ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-12-Ո-21
2013 թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԵՐԱՆԳՈՒԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ` ԱԽ անդամներ |
Վ. Աբելյանի, Կ. Բաղդասարյանի, Ռ. Բարսեղյանի, Գ. Խանդանյանի, Մ. Մարտիրոսյանի, Ա. Թումանյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի, Ս. Օհանյանի |
քարտուղարությամբ` |
Շ. Վարդանյանի |
2013 թվականի ապրիլի 12-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 30.01.2013թ. թիվ N-Կ-2-2/2013թ. որոշմամբ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ա. Մերանգուլյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի նախագահի 17.01.2013թ. թիվ 01/13-Է գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Ըստ եզրակացության`
«Դատարանի 24.08.2012թ. որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԷԴ/1080/02/12 քաղաքացիական գործն ըստ հայցի «Վիկտորիա Կոնցեռն» ՍՊԸ-ի ընդդեմ «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ի` 11.06.2012թ. կնքված մատակարարման պայմանագրով գոյացած պարտքի գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանը 09.10.2012թ. որոշմամբ բավարարել է պատասխանողի կողմից 05.10.2012թ. ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, որը հիմնավորել է դատավորի անաչառության վերաբերյալ կողմի կասկածները բացառելու հանգամանքով:
ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր»:
ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այլոց այն դեպքերը, երբ`
1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.
2) դատավորը` որպես մասնավոր անձ, ականատես է այն փաստերին, որոնք վիճարկվում են դատաքննության ընթացքում.
3) դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ: Սույն օրենքի իմաստով անձի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները: Անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Անձի հետ արյունակցական կապի մինչև 3-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք. (...)»:
ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Դատավորը, որը ինքնաբացարկ է հայտնել, պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, ինչը ենթակա է բառացի արձանագրման (...)»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործի մասնակցող անձի միջնորդությամբ: Գործին մասնակցող անձը նման միջնորդություն կարող է ներկայացնել, իսկ դատավորը ինքնաբացարկ կարող է հայտնել միայն մինչև դատաքննությունն սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կապացուցի, իսկ դատավորը կհիմնավորի, որ ինքնաբացարկի հիմքը իրեն հայտնի է դարձել դատաքննությունն սկսվելուց հետո և մինչ այդ չէր կարող հայտնի լինել (...)»:
««Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 23.04.2011թ. թիվ 01-Ն որոշման (այսուհետ` Վարքագծի կանոններ) 15-րդ կանոնի համաձայն` «Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ նա չի կարող գործով անաչառ որոշում կայացնել, կամ երբ անկողմնակալ դիտորդին կարող է թվալ, որ նա ի վիճակի չէ տվյալ գործով արդարացի որոշում կայացնել: Նման հիմքեր կարող են լինել, մասնավորապես, երբ`
ա) դատավորի մոտ առկա է նախատրամադրվածություն վիճող կողմերի նկատմամբ,
բ) դատավորը նախկինում տվյալ գործով եղել է քննիչ, դատախազ, փաստաբան, կամ ներկայացուցիչ և պաշտպանել կողմերից մեկի շահերը,
գ) դատավորը տվյալ գործով հանդիսացել է վկա, որի ցուցմունքներն էական նշանակություն են ունեցել գործի հանգամանքները պարզելու համար,
դ) դատավորը կամ նրա ընտանիքի անդամները (ազգականները, ընկերներն ու ծանոթները) դատավարության մասնակիցներ են կամ ունեն տնտեսական կամ այլ շահագրգռվածություն վեճի ելքով (...)»:
Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, արձանագրում է, որ դատավոր Ա. Մերանգուլյանը բավարարել է ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը` հիմք ընդունելով այն, որ դատավորի անկողմնակալ լինելու հանգամանքը նպատակահարմար է հաստատել նաև դատավորին ինքնաբացարկ հայտնելու կողմի միջնորդությունը բավարարելու միջոցով, որպեսզի կողմերի մոտ բացառվեն նույնիսկ կասկածները դատավորի կանխակալ վերաբերմունք ունենալու վերաբերյալ, որը կարող է բերել դատական սխալի:
Այսպիսով, մեջբերված փաստերը վերլուծելով ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի և Վարքագծի կանոնների 15-րդ կանոնի պահանջների ներքո, Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ դատավոր Ա. Մերանգուլյանի կողմից կայացված ինքնաբացարկի որոշման հիմք է հանդիսացել միայն միջնորդություն ներկայացրած կողմի` դատավորի անաչառության վերաբերյալ կասկածները: Մինչդեռ, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով և Վարքագծի կանոնների 15-րդ կանոնով հստակ ամրագրված են այն հիմքերը, որոնց առկայության պարագայում է հնարավոր հիմնավորված ինքնաբացարկի որոշում կայացնել:
Կարգապահական հանձնաժողովը փաստում է, որ դատավոր Ա. Մերանգուլյանի կողմից կայացված ինքնաբացարկի որոշումը կայացվել է ոչ թե նշված իրավադրույթներով նախատեսված՝ ինքնաբացարկի հիմք հանդիսացող որևէ հանգամանքի առկայության պարագայում, այլ, ինչպես վերը նշվեց, կողմի չհիմնավորված կասկածները փարատելու պատճառաբանությամբ: Այսինքն` որոշման հիմքում դրվել է օրենքով դատավորին ինքնաբացարկ հայտնելու համար հիմք չհանդիսացող հանգամանք, ինչի արդյունքում դատավորի կողմից ոչ միայն չեն պահպանվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինքնաբացարկ հայտնելու իրավական պահանջները, այլև դատավորը, փաստորեն, հրաժարվել է քաղաքացիական գործով արդարադատություն իրականացնելուց:
Միաժամանակ Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ դա պահանջվում է օրենքով, իսկ օրենքի պահանջը հանգում է նրան, որ դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի, եթե նա ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է գործի ելքով: Մինչդեռ միայն դատավորի անաչառության վերաբերյալ կողմի կասկածը փարատելն ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելու հիմք հանդիսանալ չի կարող:
Այսպիսով, Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատավոր Ա. Մերանգուլյանի կողմից թույլ է տրվել Վարքագծի կանոնների 15-րդ կանոնի կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:
Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտումը չի կարող թույլ տրվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինքնաբացարկ հայտնելու իրավական պահանջները, որի արդյունքում թույլ է տվել վարքագծի կանոնների կոպիտ խախտում»:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավոր Ա. Մերանգուլյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.
«24.08.2012թ. որոշմամբ վարույթ եմ ընդունել թիվ ԵԷԴ/1080/02/12 քաղաքացիական գործն ըստ հայցի «Վիկտորիա Կոնցեռն» ՍՊԸ-ի ընդդեմ «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ի` 11.06.2012 թվականին կնքված մատակարարման պայմանագրով գոյացած պարտքի` 14.000.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին:
09.10.2012թ. որոշմամբ բավարարել եմ պատասխանողի կողմից 05.10.2012թ. ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Գտնում եմ, որ իմ նկատմամբ Կարգապահական հանձնաժողովի կողմից 30.01.2013թ. հարուցված կարգապահական վարույթը ենթակա է կարճման հետևյալ նկատառումներով.
Դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելիս նկատի եմ ունեցել ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթն այն մասին, որ ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այլոց այն դեպքերը, երբ…
Հետևաբար, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով ամրագրված ինքնաբացարկի հիմքերը սպառիչ չեն և օրենսդիրը հստակ մատնանշում է այդ հանգամանքը, քանզի իրավակիրառության ընթացքում կարող են ի հայտ գալ ինքնաբացարկի այնպիսի հիմքեր, որոնք հնարավոր չէր կանխատեսել ու այդ ժամանակ հարկավոր է հիմնվել դատավորի պատշաճ վարքագիծը ի պաշտոնե գործելիս ամրագրող օրենսդրության սկզբունքների վրա:
Այսպես` ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի համաձայն` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է զերծ մնալ խոսքով կամ վարքով կողմնակալություն ցուցաբերելուց, ինչպես նաև նման տպավորություն ստեղծելուց:
Մինչդեռ, դատավորին ինքնաբացարկի մասին միջնորդության ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ պատասխանողի ներկայացուցչի մոտ դատավորի գործողությունները` կապված հայցի ապահովման միջոցների կիրառման հետ, ինչպես նաև պետական տուրքը վճարելը մասնակի հետաձգելու հետ առաջացել է կայուն տպավորություն դատավորի կողմնակալության վերաբերյալ, որը վերջինս փորձում էր հիմնավորել նրանով, որ իբր դատավորը այն կերպ շահագրգռված է, որ ինչպես հայցի ապահովման միջոցների մասին, այնպես էլ պետական տուրք վճարելը մասնակի հետաձգելու մասին որոշումները դատավորի կողմից պատշաճ պատճառաբանված չեն եղել` մատնանշելով ՀՀ ԱԽ որոշումը, որով նույնական հանգամանքներում դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանին կարգապահական տույժ է հայտարարվել:
Դժգոհ կողմի ներկայացուցիչ փաստաբանի կողմից դրսևորված ինքնանպատակ վարքագիծը հակակրանք է առաջացրել ինձ մոտ և ես, նման պայմաններում ի վիճակի չլինելով ապահովել գործի դատական քննությամբ անկողմնակալությունը, որոշել եմ բավարարել կողմի միջնորդությունը դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ և որոշում կայացրել ինքնաբացարկի վերաբերյալ:
Կարծում եմ, որ նման իմ որոշումը արդարացված էր նրանով, որ միանձնյա գործը քննող դատավորն ինքը միայն գիտի, թե ի վիճակի է նա կոնկրետ գործի քննությամբ ապահովել անկողմնակալություն, թե ոչ, քանզի անհեթեթ է կարծել, որ որևէ մեկը, բացի միանձնյա գործը քննող դատավորից, կարող է իմանալ ինչ է կատարվում իր ներքնաշխարհում և ի վիճակի է նա արդյոք կոնկրետ գործի քննությամբ ապահովելու անկողմնակալություն, թե ի վիճակի չէ` ինչ-ինչ պատճառներով:
Դատական ակտի պատճառաբանական մասում չի ներառվել վերոգրյալը էթիկական նկատառումներով, սակայն ի նկատի եմ ունեցել այն որոշում կայացնելիս:
Ինչպես տեսնում եք, նման պայմաններում իմ կողմից կայացված որոշումը ինքնաբացարկի մասին բխում է ձեր կողմից մատնանշված օրենքների պահանջներից, այն է` մասնավորապես «Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 23.04.2011թ. թիվ 01-Ն որոշման 15-րդ «ա» կետի կանոնը, համաձայն որի` «Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ նա չի կարող գործով անաչառ որոշում կայացնել, երբ դատավորի մոտ առկա է նախատրամադրվածություն վիճող կողմերի նկատմամբ»:
Տվյալ դեպքում ակնհայտ է, որ ինձ մոտ հայտնի պատճառներով ձևավորվել էր նախատրամադրվածություն պատասխանող կողմի նկատմամբ:
Նշված հարցի վերաբերյալ իր հստակ դիրքորոշումն է արտահայտել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն: Այսպես` դատավորների անկախության, արդյունավետության և պատասխանատվության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թիվ CM/Rec (2010)12 հանձնարարականի 5-րդ կետի համաձայն` դատավորները պետք է անսահմանափակ հնարավորություն ունենան գործերը լուծելու անկողմնակալ ձևով` օրենքին և փաստերի իրենց մեկնաբանությանը համապատասխան:
Ելնելով վերոգրյալից` խնդրում եմ Կարգապահական հանձնաժողովին կարճել իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը` այն հիմքով, որ իմ կողմից թույլ չի տրվել վարքագծի կանոնների 15-րդ կանոնի կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:
Բացի դա, անտրամաբանական է, որ տարեկան 500 վճիռ կայացրած դատավորը կարող է հրաժարվել քաղաքացիական գործով արդարադատություն իրականացնելուց»:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստը.
ՀՀ Նախագահի 20.03.2013թ. թիվ ՆՀ-39-Ա հրամանագրով դադարեցվել է Դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանի լիազորությունները:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը` Խորհուրդը գտնում է, որ այն ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` Արդարադատության խորհուրդը կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործն այն դեպքում, երբ դադարեցվել են նրա լիազորությունները, կամ նա ազատվել է իր պաշտոնից:
ՀՀ դատական օրենսգրքի մեջբերված դրույթների հետ մեկտեղ Խորհուրդն արձանագրում է հետևյալը.
Խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 28.02.2013թ. ԱԽ-7-Ո-13 որոշմամբ դիմել է ՀՀ Նախագահին` դատավոր Ա. Մերանգուլյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:
Խորհուրդը 28.02.2013թ. հրավիրված նիստում որոշել է թիվ N-Կ-2-2/2013թ. կարգապահական վարույթով դատավոր Ա. Մերանգուլյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի միջնորդության քննարկումը հետաձգել` մինչև ՀՀ Նախագահի կողմից դատավոր Ա. Մերանգուլյանի լիազորությունների դադարեցման հարցի լուծումը:
Ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Նախագահի 20.03.2013թ. թիվ ՆՀ-39-Ա հրամանագրով դադարեցվել է Դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանի լիազորությունները, Խորհուրդը գտնում է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը ենթակա է կարճման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 162-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Վ. Աբելյան Ռ. Բարսեղյան Կ. Բաղդասարյան Ա. Թումանյան Ա. Խաչատրյան Գ. Խանդանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|