Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԽ-6-Ո-11
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.02.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.03.20/15(955) Հոդ.216
Принят
Արդարադատության խորհուրդ
Дата принятия
22.02.2013
Подписан
Արդարադատության խորհրդի անդամներ
Дата подписания
22.02.2013
Дата вступления в силу
22.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԽ-6-Ո-11
 2013 թ.

 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍԵՐԳԵՅ ԱՂԱԲԵԿՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի
   

մասնակցությամբ` ԱԽ անդամներ

Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

Ռ. Բարսեղյանի, Կ. Բաղդասարյանի,

Մ. Մարտիրոսյանի, Գ. Խանդանյանի,

Ա. Խաչատրյանի, Ա. Թումանյանի, Մ. Մակյանի,

Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի

   

քարտուղարությամբ`

Շ. Վարդանյանի

 

2013 թվականի փետրվարի 22-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Աղաբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 11.12.2012թ. թիվ N-Կ-2-10/2012թ. որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ս. Աղաբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 07.12.2012թ. թիվ Ե-7854 գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

Ըստ եզրակացության`

«Թիվ ՍԴ/0122/06/11 դատական գործով Դատարանի կողմից /նախագահող դատավոր` Լ.Աթանյան/ 09.09.2011թ. կայացված «Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին» որոշմամբ մասնակիորեն բավարարվել է ՀՀ ՊՆ 3-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչի միջնորդությունը, և թիվ 90857011 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Արսեն Ռաֆայելի Աֆիյանի / ծնված 1987թ., Սևան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուրի, նախկինում չդատված, ծառայում է թիվ 38862 զորամասի բուժկետում որպես բժիշկ ատամնաբույժ, կոչումով բ/ծ լեյտենանտ, բնակվում է ք.Սևան, Գործարանային փող. 2-րդ շենք, բն. 15 հասցեում/ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 1 ամիս ժամկետով: Կալանավորման սկիզբը հաշվվել է ձերբակալման պահից` 06.09.2011թ.:

Այնուհետև Դատարանի կողմից /նախագահող դատավոր` Ս.Աղաբեկյան/ 27.09.2011թ. և 25.11.2011թ. կայացված «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումներով բավարարվել են ՀՀ ՊՆ 3-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչի միջնորդությունները, և Արսեն Ռաֆայելի Աֆիյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է երկուական ամիսներով` մինչև 06.02.2012թ.:

Դատարանի կողմից /նախագահող դատավոր` Ս.Աղաբեկյան/ 27.01.2012թ. կայացված «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ կրկին բավարարվել է ՀՀ ՊՆ 3-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչի միջնորդությունը, և Արսեն Ռաֆայելի Աֆիյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է ևս 2 ամսով` մինչև 06.04.2012թ.:

Համաձայն նշված որոշման պատճառաբանական մասի` «Առկա է հիմնավոր կասկած, որ Ա. Աֆիյանը կարող է առնչություն ունենալ մեղսագրվող արարքի հետ` հաշվի առնելով գործի բացառիկությունը և այն, որ գործով դեռևս չի ստացվել դատաբժշկական հանձնաժողովային փորձագետների եզրակացությունը, որի կատարման համար կպահանջվի որոշակի ժամանակ, հատկապես նշված եզրակացության ստացումից հետո է միայն հնարավոր անդրադառնալ Ա.Աֆիյանի կատարած արարքին ամբողջական գնահատական տալու հարցին, իսկ վերջինիս կալանքի տակ գտնվելու ժամկետը լրանում է 06.02.2012թ., և որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալ Ա. Աֆիյանը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, չներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով, կատարել քրեական օրենսգրքով արգելված այլ արարք, խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց, խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը, ուստի դատարանը գտնում է, որ նրա` կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը ենթակա է բավարարման»:

Այսպիսով, քրեական գործի մինչդատական վարույթում Արսեն Ռաֆայելի Աֆիյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետն ընդհանուր առմամբ տևել է յոթ ամիս, այն պարագայում, երբ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, որը ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, Դատարանի կողմից կարող է երկարացվել մինչև 6 ամիս, իսկ բացառիկ դեպքերում, երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ մինչև 12 ամիս: Կալանքի տակ պահելու ժամկետի հետագա երկարացումն արգելվում է, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերի, այն է` «(...) եթե մեղադրյալն ու նրա պաշտպանը չեն հասցնում ծանոթանալ գործի նյութերին, ապա մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը (...) կարող է երկարաձգվել մինչև գործի նյութերին մեղադրյալի ու նրա պաշտպանի ծանոթանալը և դատախազի կողմից գործը դատարան ուղարկելը»:

Վերոգրյալի հիման վրա Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը հանգում է այն հետևության, որ 27.01.2012թ. «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ Դատարանն իրավասու չէր կալանքի ժամկետը երկարացնել 2 ամսով` մինչև 06.04.2012թ., քանի որ մեղադրյալի ձերբակալման օրվանից սկսած` անձի կալանքի տակ գտնվելու ժամկետի վեց ամիսը լրանում էր 06.03.2012թ., իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի համաձայն` միջին ծանրության հանցանքների մեջ մեղադրվող անձի կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել 6 ամիսը: Հարկ է նշել նաև, որ տվյալ պարագայում բացակայում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բացառությունը, քանի որ կալանքի ժամկետի երկարացման համար հիմք է հանդիսացել նաև ոչ թե մեղադրյալի կամ պաշտպանի կողմից գործի նյութերին ծանոթանալու հանգամանքը, այլ գործով դեռևս դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը ստացված չլինելու հանգամանքը:

Հարկ է նշել նաև, որ Դատարանի 27.01.2012թ. կայացված «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ պաշտպանը և դատախազը վերաքննիչ բողոք են ներկայացրել, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 16.02.2012թ. որոշմամբ բավարարվել է, բեկանվել և փոփոխել է այն, և մեղադրյալ Արսեն Աֆիյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է միայն 1 ամսով` մինչև 2012 թվականի մարտի 6-ը:

Թիվ ՍԴ/0121/06/11 դատական գործով Դատարանի կողմից /նախագահող դատավոր` Լ.Աթանյան/ 09.09.2011թ. կայացված «Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին» որոշմամբ մասնակիորեն բավարարվել է ՀՀ ՊՆ 3-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչի միջնորդությունը և թիվ 90857011 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Սուրեն Գուրգենի Թադևոսյանի /ծնված 1986թ., Արմավիր քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուրի, նախկինում չդատված, ծառայում է թիվ 38862 զորամասի բուժկետում որպես բժիշկ, կոչումով բ/ծ լեյտենանտ, բնակվում է ք.Արմավիր, Մանուշյան տուն 24 հասցեում/ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 1(մեկ) ամիս ժամկետով: Կալանավորման սկիզբը հաշվվել է ձերբակալման պահից` 06.09.2011թ.:

Այնուհետև Դատարանի կողմից /նախագահող դատավոր` Ս.Աղաբեկյան/ 27.09.2011թ. և 25.11.2011թ. կայացված «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումներով բավարարվել են ՀՀ ՊՆ 3-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչի միջնորդությունները, և Սուրեն Գուրգենի Թադևոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է երկուական ամիսներով` մինչև 06.02.2012թ.:

Դատարանի կողմից /նախագահող դատավոր` Ս.Աղաբեկյան/ 27.01.2012թ. կայացված «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ կրկին բավարարվել է ՀՀ ՊՆ 3-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչի միջնորդությունը, և Սուրեն Գուրգենի Թադևոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է ևս 2 ամսով` մինչև 06.04.2012թ.:

Համաձայն նշված որոշման պատճառաբանական մասի` «Առկա է հիմնավոր կասկած, որ Ս. Թադևոսյանը կարող է առնչություն ունենալ մեղսագրվող արարքի հետ` հաշվի առնելով գործի բացառիկությունը և այն, որ գործով դեռևս չի ստացվել դատաբժշկական հանձնաժողովային փորձագետների եզրակացությունը, որի կատարման համար կպահանջվի որոշակի ժամանակ, հատկապես նշված եզրակացության ստացումից հետո է միայն հնարավոր անդրադառնալ Ս. Թադևոսյանի կատարած արարքին ամբողջական գնահատական տալու հարցին, իսկ վերջինիս կալանքի տակ գտնվելու ժամկետը լրանում է 06.02.2012թ., և որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալ Ս. Թադևոսյանը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, չներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով, կատարել քրեական օրենսգրքով արգելված այլ արարք, խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց, խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը, ուստի դատարանը գտնում է, որ նրա կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը ենթակա է բավարարման»:

Այսպիսով, քրեական գործի մինչդատական վարույթում Սուրեն Գուրգենի Թադևոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը ընդհանուր առմամբ տևել է յոթ ամիս այն պարագայում, երբ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, որը ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, Դատարանի կողմից կարող է երկարացվել մինչև 6 ամիս, իսկ բացառիկ դեպքերում, երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ մինչև 12 ամիս: Կալանքի տակ պահելու ժամկետի հետագա երկարացումն արգելվում է, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերի, այն է` «(...) եթե մեղադրյալն ու նրա պաշտպանը չեն հասցնում ծանոթանալ գործի նյութերին, ապա մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը (...) կարող է երկարաձգվել մինչև գործի նյութերին մեղադրյալի ու նրա պաշտպանի ծանոթանալը և դատախազի կողմից գործը դատարան ուղարկելը»:

Վերոգրյալի հիման վրա Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը հանգում է այն հետևության, որ 27.01.2012թ. «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ Դատարանն իրավասու չէր կալանքի ժամկետը երկարացնել 2 ամսով` մինչև 06.04.2012թ., քանի որ մեղադրյալի ձերբակալման օրվանից սկսած` անձի կալանքի տակ գտնվելու ժամկետի վեց ամիսը լրանում էր 06.03.2012թ., իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի համաձայն` միջին ծանրության հանցանքների մեջ մեղադրվող անձի կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել 6 ամիսը: Հարկ է նշել նաև, որ տվյալ պարագայում բացակայում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բացառությունը, քանի որ կալանքի ժամկետի երկարացման համար հիմք է հանդիսացել նաև ոչ թե մեղադրյալի կամ պաշտպանի կողմից գործի նյութերին ծանոթանալու հանգամանքը, այլ գործով դեռևս դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը ստացված չլինելու հանգամանքը:

Ըստ քրեական գործի նյութերի` Սուրեն Գուրգենի Թադևոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը մինչդատական վարույթի ընթացքում` 29.02.2012թ., վերացվել է: Արդյունքում Սուրեն Գուրգենի Թադևոսյանն ապօրինի անազատության մեջ է գտնվել շուրջ 23 օր:

Թիվ ՍԴ/0103/06/11 դատական գործով Դատարանի կողմից /նախագահող դատավոր` Ս.Աղաբեկյան/ 12.08.2011թ. կայացված «Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ բավարարվել է ՀՀ ՊՆ 2-րդ կայազորային քննչական բաժնի քննիչի միջնորդությունը և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրյալ Սահակ Անդրանիկի Ասիլբեկյանի /ծնված 11.11.1992թ. ՀՀ Մասիս քաղաքում, հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, ամուրի, նախկինում չդատված, ծառայում է թիվ 38401 զորամասում, կոչումով շարքային, բնակվում է ՀՀ Արարատի մարզի Արբատ գյուղում/ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 /երկու/ ամիս ժամկետով: Կալանքի սկիզբը հաշվվել է 09.08.2011թ-ից:

Այնուհետև Դատարանի կողմից 05.10.2011թ. և 29.11.2011թ. կայացված «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումներով բավարարվել են ՀՀ ՊՆ 2-րդ կայազորային քննչական բաժնի պետի միջնորդությունները, և Սահակ Անդրանիկի Ասիլբեկյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է երկուական ամիսներով` մինչև 09.02.2012թ.: Հարկ է նկատել նաև, որ 29.11.2011թ. Սահակ Անդրանիկի Ասիլբեկյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 1-ին մասով:

Բացի այդ, Դատարանի կողմից /նախագահող դատավոր` Ս.Աղաբեկյան/ 01.02.2012թ. կայացված «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ կրկին բավարարվել է ՀՀ ՊՆ 2-րդ կայազորային քննչական բաժնի քննիչի պետի միջնորդությունը, և մեղադրյալ Սահակ Անդրանիկի Ասիլբեկյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է ևս 2/երկու/ ամսով` մինչև 09.04.2012թ.:

Համաձայն նշված որոշման պատճառաբանական մասի` «Առկա է հիմնավոր կասկած, որ Ս. Ասիլբեկյանը կարող է առնչություն ունենալ մեղսագրվող արարքների հետ` հաշվի առնելով գործի բացառիկությունը, այն, որ քրեական գործով նշանակվել է հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություն և մինչև օրս չի ստացվել նշված փորձաքննության եզրակացությունը, որի ստանալուց հետո անհրաժեշտ է կատարել մի շարք այլ քննչական և դատավարական գործողություններ, որից հետո միայն հնարավոր կլինի լուծել քրեական գործի վերջնական ընթացքը և որոշել կատարված արարքի վերջնական իրավական գնահատականը: Նշված քննչական գործողությունների համար կպահանջվի որոշակի ժամկետ, իսկ մեղադրյալ Ս. Ասիլբեկյանին կալանքի տակ պահելու ժամկետը լրանում է 2011թ. փետրվարի 9-ին և այն, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալ Ս. Ասիլբեկյանը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, չներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով, կատարել քրեական օրենսգրքով արգելված այլ արարք, խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց, խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը, ուստի դատարանը գտնում է, որ նրա կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը ենթակա է բավարարման»:

26.03.2012թ. Սահակ Անդրանիկի Ասիլբեկյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով և 182-րդ հոդվածի 1-ին մասով:

Այնուհետև Դատարանի 02.04.2012թ. և 02.05.2012թ. «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ կրկին բավարարվել են ՀՀ ՊՆ 2-րդ կայազորային քննչական բաժնի քննիչի պետի միջնորդություները և մեղադրյալ Սահակ Անդրանիկի Ասիլբեկյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու անգամ երկարացվել է մեկական ամսով` մինչև 09.06.2012թ.:

Այսպիսով, քրեական գործի մինչդատական վարույթում Սահակ Անդրանիկի Ասիլբեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը ընդհանուր առմամբ տևել է տասը ամիս, որից մինչև ութ ամիս /ևս 2 ամիս/ երկարացնելու մասին Դատարանի որոշում կայացնելը Սահակ Անդրանիկի Ասիլբեկյանին մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 1-ին մասով, որը ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, Դատարանի կողմից կարող է երկարացվել մինչև 6 ամիս, իսկ բացառիկ դեպքերում, երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ մինչև 12 ամիս: Կալանքի տակ պահելու ժամկետի հետագա երկարացումն արգելվում է, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերի, այն է` «(...) եթե մեղադրյալն ու նրա պաշտպանը չեն հասցնում ծանոթանալ գործի նյութերին, ապա մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը (...) կարող է երկարաձգվել մինչև գործի նյութերին մեղադրյալի ու նրա պաշտպանի ծանոթանալը և դատախազի կողմից գործը դատարան ուղարկելը»:

Վերոգրյալի հիման վրա Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը հանգում է այն հետևության, որ 01.02.2012թ. «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ Դատարանն իրավասու չէր կալանքի ժամկետը երկարացնել ևս 2 ամսով` մինչև 09.04.2012թ., քանի որ մեղադրյալի ձերբակալման օրվանից սկսած` անձի կալանքի տակ գտնվելու ժամկետի վեց ամիսը լրանում էր 09.02.2012թ., իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի համաձայն միջին ծանրության հանցանքների մեջ մեղադրվող անձի կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել 6 ամիսը: Հարկ է նշել նաև, որ տվյալ պարագայում բացակայում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բացառությունը, քանի որ կալանքի ժամկետի երկարացման համար հիմք է հանդիսացել նաև ոչ թե մեղադրյալի կամ պաշտպանի կողմից գործի նյութերին ծանոթանալու հանգամանքը, այլ գործով դեռևս հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը ստացված չլինելու հանգամանքը, որի ստանալուց հետո անհրաժեշտ է կատարել մի շարք այլ քննչական և դատավարական գործողություններ:

Այսպիսով, Սահակ Անդրանիկի Ասիլբեկյանն ապօրինի անազատության մեջ է գտնվել առնվազն 1 ամիս 16 օր:

Այսպիսով, Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ վերոնշյալ երեք դատական գործերով Դատարանի կողմից թույլ են տրվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական կամ դատավարական օրենքի նորմի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները և թույլ են տրվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ»:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Ս. Աղաբեկյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Ընդունում եմ Կարգապահական հանձնաժողովի կողմից կայացված որոշման մեջ նշված խախտումները, միաժամանակ ցանկանում եմ նշել, որ վերոնշյալ դատական ակտերը կայացնելիս ունեցել եմ լուրջ ընտանեկան և առողջական խնդիրներ: Վերջին տարիների ընթացքում, լինելով գործերով գերծանրաբեռնված և լարված աշխատանքային վիճակում, ինձ մոտ առաջացել է գերհոգնածություն:

Աշխատանքային տարիների ընթացքում ձեռք եմ բերել ծանր շաքարային դիաբետիկ հիվանդություն և դրա հետ կապված մի շարք այլ հիվանդություններ և անզգուշության հետևանքով ցուցաբերել եմ շտապողականություն և թույլ եմ տվել վերը նշված դատավարական օրենքի նորմերի խախտումները:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` խնդրում եմ իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) Թիվ ՍԴ/0122/06/11 դատական գործով Դատարանի կողմից /նախագահող դատավոր` Լ.Աթանյան/ 09.09.2011թ. կայացված «Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին» որոշմամբ մասնակիորեն բավարարվել է ՀՀ ՊՆ 3-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչի միջնորդությունը, և թիվ 90857011 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Արսեն Աֆիյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 1 ամիս ժամկետով: Կալանավորման սկիզբը հաշվվել է ձերբակալման պահից` 06.09.2011թ.:

Դատարանի կողմից /նախագահող դատավոր` Ս.Աղաբեկյան/ 27.09.2011թ. և 25.11.2011թ. կայացված «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումներով բավարարվել են ՀՀ ՊՆ 3-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչի միջնորդությունները, և Արսեն Աֆիյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է երկուական ամիսներով` մինչև 06.02.2012թ.:

Դատարանի կողմից /նախագահող դատավոր` Ս.Աղաբեկյան/ 27.01.2012թ. կայացված «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ կրկին բավարարվել է ՀՀ ՊՆ 3-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչի միջնորդությունը, և Արսեն Աֆիյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է ևս 2 ամսով` մինչև 06.04.2012թ.:

Դատարանի 27.01.2012թ. կայացված «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ պաշտպանը և դատախազը վերաքննիչ բողոք են ներկայացրել, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 16.02.2012թ. որոշմամբ բավարարվել է, Դատարանի որոշումը բեկանվել և փոփոխել է, և մեղադրյալ Արսեն Աֆիյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է միայն 1 ամսով` մինչև 2012 թվականի մարտի 6-ը:

2) Թիվ ՍԴ/0121/06/11 դատական գործով Դատարանի կողմից /նախագահող դատավոր` Լ.Աթանյան/ 09.09.2011թ. կայացված «Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին» որոշմամբ մասնակիորեն բավարարվել է ՀՀ ՊՆ 3-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչի միջնորդությունը, և թիվ 90857011 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Սուրեն Թադևոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 1 (մեկ) ամիս ժամկետով: Կալանավորման սկիզբը հաշվվել է ձերբակալման պահից` 06.09.2011թ.:

Դատարանի կողմից /նախագահող դատավոր` Ս.Աղաբեկյան/ 27.09.2011թ. և 25.11.2011թ. կայացված «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումներով բավարարվել են ՀՀ ՊՆ 3-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչի միջնորդությունները, և Սուրեն Թադևոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է երկուական ամիսներով` մինչև 06.02.2012թ.:

Դատարանի կողմից /նախագահող դատավոր` Ս.Աղաբեկյան/ 27.01.2012թ. կայացված «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ կրկին բավարարվել է ՀՀ ՊՆ 3-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչի միջնորդությունը, և Սուրեն Թադևոսյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է ևս 2 ամսով` մինչև 06.04.2012թ.:

3) Թիվ ՍԴ/0103/06/11 դատական գործով Դատարանի կողմից /նախագահող դատավոր` Ս.Աղաբեկյան/ 12.08.2011թ. կայացված «Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ բավարարվել է ՀՀ ՊՆ 2-րդ կայազորային քննչական բաժնի քննիչի միջնորդությունը, և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրյալ Սահակ Ասիլբեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 /երկու/ ամիս ժամկետով: Կալանքի սկիզբը հաշվվել է 09.08.2011թ-ից:

Դատարանի կողմից 05.10.2011թ. և 29.11.2011թ. կայացված «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումներով բավարարվել են ՀՀ ՊՆ 2-րդ կայազորային քննչական բաժնի պետի միջնորդությունները, և Սահակ Ասիլբեկյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է երկուական ամիսներով` մինչև 09.02.2012թ.:

29.11.2011թ. Սահակ Ասիլբեկյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատարանի կողմից /նախագահող դատավոր` Ս.Աղաբեկյան/ 01.02.2012թ. կայացված «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ կրկին բավարարվել է ՀՀ ՊՆ 2-րդ կայազորային քննչական բաժնի քննիչի պետի միջնորդությունը, և մեղադրյալ Սահակ Ասիլբեկյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է ևս 2/երկու/ ամսով` մինչև 09.04.2012թ.:

26.03.2012թ. Սահակ Ասիլբեկյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով և 182-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատարանի 02.04.2012թ. և 02.05.2012թ. «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ կրկին բավարարվել են ՀՀ ՊՆ 2-րդ կայազորային քննչական բաժնի քննիչի պետի միջնորդությունները, և մեղադրյալ Սահակ Ասիլբեկյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու անգամ երկարացվել է մեկական ամսով` մինչև 09.06.2012թ.:

4) ՀՀ Նախագահի 01.02.2013թ. թիվ ՆՀ-19-Ա հրամանագրով դադարեցվել է Դատարանի դատավոր Ս.Աղաբեկյանի լիազորությունները:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Դատարանի դատավոր Ս.Աղաբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, ուսումնասիրելով դատավորի բացատրությունը, վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ դատական օրենսգրքի 161-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության արդյունքում Արդարադատության խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը`

1. դատավորին սույն օրենսգրքով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու մասին.

2. գործը կարճելու մասին:

ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` Արդարադատության խորհուրդը կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործն այն դեպքում, երբ դադարեցվել են նրա լիազորությունները, կամ նա ազատվել է իր պաշտոնից:

ՀՀ դատական օրենսգրքի մեջբերված դրույթների հետ մեկտեղ Խորհուրդն արձանագրում է հետևյալը.

1. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, հիմք ընդունելով Դատարանի դատավոր Ս.Աղաբեկյանի՝ իրեն հասցեագրված դիմումը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 3-րդ մասով, 14.12.2012թ. դիմել է ՀՀ արդարադատության նախարարին` առաջարկելով դիմել ՀՀ առողջապահության նախարարին` դատավոր Ս.Աղաբեկյանի առողջական վիճակը պարզելու նպատակով բժշկական զննություն կատարելու համար:

2. Դատարանի դատավոր Ս.Աղաբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի 18.01.2013թ. հրավիրված նիստը հետաձգվել է` հաշվի առնելով դատավոր Ս.Աղաբեկյանի կողմից ներկայացված դիմումը, որով նա խնդրել է գործի քննությունը հետաձգել` մինչև իր նկատմամբ կատարվող բժշկական զննության ավարտը:

3. Կատարված բժշկական զննության արդյունքում 31.01.2013թ. ներկայացվել է բժշկական եզրակացություն, որի համաձայն՝ Ս.Աղաբեկյանի մոտ ախտորոշվել է «Դիսցիրկուլյատոր (դիաբետիկ և հիպերտոնիկ) էնցեֆալոպաթիա դիֆուզ նյարդաբանական ախտանիշներով, ամնեստիկ համախտանիշով» հիվանդությունը, որը ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1184-Ն որոշման համաձայն՝ ներառված է դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկում:

4. Արդարադատության խորհուրդը 31.01.2013թ. հրավիրված նիստում որոշել է թիվ N-Կ-2-10/2012 կարգապահական վարույթով Ս.Աղաբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի միջնորդության քննարկումը հետաձգել և, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 3-րդ մասով և ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1184-Ն որոշմամբ, դիմել ՀՀ Նախագահին Դատարանի դատավոր Ս.Աղաբեկյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:

5. ՀՀ Նախագահի 07.02.2013թ. թիվ ՆՀ-19-Ա հրամանագրով դադարեցվել է Դատարանի դատավոր Ս.Աղաբեկյանի լիազորությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը` Խորհուրդն աննպատակահարմար է գտնում Կարգապահական հանձնաժողովի կողմից դատավոր Ս.Աղաբեկյանի վերաբերյալ ներկայացված եզրակացության մեջ արտացոլված դատավարական օրենքի նորմերի խախտումներին անդրադառնալն ու իրավական գնահատական տալը, քանի որ ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, որ Արդարադատության խորհուրդը կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործն այն դեպքում, երբ դադարեցվել են նրա լիազորությունները, կամ նա ազատվել է իր պաշտոնից: Ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Նախագահի 07.02.2013թ. թիվ ՆՀ-19-Ա հրամանագրով դադարեցվել է Դատարանի դատավոր Ս.Աղաբեկյանի լիազորությունները, Խորհուրդը գտնում է, որ Ս.Աղաբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը ենթակա է կարճման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածով, 162-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը մերժել: ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աղաբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

Ռ. Բարսեղյան

Կ. Բաղդասարյան

Ա. Թումանյան

Ա. Խաչատրյան

Գ. Խանդանյան
Գ. ԲԱԴԻՐՅԱՆ
Մ. Մարտիրոսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան