Գլխավոր տեղեկություն
Номер
N 179-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.03.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.03.13/14(954) Հոդ.196
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.02.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.03.2013
Дата вступления в силу
14.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 փետրվարի 2013 թվականի N 179-Ն

 

«2013 ԹՎԱԿԱՆԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «2013 թվականի սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 5

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 28-ի N 179-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«2013 ԹՎԱԿԱՆԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «2013 թվականի սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ» ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) Հայաստանի Հանրապետությունում համարվում է սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացմանն ուղղված կարևորագույն տարրերից մեկը, որի իրականացումը հնարավորություն կընձեռի սննդամթերքի անվտանգության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության կատարելագործմանը և արդյունավետության բարձրացմանը, վտանգավոր սննդամթերքի հայտնաբերմանը, օգտահանմանը և (կամ) ոչնչացմանը, արտադրվող սննդամթերքի որակի բարձրացմանը, որն էլ իր հերթին հնարավորություն կստեղծի սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև կհանգեցնի Հայաստանի Հանրապետության բնակչությանն անվտանգ և որակյալ սննդամթերքով ապահովմանը:

 

II. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1731-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական կառավարում իրականացնող լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն է (այսուհետ՝ ծառայություն):

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության համապատասխան` ծառայությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, այդ թվում՝ իր կազմում գործող սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության միջոցով կատարում է սննդի շղթայի բոլոր փուլերում (արտադրության, մշակման, բաշխման, պահման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման փուլեր) վերահսկողական գործառույթներ, որոնց շրջանակներում մասնագետները Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 598-Ն որոշմամբ սահմանված կարգով իրականացնում են սննդամթերքի նմուշառում լաբորատոր փորձաքննության ներկայացնելու նպատակով:

4. Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով իրականացվող փորձաքննությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով մրցույթի արդյունքում լիազորված փորձարկման լաբորատորիաներում: Լաբորատոր փորձաքննությունները հանդիսանում են վճարովի ծառայություններ, որոնց ֆինանսավորումը նախկինում կատարվել է պետական մարմնի կողմից միջնաժամկետ ծախսային ծրագրերի իրականացման միջոցով:

5. Սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ իրականացնող լաբորատորիաները հավատարմագրվում են ըստ փորձարկման ոլորտների՝ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների անվտանգության և որակի ցուցանիշներով: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հայտարարված մրցույթին, որը իրականացնում է ծառայությունը, լաբորատորիաները կարող են մասնակցել միայն ըստ յուրաքանչյուրի հավատարմագրման ոլորտի:

6. 2010 թվականին սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների աշխատանքներն իրականացվել են հետևյալ ծավալներով՝ լաբորատոր փորձաքննության է ենթարկվել 387 նմուշ, որի դիմաց վճարվել է 5 000 000 դրամ: 2011 թվականին այդ աշխատանքներն իրականացվել են հետևյալ ծավալներով՝ լաբորատոր փորձաքննության է ենթարկվել 61 նմուշ, որի դիմաց վճարվել է 3 307 100 դրամ:

7. Ծրագիրը համահունչ է «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Առևտրի համաշխարհային կազմակերպության «Սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառման մասին» համաձայնագրին (Հայաստանի Հանրապետությունը համաձայնագրին անդամակցում է 2003 թվականի փետրվարի 5-ից):

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. Ծրագրի իրականացման նպատակներն են`

1) սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման բնագավառներում միջազգային չափորոշիչների պահանջներին համապատասխան ունենալ հնարավորություն իրականացնել լաբորատոր փորձաքննություններ.

2) անասնաբուժասանիտարական, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջների տեսակետից բնակչությանն անվտանգ ու բարձրորակ սննդամթերքով և հումքով ապահովում.

3) սննդի շղթայի փուլերում վտանգավոր սննդամթերքի հայտնաբերում, դրա հետագա իրացման կանխում և սահմանված կարգով օգտահանում կամ ոչնչացում:

9. Ելնելով ծառայության կողմից իրականացվող ստուգումներից, ուսումնասիրություններից, ինչպես նաև հիմնվելով սպառողների դիմում-բողոքների վերլուծության վրա՝ ակնհայտ է Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում մեծ ծավալների անհայտ ծագման, անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերով չուղեկցվող, կասկածելի որակ ունեցող և նույնականացում պահանջող սննդամթերքի առկայության փաստերը: Այս պարագայում անհրաժեշտություն է առաջանում ծառայության կողմից իրականացվող վերահսկողության ուժեղացման շրջանակներում նախորդ տարիների հետ համեմատ կատարել շուկայահանված սննդամթերքի ավելի լայն տեսակների լաբորատոր փորձաքննություններ և հաճախակի դարձնել վերջիններիս պարբերականությունը: Ծառայութանը ներկայումս վերապահվել են վերահսկողական դաշտի ավելի լայն շրջանակներ, այդ թվում՝ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի փորձաքննություն, անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակների որոշում:

10. Սույն ծրագրի 9-րդ կետում նշված խնդիրների լուծման համար 2013 թվականին անհրաժեշտ է իրականացնել սննդամթերքի նմուշների որակյալ լաբորատոր փորձաքննություններ:

 

IV. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

11. Մթերքի որակի մեջ կան պիտանելիության բազմաթիվ ցուցանիշներ՝ 600-ից ավելի, այդ թվում՝ մանրէաբանական, սանիտարահիգիենիկ, ֆիզիկաքիմիական, նաև բնորոշ միայն տվյալ մթերքին: Հետազոտությունների գների տատանման սահմանը կազմում է 400-30400 դրամ: Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ նշված ցուցանիշներից առավել հաճախ կատարվում են մանրէաբանական հետազոտությունները (որպես բարձր ռիսկայնության ցուցանիշներ), որոնց գների տատանումն ըստ ցուցանիշների կազմում է 1800-3300 դրամ, միջինը՝ 2500 դրամ: Ծրագրով նախատեսվում է 2013 թվականին իրականացնել սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ` հետևյալ ծախսային հաշվարկներով, որոնց համար հիմք են հանդիսացել 2011-2012 թվականներին կատարված սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների աշխատանքները`

1) մեկ նմուշի մեկ ցուցանիշի փորձաքննության արժեքը՝ 2500 դրամ.

2) փորձաքննության ենթակա միջին ցուցանիշների թիվը՝ 7.

3) նախատեսվում է իրականացնել 571 նմուշի փորձաքննություն` ընդհանուր 10 000.0 հազ. դրամ արժողությամբ:

 

V. ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՆ

 

12. Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ֆինանսավորում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ համաձայն աղյուսակի.

 

 Աղյուսակ

 

Միջոցառումների անվանումը

2013 թ.
(հազ. դրամ)

Սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների իրականացում` անվտանգության և որակի ցուցանիշներով

10 000.0

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

13. Ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետությունում բնակչության համար անվտանգ և որակյալ սննդամթերքի ապահովմանը, սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում մարդու կյանքի ու առողջության համար ռիսկային գործոնների հայտնաբերմանը, դրանց վտանգավոր ազդեցության նվազեցմանը և (կամ) բացառմանը, ինչը հնարավորություն կընձեռի գործնականում կիրառել «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և Եվրախորհրդարանի 178/2002 EC որոշմամբ ամրագրված սննդամթերքի անվտանգության ապահովման հիմնարար սկզբունքները`

1) ապահովել սպառողների առողջությունը.

2) արտադրող կազմակերպություններին ապահովել սննդամթերքի անվտանգության տեսակետից ապահով հումքով.

3) կանխել բնակչության շրջանում կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների առաջացման և տարածման դեպքերը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան