ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
վՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0009/04/12 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0009/04/12 |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան |
Դատավորներ՝ |
Կ. Հակոբյան |
Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
|
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի ապրիլի 05-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Յունիբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2012 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի դիմումի ընդդեմ Գևորգ Հարոյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Գևորգ Հարոյանին սնանկ ճանաչել։
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ՝ Դատարան) 08.06.2012 թվականի վճռով դիմումը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.10.2012 թվականի որոշմամբ Գևորգ Հարոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 08.06.2012 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է. Բանկի դիմումն ընդդեմ Գևորգ Հարոյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 132-րդ հոդվածների պահանջները, սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Գևորգ Հարոյանը պատշաճ կարգով չի կատարել իր վարկային պարտավորությունները և վարկի մայր գումարի մասով կետանցը կազմում է 1.157 օր: Գևորգ Հարոյանի պարտքը Բանկի հանդեպ 15.02.2012 թվականի դրությամբ կազմում է 106.926.540,50 ՀՀ դրամ, որը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը և առկա է 60-օրյա և ավելի ժամկետով կետանց: Գևորգ Հարոյանը վիճարկել է ընդամենը վարկային պայմանագրի 2-րդ գլուխը, որը վերաբերում է տոկոսների և տույժերի հաշվարկմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.10.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.06.2012 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Բանկի և Գևորգ Հարոյանի միջև 14.06.2007 թվականին կնքված թիվ 20/Հ վարկային պայմանագրի համաձայն` վերջինիս տրամադրվել է 61.200.000 ՀՀ դրամ վարկ` տարեկան 14% տոկոսադրույքով, վարկի և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները մինչև 14.06.2022 թվականը մարելու ժամկետով (1-ին հատոր, գ.թ. 9-11):
2) Վաճառող Կարեն Ջանոյանի, գնորդ Գևորգ Հարոյանի և Բանկի միջև 14.06.2007 թվականին կնքված թիվ 20/Հ անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրի համաձայն` Գրավառուն վարկ է տրամադրում Գնորդին` վաճառողից Երևանի Մաշտոցի պողոտա 45ա շենքի թիվ 26 հասցեի բնակարանն ու ձեղնահարկը ձեռք բերելու նպատակով (1-ին հատոր, գ.թ. 12-19):
3) Բանկի «Աբովյան» մասնաճյուղի կողմից 29.02.2012 թվականին ներկայացված թիվ 1546 տեղեկանքի համաձայն` Գևորգ Հարոյանի ընդհանուր պարտքը Բանկի նկատմամբ 15.02.2012 թվականի դրությամբ կազմում է 106.926.540,50 ՀՀ դրամ, որից 42.160.000 ՀՀ դրամը` որպես ժամկետային վարկի գումար, 16.170,90 ՀՀ դրամը` որպես ժամկետային վարկի տոկոսագումար, 13.214.240 ՀՀ դրամը` որպես ժամկետանց վարկի գումար, 4.099.007,90 ՀՀ դրամը` որպես ժամկետանց վարկի տույժի գումար, 21.769.965,90 ՀՀ դրամը` որպես ժամկետանց տոկոսագումար, 25.667.155,80 ՀՀ դրամը` որպես ժամկետանց տոկոսագումարի տույժ: Վարկի մայր գումարի մասով կետանցը կազմում է 1.157 օր (1-ին հատոր, գ.թ. 26):
4) 27.10.2010 թվականին Բանկը դիմել է դատարան ընդդեմ Գևորգ Հարոյանի` պարտավորությունները վաղաժամկետ կատարելու և գումարի բռնագանձման պահանջով: Պատասխանող Գևորգ Հարոյանը ներկայացրել է հակընդդեմ հայց` վիճարկելով վարկային պայմանագրի 2-րդ գլուխը, որը վերաբերում է տոկոսների և տույժերի հաշվարկմանը (1-ին հատոր, գ.թ. 71-72):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկ ճանաչելու պայման հանդիսացող վճարային պարտավորության անվիճելիության հատկանիշի մեկնաբանմանը` հաշվի առնելով նշված դրույթի միատեսակ կիրառման անհրաժեշտությունը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն (…) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
⚖Նշված դրույթի միատեսակ մեկնաբանման անհրաժեշտությամբ պայմանավորված` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին բավարար անձին սնանկ ճանաչելու համար: Վճարային պարտավորության անվիճելիությունը առկա է այն դեպքում, երբ պարտապանը չի առարկում սնանկ ճանաչելու պահանջի դեմ: Այդուհանդերձ, օրենքի վերոնշյալ դրույթը կարգավորում է նաև այն դեպքերը, երբ պարտապանը վիճարկում է պարտավորության անվիճելի լինելու փաստը, այլ կերպ ասած` առարկում է իրեն սնանկ ճանաչելու պահանջի դեմ, և այդ առարկությունները վերաբերում է վճարային պարտավորությանը (այլ ոչ թե կետանցին կամ կետանցի շարունակվելուն): Նման պայմաններում վերը հիշատակված հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «անվիճելի վճարային պարտավորություն» եզրույթի բովանդակությունը բացահայելու համար անհրաժեշտ է այն դիտարկել նույն կետի «դ» ենթակետի համատեքստում: Մասնավորապես` այն պարտավորությունը, որը վիճարկվում է պարտապանի կողմից կամ որի դեմ պարտապանը ներկայացրել է առարկություն, անվիճելի է, եթե այդպիսի առարկությունն ուղղված է պահանջի մի մասի դեմ, իսկ մնացած մասը չի վիճարկվում: Այլ կերպ` չվիճարկվող մասը, եթե այն գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, անվիճելի է դարձնում պարտավորությունն առնվազն այդ մասով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն Խաչատրյանի և այլոց թիվ ԿԴ3/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի «Աբովյան» մասնաճյուղի և Գևորգ Հարոյանի միջև 14.06.2007 թվականին կնքված թիվ 20/Հ վարկային պայմանագրի համաձայն Գևորգ Հարոյանին տրամադրվել է 61.200.000 ՀՀ դրամի վարկ` տարեկան 14% տոկոսադրույքով, վարկի և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները մինչև 14.06.2022 թվականը մարման ժամկետով: Վերջինս պարտավորվել է վարկի և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսագումարների մարումները կատարել յուրաքանչյուր ամիս` սկսած 14.07.2007 թվականից: Գևորգ Հարոյանը պատշաճ կարգով չի կատարել իր վարկային պարտավորությունները և վարկի մայր գումարի մասով կետանցը կազմում է 1.157 օր: Գևորգ Հարոյանի պարտքը Բանկի հանդեպ 15.02.2012 թվականի դրությամբ կազմում է 106.926.540,50 ՀՀ դրամ, որից 42.160.000 ՀՀ դրամը` որպես ժամկետային վարկի գումար, 16.170,90 ՀՀ դրամը` որպես ժամկետային վարկի տոկոսագումար, 13.214.240 ՀՀ դրամը` որպես ժամկետանց վարկի գումար, 4.099.007,90 ՀՀ դրամը` որպես ժամկետանց վարկի տույժի գումար, 21.769.965,90 ՀՀ դրամը` որպես ժամկետանց տոկոսագումար, 25.667.155,80 ՀՀ դրամը` որպես ժամկետանց տոկոսագումարի տույժ:
27.10.2012 թվականին Բանկը դիմել է դատարան ընդդեմ Գևորգ Հարոյանի` պարտավորությունները վաղաժամկետ կատարելու և գումարի բռնագանձման պահանջով: Գևորգ Հարոյանը ներկայացրել է հակընդդեմ հայցադիմում` վիճարկելով վարկային պայմանագրի 2-րդ գլուխը, որը վերաբերում է տոկոսների և տույժերի հաշվարկմանը:
Դատարանը դիմումի բավարարման հիմքում դրել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» և «դ» ենթակետերը` հաստատված համարելով, որ Գևորգ Հարոյանը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա և ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվել է: Բացի այդ, նշել է, որ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և Գևորգ Հարոյանը, վիճարկելով վարկային պայմանագրի 2-րդ գլուխը, որը վերաբերում է տոկոսների և տույժերի հաշվարկմանը, ըստ էության չի վիճարկել վարկային պայմանագիրը 13.214.240 ՀՀ դրամ ժամկետանց վարկի մասով:
Վերաքննիչ դատարանը վճիռը բեկանելիս և դիմումը մերժելիս պատճառաբանել է, որ Գևորգ Հարոյանը, վիճարկելով դիմումում նշված չափով պարտավորության առկայությունը և իր առարկությունների հիմքում դնելով այն հանգամանքը, որ իր կողմից գրավադրված գույքի արժեքը բավարար է իր պարտավորությունների մարման համար, եկել է այն եզրահանգման, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի հիման վրա դիմումը ենթակա է մերժման, քանի որ պարտապանն ապացուցում է, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի:
Վճռաբեկ դատարանը, վճարային պարտավորության անվիճելիության հատկանիշի վերաբերյալ վերը նշված մեկնաբանության լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» և «դ» ենթակետերում ամրագրված հատկանիշներից մեկի բացակայությունը չի բացառում մյուսի առկայությունը: Մասնավորապես, եթե պարտապանն ապացուցում է, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի, սակայն այդպիսի առարկությունը վերաբերում է պարտավորության միայն մի մասին, ապա առկա է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված հատկանիշը: Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Գևորգ Հարոյանը, վիճարկելով իր սնանկությունը, Դատարանին ներկայացրել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի «Հակընդդեմ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, որով վերջինս վիճարկում է իր և Բանկի միջև 14.06.2007 թվականին կնքված վարկային պայմանագրի 2-րդ գլուխը, որը վերաբերում է տոկոսների և տույժերի հաշվարկմանը: Մինչդեռ պարտավորության չվիճարկվող մասն ավելին է, քան նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
Միաժամանակ անդրադառնալով Գևորգ Հարոյանի` ստորադաս դատարաններում ներկայացրած փաստարկին առ այն, որ իր կողմից գրավադրված գույքի արժեքը բավարար է իր պարտավորությունների մարման համար, ուստի ինքը չի կարող սնանկ ճանաչվել` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է, քանի որ նշված փաստը օրենսդիրը կարևորում է միայն կամավոր սնանկության, այլ ոչ թե հարկադրված սնանկության դեպքում:
Այսպիսով, վերոնշյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 132-րդ հոդվածների պահանջները և սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, որպիսի խախտումը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 12.10.2012 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.06.2012 թվականի վճռին:
2. Գևորգ Հարոյանից հօգուտ «Յունիբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Գ. Հակոբյան | |
Է. Հայրիյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան |