Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.04.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.06.19/32(972).1 Հոդ.587.20
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
05.04.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
05.04.2013
Дата вступления в силу
05.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3246/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3246/02/11
2013 թ.

Նախագահող դատավոր՝   Ա. Պետրոսյան

Դատավորներ՝   

Ն. Բարսեղյան
 

Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մանվել Տեր-Առաքելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հայկ Հարությունյանի, երրորդ անձինք Վարդուհի Աբրահամյանի, Արեգ, Սաթենիկ, Գոռ Հարությունյանների ընդդեմ «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), Մանվել Տեր-Առաքելյանի` պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու, հայցվորների պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Հայկ Հարությունյանը պահանջել է Ընկերությանն ու Մանվել Տեր-Առաքելյանին պարտավորեցնել վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը, անհապաղ հանել իր լուսանկարը և «ՀՐԱՄԱՆ»-ը քաղաք Երևան, Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող «Հին Էրիվան» վերտառությամբ շենքի մուտքի դռան մոտ` ցուցափեղկի հետևում գտնվող պաստառի վրայից, այսուհետ ձեռնպահ մնալ իր և իր մերձավոր ազգականների պատիվն ու արժանապատվությունն արատավորող գործողություններ կատարելուց, ինչպես նաև հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից հետևյալ բովանդակությամբ. «Մանվել Տեր-Առաքելյանը և «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ն հայցում են Հայկ Հարությունյանի ներողամտությունը նրա վերաբերյալ վիրավորական արտահայտություններ, անհարկի համեմատություններ թույլ տալու և նրան ու իր մերձավոր ազգականներին հանրային սննդի օբյեկտում սպասարկումը մերժելու համար», ինչպես նաև ներողություն հայցելու տեքստն իր լուսանկարով հրապարակել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, նույն ձևաչափով, ինչ իրենց հրամանը, մեկ ամիս ժամկետով տեղադրել նույն ցուցափեղկում, որտեղ զետեղվել էին լուսանկարները և «ՀՐԱՄԱՆ»-ը, ինչպես նաև վճարել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով փոխհատուցում:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 15.06.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Մանվել Տեր-Առաքելյանը և Ընկերությունը պարտավորեցվել են վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը` անհապաղ հանել Հայկ Հարությունյանի լուսանկարը և «ՀՐԱՄԱՆ»-ը քաղաք Երևան, Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող «Հին Էրիվան» վերտառությամբ շենքի մուտքի դռան մոտ` ցուցափեղկի հետևում գտնվող պաստառի վրայից, հրապարակայնորեն ներողություն խնդրել Հայկ Հարությունյանից հետևյալ տեքստով. «Մանվել Տեր-Առաքելյանը և «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ն հայցում են Հայկ Հարությունյանի ներողամտությունը նրա վերաբերյալ վիրավորական արտահայտություններ, անհարկի համեմատություններ թույլ տալու և նրան ու իր մերձավոր ազգականներին հանրային սննդի օբյեկտում սպասարկումը մերժելու համար», ներողություն հայցելու տեքստը հրապարակել Հայաստանի Հանրապետությունում 1000 տպաքանակից ավել հրատարակվող օրաթերթում: Միաժամանակ պատասխանողները պարտավորեցվել են վճարել փոխհատուցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով։ Հայցը մնացած մասով մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.10.2012 թվականի որոշմամբ Մանվել Տեր-Առաքելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.06.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մանվել Տեր-Առաքելյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հայկ Հարությունյանի ներկայացուցիչ Տաթև Ղուկասյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ, 1071.1-րդ հոդվածները, 1087.1-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք չպետք է կիրառեր:

 Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

 Մանվել Տեր-Առաքելյանը չի հանդիսանում վիրավորանք որակված արտահայտությունները (ցուցափեղկում փակցված հրամանը, լուսանկարները) կատարող և ցուցափեղկում տեղադրող անձ: Ընդ որում, գործում առկա չէ որևէ ապացույց, որով կարող է հաստատվել, որ Մանվել Տեր-Առաքելյանը հանդիսանում է վիրավորանք հասցրած անձ:

Մանվել Տեր-Առաքելյանի` վիրավորանք հասցրած անձ հանդիսանալու փաստը վկայակոչվել է հայցվորի կողմից, ուստի վերջինս պարտավոր էր ներկայացնել թույլատրելի և վերաբերելի ապացույցներ այդ փաստի հաստատման համար, ինչը չի կատարել, որպիսի պարագայում ապացույցի չներկայացման բացասական հետևանքները պետք է կրեր հայցվորը:

Վիրավորանքը հանդիսանում է դիտավորյալ կատարված գործողություն, որի նպատակն է նսեմացնել, արատավորել վիրավորանքի հասցեատեր սուբյեկտի պատիվն ու արժանապատվությունը, այսինքն` պետք է առկա լինի այդ անձի մեղքի դիտավորյալ ձևը, ինչի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արտահայտել է իր դիրքորոշումը 27.04.2012 թվականի ԵԿԴ/2293/02/10 որոշմամբ։ Նշվածի կապակցությամբ իր դիրքորոշումն է արտահայտել նաև ՀՀ սահմանադրական դատարանը 15.11.2011 թվականի ՍԴՈ-997 որոշմամբ: Տվյալ դեպքում բացակայում է Մանվել Տեր-Առաքելյանի կողմից հայցվորին դիտավորյալ վիրավորելու դեպքը: Մանվել Տեր-Առաքելյանին վերագրվել է մի պարտականություն, որը նախատեսված չէ օրենքով, քանի որ վերջինս հանդիսանում է Երևանի Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերը, սակայն այդ գույքը նրա տիրապետման ներքո չի գտնվում, այն պայմանագրով հանձնվել է «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ին, իսկ վերջինիս կողմից էլ հանձնվել է Ընկերության տիրապետմանը, ուստի միայն անշարժ գույքի սեփականատեր լինելու փաստը բավարար չէ պատիվն ու արժանապատվությունն արատավորող գործողությունները նրա կողմից կատարված համարելու և վերջինիս ներողություն խնդրելուն պարտավորեցնելու համար:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գույքային վնասի հատուցումը կարգավորող իրավանորմերը կիրառելու համար հայցվորը պետք է դատարան ներկայացրած լինի վիրավորանքի և զրպարտության արդյունքում իրեն պատճառված գույքային վնասի հատուցման պահանջ, ինչը տվյալ դեպքում առկա չէ, իսկ գույքային վնասի հատուցումը կարգավորող նորմերը պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պահանջների նկատմամբ կիրառելի չեն։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.10.2012 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է և հիմնավոր, իսկ վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման: Վճռաբեկ բողոքում մեջբերված պնդումները վերաբերելի չեն, վկայակոչված իրավանորմերն իրենց պահանջներով ենթակա չեն կիրառման, ուստի և ներկայացված վճռաբեկ բողոքը պետք է մերժվի՝ վերաքննիչ դատարանի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

Գույքի սեփականատերը և/կամ հիմնարկը, որոնք առավել նպաստավոր դիրքում են գտնվում, մեղավոր են անձանց հայտնաբերելու և իրենց անմեղությունն ապացուցելու հարցում, պետք է կրեն մեղքի բացակայությունն ապացուցելու պարտականությունը և համարվեն պատասխանատվություն կրող անգամ մեղքի ապացուցված չլինելու դեպքում:

Բացի այդ, Մանվել Տեր-Առաքելյանի պատասխանատվությունը հիմնավորվում է նաև սույն գործով բողոքաբերի կողմից կատարված և վեճի առիթ հանդիսացած գործողությունների բնույթով, այնուհետև հայցվորի և իր մերձավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող գործողություններն անհապաղ դադարեցնելու և լուսանկարները կամովին, անհապաղ հանելու պահանջի վերաբերյալ բողոքաբերի ցուցաբերած անգործությամբ:

Հայկ Հարությունյանի կողմից դատարան դիմելուց հետո էլ, երբ Մանվել Տեր-Առաքելյանը գիտակցում էր, որ վեճի առիթ հանդիսացած գործողությունները հայցվորը համարում է իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող գործողություններ, չի դադարեցրել այդ գործողությունները: Սույն փաստերը միանշանակ վկայում են այն մասին, որ թե՛ Մանվել Տեր-Առաքելյանը, թե՛ «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ն ի սկզբանե, կանխամտածված կատարել են գործողություններ՝ նպատակ հետապնդելով վիրավորել հայցվորին, արատավորել վերջինիս պատիվն ու արժանապատվությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Հայկ Հարությունյանը, 25.12.2011 թվականին ընտանիքի անդամների` կնոջ, որդիների և դստեր հետ միասին, այցելելով Երևանի Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող «Հին Էրիվան» հանրային սննդի օբյեկտ, ականատես է եղել, որ այդ շենքի մուտքի դռան մոտ` ցուցափեղկի հետևում` պաստառի վրա, հայտնի ահաբեկիչ Բեն Լադենի լուսանկարի հետ նույն շարքում փակցված են իր և «Յունիբանկ» ՓԲԸ-ի նախագահ Վարդան Աթայանի լուսանկարները, որոնց վերևում զետեղված է եղել ներքոհիշյալ բովանդակությամբ «ՀՐԱՄԱՆ» վերնագրված տեքստը.

«Վերը նշված անձանց և նրանց մերձավոր ազգականներին ճանաչել անցանկալի հաճախորդներ, մարդկության նկատմամբ հանցագործություն կատարելու /ՄՀ/ կամ հանրային սննդի օբյեկտի դեմ ոտնձգություն /ՀԴՈ/ կատարելու համար

1. ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ /ՀԴՈ/

2. ՎԱՐԴԱՆ ԱԹԱՅԱՆ /ՀԴՈ/

3. ԲԵՆ ԼԱԴԵՆ /ՄՀ/

4. ՍԱԴԱՄ ՀՈՒՍԵՅՆ /ՄՀ/ Ծանոթություն. վերը նշված անձանց արգելվում է սպասարկել տվյալ տարածքում (հատոր 1, գ.թ. 17-18, 72-73):

2. Մանվել Տեր-Առաքելյանը հանդիսանում է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող «Հին Էրիվան» շենքի սեփականատեր, իսկ այդ շենքում տնտեսական գործունեություն իրականացնողը և շենքը որպես հանրային սննդի օբյեկտ օգտագործողը «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ն է (հատոր 1, գ.թ. 19-27):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է վիրավորանք կատարած անձ հանդիսանալու հանգամանքի ապացուցման բեռի բաշխման, ինչպես նաև սույն գործով վիրավորանքի հետևանքով պատճառված գույքային վնասի հատուցման կանոնների կիրառման հարցերին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կողմերի միջև ըստ էության բացակայում է վեճն այն մասին, որ առկա է վիրավորանք, հետևաբար նշված փաստը Վճռաբեկ դատարանն ընդունում է որպես անվիճելի:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն` ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են`

1) գրավոր և իրեղեն ապացույցներով.

2) փորձագետների եզրակացություններով.

3) վկաների ցուցմունքներով.

4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

Նշված իրավական դրույթի վերաբերյալ իր դիրքորոշումն է արտահայտել Վճռաբեկ դատարանը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վնաս պատճառողն այն անձն է (ֆիզիկական կամ իրավաբանական), ով վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորել է այլ ֆիզիկական անձի պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավը (տե՛ս Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Վերահաստատելով իր այս դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտաբար արձանագրում է, որ`

ա) անձին վիրավորանքի համար պատասխանատվության ենթարկելիս առաջնահերթ պետք է պարզել վիրավորական արտահայտությունները վերջինիս կողմից կատարած լինելու, այսինքն` տվյալ սուբյեկտի` վիրավորանք կատարած անձ հանդիսանալու հանգամանքը,

բ) տուժողի կողմից որևէ անձի որպես վիրավորանք հասցրած անձ որակելը պետք է կատարվի այնպիսի կոնկրետ ապացույցների մատնանշմամբ, որոնք վկայում են վիրավորական արտահայտությունները տվյալ անձի կողմից կատարած լինելու մասին,

գ) ենթադրությունների հիման վրա անձին վիրավորանք հասցրած անձ դիտարկելը թույլատրելի չէ,

դ) նշված փաստերը չապացուցելու պարագայում դրա բացասական հետևանքները կրում է հայցվորը:

Վիրավորանքի կամ զրպարտության միջոցով անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու հետևանքով պատճառված վնասի հատուցման գործերով անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ անձը վնաս կարող է պատճառել ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդավորված` այլ անձի կամ անձանց միջոցով: Հետևաբար նման դեպքերում վնասի հատուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1073-րդ հոդվածի ուժով պետք է դրվի ինչպես անմիջական, այնպես էլ միջնորդավորված վնաս պատճառողների վրա: Հետևաբար վերջիններս տուժողի առջև կկրեն համապարտ պատասխանատվություն:

Սույն գործով հայցը բավարարելիս Դատարանը պատճառաբանել է, որ «Հին Էրիվան» կոչվող շենքը հանդիսանում է մասնավոր սեփականություն, և այդ շենքի սեփականատերն ու օգտագործողը պատասխանատու են շենքի օգտագործմամբ օրենքին հակասող և այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը խախտող գործողությունների համար:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի հետևությունը հիմնավոր համարելով մասնակիորեն, վճիռն օրինական ուժի մեջ թողնելիս պատճառաբանել է, որ «Մանվել Տեր-Առաքելյանը, հանդիսանալով շենքի սեփականատերը և նպատակ չհետապնդելով վիրավորել հայցվորին, պարտավոր էր ողջամիտ և բավարար միջոցներ ձեռնարկել այդ տեղեկատվության հրապարակայնությունը կանխելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնային այլ անձանց»:

Սույն գործի փաստերի համաձայն` վիրավորական արտահայտություն հանդիսացող լուսանկարները և «Հրամանը» փակցված են եղել Մանվել Տեր-Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող «Հին Էրիվան» շենքի մուտքի դռան մոտ, իսկ այդ շենքում տնտեսական գործունեություն իրականացնող և շենքը որպես հանրային սննդի օբյեկտ օգտագործող է հանդիսացել «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ն: Հայցվորը չի ներկայացրել վերաբերելի և թույլատրելի ապացույցներ այն մասին, որ լուսանկարները և Հրաման վերնագրված տեքստը կատարվել և փակցվել են Մանվել Տեր-Առաքելյանի կողմից (անձամբ կամ միջնորդավորված):

Համադրելով վերոնշյալ պատճառաբանությունը և գործի փաստերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցվորի կողմից չի ապացուցվել Մանվել Տեր-Առաքելյանի` վիրավորանք կատարած անձ հանդիսանալու, այն է` վիրավորանք պարունակող արտահայտությունները նրա կողմից կատարելու հանգամանքը, որպիսի պարագայում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի չապացուցման բացասական հետևանքները կրում է հայցվորը: Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սոսկ գույքի սեփականատեր լինելու փաստի ուժով Մանվել Տեր-Առաքելյանը չի կարող պատասխանատվություն կրել վիրավորանք հասցնելու համար, քանի դեռ չի ապացուցվել, որ նա է կատարել վիրավորանք հասցնելուն ուղղված գործողությունները:

Անդրադառնալով սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ, 1071.1-րդ հոդվածների կիրառելիության հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Օրենքով կարող է նախատեսվել վնասի հատուցում` վնաս պատճառողի մեղքի բացակայությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետով նախատեսված վնասը հատուցելու պարտականությունը կրում է անշարժ գույքը տիրապետման, կառուցապատման կամ օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման և այլն) իրավունք ունեցող անձը, եթե վնասը պատճառվել է այդ իրավունքով հատկացված անշարժ գույքի տիրապետման կամ օգտագործման ընթացքում, և եթե այլ բան նախատեսված չէ անշարժ գույքի սեփականատիրոջ և անշարժ գույքը տիրապետող կամ օգտագործող անձի միջև կնքված պայմանագրով:

Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ, 1071.1-րդ հոդվածները կարգավորում են անձին (նրա կյանքին, առողջությանը) կամ նրա գույքին պատճառված գույքային վնասի հետ կապված հարաբերությունները, որոնք պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ գործերով կարգավորվում են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 12-րդ կետով, մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով կարգավորվում են անձի անձնական ոչ գույքային իրավունքի խախտմամբ պատճառված ոչ գույքային վնասի (փոխհատուցման) հետ կապված հարաբերությունները, այսինքն` կարգավորվող հարաբերությունների առարկան և էությունը տարբեր են: Հետևաբար վիրավորանքի հետևանքով պատճառված ոչ գույքային վնասի հատուցման հարցը լուծելիս վերը նշված իրավադրույթները կիրառման ենթակա չեն:

Այս առումով Վճռաբեկ դատարանը վերահաստատում է պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ գործերով գույքային վնասի հատուցման վերաբերյալ արտահայտած իր դիրքորոշումը. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դրամական հատուցումներն իրենցից ներկայացնում են ոչ նյութական վնասի հատուցում և պայմանավորված չեն իրական վնասի կամ բաց թողնված օգուտի առկայությամբ կամ բացակայությամբ: Նշված վնասները, եթե այդպիսիք կան, հատուցման ենթակա են առանձին կարգով` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 12-րդ կետի հիման վրա: Այսպես` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 12-րդ կետի` նույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներն իրականացնելու հետ անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ի տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերում ամրագրված դրամական փոխհատուցման, երբ դատարանը կարող է մերժել դրամական փոխհատուցումը` հիմք ընդունելով պատասխանողի գույքային դրությունը, նույն հոդվածի 12-րդ կետում ամրագրված գույքային վնասը ենթակա է փոխհատուցման ամբողջ ծավալով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` վնասի ինստիտուտը կանոնակարգող նորմերին համապատասխան: Հաշվի առնելով այն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը «վնաս» եզրույթն օգտագործում է իրական վնաս և բաց թողնված օգուտ իմաստներով և օրենսգրքում որևէ այլ տեղ, բացի 1087.1-րդ հոդվածից, չի կիրառվում «գույքային վնաս» եզրույթը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «գույքային վնաս»-ը պետք է մեկնաբանվի որպես անձին պատճառված իրական վնաս և/կամ բաց թողնված օգուտ: Վնասում ներառվում են նաև ողջամիտ դատական ծախսերը, որոնք անձը կատարել է կամ կատարելու է իրավունքները վերականգնելու համար, ինչպես նաև ցանկացած այլ ծախս, որն ուղղակիորեն կատարվել է խախտված իրավունքների վերականգնման համար (տե՛ս Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Դատարանը հայցը բավարարելիս հիմք է ընդունել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի պահանջները, իսկ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վնասի հատուցման ընդհանուր կանոնների կիրառումը որևէ կերպ չի ազդել գործի ելքի վրա: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առաջացած իրավահարաբերությունների նկատմամբ կիրառման ոչ ենթակա նորմի կիրառումը հանգեցրել է գործի սխալ լուծման, քանի որ տվյալ դեպքում հայցվորի կողմից նյութական վնասի հատուցման պահանջ չի ներկայացվել, հետևաբար կիրառելի չէին վիրավորանքի հետևանքով պատճառված նյութական վնասի հատուցումը կանոնակարգող դրույթները` հաշվի առնելով նաև այն, որ նշված դրույթների կիրառման հետևանքով սխալ է որոշվել վնաս հասցնող անձանց սուբյեկտային կազմը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մանվել Տեր-Առաքելյանի մասով հայցի բավարարումն անհիմն է:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

 Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2012 թվականի որոշումը և այն փոփոխել. Հայկ Հարությունյանի հայցն ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի` պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու, հայցվորների պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարելու պահանջների մասին, մերժել։

2. Հայկ Հարությունյանից հօգուտ Մանվել Տեր-Առաքելյանի բռնագանձել 25.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար և 35.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան