և հայտնաբերված անհամապատասխանությունների կամ թերությունների մասին անհապաղ գրավոր տեղեկացնել մատակարարին:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ մատակարարման պայմանագրի կատարման համար անհրաժեշտ է, որպեսզի մատակարարը գնորդին հանձնի պայմանագրով նախատեսված ապրանքները, իսկ գնորդը դրանք ընդունի: Ընդ որում, պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու պարագայում ապրանքը հանձնելու պարտականությունը համարվում է կատարված, եթե ապրանքը փաստացի հանձնվել է գնորդին: Ինչ վերաբերում է գնորդի կողմից ապրանքն ընդունելուն, ապա այն ներառում է վերջինիս կողմից այնպիսի գործողությունների կատարում, որոնցով պետք է ապահովվի մատակարարված ապրանքները փաստացի տիրապետման ընդունելը, ինչպես նաև պարզվի ապրանքի համապատասխանությունը պայմանագրով նախատեսված պայմաններին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ այդ գործողությունների ծավալը կախված է ապրանքները գնորդին հանձնելու վայրից և այն եղանակից, որով պետք է իրականացվի հանձնումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի օրենսգրքի 529-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` այն դեպքերում, երբ գնորդը, առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով սահմանված հիմքերի, մատակարարից չի ընդունում ապրանքը կամ հրաժարվում է այն ընդունելուց, մատակարարն իրավունք ունի գնորդից պահանջել վճարելու ապրանքի համար:

Վերը նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ ապրանքի համար վճարելու պահանջի իրավունքը մատակարարի մոտ առաջանում է այն դեպքում, երբ գնորդը, առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով սահմանված հիմքերի, մատակարարից չի ընդունում ապրանքը կամ հրաժարվում է այն ընդունելուց: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում գնորդի կողմից ապրանքից հրաժարվելը պետք է արտահայտվի հստակ և լինի որոշակի: Այսինքն` գնորդը պետք է կատարի այնպիսի գործողություններ կամ դրսևորի այնպիսի անգործություն, որոնք օբյեկտիվորեն վկայում են ապրանքը չընդունելու կամ այն ընդունելուց հրաժարվելու մասին:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ Դատարանը, պարզելով, որ Հայցվորը մնացորդ ապրանքի մատակարարումը պետք է իրականացներ 2011 թվականի մարտի 15-ից մինչև ապրիլի 15-ը (Համաձայնագրի 2.2 կետի համաձայն), և մատակարարումն սկսելուց 15 օր առաջ Հայցվորը պետք է ծանուցեր Պատասխանողին, իսկ վերջինս էլ մինչև ծանուցման մեջ նշված ամսաթիվը պետք է պատշաճ լիազորված ներկայացուցիչ գործուղեր Հայցվորի մոտ` ք. Բելգորոդ, ողջ ապրանքի մնացորդը տեղում, մինչև բեռնումը, զննելու համար (Համաձայնագրի 3.1 կետի համաձայն), պարզելով նաև, որ Համաձայնագրի 2.2 կետում նշված ժամանակահատվածում` 2011 թվականի մարտի 15-ից միևչև ապրիլի 15-ը, 16.03.2011 թվականին Հայցվորը դիմել է Պատասխանողին` խնդրելով Համաձայնագրի 4.1 կետին և Պատասխանողի 08.02.2011 թվականի նամակին համապատասխան ապրանքի մատակարարման համար կատարել 50 տոկոս կանխավճար և Համաձայնագրի 3.2 կետին համապատասխան Հայցվորի հասցեով պատշաճ կերպով գործուղել լիազոր ներկայացուցչի` արձանագրելով, որ համաձայնագրով սահմանված ժամկետում` Պատասխանողն առնվազն երկու իրավական հետևանք առաջացնող ծանուցում է ստացել, սակայն դրսևորել է անգործություն, որ Պատասխանողը պարտավոր էր մինչև 2011 թվականի ապրիլի 15-ը լիազոր ներկայացուցիչ ուղարկել հայցվորի գտնվելու վայր` ՌԴ, ք. Բելգորոդ, որպիսի գործողությունը չկատարելով` փաստացի չի ընդունել ապրանքը և, նկատի ունենալով այն, որ Պատասխանողի կողմից ապրանքի չընդունումը պայմանավորված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով սահմանված հիմքերի առկայությամբ, իրավացիորեն բավարարել է Ընկերության հայցը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործում առկա ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Այսպես` սույն գործի փաստերի համաձայն` Պայմանագրով Կազմակերպությունը պարտավորվել է ընդունել ապրանքները և վճարել դրանց համար: Պայմանագրի 3.2 կետի համաձայն` ապրանքի մատակարարումը կատարվում է «DDU» պայմաններով պատվիրատուի պահեստ` Հայաստան, ք. Աբովյան (ինկոթերմս 2000): Մատակարարումից 7 օր առաջ մատակարարը գրավոր ծանուցում է ուղարկում պատվիրատուին մատակարարման կոնկրետ ժամկետի մասին: Ապրանքի ընդունումն իրականացվում է պատվիրատուի պատասխանատու անձի կողմից: Արտադրանքի ընդունման փաստի առթիվ պատվիրատուն բեռնաստացի ապրանքատրանսպորտային բեռնագրի վրա կատարում է համապատասխան նշում: Մատակարարման փաստի առթիվ մատակարարը պատվիրատուին տրամադրում է հաշիվը և ապրանքատրանսպորտային բեռնագիրը` ապրանքի ընդունման մասին նշումով: Վճարումն իրականացվում է կողմերի կողմից ստորագրված ընդունման-հանձնման ակտի առկայության դեպքում: Պատվիրատուն վճարում է 1, 2 և 3 լոտերով մատակարարված ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակի համար հետևյալ կարգով` ապրանքի արժեքի 50 տոկոս կանխավճար` կանխավճարի հաշիվը ներկայացնելու պահից 10 բանկային օրվա ընթացքում, ապրանքի արժեքի 50 տոկոսը` կողմերի ընդունման-հանձնման ակտի ստորագրելու պահից 10 բանկային օրվա ընթացքում: Ընկերության և Կազմակերպության միջև 24.12.2010 թվականին կնքվել է Համաձայնագիրը, որով ապրանքի ցանկը լրացվել է Համաձայնագրի թիվ 1 հավելվածում նշվածով և Պայմանագրով մատակարարվող ապրանքի արժեքը համապատասխանաբար ավելացվել է 223.200 ՌԴ ռուբլով: Ապրանքի մնացորդի մատակարարումը սկսելուց 15 օր առաջ Ընկերությունն այդ մասին պետք է ծանուցի Կազմակերպությանը: Համաձայնագրի 3.2 կետի համաձայն` մինչև մատակարարի ծանուցման մեջ նշված ամսաթիվը Պատվիրատուն կգործուղի մատակարարի մոտ իր պատշաճ լիազորված ներկայացուցչին` ողջ ապրանքի մնացորդը տեղում մինչև բեռնումը զննելու համար` դրա քանակի, որակի, տեսականու և այլ տեսանկյուններից հնարավոր պահանջներ օպերատիվ ի հայտ բերելու նպատակով: Համաձայնագրի 4-րդ կետի համաձայն` 2.2 կետին համապատասխան մատակարարված ողջ ապրանքի համար պատվիրատուն պետք է վճարի հետևյալ կարգով` 50 տոկոսը որպես կանխավճար` մինչև նույն համաձայնագրի 2.2 կետում նշված մատակարարումը սկսելու ամսաթիվը, Համաձայնագրի 4.2 կետի համաձայն` մնացած մասով համաձայնագրի 2.2 կետին համապատասխան ողջ ապրանքի մատակարարումն ավարտելուց հետո` 10 բանկային օրվա ընթացքում: 10.12.2010 թվականի գրության համաձայն` Կազմակերպությունը խնդրել է մինչև 31.12.2010 թվականը մատակարարել ոչ ավելի, քան 46.650.000 ՌԴ ռուբլու ապրանքներ, իսկ մյուս մասի մատակարարումն իրականացնել 2011 թվականի մարտ ամսին: 19.01.2011 թվականի գրության համաձայն` Ընկերությունը դիմել է Կազմակերպությանը` խնդրելով ուղարկել լիազորված ներկայացուցիչ ապրանքը բեռնելուց առաջ զննելու համար, ինչպես նաև համաձայնագրի 4.1 կետի համաձայն` վճարել 50 տոկոս կանխավճար: 01.02.2011 թվականի գրության համաձայն` Ընկերությունը կրկին դիմել է Կազմակերպությանը` տեղեկացնելով, որ 59.643.600 ռուբլու ապրանքներն առաքվել են վերջինիս հասցեով, գտնվում են ճանապարհին և խնդրել է կատարել առաքված սարքավորումների դիմաց վճարում (հանած 8.400 ռուբլի կանխավճարը)՝ 59.635.200 ՌԴ ռուբլի: 08.02.2011 թվականի գրության համաձայն` Կազմակերպությունն Ընկերությանը հայտնել է, որ կանխավճարը չի կարող գերազանցել 50 տոկոսը և կկատարվի 24.12.2010 թվականին թիվ A-1527/10 լրացուցիչ համաձայնագրով սահմանված ժամկետից ոչ ուշ: 16.03.2011 թվականի գրության համաձայն` Ընկերությունը կրկին դիմել է Կազմակերպությանը` խնդրելով համաձայնագրի 4.1 կետին և Կազմակերպության 08.02.2011 թվականի նամակին համապատասխան ապրանքի մատակարարման համար կատարել 50 տոկոս կանխավճար և համաձայնագրի 3.2 կետին համապատասխան Ընկերության հասցեով պատշաճ կերպով գործուղել լիազորված ներկայացուցչին: Ընկերությունը 07.04.2011 թվականին կրկին դիմել է Կազմակերպությանը նույն խնդրանքով: 16.03.2011 թվականի և 07.04.2011 թվականի գրություններում Ընկերությունը մատակարարման կոնկրետ ժամկետ չի նշել: Կազմակերպության կողմից վերոհիշյալ երկու գրություններին պատասխանելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ, ինչպես նաև Կազմակերպությունը Համաձայնագրով պայմանավորված 50 տոկոս կանխավճարը չի կատարել և ներկայացուցիչ չի գործուղել Ընկերության գտնվելու վայր:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի պարզել, թե պայմանագրով ապրանքի մատակարարումը Հայաստանի Աբովյան քաղաքի պատվիրատուի պահեստ իրականացնելու պայման նախատեսված լինելու պարագայում արդյո՞ք դեռևս չմատակարարված ապրանքների զննությունը հանդիսացել է ապրանքի ընդունմանն ուղղված գործողություն, ինչի չկատարումը կարող էր հիմք ծառայել Ընկերության կողմից Կազմակերպության անգործությունը «ապրանքի չընդունում» կամ «ապրանքի ընդունումից հրաժարում» որակելու համար` հաշվի առնելով այն, որ Համաձայնագրից և գործում գտնվող գրությունների բովանդակությունից բխում է, որ Կազմակերպության ներկայացուցիչը պետք է լիազորված լիներ ապրանքի մնացորդը մինչև բեռնումը տեղում զննել` դրա քանակի, որակի, տեսականու և այլ տեսանկյուններից հնարավոր պահանջներ օպերատիվ ի հայտ բերելու նպատակով:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ 16.03.2011 թվականի և 07.04.2011 թվականի գրություններով Ընկերությունը խնդրել է կատարել 50 տոկոս կանխավճար և գործուղել ներկայացուցչին` մատակարարվող ապրանքի նախնական զննության համար, սակայն նշված գրություններում մատակարարման կոնկրետ ժամկետ չի նշել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կողմերի միջև ապրանքի մնացորդը 2011 թվականի մարտ ամսին մատակարարելու համաձայնություն ձեռք բերված լինելու պայմաններում 2011 թվականի հունվար և փետրվար ամիսների գրությունները կողմերի համար իրավական հետևանքներ չէին կարող ունենալ: Մինչդեռ իրավական հետևանք առաջացնելու հնարավորություն ունեցող երկու գրություններից 16.03.2011 թվականի գրությունը Կազմակերպությունում մուտքագրվելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ, հետևաբար պարզ չէ` այդ գրությունը Կազմակերպությունում ստացվել է, թե՝ ոչ: Իսկ 07.04.2011 թվականի գրությունը Կազմակերպությանն է հանձնվել 15.04.2011 թվականին` ապրանքի մատակարարման ժամկետի վերջին օրը:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված հանգամանքները պարզելուց հետո միայն հնարավոր կլինի պատասխան տալ այն հարցին, թե արդյո՞ք տվյալ դեպքում առկա է գնորդի կողմից մատակարարված ապրանքը չընդունելու կամ ապրանքն ընդունելուց հրաժարվելու դեպքը, հետևաբար և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 529-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառման հիմքը: Նման պայմաններում սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության` վերոնշյալ հանգամանքները պարզելու համար:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.08.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

 

Ե. Սողոմոնյան