Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1092
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.05.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.05.15/26(966) Հոդ.447
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
07.05.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
07.05.2013
Дата вступления в силу
07.05.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

7 մայիսի 2013 թ.

 

«ԾԻԾԵՌՆԱԿ-8» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118.7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 91-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչ Կ. Մեժլումյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Համբարձումյանի, նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ծիծեռնակ-8» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը «Ծիծեռնակ-8» ՍՊԸ-ի` 05.10.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով վեճի առարկա իրավական ակտերը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Քննության առարկա գործի վարույթը մասամբ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ ենթակետերի, 1-ին մասի երկրորդ պարբերության, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերի մասով ենթակա է կարճման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին կետի և 69-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով` հետևյալ պատճառաբանությամբ.

սույն գործով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից բխում է, որ դատարաններն իրավական ակտերի` դիմողի կողմից վիճարկվող դրույթներից կիրառել են միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի դրույթները: Ինչ վերաբերում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներին, ապա դրանք հանդիսանում են ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի թիվ 1321-Ն որոշման իրավական հիմքերը. ՀՀ կառավարության նշված որոշումը հղում է կատարում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներին` անդրադառնալով «Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներով» բառակապակցությանը: Իրականում դատարանները կիրառել են ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի թիվ 1321-Ն որոշման դրույթները` մեջբերելով այդ որոշման որոշ հատվածներ, ներառյալ` «Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներով» բառակապակցությունը, ինչն էլ դիմողի մոտ առաջացրել է թյուր կարծիք, որ դատարանները կիրառել են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածները: Այս կապակցությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ դատարանների կողմից որևէ իրավական ակտի կիրառումը դեռևս չի նշանակում տվյալ իրավական ակտում նշված և այդ իրավական ակտի ընդունման համար իրավաբանական հիմք հանդիսացող այլ իրավական ակտերի համապատասխան դրույթների կիրառում: Հետևաբար, Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի ուժով տվյալ դեպքում դիմողը ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածում, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներում, ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ ենթակետերում, 1-ին մասի երկրորդ պարբերությունում, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերում ամրագրված դրույթների սահմանադրականությունը որոշելու հարցով իրավասու չէ դիմելու սահմանադրական դատարան:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ հոդվածի 2-րդ մասին, ապա նշված մասը բաղկացած է երկու նախադասություններից, որոնցից դիմողն իրականում վիճարկում է միայն երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթը, այն է` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված»: Ընդ որում, դիմողի կողմից բարձրացված հարցի, այն է` օրենսդրությամբ Վճռաբեկ դատարանի դատական ակտի պատճառաբանվածության չափանիշներն ամրագրելու անհրաժեշտության վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի որոշում: Մասնավորապես, նման հարց բարձրացվել էր դեռևս 2009 թվականին «Գեղեցիկ քնար» արտադրական կոոպերատիվի դիմումով, ինչի առնչությամբ սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի հուլիսի 21-ի ՍԴՈ-817 որոշմամբ, հղում կատարելով իր ՍԴՈ-765 որոշմանը, որոշել է կարճել գործի վարույթը` դիմողին տրամադրելով սահմանադրական դատարանի 2008թ. հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-765 որոշումը:

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը ֆիզիկական անձին թույլ է տալիս դիմելու սահմանադրական դատարան կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և երբ տվյալ ֆիզիկական անձը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է` «Սույն հոդվածում նշված գործերով դիմում ... կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որևէ օրենքի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, և որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը»:

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի` «Սահմանադրական դատարանը գործի քննությունը ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում` ... եթե դիմողն իրավասու չէ դիմելու սահմանադրական դատարան»:

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի` «Սահմանադրական դատարանը գործի քննությունը ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում` ... եթե սույն օրենքի 68-75-րդ և 77-րդ հոդվածներում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի որոշումը»:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը` ... գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»:

Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով քննության առարկա կարող է հանդիսանալ միայն ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի սահմանադրականության հարցը:

 

2. ՀՀ հողային օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2001թ. մայիսի 2-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2001թ. հունիսի 4-ին և ուժի մեջ է մտել 2001թ. հունիսի 15-ից:

ՀՀ հողային օրենսգրքի` «Պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերի անհատույց (մշտական) օգտագործման տրամադրման կարգը» վերտառությամբ 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետը սահմանում է. «Պետության սեփականությանը պատկանող հողերն առանց մրցույթի, անհատույց (մշտական) օգտագործման են տրամադրվում` ... պետական կամ համայնքային հիմնարկներին ու կազմակերպություններին»:

 

3. Գործի համառոտ դատավարական նախապատմությունը հետևյալն է. Երևանի քաղաքապետի 04.10.2000թ. թիվ 1320 որոշմամբ դիմողին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի պուրակում գտնվող սրճարան-տաղավարի վերակառուցման, բարեկարգման և կանաչապատման նպատակով, վարձակալության իրավունքով 50 տարի ժամկետով հատկացվել է 6646 քմ մակերեսով հողամաս և 09.11.2001թ. կատարվել է դիմողի վարձակալության իրավունքի պետական գրանցում:

Ի կատարումն ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 15-ի թիվ 1043-Ն որոշման 3-րդ կետի` Երևանի քաղաքապետը որոշել է Ծիծեռնակաբերդի զբոսայգու սահմաններում գտնվող «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքերի և շինությունների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ 19.54 հա մակերեսով հողամասն անհատույց (մշտական) օգտագործման թողնել նշված ՊՈԱԿ-ին` վերջինիս վերապահելով Հայաստանի Հանրապետության անունից որպես վարձատու հանդես գալու իրավասություն վերը նշված 19.54 հա մակերեսով հողամասի սահմաններում գտնվող այն հողամասերի առնչությամբ, որոնք համապատասխան վարձակալական պայմանագրերի հիման վրա օգտագործման իրավունքով հատկացված են այլ անձանց: Դրա արդյունքում` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» ՊՈԱԿ-ի և դիմողի միջև 2005թ. հուլիսի 19-ին մեկ տարի ժամկետով կնքվում է դիմողի կողմից արդեն իսկ օգտագործվող` վերը նշված 6646 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր, որի հիման վրա կատարվում է դիմողի վարձակալության իրավունքի պետական գրանցում:

Այնուհետև ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի թիվ 1321-Ն որոշման 9-րդ կետի ուժով Երևանի քաղաքապետն իր` 2005թ. նոյեմբերի 2-ի թիվ 2342-Ա որոշմամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքերի և շինությունների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ 19.54 հա մակերեսով հողամասը, ներառյալ` դիմողի կողմից վարձակալական հիմունքներով օգտագործվող հողամասը, 50 տարով վարձակալական հիմունքներով տրամադրել է «ԲԱՄՕ» ՍՊԸ-ի կողմից հիմնադրվող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին` գնման նախապատվության իրավունքով:

Գտնելով, որ ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի թիվ 1321-Ն որոշմամբ խախտվել է իր` գնման նախապատվության իրավունքը, դիմողը ՀՀ կառավարության վերը նշված որոշումը մասնակի անվավեր ճանաչելու հայցապահանջով դիմել է ՀՀ վարչական դատարան, որն իր` 13.09.2011թ. ՎԴ/0676/05/08 որոշմամբ մերժել է դիմողի հայցը:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իր` 26.01.2012թ. որոշմամբ, վերահաստատելով ՀՀ վարչական դատարանի` վերը նշված որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, մերժել է դիմողի վերաքննիչ բողոքը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 21.03.2012թ. որոշմամբ վերադարձրել է դիմողի վճռաբեկ բողոքը:

 

4. Դիմողը գտնում է, որ ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով որ ՀՀ կառավարությանն իրավունք է տալիս պետական սեփականություն հանդիսացող, սակայն այլ անձի անշարժ գույքով ծանրաբեռնված ու այլ անձի օգտագործման ներքո գտնվող հողամասը վարձակալության և գնման նախապատվության իրավունքով տրամադրել նաև մեկ այլ անձի, հակասում է իրավական որոշակիության սկզբունքին և դրա արդյունքում` ՀՀ Սահմանադրության 1-ին, 8 և 31-րդ հոդվածներին:

Ըստ դիմողի` ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասը, «որպես այդպիսին օրենք չէ, քանի որ այդ դրույթների բովանդակության մեջ նման իրավունք ուղղակիորեն սահմանված չէ, նման բան գրված չէ և իրավունքի սուբյեկտների համար հնարավոր չէ կանխատեսել օրենքի նշված դրույթներով կառավարության նման իրավունքը, ինչը իրավահարաբերության մասնակցի համար անհրաժեշտ է կանխատեսելի իրավական դաշտում գործելու և իր իրավունքների պաշտպանության համար»:

 

5. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին: Իր դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանող կողմը, մասնավորապես, արձանագրում է, որ պետական սեփականություն հանդիսացող գույքը պետական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու հետ կապված իրավահարաբերությունները, ի թիվս այլ իրավական ակտերի, կարգավորվում են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:

Հղում կատարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքին` պատասխանող կողմն արձանագրում է, որ պետությունն իրավունք ունի իր կողմից հիմնադրվող կազմակերպությանը գույքը հանձնել ինչպես սեփականության, այնպես էլ անհատույց օգտագործման իրավունքով` երաշխավորելով տվյալ գույքի նկատմամբ այլ անձանց, մասնավորապես` վարձակալների իրավունքները: Այս առումով, ըստ պատասխանող կողմի` ՀՀ օրենսդրությունը նախատեսում է երաշխիքներ անձանց իրավունքների պաշտպանության համար: Մասնավորապես, պատասխանող կողմն արձանագրում է, որ ըստ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի` հիմնադրի կողմից գույքը պետական կազմակերպությանն ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար, իսկ ըստ ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի` պետության սեփականությանը պատկանող հողերն առանց մրցույթի, անհատույց (մշտական օգտագործման) տրամադրելիս պահանջվում է հողօգտագործողի գրավոր համաձայնությունը: Անհամաձայնության դեպքում հողօգտագործողի իրավունքները տվյալ հողամասի նկատմամբ կարող են դադարել ՀՀ հողային օրենսգրքով սահմանված կարգով: Այդ կապակցությամբ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ հողային օրենսգրքի 1-ին հոդվածը հղում է կատարում ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, պատասխանող կողմը, հղում կատարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրերին վերաբերող մի շարք դրույթներին, գտնում է նաև, որ պայմանագրի դադարումը չի կարող կամայական բնույթ կրել, այլ պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով:

Անդրադառնալով դիմողի կողմից բարձրացված` հողամասի վարձակալի` հողամասի գնման նախապատվության իրավունքին, պատասխանող կողմն արձանագրում է, որ նշված իրավունքն ուղղակիորեն ամրագրված է ՀՀ հողային օրենսգրքում:

 

6. Հաշվի առնելով դիմողի դիրքորոշումները` սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը հարկ է համարում բացահայտել պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օգտագործման տրամադրելու վերաբերյալ առկա իրավակարգավորումների բնույթը` խնդրո առարկա հարցը դիտարկելով սեփականության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում:

Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է սեփականության իրավունքի բովանդակային ծավալում ներառվող երեք իրավազորությունները` տնօրինում, տիրապետում, օգտագործում, որոնք սեփականատերը, ըստ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի, իրականացնում է սեփական հայեցողությամբ: Ընդ որում, տնօրինման, տիրապետման, օգտագործման իրավազորությունների բովանդակությունը բացահայտված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` «Սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը» վերտառությամբ 163-րդ հոդվածում: Նշված հոդվածի համաձայն`

«1. Սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով:

Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

2. Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

3. Սեփականատերը կարող է իր գույքը հանձնել այլ անձի հավատարմագրային կառավարման: Գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցման: Հավատարմագրային կառավարիչը պարտավոր է գույքը կառավարել ի շահ սեփականատիրոջ կամ նրա կողմից նշված երրորդ անձի»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի դրույթների վերլուծության հիման վրա սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակներում ՀՀ կառավարության կողմից իր` 2004թ. հուլիսի 15-ի թիվ 1043-Ն որոշմամբ պետության սեփականությունը հանդիսացող հողամասը «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց (մշտական) օգտագործման թողնելը, ինչպես նաև իր` 2005թ. օգոստոսի 25-ի թիվ 1321-Ն որոշմամբ նույն հողամասը վարձակալական հիմունքներով «ԲԱՄՕ» ՍՊԸ-ի կողմից հիմնադրվող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին գնման նախապատվության իրավունքով տրամադրելը, հետևաբար նաև` ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի դրույթը գտնվում են ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` իր սեփականությունն իր հայեցողությամբ տնօրինելու իրավազորության բովանդակային ծավալում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում դիմողի այն դիրքորոշումը, որ ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 8 և 31-րդ հոդվածներին, քանի որ.

նախ, ըստ գործի նյութերի` դիմողը չի հանդիսանում իր կողմից օգտագործվող հողամասի սեփականատեր,

երկրորդ, իր սեփականությունը հանդիսացող գույքը վարձակալության տրամադրելը` անկախ այդ գույքի կամ դրա մի մասի նկատմամբ այլ անձանց իրավունքների առկայությունից, բխում է սեփականատիրոջ կողմից իր սեփականությունն իր հայեցողությամբ տնօրինելու սահմանադրական իրավազորությունից,

երրորդ, ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համահունչ` ՀՀ քաղաքացիական և հողային օրենսգրքերը թույլատրելի են համարում, մասնավորապես, սեփականատիրոջ կողմից իր գույքը վարձակալության հանձնելն այն դեպքում, երբ այդ գույքը կամ դրա մի մասը ծանրաբեռնված են այլ անձանց իրավունքներով` միաժամանակ երաշխավորելով տվյալ անձանց իրավունքները,

չորրորդ, ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի նպատակը չէ երաշխավորելու պետական սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալի իրավունքներն այն դեպքում, երբ նշված հողամասի նկատմամբ պետության և մեկ այլ սուբյեկտի միջև կնքվում է վարձակալության պայմանագիր,

հինգերորդ, վարձակալի և վարձակալության հանձնված գույքի նկատմամբ այլ անձանց իրավունքների երաշխավորմանն են նվիրված, մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 206, 207, 627-րդ հոդվածները, ՀՀ հողային օրենսգրքի 47, 48, 49, 64, 66, 78 և 118-րդ հոդվածները:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 60-րդ հոդվածի 1-ին կետով, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Ծիծեռնակ-8» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ ենթակետերի, 1-ին մասի երկրորդ պարբերության, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերի մասով կարճել:

2. ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

7 մայիսի 2013 թ.

ՍԴՈ-1092

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան