Գլխավոր տեղեկություն
Номер
N 144-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.02.28/12(952) Հոդ.140
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.02.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.02.2013
Дата вступления в силу
10.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2013 թվականի N 144-Ն

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասը և 29-րդ հոդվածը՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին դրույթների կիրարկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները գործատուն 2013 թվականի հունվարի 1-ից հետո վճարում է «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի հաշվին.

2) եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարները բավարար չեն ժամանակավոր անաշխատունակության նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաստի գումարի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշմամբ սահմանված լիազոր մարմինը՝ հարկային մարմնի հաստատած տեղեկանքի հիման վրա, որում արտացոլվում են`

ա. հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը), գտնվելու (բնակության) վայրը, հեռախոսահամարը,

բ. ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարը,

գ. ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարելու ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը),

դ. փոխհատուցման ենթակա ծախսի գումարը,

ե. կազմակերպության ղեկավարի ստորագրությունը և կազմակերպության կնիքը,

զ. հարկային տեսչության ղեկավարի ստորագրությունը և հարկային տեսչության կնիքը.

3) 2013 թվականի հունվարի 1-ից հետո ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու (վճարելու) համար վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս` որպես եկամուտ հաշառվում է հաշվարկային ժամանակահատվածի՝

ա. 2012 թվականի ամիսների (կամ հաշվարկային ժամանակահատվածի ամիսների փոխարեն հաշվառվող՝ 2012 թվականին նախորդող ամիսների)` օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծության հանրագումարը,

բ. 2013 թվականի ամիսների՝ եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը,

գ. ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը.

4) 2013 թվականին առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելիս` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական եկամտին ավելացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունը.

5) եթե ժամանակավոր անաշխատունակությունը ծագել է 2012 թվականին, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելիս (վճարելիս)` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափին ավելացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունը.

6) եթե ժամանակավոր անաշխատունակությունը ծագել է 2013 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելիս (վճարելիս)` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով սահմանված դեպքերում, որպես նվազագույն ամսական աշխատավարձ, հիմք է ընդունվում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող եկամտային հարկի հանրագումարը.

7) մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը (այդ թվում` 2012 թվականի դեկտեմբեր ամսվա պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին) վճարվող ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը հարկվում է «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

8) մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը գործատուի կատարած` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությամբ սահմանված միջոցները փոխհատուցվում են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 25

Երևան