Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1079
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.03.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.04.10/19(959) Հոդ.291
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
26.03.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
26.03.2013
Дата вступления в силу
26.03.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

26 մարտի 2013 թ.

 

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 22.02.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2012 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում` երկու պետությունների զինված ուժերի միջև երկկողմ համագործակցությանը և բարեկամական կապերին նպաստելու նպատակով:

2. Համաձայնագրով սահմանված են համագործակցության սկզբունքներն ու ուղղությունները, համագործակցության ձևերը, ֆինանսական հարցերի լուծման և վնասների հատուցման կարգը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև պաշտպանության բնագավառում հավասարության, փոխադարձության և փոխշահավետության սկզբունքներով կարգավորվող համագործակցությունն իրականացնել խրախուսելու, աջակցելու և այն զարգացնելու նպատակով` ՀՀ օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան,

 հոգալ ճանապարհածախսի, աշխատավարձերի, առողջության և պատահարների ապահովագրության, ինչպես նաև իր անձնակազմի հետ կապված ցանկացած այլ ծախսեր` ազգային օրենսդրությանը համապատասխան,

հոգալ բժշկական և ատամնաբուժական ծախսերը, ինչպես նաև այն բոլոր ծախսերը, որոնք կապված են հիվանդ, վնասված կամ վիրավորված անձնակազմի տարհանման կամ տեղափոխման հետ,

երկկողմ համագործակցության միջոցառումների իրականացման ընթացքում բժշկական օգնություն պահանջող մյուս կողմի ցանկացած անձնակազմին ցուցաբերել առաջին շտապ բժշկական օգնություն իր զինված ուժերի բժշկական հաստատություններում` այն իրականացնելով անվճար հիմունքներով,

օժանդակել ռացիոնալ ռազմական նշանակության արտադրանքի և դրա հետ կապված գործողությունների ընթացակարգերի նկատմամբ հսկողությանը վերաբերող ոլորտին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կոմերցիոն նախաձեռնություններին,

երաշխավորել համաձայնագրից բխող նախաձեռնություններից առաջացած մտավոր գործունեության արդյունքների պաշտպանվածությունը` ՀՀ օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան,

 օգտագործել, փոխանցել, պահպանել և հանձնել համաձայնագրի շրջանակներում փոխանակված կամ առաջացած ցանկացած դասակարգված տեղեկատվություն` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, այդ տեղեկատվությունը փոխանակել միայն ազգային անվտանգության իրավասու մարմնի կամ Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության կողմից լիազորված մարմնի կողմից թույլատրված և նշված ձևով, ինչպես նաև երաշխավորել, որ դասակարգված տեղեկատվությունը կօգտագործվի միայն ըստ նախատեսված նպատակների:

4. Համաձայնագիրը սահմանում է նաև կողմերի միջև վեճերի լուծման կարգը, լրացուցիչ արձանագրություններ կազմելու, փոփոխելու և լրացնելու, ինչպես նաև համաձայնագիրն ուժի մեջ մտնելու և գործողության դադարեցման կարգն ու պայմանները:

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության պահանջներին և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2012 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան

 

26 մարտի 2013 թ.

ՍԴՈ-1079

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան