Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.03.15/8(452) Հոդ.159
Принят
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Дата принятия
25.12.2012
Подписан
Նախագահի տեղակալ
Дата подписания
25.12.2012
Дата вступления в силу
25.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0381/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0381/02/11
2012 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աշոտ Ազիզյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի Աշոտ Ազիզյանի ընդդեմ «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.04.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աշոտ Ազիզյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել չստացված աշխատավարձի գումարը, արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը, ինչպես նաև այդ գումարների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Մ. Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 26.09.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.12.2011 թվականի որոշմամբ Աշոտ Ազիզյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.09.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.04.2012 թվականի որոշմամբ Աշոտ Ազիզյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Ազիզյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանի 26.09.2011 թվականի վճռով Աշոտ Ազիզյանի հայցը մերժվել է:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի 26.09.2011 թվականի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, վկայակոչել է վիճարկվող ժամանակահատվածի ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը` փաստելով, որ կողմերի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են միայն աշխատանքային պայմանագրի հիման վրա, մինչդեռ տվյալ դեպքում բացակայում է գրավոր աշխատանքային պայմանագիրը, որի պայմաններում աշխատավարձ չի կարող վճարվել:

ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1038 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող նորմը, որպես աշխատանքային իրավահարաբերությունների ծագման միակ հիմք սահմանելով աշխատանքային պայմանագիրը, չի բացառում գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում աշխատանքային հարաբերություններից բխող աշխատանքային պարտականությունների փաստացի կատարման առկայության ապացուցման դեպքում անձի իրավունքների, այդ թվում` փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորությունը:

Դրանից ելնելով ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, և այդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունը տվյալ նորմի կիրառման պահին չի բացառել աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում, սակայն համապատասխան ապացույցների առկայության դեպքում աշխատողի` իր փաստացի կատարած աշխատանքի դիմաց համարժեք հատուցում ստանալու իրավունքի դատական պաշտպանության հնարավորությունը:

Փաստորեն, ՀՀ դատարանների կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածին տրվել է ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1038 որոշմամբ ամրագրված իրավական մեկնաբանություններին հակասող մեկնաբանություն, ուստի Աշոտ Ազիզյանի դեմ կայացված դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է բեկանման։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.04.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և բեկանել Վերաքննիչ դատարանի 08.12.2011 թվականի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա մերժման, քանի որ Աշոտ Ազիզյանն իր հայցի հիմքում երբևէ չի դրել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը: Բացի այդ, Աշոտ Ազիզյանն աշխատանքից ազատվելով իր իսկ ստորագրած հրամանի համաձայն, գիտակցել է, որ արդեն իսկ ազատված է աշխատանքից և նման պայմաններում ինքնակամ կամ ինքնակոչ աշխատանքի ներկայանալն աշխատավարձի վճարման համար հիմք չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Աշոտ Ազիզյանն աշխատել է «Աշտարակի պոլիկլինիկա» ՓԲԸ-ում (այսուհետ` Կազմակերպություն) որպես գործադիր տնօրեն.

2) հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետի 21.05.2007 թվականի թիվ 35-Ա կարգադրությունը` Կազմակերպությունը 18.06.2007 թվականին արձակել է թիվ 60 հրամանը` 06.06.2007 թվականից Աշոտ Ազիզյանին աշխատանքից ազատելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 44).

3) Աշոտ Ազիզյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան նաև 21.05.2007 թվականից 20.08.2007 թվականն ընկած ժամանակահատվածի համար աշխատավարձի գումարը, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները բռնագանձելու պահանջի մասին (գ.թ. 3,4, 67-70).

4) Դատարանը նշված պահանջը մերժել է` պատճառաբանելով, որ «հայցվորը վիճարկվող ժամանակահատվածում չի գտնվել աշխատանքում և չէր կարող կատարել համապատասխան աշխատանքային պարտականություններ», «աշխատողին գործատուն վճարում է աշխատավարձ միայն աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային պարտականությունները կատարելու դիմաց, ուստի հայցվորին չի կարող վճարվել տվյալ ժամանակահատվածի համար համապատասխան վարձատրություն» (գ.թ. 67-70).

5) Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով վիճարկվող ժամանակահատվածի ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 83-րդ հոդվածները, 178-րդ հոդվածի 1-ին մասը և 130-րդ հոդվածը, նշել է, որ «կողմերի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են միայն աշխատանքային պայմանագրի հիման վրա և աշխատավարձն էլ վճարվում է` հիմք ընդունելով հենց այդ աշխատանքային պայմանագիրը», «վիճարկվող ժամանակաշրջանի ընթացքում հայցվորը չի հանդիսացել պատասխանող ընկերության աշխատակիցը, վերջինիս հետ կնքված չի եղել աշխատանքային պայմանագիր» (գ.թ. 101-104).

6) քաղաքացի Գալուստ Շիրինյանի դիմումի հիման վրա` ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը, 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1038 որոշմամբ որոշել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` հաշվի առնելով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 102-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի, 298-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների համադրված վերլուծությունից բխում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունը սույն գործի շրջանակներում այդ նորմի կիրառման պահին չի բացառել աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում, սակայն համապատասխան ապացույցների առկայության դեպքում աշխատողի` իր փաստացի կատարած աշխատանքի դիմաց համարժեք հատուցում ստանալու իրավունքի դատական պաշտպանության հնարավորությունը:

ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային և քաղաքացիական օրենսգրքերի վերաբերելի նորմերի համադրված վերլուծության արդյունքում սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող նորմը, որպես աշխատանքային իրավահարաբերությունների ծագման միակ հիմք սահմանելով աշխատանքային պայմանագիրը, չի բացառում գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում աշխատանքային հարաբերություններից բխող աշխատանքային պարտականությունների փաստացի կատարման առկայության ապացուցման դեպքում անձի իրավունքների, այդ թվում` փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորությունը: Տվյալ դեպքում առկա է իրավունքի պաշտպանության խնդիր և հարցի նկատմամբ չի կարող ձևական մոտեցում դրսևորվել: ՀՀ օրենսդրության և ՀՀ միջազգային պարտավորությունների համադրված վերլուծությունը վկայում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում աշխատանքային պարտականությունների կատարման առկայության` հիմնավոր ապացույցներով փաստումը հիմք է առանց գրավոր աշխատանքային պայմանագրի կնքման իր աշխատանքային պարտականությունների կատարմանն անցած անձին իր իրավունքների, այդ թվում` համարժեք հատուցման պահանջի իրավունքի պաշտպանություն տրամադրելու համար: Սույն իրավական դիրքորոշումից շեղումը կհանգեցնի գործատուի պատասխանատվության անտեսման և աշխատողի իրավունքների ոտնահարման, քանի որ կատարած փաստացի աշխատանքի դիմաց համարժեք հատուցում վճարելուց հրաժարվելը նաև անձի սեփականության իրավունքի ոտնահարում է (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ։

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող (2007 փետրվարի 22-ի խմբագրությամբ) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա:

Սույն գործով Դատարանը, 21.05.2007 թվականից 20.08.2007 թվականն ընկած ժամանակահատվածի համար աշխատավարձի գումարը, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները բռնագանձելու պահանջի մասով հայցը մերժելիս պատճառաբանել է, որ «հայցվորը վիճարկվող ժամանակահատվածում չի գտնվել աշխատանքում և չէր կարող կատարել համապատասխան աշխատանքային պարտականություններ», «աշխատողին գործատուն վճարում է աշխատավարձ միայն աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային պարտականությունները կատարելու դիմաց»:

Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի վճռի նշված մասը, արձանագրել է, որ հիմնավոր է համարում Դատարանի հետևությունն այն մասին, որ վիճարկվող ժամանակաշրջանում Աշոտ Ազիզյանը չի գտնվել աշխատանքում և չէր կարող կատարել համապատասխան աշխատանքային պարտականություններ, քանի որ վիճարկվող ժամանակահատվածի ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 83-րդ հոդվածներով, 178-րդ հոդվածի 1-ին մասով և 130-րդ հոդվածով հիմնավորվում է, որ «կողմերի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են միայն աշխատանքային պայմանագրի հիման վրա և աշխատավարձն էլ վճարվում է` հիմք ընդունելով հենց այդ աշխատանքային պայմանագիրը», «վիճարկվող ժամանակաշրջանի ընթացքում հայցվորը չի հանդիսացել պատասխանող ընկերության աշխատակիցը, վերջինիս հետ կնքված չի եղել աշխատանքային պայմանագիր»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը վերադարձրել է Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Աշոտ Ազիզյանի վճռաբեկ բողոքը։

Քաղաքացի Գալուստ Շիրինյանի դիմումի հիման վրա` ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը, 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1038 որոշմամբ որոշել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` հաշվի առնելով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 102-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի, 298-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների համադրված վերլուծությունից բխում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունը սույն գործի շրջանակներում այդ նորմի կիրառման պահին չի բացառել աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում, սակայն համապատասխան ապացույցների առկայության դեպքում աշխատողի` իր փաստացի կատարած աշխատանքի դիմաց համարժեք հատուցում ստանալու իրավունքի դատական պաշտպանության հնարավորությունը:

ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային և քաղաքացիական օրենսգրքերի վերաբերելի նորմերի համադրված վերլուծության արդյունքում սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող նորմը, որպես աշխատանքային իրավահարաբերությունների ծագման միակ հիմք սահմանելով աշխատանքային պայմանագիրը, չի բացառում գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայության պայմաններում աշխատանքային հարաբերություններից բխող աշխատանքային պարտականությունների փաստացի կատարման առկայության ապացուցման դեպքում անձի իրավունքների, այդ թվում` փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորությունը:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1038 որոշումը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.04.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման հիմք։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 08.12.2011 թվականի որոշումը ենթակա է բեկանման միայն 21.05.2007 թվականից 20.08.2007 թվականն ընկած ժամանակահատվածի համար աշխատավարձի գումարը, նույն ժամանակահատվածի համար ամենամյա արձակուրդը չօգտագործելու դիմաց դրամական հատուցման գումարը, ինչպես նաև այդ գումարների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները բռնագանձելու մասով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.04.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.04.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2011 թվականի որոշման` «Վճիռը 21.05.2007 թվականից 20.08.2007 թվականն ընկած ժամանակահատվածի համար աշխատավարձի գումարը, նույն ժամանակահատվածի համար ամենամյա արձակուրդը չօգտագործելու դիմաց դրամական հատուցման գումարը, ինչպես նաև այդ գումարների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները բռնագանձելու մասով թողնել օրինական ուժի մեջ» մասը և գործն այդ մասով ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան
 

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան