Գլխավոր տեղեկություն
Номер
N 453-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.03.2013-03.10.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2007.05.10/24(548) Հոդ.587
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.04.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.04.2007
Дата вступления в силу
20.05.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.10.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 23 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2007 թվականի N 453-Ն

ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1780-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական կամ այլ միջոցների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1780-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում հաստատել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից տրվող պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման ուղեգրի ձևը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 17
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 12-ի N 453-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների (այսուհետ` պարագաներ) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Հաշմանդամներին, ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց պարագաները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

3. Հաշմանդամներին պարագաները (բացառությամբ ձեռնափայտի) առաջին անգամ տրամադրվում են հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան: Վերականգնողական անհատական ծրագրի կազմման կամ փոփոխման անհրաժեշտության դեպքում հաշմանդամները դիմում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին:

4. Պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, բացառությամբ սույն կարգի 5-րդ կետում նշվածների և լսողական սարքերի, տրամադրվում են նաև ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող (այսուհետ՝ սոցիալապես անապահով) անձանց, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիներին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, մինչև 18 տարեկան երեխաներին` անձի բնակության վայրն սպասարկող բժշկական կազմակերպության կողմից տրված գրավոր եզրակացության հիման վրա:

5. Վերին և ստորին վերջույթների պրոթեզները, օրթեզները, ձայնաստեղծ սարքերը, աչքի պրոթեզները, սայլակները և քայլակները տրամադրվում են միայն հաշմանդամություն ունեցող անձանց:

6. Պարագաները տրամադրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):

7. Պարագաների հերթական տրամադրման համար եզրակացությունը տալիս է կազմակերպության բժիշկը կամ համապատասխան մասնագետը, իսկ խնդրահարույց դեպքերում` բուժատեխնիկական հանձնաժողովը:

8. Երեխաներին օրթեզներ և կորսետներ կարող են տրամադրվել նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով:

9. Տրամադրված պարագաները վերանորոգում է կազմակերպությունը: Վերանորոգումը կատարվում է պարագայի երաշխիքային ժամկետի լրանալուց հետո, ըստ անհրաժեշտության, կազմակերպության մասնագետի եզրակացությամբ և հիմնավորմամբ, երաշխիքային ժամկետում` կազմակերպության միջոցների հաշվին, իսկ երաշխիքային ժամկետի լրանալուց հետո` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

10. Պարագաները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետներին համապատասխան:

11. Հաշմանդամների վերին և ստորին վերջույթների առաջին անգամ պրոթեզավորումը և օրթեզավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ստեղծված բուժատեխնիկական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գրավոր եզրակացության հիման վրա: Հանձնաժողովը եզրակացություն է տալիս նաև սահմանված ժամկետից շուտ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման անհրաժեշտության դեպքերում:

 

II. ՊՐՈԹԵԶՆԵՐԻ ԵՎ ՕՐԹԵԶՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

12. Առաջին անգամ ստորին վերջույթի պրոթեզավորման դեպքում, մինչև հիմնական պրոթեզի պատրաստումը, հաշմանդամի համար պատրաստվում և տրամադրվում է բուժամարզական պրոթեզ: Բուժամարզական պրոթեզը փոխարինվում է հիմնական պրոթեզով, երբ անդամահատված ծայրատի անատոմիական փոփոխությամբ պայմանավորված այն հնարավոր չէ օգտագործել:

13. Վերին վերջույթի պրոթեզի կարիք ունեցող հաշմանդամին չորս տարվա ընթացքում տրամադրվում են մեկ կոսմետիկ պրոթեզ և մեկ շարժողական պրոթեզ (ձգողական կամ բիոպրոթեզ):

14. Վերին կամ ստորին վերջույթի պրոթեզ կրող հաշմանդամին, անկախ նոր պրոթեզ տրամադրելու ժամկետից, յուրաքանչյուր տարի տրամադրվում է ծայրատի երեք ձեռնոց կամ գուլպա:

15. Հաշմանդամ և սոցիալապես անապահով կանանց, բժշկի եզրակացության հիման վրա, տրամադրվում է կրծքագեղձի պրոթեզ:

 

III. ՕՐԹՈՊԵԴԻԿ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԵՎ ՊՐՈԹԵԶԻ ԿՈՇԻԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

16. Հաշմանդամներին և սոցիալապես անապահով անձանց յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ օրթոպեդիկ կոշիկ, մեկ զույգ՝ առանց տաքացված տակդիրների և մեկ զույգ՝ կիսաճիտք կամ երկարաճիտք: Ելնելով հիվանդության առանձնահատկությունից՝ կարող են տրամադրվել տարեկան միայն երկու զույգ կիսաճիտք օրթոպեդիկ կոշիկներ: Պրոթեզավորված և օրթեզավորված հաշմանդամներին յուրաքանչյուր տարի տրվում է երկու զույգ պրոթեզի (օրթեզի) կոշիկ, մեկ զույգ՝ առանց տաքացված տակդիրների, և մեկ զույգ՝ կիսաճիտք կամ երկարաճիտք:

17. Վերին երկու վերջույթների ծայրատներով, ինչպես նաև մեկ ձեռքի ծայրատով, մյուս ձեռքի դաստակի ձևախեղումով հաշմանդամներին անվճար տրվում է կոշիկ` կողային ռետինե ժապավեններով:

 

IV. ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

18. Առաջին խմբի հաշմանդամներին և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներին, վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, տրամադրվում է հաշմանդամի սայլակ: Նկատի ունենալով հաշմանդամի առողջական վիճակը` սայլակը կարող է ստանալ նրա հարազատներից որևէ մեկը, ով սույն կարգով նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է նաև իր անձնագիրը:

19. Ստորին վերջույթների ազդրային հատվածների երկկողմանի անդամահատումից հետո, սայլակ ստացած հաշմանդամին, անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նաև փոքր տրամաչափի սայլակ:

20. Լսողական սարքերը տրամադրվում են հաշմանդամներին, տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց և մինչև 18 տարեկան երեխաներին` սուրդոլոգի եզրակացության հիման վրա:

20.1. Եվրոպական արտադրության թվային և անալոգային լսողական սարքերը տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(20.1-ին կետը լրաց. 19.07.12 N 948-Ն, խմբ. 14.02.13 N 121-Ն)

20.2. Պետական հավաստագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` բժշկական օգնության և սպասարկման` քիթ-կոկորդ-ականջաբանական գործունեության լիցենզիա և աուդիոմետրիա իրականացնելու և (կամ) կազմակերպելու հնարավորություն ունեցող բժշկական կազմակերպությունների եզրակացության հիման վրա:

(20.2-րդ կետը լրաց. 19.07.12 N 948-Ն)

20.3. Պետական հավաստագրի հիման վրա լսողական սարքեր տրամադրվում են մրցութային կարգով ընտրված այն կազմակերպությունների կողմից, որոնք Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքել են պետական հավաստագրի հիման վրա լսողական սարքեր տրամադրելու մասին պայմանագրեր: Մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

(20.3-րդ կետը լրաց. 19.07.12 N 948-Ն)

20.4. Պետական հավաստագիրը լսողության խնդիր ունեցող անձին տրամադրվում է լսողական սարքի օգտագործման համար սույն կարգով սահմանված ժամկետը լրանալուց հետո։

(20.4-րդ կետը լրաց. 19.07.12 N 948-Ն)

21. Ելնելով անձի առողջական վիճակից, տարիքից և ծայրատի ձևից` կազմակերպության բժշկի կամ համապատասխան մասնագետի եզրակացությամբ, անձը կարող է ստանալ 1 կամ 2 արմնկային կամ 1 կամ 2 թևատակի հենակ, կամ 1 ձեռնափայտ և 1 հենակ կամ 2 ձեռնափայտ:

22. Ձեռնափայտը տրամադրվում է կազմակերպության մասնագետի եզրակացությամբ:

 

V. ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

23. Հաշմանդամները և սույն կարգի 4-րդ կետում նշված անձինք, պարագաներ ստանալու համար, դիմում են կազմակերպություն` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ (մինչև 16 տարեկան երեխաների համար նրանց ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը և երեխայի ծննդյան վկայականը), հաշմանդամները ներկայացնում են հաշմանդամության վկայականը, վերականգնողական անհատական ծրագիրը, սույն կարգի 4-րդ կետում նշված անձինք` համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ և բժշկական եզրակացություն: Լսողական սարք ստանալու համար կազմակերպություն է ներկայացվում նաև քիթ-կոկորդ-ականջաբանի եզրակացությունը և սույն կարգի 20.1-ին կետով նախատեսված դեպքում` պետական հավաստագիրը, իսկ ձայնալարերի և աչքի պրոթեզավորման համար՝ համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպության եզրակացությունը:

(23-րդ կետը փոփ. 14.02.13 N 121-Ն)

24. Կազմակերպությունում պարագաներ ստացող անձանց համար լրացվում է անձնական քարտ, որտեղ նշվում են ստացողի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը, ծննդյան տարեթիվը, հիվանդության ախտորոշումը, պարագաների անվանումները, տրամադրման ամսաթիվը, սոցիալական կարգավիճակը: Հաշմանդամի փոխարեն սայլակ ստանալու դեպքում քարտում նշվում են նաև ստացողի անունը, հայրանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան և համարը:

25. Պարագան ստացող անձը կազմակերպությունից պարագաներ ստանալիս` ստորագրում է անձնական քարտում:

26. Անձնական քարտը պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

27. Կազմակերպությունը պարտավոր է անձի խնդրանքով նրան տրամադրել քաղվածք անձնական քարտից:

28. Կազմակերպությունը մատուցված ծառայության վերաբերյալ հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրում կատարում է համապատասխան նշում, որը վավերացվում է կազմակերպության դրոշմակնիքով:

29. Պարագաները կազմակերպության կողմից հաշմանդամին տրամադրվում են անհատական հարմարեցումից և հաշմանդամին օգտագործման ձևը սովորեցնելուց հետո:

30. Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ընտրված տեղեկատվական բազա շահագործող կազմակերպություն է ներկայացնում տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված պարագաների կարիք ունեցող հաշմանդամների մասին:

31. Կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում պարագաներ ստացած (վերանորոգած) հաշմանդամների մասին հաշվետվություն:

32. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը ընտրված տեղեկատվական բազա շահագործող կազմակերպություն է ներկայացնում տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում պարագաներ ստացած անձանց մասին:

(հավելվածը խմբ. 15.07.10 N 888-Ն, լրաց. 19.07.12 N 948-Ն, խմբ., փոփ. 14.02.13 N 121-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 12-ի N 453-Ն որոշման

 

ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

NN
ը/կ
Անվանումները Օգտագործման ժամկետը
1.

Պրոթեզներ

 
1)

Ստորին վերջույթների պրոթեզներ

երեք տարի, երեխաներին` մեկ տարի
2)

Վերին վերջույթների պրոթեզներ

չորս տարի, երեխաներին` երկու տարի
3)

Սրունքի  օրթոպրոթեզ

երեք տարի
2.

 Օրթեզներ

վեց ամիս-մեկ տարի
3.

Ապարատներ

երկու տարի
4.

Սեղմիրաններ

երկու տարի, երեխաներին`
վեց ամիս - մեկ տարի
5.

Աղեկապեր

մեկ տարի
6.

Կոշիկներ

 
1)

Պրոթեզի, օրթեզի (տարեկան` երկու զույգ)

վեց ամիս
2)

Օրթոպեդիկ  (տարեկան` երկու զույգ)

վեց ամիս
7.

Վերականգնման տեխնիկական միջոցներ

 

1)

Ձեռնափայտեր` մեկ լրացուցիչ ռետինով

երկու տարի
2)

Հենակներ` մեկ լրացուցիչ ռետինով

երկու տարի
3)

Սուպինատորներ

մեկ տարի, երեխաներին` վեց ամիս
4)

Կրծքագեղձի պրոթեզ և կրծկալ-ամրակ

մեկ տարի
5)

ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարքեր

երեք տարի

5.1.

Եվրոպական արտադրության թվային և անալոգային լսողական սարքեր

հինգ տարի

6)

Հաշմանդամի սայլակ

երեք տարի
7)

Փոքր տրամաչափի սայլակ

երկու տարի
8)

Քայլակներ

երեք տարի
8.

Աչքի պրոթեզ

երեխաների համար` մեկ
տարի, մեծահասակների
համար` երկու տարի
9.

Ձայնաստեղծ սարքեր

հինգ տարի

(հավելվածը խմբ., լրաց. 15.07.10 N 888-Ն, խմբ. 19.07.12 N 948-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան