ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2013 թվականի N 199-Ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմինների կողմից տրված հավատարմագրման վկայագրերի միակողմանի ճանաչման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 12 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 199-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմինների կողմից տրված հավատարմագրման վկայագրերի միակողմանի ճանաչման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմիններ կարող են հանդիսանալ «Հավատարմագրման միջազգային ֆորում» (IAF), «Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցություն» (ILAC/), «Հավատարմագրման եվրոպական համագործակցություն» (EA) կազմակեպությունների ներքո բազմակողմ կամ փոխադարձ ճանաչման համաձայնագրեր ունեցող հավատարմագրման մարմինները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչված հավատարմագրման լիազորված պետական կառավարման մարմինը ճանաչում է սույն կարգի 2-րդ կետում նշված հավատարմագրման մարմիններին, հաստատում դրանց ցանկը և համապատասխան իրավական ակտերն օրենքով սահմանված կարգով ներկայացնում պետական գրանցման:
4. Համաձայն սույն կարգի 3-րդ կետի` ճանաչված օտարերկրյա հավատարմագրման մարմինների ցանկը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչված հավատարմագրման լիազորված պետական կառավարման մարմնի և հավատարմագրման ազգային մարմնի պաշտոնական կայք-էջերում:
5. Հավատարմագրման վկայագրերի ճանաչումը ենթադրում է հավատարմագրման մարմինների կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների համապատասխանության գնահատման արդյունքների` փորձարկման արձանագրությունների, համապատասխանության սերտիֆիկատների (այսուհետ` արդյունք) միակողմանի ճանաչում, ինչը նշանակում է, որ այն հավասարազոր է հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների արդյունքներին:
6. Միակողմանի ճանաչման նպատակով օտարերկրյա փորձարկման արձանագրությունները և համապատասխանության սերտիֆիկատները պետք է ունենան միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմնի կողմից տրամադրված նշանի պատկերը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.03.2015, N 297-Ն | 02.04.2015, N 199-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|