Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1077
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.03.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.03.27/16(956) Հոդ.226
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
14.03.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
14.03.2013
Дата вступления в силу
14.03.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

14 մարտի 2013 թ.

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՐԱՖՖԻ Կ. ՌԻՉԱՐԴԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՎ ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 62-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝

դիմող կողմի` ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանի ներկայացուցիչներ Կ. Մեժլումյանի և Զ. Փոստանջյանի,

դիմող կողմի` ՀՀ Նախագահի թեկնածու Ա. Ղուկասյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյանի, նույն հանձնաժողովի քարտուղար Ա. Սմբատյանի և աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ն. Հովհաննիսյանի,

որպես հարակից պատասխանողներ ներգրավված՝ ՀՀ դատախազության ներկայացուցիչներ՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կ. Փիլոյանի, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հ. Հարությունյանի,

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ՝ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թ. Պետրոսյանի,

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով դատավարությանը որպես երրորդ անձ ներգրավված` ՀՀ Նախագահի թեկնածու Ս. Սարգսյանի ներկայացուցիչներ Դ. Հարությունյանի և Հ. Թովմասյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51-րդ հոդվածի 5-րդ մասի, 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, 101-րդ հոդվածի 9-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «ՀՀ Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013 թվականի փետրվարի 25-ի` «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 62-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ են հանդիսացել 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանի և Ա. Ղուկասյանի` 04.03.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումները:

Սահմանադրական դատարանը 2013 թվականի մարտի 5-ի ՍԴԱՈ-13 աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել «ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013 թվականի փետրվարի 25-ի` «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 62-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործը։ Միաժամանակ, նույն աշխատակարգային որոշմամբ, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ մասով, որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որպես հարակից պատասխանողներ են ներգրավվել ՀՀ դատախազությունը, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը: Սահմանադրական դատարանի 2013թ. մարտի 5-ի ՍԴԱՈ-14 աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունվել «ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործը։

ՀՀ Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա քննության ընդունված գործերը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածին համապատասխան, 2013թ. մարտի 5-ի ՍԴԱՈ-14 աշխատակարգային որոշմամբ միավորվել են` դատարանի նույն նիստում քննելու համար: Միաժամանակ, 05.03.2013թ. ՍԴԱՈ-13 աշխատակարգային որոշմամբ գործի դատաքննության նախապատրաստման անհրաժեշտությունից ելնելով պահանջվել են.

ա) ՀՀ վարչական դատարանից` 2013թ. ՀՀ Նախագահի ընտրության հարցերով ներկայացված դիմում-բողոքների կապակցությամբ ընդունված դատական ակտերը.

բ) ՀՀ ԿԸՀ-ից`

- քվեարկության արդյունքների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով կազմված արձանագրությունը,

- ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքներով ընդունված որոշումները,

- տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները,

- ըստ կոնկրետ ընտրական տեղամասերի` տեղեկանք ներկայացնել 18.02.2013թ. անցկացված ՀՀ Նախագահի ընտրության հետ կապված Նախագահի թեկնածուների դիմում-բողոքների հիման վրա կատարված վերահաշվարկների արդյունքների վերաբերյալ,

 - քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշումները,

- տեղեկանք տեղամասային ընտրական հանձնաժողովներում տարբեր քաղաքական ուժերի կողմից ներկայացված անդամների, հանձնաժողովների նախագահների և քարտուղարների թվաքանակի, ինչպես նաև Նախագահի թեկնածուների վստահված անձանց թվաքանակի վերաբերյալ.

գ) ՀՀ դատախազությունից` 18.02.2013թ. անցկացված ՀՀ Նախագահի ընտրության հետ կապված ընտրախախտումների կանխման և տեղ գտած դեպքերի առնչությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.

դ) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունից` 18.02.2013թ. անցկացված ՀՀ Նախագահի ընտրության հետ կապված իրավախախտումների կանխման և տեղ գտած դեպքերի առնչությամբ ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Բոլոր նյութերն օրենքով սահմանված կարգով տրամադրվել են նաև դատավարության կողմերին:

Սահմանադրական դատարանի 2013թ. մարտի 11-ի ՍԴԱՈ-18 աշխատակարգային որոշմամբ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով, իր դիմումի հիման վրա դատավարությանը որպես երրորդ անձ է ներգրավվել 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Ս. Սարգսյանը:

Լսելով գործով զեկուցողների զեկույցը, կողմերի, հարակից պատասխանողների և երրորդ անձի ներկայացուցիչների բացատրությունները, ուսումնասիրելով ու համադրելով նրանց կողմից ներկայացված փաստարկները, ինչպես նաև հետազոտելով դիմումները և գործում առկա նյութերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվել է 2013 թվականի փետրվարի 18-ին` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51-րդ հոդվածում նախատեսված ժամկետում: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածին համապատասխան քվեարկությունը կազմակերպելու և արդյունքներն ամփոփելու նպատակով հանրապետության տարածքում կազմավորվել է թվով 1988 ընտրական տեղամաս: Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված կարգով հանրապետության տարածքում կազմավորվել է 41 ընտրատարածք: Նույն օրենսգրքի 34-րդ հոդվածին համապատասխան կազմավորվել է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ և տեղամասային ընտրական հանձնաժողովներ: Օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակներում ընտրությունների ողջ գործընթացը կազմակերպել և վերահսկել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2013թ. փետրվարի 18-ի ՀՀ Նախագահի ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացրել թվով 12 միջազգային կազմակերպություններ /թվով 632 դիտորդ/, ինչպես նաև թվով 26 տեղական հասարակական կազմակերպություններ /թվով 6251 դիտորդ/:

ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան 2013 թվականի ՀՀ Նախագահի ընտրություններում որպես թեկնածուներ են գրանցվել և քվեաթերթիկներում ընդգրկվել` Հրանտ Արարատի Բագրատյանը, Պարույր Արշավիրի Հայրիկյանը, Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանը, Անդրիաս Մարատի Ղուկասյանը, Արման Վարդանի Մելիքյանը, Սերժ Ազատի Սարգսյանը, Վարդան Ժորժիկի Սեդրակյանը:

 

2. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2013 թվականի փետրվարի 25-ին ամփոփել է ՀՀ Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրության արդյունքները։ Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանադրական դատարան ներկայացված` Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեարկության արդյունքների արձանագրության` քվեաթերթիկներում ընդգրկված 7 թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը կազմել է 1.468.864, որը ՀՀ Նախագահի թեկնածուների միջև բաշխվել է հետևյալ համամասնությամբ. Հրանտ Բագրատյան` 31.643 ձայն, Պարույր Հայրիկյան` 18.096 ձայն, Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյան` 539.693 ձայն, Անդրիաս Ղուկասյան` 8.329 ձայն, Արման Մելիքյան` 3.520 ձայն, Սերժ Սարգսյան` 861.373 ձայն, Վարդան Սեդրակյան` 6.210 ձայն:

Վերոհիշյալ արդյունքների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 92-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է իր` 2013թ. փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել Սերժ Ազատի Սարգսյանը:

 

3. Դիմելով սահմանադրական դատարան` դիմողները գտնում են, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը: Դիմողներից ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանը գտնում է նաև, որ անհրաժեշտ է ընտրված ճանաչել իրեն կամ անվավեր ճանաչել Հանրապետության Նախագահի 2013թ. փետրվարի 18-ին անցկացված ընտրության արդյունքները:

Դիմող` ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանը, վկայակոչելով ՀՀ Նախագահի` սփյուռքահայ երաժիշտ Սերժ Թանգյանին ուղղված պատասխան նամակը, 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 19.02.2013թ. նախնական, ինչպես նաև միջանկյալ զեկույցները, մի շարք մարզպետների և քաղաքապետների հարցազրույցներն ու նրանցից մի քանիսի հրաժարականների մասին տեղեկատվությունը, գտնում է, որ իշխանության բաժանման և հավասարակշռման` Սահմանադրության 5-րդ հոդվածով նախատեսված համակարգը կամ փաստացի գոյություն չունի, կամ այն նույնանում է ՀՀ Նախագահի ինստիտուտի հետ: Ըստ դիմողի՝ բազմաթիվ դեպքերում ՀՀ Նախագահի թեկնածու` ՀՀ գործող Նախագահի 1600 ընտրական շտաբները գործել են պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, իսկ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերը ՀՀ Նախագահի ընտրության ժամանակ վերածվել էին ընտրական մեխանիզմների:

Առանձին վերլուծություններ և 2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 02.03.2013թ. միջանկյալ արտահերթ զեկույցը դիտարկելով, իր կարծիքով, տեղի ունեցած մի շարք իրավախախտումների և տարբեր այլ հանգամանքների ազդեցության համատեքստում, ինչպիսիք են` անձնագրի վրա դրվող թանաքանյութի արագ անհետանալը և սովորական թղթով մաքրվելու հանգամանքը, այլ անձի, ներառյալ` հանրապետությունից բացակայող, փոխարեն քվեարկելու և լցոնումների դեպքերը, անվավեր քվեաթերթիկների մեծ թիվը, մի տեղամասում անվավեր քվեաթերթիկների բացակայությունը, մյուսում` թվով 337 անվավեր քվեաթերթիկի առկայությունը, դիմող Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանն իր կասկածն է արտահայտում որոշ տեղամասերում ընտրողների մասնակցության` իր կարծիքով չափազանց մեծ թվի վերաբերյալ և արձանագրում է, որ բոլոր այն տեղամասերում, որոնցում ընտրողների մասնակցության թիվը գերազանցել է հանրապետությունում գրանցված միջին ցուցանիշը, ըստ պաշտոնական արդյունքների` մեծ առավելությամբ շահել է գործող Նախագահը, ինչի պատճառը, ըստ դիմողի, ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթն է, որն արգելում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները, ինչպես նաև սուբյեկտիվ միջամտությունը:

Ի հիմնավորումն իր դիմումի` դիմողը, մասնավորապես, ներկայացրել է նաև հետևյալ փաստարկները.

- ՀՀ Նախագահի թեկնածու` ՀՀ գործող Նախագահը քարոզչական նպատակով հայտարարագրման ենթակա ծախսերն արել է ոչ նախընտրական հիմնադրամի միջոցներից,

- ՀՀ Նախագահի թեկնածու` ՀՀ գործող Նախագահի` քարոզչական նպատակով կատարած հայտարարագրման ենթակա ծախսերի գումարը գերազանցել է թույլատրելի առավելագույն սահմանը,

- ՀՀ Նախագահի թեկնածու` ՀՀ գործող Նախագահի նախընտրական քարոզչական պաստառներն ընդհանուր թվով գերազանցել են 1600-ը, քանի որ դրանք փակցված են եղել ընտրական շտաբների ոչ միայն դրսի, այլև ներսի կողմից,

- ՀՀ Նախագահի թեկնածու` ՀՀ գործող Նախագահի ընտրական շտաբների` որպես քարոզչական տարածքների վարձակալության վարձավճարները պետք է ներառվեին քարոզչական ծախսերի մեջ, սակայն ՀՀ ԿԸՀ-ի որոշմամբ դրանք հանվել են ծախսերի ցուցակից, մինչդեռ դրանց վերաբերյալ առկա են 2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` 19.02.2013թ. միջանկյալ, ինչպես նաև 02.03.2013թ. միջանկյալ արտահերթ զեկույցները,

- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ըստ դիմողի, ցուցաբերել է անգործություն. չի ուսումնասիրել վերը նշված փաստերը և չի դիմել դատարան` ՀՀ Նախագահի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար, փոխարենը 25.02.2013թ. ընդունել է թիվ 60-Ա որոշումը, որով, ըստ դիմողի, փորձել է արդարացնել իր անգործությունը,

- ընտրական հանձնաժողովները ցուցաբերել են անգործություն, իրենց նախաձեռնությամբ որևէ տեղամասում չեն կատարել վերահաշվարկ, տեղամասերում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմողի՝ շուրջ 125 դիմումներ մերժվել են:

ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանի կողմից ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումը կազմված է 16 էջից: Առաջին 5 էջերում, որոնք բովանդակում են «Ընտրությունների ամփոփ գնահատականը»` կից նյութերին կատարված թվով 11 հղումներով, ներկայացվում են ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ վերլուծական դիտարկումներ: Երկրորդ մասը` «Դիմումի փաստարկները և իրավական հիմնավորումները» վերտառությամբ, 3.5 էջերի շրջանակներում, պարունակում է մեջբերումներ համապատասխան իրավական ակտերից: Հաջորդող 6 էջերում շարադրված են այն փաստարկները, որոնք ներկայացված են եղել ՀՀ վարչական դատարան և վերջինիս իրավասության շրջանակներում քննության են առնվել ու 04.03.2013թ. ընդունվել է թիվ ՎԴ/1423/05/13 վերջնական որոշումը, որով հայցը ճանաչվել է անհիմն ու մերժման ենթակա: Վերոհիշյալ դիմումի վերջին էջում ներկայացված է դիմողի խնդրանքը և կից նյութերի ցանկը (պետական տուրքի վճարման անդորրագիր, լիազորագիր, դիմողի և ներկայացուցչի անձնագրերի պատճենները, արտոնագրի պատճենը, մամուլի հրապարակումներ, տեսագրություններ, լուսանկարներ և այլ նյութեր էլեկտրոնային կրիչների վրա` թվով 24):

Դիմումին կից ներկայացված նյութերի շուրջ 40 տոկոսը տարբեր ընտրական հանձնաժողովների որոշումներ են, 18 տոկոսն ընտրական հանձնաժողովներին հասցեագրված դիմումներ են, շուրջ 24 տոկոսը համացանցային տարբեր կայքերից վերցված տեղեկատվություն է, շուրջ 7 տոկոսն ընտրությունների ընթացքի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների զեկույցներ են, մնացած 11 տոկոսը՝ տարաբնույթ այլ նյութեր: ՀՀ Նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի դատաքննության փուլում, բացառությամբ լուսանկարների երկու պատճենների, այլ լրացուցիչ նյութեր դիմողը սահմանադրական դատարան չի ներկայացրել:

 

4. Դիմող` ՀՀ Նախագահի թեկնածու Ա. Ղուկասյանը, վկայակոչելով ՀՀ Նախագահի թեկնածու` ՀՀ գործող Նախագահ Ս. Սարգսյանի երկու հայտարարությունները, մեկը` կապված սփյուռքահայ երաժիշտ Սերժ Թանգյանին ուղղված պատասխան նամակի, մյուսը` Գյումրի քաղաքում լրագրողի հարցին տրված պատասխանի հետ, գտնում է, որ իր կարծիքով ՀՀ Նախագահի ընտրության ժամանակ ՀՀ ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգը ղեկավարվել է ՀՀ գործող Նախագահի կողմից, և վերջինս` որպես ՀՀ Նախագահի թեկնածու, ի սկզբանե ունեցել է լծակներ քվեարկության ցանկացած արդյունք ապահովելու համար:

Դիմողն իր կասկածն է արտահայտում թվով 576 ընտրատեղամասերում քվեարկության մասնակցության` իր կարծիքով բարձր ցուցանիշի առնչությամբ, և գտնում է, որ նշված փաստն էապես ազդել է ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա:

Ի հիմնավորումն իր դիմումի` դիմողը, մասնավորապես, ներկայացրել է նաև հետևյալ փաստարկները.

- թվով 414 ընտրատեղամասերում ընտրությունների մասնակիցների թիվը գերազանցել է քվեատուփում առկա սահմանված նմուշի ծրարների թիվը 1729-ով,

- թվով 469 ընտրատեղամասերում քվեատուփերից պակաս է հանվել ընդհանուր թվով 1883 քվեաթերթիկ,

- վերը նշված անհամապատասխանությունները չեն ներառվել ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրություններում,

- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցուցաբերել է անգործություն, քանի որ անտեսել է վերը նշված փաստերը:

ՀՀ Նախագահի թեկնածու Ա. Ղուկասյանի դիմումը կազմված է 7 էջից, որում, իր մոտեցումները և մտահոգությունները ներկայացնելով ընտրական համակարգի անկախ ու օբյեկտիվ գործունեության առնչությամբ, դիմողը հիմնականում ներկայացնում է ըստ ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերաբերյալ իր կողմից կատարված վերլուծություններ ու դրանցից բխող եզրահանգումներ:

Գործի քննության ընթացքում ՀՀ Նախագահի թեկնածու Ա. Ղուկասյանը նշեց նաև, որ իր փաստարկների հիմքում գլխավորապես դրվում են ոչ թե իր սուբյեկտիվ ընտրական իրավունքի պաշտպանության հարցերը, այլ` սահմանադրաիրավական համակարգային բարեփոխումների խնդիրը, ինչը կարևոր երաշխիք կարող է հանդիսանալ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու համար:

Դիմողներն իրենց բացատրություններում բարձրացրեցին նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց՝ ընտրական գործընթացներին մասնակցելու օրինականության, ընտրողների ցուցակների կազմման կարգի և ստորագրված ընտրացուցակների հրապարակայնության, հանրապետությունից ժամանակավոր բացակայող քաղաքացիների տվյալները դիմող կողմին ներկայացնելու, ՀՀ Նախագահի թեկնածու Ս. Սարգսյանի գրանցումը դատական կարգով ուժը կորցրած ճանաչելու հետ կապված հարցեր: Դիմողներն անդրադարձան նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախության, այդ հանձնաժողովի և ՀՀ Նախագահի միջև կառուցակարգային փոխհարաբերությունների իրավական բովանդակության, ինչպես նաև ընտրական ողջ գործընթացում օրինականության ապահովման ուղղությամբ իրավապահ մարմինների գործունեության արդյունավետության գնահատման հարցերին:

 

5. Պատասխանող կողմը, չընդունելով դիմողների փաստարկները դիմումներում ներկայացված պահանջների բավարարման վերաբերյալ, գտնում է, որ ՀՀ ԿԸՀ 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումն իրավաչափ է, այն կայացվել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների լիակատար պահպանմամբ, իսկ եռաստիճան ընտրական հանձնաժողովները կազմավորվել ու գործել են ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ու լիազորությունների շրջանակներում:

Անդրադառնալով դիմող` ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանի կողմից բարձրացված` պետական պաշտոն զբաղեցնող անձանց` ընտրական գործընթացներին մասնակցելու հարցին, պատասխանող կողմը, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ մասը, 22-րդ հոդվածը, նշում է, որ պաշտոնատար անձինք, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված սահմանափակումների հաշվառմամբ, ազատ են իրականացնել նախընտրական քարոզչություն:

Պատասխանող կողմը նշեց նաև, որ 2013թ. հունվարի 21-ից մինչև փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածում ՀՌԱՀ-ը Հանրապետության Նախագահի թեկնածուներից, ինչպես նաև պետական մարմիններից, հասարակական և միջազգային կազմակերպություններից, լրատվամիջոցներից, քաղաքացիներից նախընտրական քարոզչությանը վերաբերող որևէ դիմում-բողոք չի ստացել: 2013թ. փետրվարի 18-ի Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների քարոզարշավի (21.01.13-16.02.13թթ.), ինչպես նաև «լռության» և քվեարկության օրերին մինչև ժամը 20:00-ն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտումներ չեն արձանագրվել:

Անդրադառնալով դիմողի կողմից բարձրացված` ՀՀ Նախագահի թեկնածու` գործող Նախագահի շտաբների տեղակայման վերաբերյալ հարցադրմանը, պատասխանող կողմը, հղում կատարելով ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին, դիմողի կողմից վկայակոչված` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` Ընտրությունների նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ 19.02.2013թ. նախնական զեկույցին, արձանագրում է, որ անգամ այդ պարագայում ներկայացված դատողությունները համահունչ չեն այն աղբյուրին, որը վկայակոչվել է դիմողի կողմից, քանզի ներկայացված եզրակացությունում նշված է. պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից զբաղեցված շենքերում նախընտրական շտաբների տեղակայման մի քանի դեպքեր: Պատասխանող կողմն արձանագրելով, որ նշված դեպքերի մասին որևէ դիմում-բողոք ներկայացված չի եղել, այդուհանդերձ, փաստում է, որ ՀՀ ԿԸՀ-ն 07.02.2013թ. թիվ 42-Ա որոշմամբ սեփական նախաձեռնությամբ հարուցել է վարչական վարույթ, անցկացրել վարչական վարույթով լսումներ, որին հրավիրվել է նաև դիմողի լիազոր ներկայացուցիչը, և արդյունքում` 11.02.2013թ. կայացրել է թիվ 49-Ա որոշումը:

Ընտրողների ցուցակների կազմման հարցի առնչությամբ պատասխանող կողմը, հղում կատարելով ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածին, 7-րդ հոդվածի 1-ին մասին, 8-րդ հոդվածի 1-ին մասին, արձանագրում է, որ ընտրողների ցուցակի կազմման սկզբունքները, կազմման ու վարման ամբողջ կարգը մանրամասն կանոնակարգված է ՀՀ ընտրական օրենսգրքով, իսկ ինչ վերաբերում է դիմողի հայեցակարգային առաջարկություններին` կապված այլ սկզբունքով ընտրողների ցուցակ կազմելու հետ, ապա պատասխանող կողմը գտնում է, որ սույն գործի քննության առարկայի շրջանակներում չէ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների քննարկումը:

 Դիմողի կողմից բարձրացված` ընտրողների ցուցակների հրապարակման սահմանափակումների արդյունքում ընտրակեղծիքների դեմ պայքարի բացարձակ անհնարինության և անարդյունավետության հարցի առնչությամբ, հղում կատարելով ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասին, 31, 33, 48-րդ հոդվածներին, Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) և ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի կողմից մշակված չափորոշիչներին, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրք. ցուցումներ և բացատրական զեկույց» 30.10.2002թ. (CDL-AD (2002) 23) փաստաթղթի 4-րդ կետի (գաղտնի ընտրական իրավունք (c)-րդ ենթակետին, ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի և Վենետիկի հանձնաժողովի CDL-EL (2010) 003, 2010թ. փետրվարի 3-ի համատեղ դիտողություններին, 2010թ. դեկտեմբերի 22-ի CDL-AD (2010) 043 զեկույցին, Ընտրողների գրանցման գործընթացի նկատմամբ մոնիտորինգի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ CDL-EL (2009) 015 փաստաթղթին, ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին, պատասխանող կողմը գտնում է, որ դիմողն ընտրողների ստորագրած ցուցակներին ծանոթանալու և դրանցից քաղվածքներ կատարելու որևէ խոչընդոտ չի ունեցել:

Անդրադառնալով դիմող կողմի բարձրացրած` 25.02.2013թ. ԿԸՀ ներկայացված այն դիմումի հետ կապված հարցին, որով պահանջվում էր, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմեր դատարան` ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով, պատասխանող կողմն արձանագրում է նաև, որ նշված դիմումի քննության արդյունքում ԿԸՀ-ն 25.02.2013թ. կայացրել է թիվ 60-Ա որոշումը, որը վիճարկվել է վարչական դատարանում, և առկա է դատարանի վերջնական դատական ակտ, որով ԿԸՀ-ի թիվ 60-Ա որոշումը ճանաչվել է իրավաչափ:

 Ընտրական իրավունքների պաշտպանության ինստիտուտների առնչությամբ, ինչպիսիք են ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկը, ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելը, պատասխանող կողմն արձանագրում է, որ ներկայացված բոլոր դիմումները Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 45-րդ, 46-րդ և 47-րդ հոդվածների պահանջներին համապատասխան քննարկվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից և կայացվել են համապատասխան որոշումներ, տրվել գրավոր պատասխաններ: Դիմումների քննարկման օրվա և ժամի մասին դիմողները եղել են պատշաճ ծանուցված, իսկ դիմումների քննության արդյունքում կայացված որոշումները սահմանված կարգով ուղարկվել են դիմողներին և հրապարակվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Ըստ պատասխանող կողմի`

- ընտրությունների կազմակերպման ընթացքում, մինչև քվեարկության օրն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին չի ներկայացվել որևէ դիմում կամ բողոք,

- քվեարկության օրը 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից միայն մեկում` թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում է ստացվել մեկ դիմում` ընտրողների ցուցակում անճշտության վերաբերյալ, որին պատասխանվել է հանձնաժողովի նախագահի գրությամբ, և մեկ հաղորդում` թիվ 29 ԸԸՀ-ում, որով կայացվել է համապատասխան որոշում,

- Հանրապետության Նախագահի ընտրության քվեարկության օրվանից հետո քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու և վերահաշվարկի վերաբերյալ արդեն իսկ ներկայացված դիմումներից զատ միայն թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում են ստացվել թվով 7 դիմումներ, որոնք սահմանված կարգով քննվել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից: Թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կենտրոնական ընտրական հանձնաժողովից վերահասցեագրման կարգով ստացել և քննել է տեղական դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպության կողմից ներկայացված մեկ դիմում,

- Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի կողմից հատկապես քվեարկության օրն ուսումնասիրվել են էլեկտրոնային կայքերում (panorama.am, news.am, hra.am, lurer.com, asparez.am, ilur.am, haynews.am, aravot.am, 1in.am, tert.am, slaq.am, galatv.am և այլն) և զանգվածային լրատվության միջոցներում ներկայացվող տեղեկությունները, պարզվել է տեղեկությունների հավաստիությունը, 65 հրապարակումներով ներկայացվել են պարզաբանումներ կամ տրամադրվել են տեղեկություններ, իսկ խախտումներին վերաբերող փաստերի հաստատման դեպքում հանձնաժողովի կողմից անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ խախտումները կանխելու, հետևանքները վերացնելու համար,

- 1988 տեղամասային ընտրական հանձնաժողովներից միայն թվով 40 տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգի համաձայն կատարվել գրառումներ,

- Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում մինչև ընտրության արդյունքի ամփոփումն ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների (անգործության) բողոքարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան է ներկայացվել երեք հայցադիմում, որոնց կապակցությամբ առկա են Վարչական դատարանի թիվ ՎԴ/0094/05/13, ՎԴ/0359/05/13 և ՎԴ/0377/05/13 դատական ակտերը` հայցերը մերժելու մասին,

- Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների ամփոփումից հետո ՀՀ վարչական դատարան է ներկայացվել ևս երկու հայցադիմում, որոնց վերաբերյալ առկա են Վարչական դատարանի թիվ ՎԴ/1423/05/13 և ՎԴ/1606/05/13 դատական ակտերը` հայցերը մերժելու մասին:

Անդրադառնալով սահմանադրական դատարան ներկայացված նյութերին` պատասխանող կողմն արձանագրում է, որ դրանք իրենցից ներկայացնում են թղթակցություններ, տարբեր էլեկտրոնային կայքերից վերցված նյութեր, որոնք որևէ ապացուցողական նշանակություն չունեն և չեն կարող ընդհանրապես հանդիսանալ քննարկման առարկա սահմանադրական դատարանում:

Անդրադառնալով դիմող` ՀՀ Նախագահի թեկնածու Ա. Ղուկասյանի կողմից բարձրացված` որոշ տեղամասերում մասնակցության բարձր տոկոսի և ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ստացած բարձր ձայների հարցին` պատասխանող կողմը գտնում է, որ այդ տեղամասերն առանձնացնել մնացած տեղամասերից զուտ այն բանի համար, որ թեկնածուներից մեկն այդ տեղամասերում ստացել է 64 տոկոսից ավելի ձայներ, անտրամաբանական է: Ըստ պատասխանող կողմի` միայն թվային ցուցանիշի հիման վրա առանձնացնել տեղամասեր և առաջ բերել վարկած, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ տեղամասերի արդյունքների կեղծված չլինելու հարցում պետք է առանձնահատուկ վստահ լինի, անընկալելի է: Ըստ պատասխանողի` դիմողը թվային դատողություններն իրականացրել է սուբյեկտիվ մոտեցմամբ, ինչը չի արտացոլում ամբողջ պատկերը, ինչպես նաև դիմումում առկա չէ գեթ մեկ փաստ, որի հիման վրա ներկայացված տեղամասերի քվեարկության արդյունքները պետք է կասկածի տակ առնել:

Այն տեղամասերի առնչությամբ, որտեղ քվեարկությանը մասնակցել են բոլոր ընտրողները, պատասխանող կողմը փաստում է, որ բոլոր 6 տեղամասային կենտրոնները, որտեղ մասնակցությունը եղել է 100 տոկոս, հանդիսանում են քրեակատարողական հիմնարկներում ձևավորված տեղամասային կենտրոններ, որտեղ, որպես կանոն, մասնակցում են բոլոր ընտրողները, և այս տեղամասային կենտրոնների ընտրողների ընդհանուր թիվը 248 է, միջինը` 40 ընտրող: 95 տոկոսից բարձր մասնակցությամբ թվով ընդամենը 5 տեղամասային կենտրոններից մեկը, որտեղ գրանցվել է ամենաբարձր` 98,44 տոկոս մասնակցություն, ևս եղել է քրեակատարողական հիմնարկում ձևավորված տեղամասային կենտրոն, իսկ մնացած տեղամասերն իրենցից ներկայացնում են փոքր գյուղական համայնքներ:

Ըստ պատասխանողի` դիմումում առանձնացվել են 63 և ավելի տոկոս մասնակցություն ունեցած տեղամասերը, և եթե այս տրամաբանությամբ առանձնացվեն բոլոր այդպիսի տեղամասերը, ապա այդ տեղամասերի քվեարկության արդյունքներով 61 տեղամասում հաղթել է երկրորդ տեղը գրաված թեկնածուն, և ըստ դիմողի տրամաբանության` տվյալ տեղամասերի քվեարկության արդյունքները պետք է կասկածի տակ դնել, անկախ այն փաստից, թե որ թեկնածուն է ավելի շատ ձայներ ստացել, ինչն ըստ պատասխանող կողմի` անբացատրելի մոտեցում է:

Պատասխանող կողմը նաև արձանագրում է, որ ՀՀ Նախագահի թեկնածու Ա. Ղուկասյանի կողմից տեղամասերի քվեարկության արդյունքները վիճարկելու փորձ չի արվել, և դիմումում առկա չէ որևէ փաստ կամ ապացույց որևէ տեղամասի արդյունքների ոչ հավաստի լինելու մասին, սակայն դիմումում հնչեցվել են մտքեր, որ ընտրատեղամասերի զգալի մասում քվեարկության արդյունքները հակասում են իրողությանը, և որ ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգն ամբողջությամբ անգործություն է ցուցաբերել, ինչը, ըստ պատասխանող կողմի կարծիքի` անհիմն է:

 

6. Հարակից պատասխանող՝ ՀՀ դատախազության ներկայացուցիչներն արձանագրում են, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրական գործընթացի հետ առնչվող հանցագործության դեպքեր, բացի ՀՀ Նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի դեպքի, չեն եղել: Նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրական խախտումների վերաբերյալ դատախազության մարմինների կողմից ընթացք է տրվել 88 հաղորդումների, հայտարարությունների և հրապարակումների, որոնք, սակայն, չեն պարունակել որևէ հանցագործության հատկանիշներ: Նախընտրական քարոզչության ընթացքում թույլ տրված ընտրախախտումների մասին ստացված հաղորդումների, հայտարարությունների, հրապարակումների վերաբերյալ նախաքննական մարմինների կողմից կայացված որոշումների օրինակներն ուղարկվել են դրանց հեղինակներին, և նշված որոշումներից որևէ մեկը չի բողոքարկվել:

Ընտրական գործընթացի մյուս փուլի` քվեարկության առնչությամբ դատախազության կողմից ընթացք է տրվել 159 հաղորդումների, հայտարարությունների և հրապարակումների, հարուցվել է 12 քրեական գործ, 4 քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:

Գնահատելով ընտրական գործընթացում իրավախախտումների ամբողջական պատկերը` ՀՀ դատախազության ներկայացուցիչներն արձանագրում են, որ ըստ էության ողջ ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված խախտումները զանգվածային ու տարածված բնույթ չեն կրել, իսկ տեղ գտած հանցագործության փաստերն առանձին և միմյանցով չպայմանավորված դեպքեր են:

 

7. Հարակից պատասխանող՝ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված եզրակացության մեջ դիմումին կից նյութերի առնչությամբ արձանագրվում է, որ դիմումներում ներկայացված տեղեկությունները «... բովանդակային առումով առավելապես ունեն ընդհանրական բնույթ, ընտրությունների հետ կապված տարբեր հանգամանքներ առանց որևէ հստակ փաստարկման ներկայացվում են կասկածելի, վերլուծությունները կրում են սուբյեկտիվ բնույթ, իսկ ընտրությունների ընթացքի առանձին իրավիճակները որպես իրավախախտում մեկնաբանվում են սեփական ընկալման տեսանկյունից չունենալով որևէ հստակ հիմնավորումներ»: Փաստվում է նաև, որ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը և դրանց ուսումնասիրումը վկայում են, որ դրանք չեն կրել համատարած ու համակարգված բնույթ, միաժամանակ դրանց գերակշիռ մասը եղել է չհիմնավորված ու չփաստարկված:

Անդրադառնալով ՀՀ Նախագահի թեկնածուների դիմումներում ներկայացված տեղեկություններին, այդ թվում` տեսաձայնագրություններով ներկայացված, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը գտնում է, որ դրանց մի մասը բովանդակային առումով առավելապես ունեն ընդհանրական բնույթ, ներկայացված են առանց որևէ հստակ փաստարկման, վերլուծությունները կրում են սուբյեկտիվ բնույթ և դրանք մեկնաբանվում են սեփական ընկալման տեսանկյունից: Ներկայացված տեղեկությունների մյուս մասի առնչությամբ 19 իրավախախտումներից 13-ով ոստիկանությունն արդեն իսկ իրականացրել և շարունակում է իրականացնել քննություն: Նշված 13 դեպքերից 8-ով կայացվել են որոշումներ քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 2-ով հարուցված քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ, 2-ով նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ 1 դեպքով շարունակվում է նախապատրաստվել նյութեր: Մնացած 6 դեպքերի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում որևէ ահազանգ չի ստացվել: Այդուհանդերձ, նշված 6 դեպքերի առնչությամբ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարություններ են տրվել ստուգումներ կատարելու և օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքը լուծելու վերաբերյալ:

 

8. Գործով որպես երրորդ անձ ներգրավված` ՀՀ Նախագահի թեկնածու Ս. Սարգսյանի ներկայացուցիչները, անդրադառնալով դիմող կողմերի փաստարկներին, նախ արձանագրեցին, որ 1988 տեղամասային ընտրական հանձնաժողովներից 1884-ում (95 տոկոս) «Ժառանգություն» կուսակցությունն ունեցել է առաջադրած անդամներ, որոնցից 38-ը քվեարկության օրը չեն ներկայացել, 108-ում ունեցել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, 104-ում` տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար: Միայն 79 տեղամասում (3.9 տոկոս) չեն եղել միաժամանակ «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված հանձնաժողովի անդամ և ՀՀ Նախագահի թեկնածու Ր. Հովհաննիսյանի վստահված անձ:

Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ներկայացված է եղել 120 դիմում, որոնք, ըստ երրորդ անձի ներկայացուցիչների գնահատման, չեն հանդիսանում պատշաճ դիմումներ: Այդուհանդերձ, արձանագրվում է, որ եթե անգամ հիպոթետիկ ընդունվի, որ ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ներկայացված բոլոր 120 դիմումներն էլ հիմնավոր են, ապա այդ ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում անգամ ՀՀ Նախագահի թեկնածու Ր. Հովհաննիսյանի ձայները կդառնային 37.85 տոկոս, իսկ ՀՀ Նախագահի թեկնածու Ս. Սարգսյանի ձայները` 57.46 տոկոս, այսինքն` քվեարկության արդյունքները փաստացի չէին փոխվի:

Միաժամանակ, գործով որպես երրորդ անձ ներգրավված` ՀՀ Նախագահի թեկնածու Ս. Սարգսյանի ներկայացուցիչներն ի հակադրություն դիմողների կողմից ներկայացված` ըստ ընտրական տեղամասերի քվեարկությունների արդյունքների տարբեր չափանիշներով աղյուսակավորման ու դրանից բխող հետևությունների, ներկայացրեցին իրենց կողմից նույնպես իրականացված համանման ու տարբեր չափանիշներով կատարված վերլուծություններ: Մասնավորապես, առանձնացնելով բոլոր այն տեղամասերը, որտեղ տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահներ կամ քարտուղարներ են եղել «Ժառանգություն» կամ «ՀՅԴ» կուսակցությունների կողմից առաջադրված անձինք, և համադրելով դրանցում քվեարկության արդյունքները` ակնհայտ համարեցին, որ դրանք էապես չեն շեղվում ընտրությունների ամբողջական ու վերջնական պաշտոնական արդյունքներից:

 

9. ՀՀ սահմանադրական դատարանը սույն գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է համարում, մասնավորապես, հաշվի առնել.

- ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի` «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

- Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետով ամրագրված լիազորության իրավական շրջանակները, համաձայն որի` սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով լուծում է Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճը:

- Նման վեճերի քննության և լուծման դատավարական կարգի վերաբերյալ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:

Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետով ամրագրված լիազորության սահմանադրաիրավական բովանդակության և շրջանակների վերաբերյալ իր հստակ իրավական դիրքորոշումները ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է 2008թ. մարտի 8-ի ՍԴՈ-736 որոշման 12-րդ և 13-րդ կետերում, ինչպես նաև 2012թ. մայիսի 31-ի ՍԴՈ-1028 որոշման 6-րդ և 7-րդ կետերում:

ՀՀ սահմանադրական դատարանը, մասնավորապես, 2008թ. մարտի 8-ի ՍԴՈ-736 որոշման մեջ արձանագրել է. «2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքներով կատարված սահմանադրական փոփոխությունների հիման վրա ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 3.1. կետի համաձայն սահմանադրական դատարանը լուծում է ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճ: Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով ՀՀ ԿԸՀ-ի որոշման իրավական հիմնավորվածությունը սահմանադրական դատարանում կարող է վիճարկվել երկու տեսանկյունից. ինչպես դրա ընդունման սահմանված կարգի (ընթացակարգի)՝ օրենքով պահանջվող ձևի պահպանվածության (ձևական հիմքեր), այնպես էլ նյութական իրավունքի նորմերի կիրառման ենթադրյալ սխալների հիմքով, որով ընտրությունների արդյունքներն ամփոփող կենտրոնական ընտրական հանձնաժողովը սխալ հետևության է հանգել թեկնածուների ընտրվելու կամ չընտրվելու փաստի վերաբերյալ (նյութական հիմքեր)»:

2012թ. մայիսի 31-ի ՍԴՈ-1028 որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանը նախ արձանագրեց, որ «ընտրական գործընթացների իրավակարգավորման վերջին տարիների փոփոխությունները Հայաստանում կարևոր անդրադարձ ունեցան ընտրական իրավունքի դատական պաշտպանության ոլորտում, ինչը, սակայն, դեռևս պատշաճ ձևով չի ընկալվել ընտրական գործընթացին մասնակից իրավասուբյեկտների կողմից»: Այնուհետև կարևորեց, որ «ընտրական իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության համար անհրաժեշտ է.

ա/ նկատի ունենալ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի` յուրաքանչյուր մարմին իրավասու է կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով,

բ/ հստակ պատկերացնել դատական յուրաքանչյուր ատյանի իրավազորության շրջանակները,

գ/ օրենքով սահմանված ժամկետներում և կարգով իրականացնել ընտրական իրավունքի պաշտպանությանն ուղղված միջոցներն` այն դատարանում, որն ունի համապատասխան իրավազորություն,

դ/ հաշվի առնել, որ ընտրական իրավունքի դատական պաշտպանության հարցերով ՀՀ սահմանադրական դատարանը ոչ թե այլ դատարանների նկատմամբ վերադաս դատարան է, այլ իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված կոնկրետ իրավասություն,

ե/ ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը չեն կարող դիտարկվել որպես իրավական նորմի սահմանադրականության վեճեր, քանի որ վերջիններիս լուծման համար սահմանադրաիրավական այլ պահանջներ ու ընթացակարգեր են նախատեսված»:

Սահմանադրական դատարանը նաև արձանագրեց, որ «ՀՀ օրենսդրությամբ սահմանադրական դատարանն իրավասու չէ քննության առարկա դարձնել բոլոր այն հարցերը, որոնք նախապես քննության պետք է առնվեն և իրավական լուծում ստանան ՀՀ վարչական դատարանում, որի որոշումներն այդ հարցերում ... վերջնական են և վերանայման ենթակա չեն»:

Ընտրական իրավահարաբերությունների հետ կապված սահմանադրական դատարանի լիազորության փոփոխությամբ էր պայմանավորված նաև այն հանգամանքը, որ եթե մինչև 2005 թվականը ՀՀ Սահմանադրությամբ նման հարցերի քննության ժամկետային սահմանափակումներ չէին նախատեսվում, ապա, սահմանադրական փոփոխությունների արդյունքում, Սահմանադրության 51-րդ հոդվածի 5-րդ մասով խիստ սահմանափակվեց 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի հիմքով վեճերի քննության համար նախատեսված ժամկետը, և ելնելով վերոհիշյալ իրավասության բնույթից` նախատեսվեց 10-օրյա ժամկետ: Այսինքն` այդ ժամկետի սահմանափակումը պայմանավորվեց ընտրական վեճերով սահմանադրական դատարանի իրավասության փոփոխությամբ, ինչին համապատասխան նախատեսվեց պարզման ենթակա իրավական նշանակություն ունեցող հարցերի առավել սեղմ շրջանակ:

Սույն գործով դիմողները ողջ ընտրական գործընթացում ու նաև ՀՀ սահմանադրական դատարան դիմելիս ոչ միայն պետք է հաշվի առնեին տվյալ հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներում, ինչպես նաև 2012թ. մայիսի 5-ի ՍԴՈ-1027 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, այլև համակարգային ամբողջականության մեջ նկատի ունենային ու հիմք ընդունեին.

1. ՀՀ Սահմանադրության 5 (մաս 2), 51 (մաս 5), 94 (մաս 3), 100 (կետ 3.1.) և 101 (մաս 1, կետ 9)-րդ հոդվածների պահանջները,

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի պահանջները` օրենքի այլ դրույթների հետ համակարգային ամբողջականության և փոխկապակցվածության մեջ,

3. ՀՀ ընտրական օրենսգրքի, մասնավորապես, 37-րդ հոդվածի 12-րդ մասի, 46-րդ հոդվածի 1, 3, 5, 7, 8 և 9-րդ մասերի, 48-րդ հոդվածի 1-ին մասի, 66-րդ հոդվածի 6-րդ մասի, 91-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ամբողջ 25-րդ գլխի պահանջները:

Գործի քննությունը վկայեց, որ դիմողների կողմից դրանք հիմնականում անտեսվել են կամ իրավաչափ ձևով ու օրենքով սահմանված կարգին ու ժամկետներին համահունչ չեն իրացվել: Ակնհայտ դարձավ նաև, որ դիմողները պատշաճ չեն պատկերացնում 2005թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում ընտրական իրավունքի դատական պաշտպանության նոր կարգն ու սահմանադրական դատարանին` Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետով վերապահված լիազորությունը` չտարբերակելով «ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման վիճարկում» և «ընտրությունների արդյունքների վիճարկում» իրավադրույթներին համապատասխան լիազորությունների իրականացման կարգն ու առանձնահատկությունները:

Ընդ որում, ՀՀ ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածով հստակ սահմանված է նաև, թե ինչ կարգով են ամփոփվում ընտրությունների արդյունքները և ինչ որոշում է ընդունվում, որը կարող է ՀՀ սահմանադրական դատարանում դառնալ վիճարկման առարկա: Հաշվի առնելով ՀՀ ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածով և 75-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված դրույթները, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի պահանջները` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հետ կապված վեճերով սահմանադրական դատարանը պարզում է` արդյո՞ք տվյալ որոշման ընդունման ժամանակ օրենքով սահմանված ընթացակարգին համապատասխան առկա են եղել ու հաշվի են առնվել.

ա/ քվեարկության արդյունքների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով կազմված արձանագրությունը,

բ/ վարչական դատարանի իրավասության շրջանակներում ընտրական գործընթացներին առնչվող վճիռները,

գ/ ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքներով ընդունված որոշումները,

դ/ տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները,

ե/ քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշումները:

Բացի դրանից, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 13-րդ մասի պահանջներից ելնելով` սահմանադրական դատարանը պարզում է նաև իրավասու ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ներկայացված բողոքների քննարկումը (քննությունը) անհիմն մերժելու, նման բողոքները սահմանված ժամկետներում չքննարկելու (չքննելու) և քննարկումից (քննությունից) հրաժարվելու կամ խուսափելու հանգամանքները:

Այսպիսով, սահմանադրական դատարանի` օրենսդրությամբ կանխորոշված խնդիրն է` որպես իրավունքի (և ոչ՝ փաստի) դատարան, գնահատել, թե իրավական նշանակություն ունեցող վերոթվարկյալ հանգամանքները հաշվի առնելու արդյունքում որքանո՞վ է իրավաչափ ընտրության արդյունքների վերաբերյալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած վերջնական որոշումը:

ՀՀ սահմանադրական դատարանն իրավասու չէ ու չի կարող ստանձնել օրենքով նախատեսված կարգով ու համապատասխան լիազորությամբ ընտրական գործընթացին մասնակից քաղաքական ուժերի ու նրանց ներկայացնող կամ նրանց կողմից առաջադրված տասնյակ հազարավոր իրավասուբյեկտների, ընտրական հանձնաժողովների, այլ դատարանների լիազորությունների ու պարտականությունների վերակատարումը 10-օրյա ժամկետում, որոնք ի պաշտոնե պարտավորված են եղել ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ու հստակ ժամկետներում կատարել համապատասխան գործողություններ: Ժամանակին իրենց առնչվող մասով այդ գործողությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը դիմողի ներկայացուցիչները ձգտում էին լրացնել ոչ իրավաչափ կամ գործնականում անիրագործելի միջնորդություններով` հանրային տպավորություն ստեղծելով, որ սահմանադրական դատարանն իբր կարող էր, սակայն չցանկացավ իրականացնել այն, ինչն իրենք էին պարտավոր ժամանակին ու օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնել և ապացուցողական նշանակություն ունեցող իրավական փաստարկներով հիմնավորված դիմում ներկայացնել սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանի որոշման իրավական հիմք կարող է հանդիսանալ բացառապես նշված սուբյեկտների իրավաչափ գործողության արդյունքում ձևավորված ապացուցողական նշանակության իրավական փաստերի համակցության համադրված գնահատումը: Սա է ՀՀ Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջը:

 

10. Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ սահմանադրաիրավական տեսանկյունից երկրում ստեղծված նախընտրական ու հետընտրական իրավիճակը չի կարող քննության առարկա լինել միայն ապացուցողական նշանակություն ունեցող իրավական փաստերի անմիջական համադրման շրջանակներում: Կան նաև իրողություններ, որոնք, առնչվելով սահմանադրական հիմնարար սկզբունքներին, Սահմանադրության գերակայության ու անմիջական գործողության երաշխավորմանը, համարժեք իրավական դիրքորոշումների անհրաժեշտություն ունեն:

ՀՀ սահմանադրական դատարանը նախ արձանագրում է այն փաստը, որ հատկապես համապետական ընտրությունների արդյունքներով դատարանի նախորդ որոշումները, որքան էլ իրավական առումով հիմնավոր ու փաստարկված են եղել, բովանդակել են իրավական հիմնարար դիրքորոշումներ, այսուամենայնիվ, հանրության որոշ շերտերի կողմից միանշանակ չեն ընդունվել: Դրա պատճառը ոչ միայն իրավագիտակցության, իրավական ու քաղաքական մշակույթի առկա մակարդակն է, այլև այն օբյեկտիվ իրողությունը, որ տվյալ ընկալումն առաջին հերթին երկրի քաղաքական համակարգի ու իշխանության նկատմամբ անվստահության արտացոլանքն է, ինչը դեռևս չի հաղթահարվում: Խնդիրը պահանջում է այնպիսի իրավաքաղաքական լուծումներ, որոնք սահմանադրական հիմնարար սկզբունքների արդյունավետ իրացման ճանապարհով կայուն զարգացման երաշխիքներն ու հանրային վստահության աստիճանն էապես կամրապնդեն:

 Իրողություն է նաև այն, որ ներկա ընտրությունների ցանկացած արդյունքների դեպքում արդեն իսկ խորհրդարանական քաղաքական ուժերի կեսից ավելիի կողմից, որոնք նաև ընտրական գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանը մասնակից լինելու իրավունք ու պարտականություն ունեն, դրանց նկատմամբ անվստահության մթնոլորտ էր ձևավորվել: Փաստ է նաև, որ թեկնածուների 2/3-ը միասին վերցրած չեն հավաքել ընտրողների ձայների 5 տոկոսից ավելին: Տարաբնույթ գրառումներով անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվն էապես գերազանցում է թեկնածուների կեսից ավելիի ստացած ձայները: Սրանք իրողություններ են, որոնք նաև սոցիալական համարժեք սպասելիքների արտացոլանք են ու իրավական գործընթացների նկատմամբ համապատասխան վերաբերմունք են սերմանում:

Ուստի սահմանադրական դատարանը գտնում է, որ խնդիրը ոչ միայն վեճի առարկայի շրջանակներում փաստական հանգամանքների գնահատումն է, այլև սահմանադրական արժեբանության տեսանկյունից ստեղծված իրավիճակի ու դրա սահմանադրաիրավական պատճառների հնարավոր բացահայտումը և դրան համարժեք իրավական դիրքորոշումների արտահայտումը, ինչին անդրադարձ եղավ նաև սույն գործով դատաքննության ընթացքում:

 Ընտրական գործընթացներով պայմանավորված հանրային դժգոհության նման արտահայտման խորքային պատճառները սահմանադրաիրավական գնահատումների տեսանկյունից շատ ավելի խորն են: Դրանք զգալի չափով պայմանավորված են տասնամյակների ընթացքում երկրում քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի սերտաճման այն միտումներով, երբ սահմանադրական հիմնարար արժեքների ու սկզբունքների, մասնավորապես` իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի, ձևախեղման վտանգ է առաջանում: ՀՀ սահմանադրական դատարանը դեռևս 10.06.2007թ. ՍԴՈ-703 և 08.03.2008թ. ՍԴՈ-736 որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրության 2-րդ և 4-րդ հոդվածներում ամրագրված հիմնարար սկզբունքների համաձայն` իրավական պետության համար ելակետայինն ընտրական գործընթացներում հասարակության քաղաքական շահերի գերակայության օրենսդրական ու կառուցակարգային այնպիսի երաշխիքների ապահովումն է, որը կբացառի առաջնային մանդատով օժտված իշխանության ներկայացուցչական մարմինների ձևավորման գործում քաղաքական և գործարար շահերի անմիջական միահյուսման որևէ հնարավորություն: Այս իրավական դիրքորոշումը, որը նախորդ ընտրություններում արտահայտվել էր նաև միջազգային դիտորդների կողմից, դեռևս բավարար չափով ուշադրության չի արժանացել ՀՀ ընտրական օրենսգրքի և ողջ իրավական համակարգի բարեփոխման ընթացքում, մասնավորապես, նաև՝ ՀՀ Սահմանադրության 65 և 67-րդ հոդվածների պահանջների ամբողջական կատարումը երաշխավորելու առումով: Դա էապես կարող էր նպաստել երկրում քաղաքական կառուցակարգերի բնականոն զարգացմանը, պետական իշխանության ինստիտուտների սահմանադրական գործառույթների արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև ընտրական համակարգի ու կոնկրետ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ միայն ընտրական տեխնոլոգիաների բարելավման ու դրանց անգամ հնարավոր անթերի կիրառման պայմաններում դժվար կլինի իրավիճակի արմատական փոփոխություն ակնկալել: Այս հանգամանքը նկատի ունենալով դեռևս 2008թ. մարտի 8-ի ՍԴՈ-736 որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է. «ՀՀ Սահմանադրության սահմանադրական կարգի հիմունքների հիմնարար սկզբունքներից բխում է, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները պետք է դառնան քաղաքական հակամարտությունների հաղթահարման և պետական կարգի հիմքերն ամրապնդող գործոն: Իրականում հետընտրական գործընթացներն ավելի են սրում թե՛ քաղաքական և թե՛ հասարակական հակամարտությունը` վտանգելով ժողովրդավարական այնպիսի արժեքներ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, բազմակարծությունը, համագործակցությունը, հանրային վստահությունը, քաղաքակիրթ երկխոսությունը: Նման իրավիճակը նաև սահմանադրաիրավական լուծումներ պահանջող հիմնախնդիր է, որին բազմիցս անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում, ինչպես նաև 2006 և 2007 թվականների տարեկան հաղորդումներում»:

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ այս իրողության պատշաճ արժևորումն ու դրանից բխող գործնական հետևությունները միայն կարող են նպաստել օբյեկտիվ իրավիճակին համարժեք իրավաքաղաքական օրակարգի ձևավորմանը, երկրի բնականոն զարգացմանը, մարդկանց ու հանրության այնպիսի սոցիալական վարքագծի դրսևորմանը, որի արժեբանական առանցքն իրավունքի գերակայության երաշխավորումն է:

Վերջին տարիներին այս խնդիրը Հայաստանում բարձրացվել է պետական քաղաքականության մակարդակի: Սակայն ընտրական ու հետընտրական գործընթացները վկայեցին, որ արվածը դեռևս համարժեք չէ իրական մարտահրավերներին և սահմանադրաիրավական նոր մոտեցումներ ու համարժեք ակտիվ լուծումներ է պահանջում:

 

11. Գործի փաստական նյութերի քննության շրջանակներում և դատաքննության արդյունքներով ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ Նախագահի ընտրության ողջ գործընթացում, ՀՀ Նախագահի առանձին թեկնածուների գրանցման հետ կապված վեճերից բացի, հիմնական բողոքները վերաբերել են քվեարկության և ընտրությունների արդյունքների ամփոփման փուլերին:

Հայաստանի Հանրապետությունում 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ Նախագահի ընտրությունների անցկացման նպատակով, ինչպես նշվեց, կազմավորվել է 1988 ընտրական տեղամաս:

«Ժառանգություն» կուսակցությունը ՀՀ Նախագահի ընտրության ընթացքում պաշտպանել է Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանի թեկնածությունը: Խորհրդարանական երկու կուսակցություն` «ՀՅԴ» և «ԲՀԿ», ինչպես նաև կուսակցությունների «ՀԱԿ» դաշինքը պաշտոնապես հայտարարել են, որ ընտրական գործընթացում չեն պաշտպանելու ՀՀ Նախագահի որևէ թեկնածուի: Նշված բոլոր քաղաքական ուժերն օրենքով սահմանված կարգով մասնակցել են տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորմանը և դրանցում քվեարկության օրը փաստացի մասնակցություն են ունեցել նրանց կողմից առաջադրված ու նախապես համապատասխան ուսուցում անցած հետևյալ թվով անդամներ. ԲՀԿ-ի կողմից` 1950, «Ժառանգություն» կուսակցության կողմից` 1884, ՀՅԴ-ի կողմից` 1909, ՀԱԿ-ի կողմից` 1481: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ընդհանուր թիվը կազմել է 15652, որից 7224-ը կամ հանձնաժողովների անդամների փաստացի թվի 46,03 տոկոսն առաջադրվել է նշված քաղաքական ուժերի կողմից: Նրանց կողմից առաջադրվածներից հանձնաժողովների նախագահներ կամ քարտուղարներ են եղել. ԲՀԿ-ից` 1225, ՀՅԴ-ից` 211, «Ժառանգություն» կուսակցության առաջադրածներից` 212, ՀԱԿ-ից` թվով 265 անձինք: Այդ անձանց ընդհանուր թիվը կազմել է 1913: Ընդ որում, հիշյալ քաղաքական ուժերի կողմից առաջադրվածներն են ներկայացրել տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների 48.8 տոկոսը, քարտուղարների` 47.4 տոկոսը: Նրանցից 1912-ն իրենց ստորագրությամբ վավերացրել են քվեարկության արդյունքներով կազմված արձանագրությունները` առանց որևէ վերապահման:

Քվեարկության օրը տեղամասային կենտրոններում ներկա են գտնվել թվով 5038 վստահված անձինք, որոնցից` Նախագահի թեկնածուներ Հ. Բագրատյանի կողմից` 299, Պ. Հայրիկյանի կողմից` 141, Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանի կողմից` 1009 անձ, Ս. Սարգսյանի կողմից` 3589 անձ: Դիմող՝ ՀՀ Նախագահի թեկնածու Ա. Ղուկասյանը տեղամասային կենտրոններում ներկայացված վստահված անձինք չի ունեցել:

Քվեարկության օրը, ըստ ԿԸՀ տվյալների, միջազգային դիտորդներն այցելել են թվով 1208 տեղամասային կենտրոններ: Թվով 1426 տեղամասային կենտրոններում ներկա են գտնվել 4469 տեղական դիտորդներ: Թվով 1321 տեղամասային կենտրոններում ընտրությունների ընթացքին հետևել են զանգվածային լրատվության միջոցների թվով 1993 ներկայացուցիչներ, ովքեր ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով ունեցել են նաև վերահսկողական բնույթի լայն լիազորություններ:

Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը, մասնավորապես, ընտրական հանձնաժողովների կազմավորման կառուցակարգային նոր լուծումների արդյունքում ամրագրել է գործառույթների ու դրանց իրացման այնպիսի համակարգ, ինչը ՀՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի կողմից, օրենքով սահմանված իրավունքների ու պարտականությունների պատշաճ կատարման պայմաններում, կարող է երաշխավորել ընտրական գործընթացի անհրաժեշտ ու բավարար վերահսկողություն և ընտրական իրավունքի արդյունավետ իրացում: Հետևաբար, սույն գործով ներկայացված ընտրական վեճի շրջանակներում, ինչպես նաև ընտրական համակարգի նկատմամբ վստահության տեսանկյունից իրավագնահատման կարևոր չափանիշ է նաև այն հանգամանքը, թե ընտրական գործընթացներում ներգրավված քաղաքական ուժերը որքանո՞վ են վերոհիշյալ նպատակով լիարժեք իրացրել ՀՀ ընտրական օրենսգրքով իրենց վերապահված գործառույթները:

Հետընտրական գործընթացների իրավական ընթացքը նույնպես պետք է խարսխված լինի այդ համակարգի իրավաչափ գործունեության արդյունքների վրա: Սա է գործող ընտրական համակարգի իրավակարգավորման առանցքը և ժողովրդավարական պետության իրավական ու քաղաքական մշակույթի անհրաժեշտ ու օբյեկտիվ պահանջը:

 

12. 2013թ. փետրվարի 18-ին ընտրական իրավահարաբերություններին մասնակից ու օրենքով նախատեսված իրավասություն ունեցող ընդհանուր թվով 20690 անձինք միայն տեղամասային ընտրական կենտրոններում (այդ թվում` 8233-ը ՀՀ Ազգային ժողովի վերոնշյալ չորս քաղաքական ուժերի կողմից ներկայացված)` իրենց իսկ իրավունքով ու պատասխանատվությամբ ընտրական գործընթացներին ներգրավված մյուս իրավասուբյեկտների հետ մեկտեղ, կոչված են եղել երաշխավորելու քվեարկության պատշաճ ընթացքը, ապահովելու վերահսկողական գործառույթների լիարժեք իրականացումը, նպաստելու ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի արդյունավետ իրացմանը: Իսկ դա կարող էր իրականացվել, մասնավորապես, օրենքով նախատեսված հետևյալ իրավասությունների իրավաչափ, հետևողական ու ժամանակին կատարման արդյունքում:

 

Նախ` ՀՀ ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի 12-րդ մասին համապատասխան.

 

«Ընտրական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հանձնաժողովի իր մասնակցած առաջին նիստում հրապարակայնորեն ընթերցում և ստորագրում է պարտավորություն «Ընտրական հանձնաժողովների անդամի պարտականությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու մասին», որը կցվում է ընտրական հանձնաժողովի գրանցամատյանին ...»:

 

Այս պարտականությունը հանձնաժողովի անդամն ստանձնում է որպես քաղաքական վստահության արդյունքում նշանակված ու նաև գործառնական անկախությամբ օժտված անձ: Բազմակուսակցական հիմունքներով տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորումը վերահսկողական հակակշիռների ապահովման արդյունավետ միջոցներից է միջազգային պրակտիկայում: Երկար տարիներ դրան էին ձգտում նաև ՀՀ քաղաքական ուժերը: ՀՀ ընտրական օրենսգիրքն այդ հնարավորությունն ապահովեց որպես ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման երաշխիք: Այս ընտրություններում ընտրական ողջ գործընթացի նկատմամբ համարժեք պարտականություն է ստանձնել ՀՀ Ազգային ժողովը ներկայացնող քաղաքական ուժերի կողմից առաջադրված տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ հանդիսացող և հիմնականում բարձր որակավորում ունեցող` Հայաստանի Հանրապետության 15652 քաղաքացի:

 

Միաժամանակ, ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է. «Եթե հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունի պահանջելու, որ իր գնահատականը արձանագրվի գրանցամատյանում»:

 

Անկախ փաստացի արձանագրված նյութի բովանդակությունից ու իրավական հիմնավորվածությունից, օրենքով նախատեսված 20690 իրավասուբյեկտների կողմից (որպես հանձնաժողովի անդամ կամ վստահված անձ) 1988 ընտրական տեղամասերից միայն թվով 40 տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում են կատարվել գրառումներ, ինչը կազմում է ընտրատեղամասերի ընդհանուր թվի միայն 2 տոկոսը:

 

Երկրորդ` ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է. որ, ի թիվս այլնի, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում կարող են ներկայացնել նաև` վստահված անձը, եթե ներկա է եղել տվյալ ընտրական տեղամասում, ինչպես նաև համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, եթե քվեարկության ամփոփիչ արձանագրությունում կատարել է գրառում հատուկ կարծիք ունենալու մասին:

 

Որպես հանձնաժողովի անդամ ու վստահված անձ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ու ՀՀ Նախագահի թեկնածուների կողմից առաջադրված թվով 20690 իրավասուբյեկտների կողմից նման որևէ դիմում չի ներկայացվել: Այսինքն` նշված անձանց կողմից իրենց իսկ ստանձնած պարտականությունների շրջանակներում նաև ստորագրված արձանագրությունները համարվել են հավաստի ու ոչ բողոքարկելի:

Վերոհիշյալ նույն հոդվածի հիմքով ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանի դիմումներին ընթացք է տրվել օրենքով սահմանված կարգով: Ըստ գործի նյութերի` դրանց վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները վերադասության կամ դատական կարգով չեն բողոքարկվել, իսկ դիմումներում նշված ընտրատարածքներից շուրջ 85 տոկոսի վերաբերյալ որևէ ահազանգ չի եղել կամ գրանցամատյաններում որևէ գրառում չի կատարվել:

Դատաքննությամբ փաստվեց նաև, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 13-րդ մասի հիմքով իրավասու ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ներկայացված բողոքների քննարկումը /քննությունը/ անհիմն մերժելու, նման բողոքները սահմանված ժամկետում չքննարկելու /չքննելու/ և քննարկումից /քննությունից/ հրաժարվելու կամ խուսափելու դեպքեր չեն արձանագրվել:

 

Երրորդ` ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

 

«Թեկնածուն, վստահված անձը, եթե ներկա են եղել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը` ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում քվեարկության արդյունքների ամփոփման կարգի վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու մասին գրառում կատարելու դեպքում, իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկելու տվյալ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները` ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելով ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին (այսուհետ` վերահաշվարկ) դիմում:

 Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը` ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն»:

 

Ըստ գործի նյութերի` ներկայացվել է ընդամենը նման 12 դիմում /ընտրական տեղամասերի 0.6 տոկոսի վերաբերյալ/, որից 10-ը` 2 անձի կողմից:

Գործնականում վերահաշվարկի դիմում կարող էր ներկայացվել 20690 իրավասուբյեկտի կողմից, այդ թվում` միայն Ր. Հովհաննիսյանի շահերի պաշտպանության իրավական պատասխանատվություն ստանձնած 1009 վստահված անձի կողմից:

Վերջիններս ներկայացրել են օրենքի պահանջների հիման վրա կազմված ընդամենը 1 դիմում:

ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովների թվով 15652 անդամներից միայն 1 անձ է ներկայացրել հատուկ կարծիք (3/33 տեղամաս, որտեղ էլ կատարվել է վերահաշվարկ): Դա նշանակում է, որ ՀՀ Ազգային ժողովի բոլոր քաղաքական ուժերի կողմից առաջադրված ու հատուկ պարտավորություն ստանձնած 15651 իրավասուբյեկտներ հավաստի են համարել քվեարկության արդյունքները և իրենց իսկ ստորագրությամբ վավերացրել այն: Դրանք էլ ընտրությունների արդյունքների ամփոփման հիմք են հանդիսացել:

Օրենքով նախատեսված այս հնարավորությունը` քվեարկության արդյունքները վերահաշվարկի միջոցով բողոքարկելու և քվեարկությանը մասնակցած ընտրողների կողմից ստորագրված ընտրացուցակների հավաստիությունն ստուգելու, տարաբնույթ կասկածները փարատելու` օրենքով նախատեսված հիմնական միջոցն է, ինչից գրեթե չեն օգտվել դիմողները:

 

Չորրորդ` ընտրական գործընթացին առնչվող տարաբնույթ իրավախախտումների վերաբերյալ դիմող կողմի ներկայացրած նյութերը սահմանադրական դատարանի կողմից տրամադրվել են գործով որպես հարակից պատասխանող ներգրավված ՀՀ դատախազությանը և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը` իրենց իրավասության սահմաններում ուսումնասիրելու, ինչպես նաև 18.02.2013թ. անցկացված ՀՀ Նախագահի ընտրությունների հետ կապված ընտրախախտումների կանխման և արձանագրված դեպքերի առնչությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ամբողջական բացատրություն ներկայացնելու համար: Ըստ ՀՀ դատախազության կողմից ներկայացված բացատրությունների` ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանի դիմումին կից տեսաձայնագրությունների ուսումնասիրմամբ պարզվել է, որ տեսանյութերից մեկը պարունակում է ՎԴ/423/05/13 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի նիստի ձայնագրությունը, ինչը սահմանադրական դատարանում քննարկման առարկա լինել չի կարող, իսկ մյուսներում առկա են տարբեր ընտրական տեղամասերում, դրանց հարակից հատվածներում և այլ վայրերում կատարված տեսաձայնագրություններ և լուսանկարներ, որոնց մի մասը ժամանակին ուսումնասիրվել, մյուսները` ուսումնասիրվում են համապատասխան իրավասությամբ օժտված մարմինների կողմից:

Միաժամանակ, ընտրական ողջ գործընթացի շրջանակներում ՀՀ դատախազությունն ստացել է 247 հաղորդում, այդ թվում` 187-ը ԶԼՄ-ներում զետեղված հրապարակումներից, 5-ը` ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով: Ստացված 247 հաղորդումներից 13-ին (կամ` 5.3%) տրվել է պարզաբանում, 13-ով (կամ` 5.3%) որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 218-ով (կամ` 88.3%) որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին հանցադեպի կամ հանցակազմի բացակայության հիմքերով, 3 հաղորդում քննարկման փուլում է: Ընդ որում, մերժված գործերից և ոչ մեկով օրենքով սահմանված կարգով բողոք չի ներկայացվել: Փաստվում է նաև, որ առկա իրավախախտումները, ինչպես նաև դրանց վերաբերյալ ահազանգերը եղել են սահմանափակ թվով և չեն կրել զանգվածային բնույթ:

ՀՀ ոստիկանության կողմից տեղեկացվում է, որ ՀՀ Նախագահի ընտրությունների քարոզարշավի, քվեարկության և հետընտրական փուլերում առերևույթ իրավախախտումների վերաբերյալ ՀՀ ոստիկանության ստացած ահազանգերով քննարկվել կամ քննարկման ընթացքում են 276 հաղորդումներ: Դրանցից 250-ը կամ 90.6 տոկոսը մերժվել է կամ թողնվել է անհետևանք` հանցադեպի, հանցակազմի բացակայության կամ անհիմն լինելու հիմքերով:

Ամբողջական պատկերն այսպիսին է. ընտրական ողջ գործընթացին մասնակցած 27152 իրավասուբյեկտներ ունեցել են օրենքով նախատեսված վերահսկողական լիազորություններ և կարող էին ոչ միայն կանխել, այլև առնվազն ահազանգել հնարավոր ընտրախախտումների մասին: Փաստացի ահազանգերի թիվը կազմել է դրանք ներկայացնելու իրավասությամբ օժտվածների թվի 1.9 տոկոսի չափով: Ընդ որում, այդ ահազանգերի զգալի մասը եղել է ընտրական գործընթացներում կոնկրետ իրավասությամբ հանդես չեկող քաղաքացիների կողմից:

 

Հինգերորդ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ գլուխը (ուժի մեջ է մտել 2008թ. հունվարի 1-ից) ամբողջությամբ նվիրված է ընտրական իրավունքի դատական պաշտպանության դատավարական ընթացակարգերին: Այդ գլխի 144-րդ հոդվածը սահմանում է. «Ընտրական գործերով վարչական դատարան կարող են դիմել սույն օրենսգրքի 3-րդ հոդվածում նշված անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում` համապատասխան ընտրական հանձնաժողովը»:

Նույն օրենսգրքի 3-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ.

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները»:

Իսկ ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) (բացառությամբ համապետական ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումների) կարող են բողոքարկվել վարչական դատարան...»:

 

Մինչև ընտրության արդյունքների ամփոփումը 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ Նախագահի ընտրությունների հետ կապված վեճերով ՀՀ վարչական դատարան ներկայացվել է 3 հայցադիմում` թեկնածուների գրանցմանն առնչվող հարցերով: ՀՀ ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի հիմքով ընտրությունների արդյունքների ամփոփման պահին քվեարկության և դրա արդյունքների վիճարկման հետ կապված հայցադիմում ՀՀ վարչական դատարան ներկայացված չի եղել:

Ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից և ԿԸՀ թիվ 62-Ա որոշումն ընդունելուց հետո 28.02.2013թ. և 07.03.2013թ. ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել ընտրական գործընթացին առնչվող երկու հայցադիմում, որոնք բացառապես վերաբերել են վարչական դատարանի իրավասությանը և դատաքննության արդյունքներով մերժվել են: Ընդ որում, ինչպես նշվեց, թեկնածուների գրանցման հարցով ՀՀ վարչական դատարանի որոշումը վերջնական է և սահմանադրական դատարանում քննարկման առարկա լինել չի կարող, ինչին նույնպես դիմող կողմի ներկայացուցիչներն անհրաժեշտ ուշադրություն չեն դարձրել:

 

Վեցերորդ` դիմող կողմերը դատարանում ապացուցողական նշանակություն ունեցող որևէ իրավական փաստարկ չեն ներկայացրել ընտրություններում Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանի հնարավոր հաղթանակի վերաբերյալ: Այս առնչությամբ միակ փաստարկը ՀՀ Նախագահի թեկնածու Ս. Սարգսյանի գրանցման վիճարկումն է եղել, ինչը նախապես դատական կարգով ըստ ընդդատության քննության է առնվել և ՀՀ վարչական դատարանի վերջնական որոշմամբ մերժվել է: Ի դեպ, ՀՀ վարչական դատարանի կողմից տվյալ գործով կիրառված օրենքների դրույթների սահմանադրականության հարցերով Ր. Հովհաննիսյանը ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով 07.03.2013թ. անհատական դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան, ինչն օրենքով սահմանված կարգով գտնվում է ուսումնասիրման փուլում:

Սույն դատաքննության ընթացքում դիմողների հարցադրումները գլխավորապես վերաբերել են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն` դիմումներին կից ներկայացված նյութերի շրջանակներում: Այդ նյութերի նկատմամբ կողմերն հնարավորություն են ունեցել սահմանադրական դատարանում արտահայտել ամբողջական դիրքորոշում: Դրանց համակցված գնահատման արդյունքում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դրանք կարող էին օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները բողոքարկելու հիմք կամ առիթ հանդիսանալ, ինչը չի արվել: Բացառությունը, թերևս, 17/5 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներին առնչվող փաստարկներն են, ինչի ուսումնասիրման արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ արդյունքները չեն կարող համարվել հավաստի: Ուստի ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով այդ տեղամասում քվեարկության արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր, իսկ ՀՀ ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով այդ տեղամասում քվեարկության մասնակիցների թիվն արձանագրվի որպես տեղամասում անճշտությունների գումարային չափ: Այդ ընտրական տեղամասին առնչվող բոլոր նյութերը ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից պետք է ուղարկվի ՀՀ դատախազություն:

 

Յոթերորդ` բացի վերոնշյալներից, ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված է. «Ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմում համապատասխան ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել ընտրության արդյունքներն ամփոփելու համար սույն օրենսգրքով սահմանված համապատասխան ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 2 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն»:

 

Հիշյալ նորմն ընտրության արդյունքներով վերջնական որոշում կայացնելուց առաջ այդ արդյունքների վիճարկման օրենքով նախատեսված հստակ ու բացառիկ կարևոր ընթացակարգ է:

Գործի նյութերից հետևում է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանված ժամկետում ՀՀ Նախագահի թեկնածուներից նման դիմում չի ստացել, ընտրության արդյունքներն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չեն վիճարկվել` բաց թողնելով քվեարկության արդյունքների նկատմամբ հնարավոր կասկածները փարատելու օրենքով նախատեսված ևս մեկ հնարավորություն:

 Գործի քննության ընթացքում ներկայացվեցին նաև փաստարկներ առանձին ընտրական տեղամասերում տեղ գտած թերացումների, դրանցում տեսականորեն անհավանական քվեարկության արդյունքների, առանձին թեկնածուների կողմից արված տարբեր հայտարարությունների վերաբերյալ, որոնք նույնպես ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 9-րդ մասի հիմքով ու ժամկետներում չեն վիճարկվել և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013թ. փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումն ընդունելիս նախապես քննարկման առարկա չեն եղել:

Ըստ գործի նյութերի և դատաքննության արդյունքների` այսպիսին են 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ Նախագահի ընտրություններում պասիվ ընտրական իրավունքի պաշտպանությանն առնչվող վեճի շրջանակներում բացառապես իրավական գործընթացների ընդհանուր պատկերն ու փաստացի արդյունքները: Դրանք էլ, իրենց հերթին, պայմանավորել են ընտրությունների արդյունքներով ԿԸՀ-ի կողմից ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում կայացրած վերջնական որոշման իրավական բովանդակությունն ու տրամաբանությունը:

Վերոշարադրյալ փաստերի համակցված գնահատումը վկայում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ու ժամկետներում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այլ որոշում կայացնել չէր կարող:

Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ընտրական համակարգի հնարավոր անկատարությունների առնչությամբ կողմերի նկատառումները դուրս են սույն գործի քննության առարկայի շրջանակներից, և դրանք օրենսդրական բարեփոխումների խնդիր կարող են հանդիսանալ` հաշվի առնելով նաև այդ հարցերում ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները: Բացի դրանից, ինչպես նշվեց սույն որոշման տասներորդ կետում, հետընտրական առկա իրավիճակի պայմաններում երկրի բնականոն զարգացումը երաշխավորելու և սահմանադրականության ամրապնդման իրավաչափ ու արդյունավետ միջոց կարող է դառնալ ժողովրդավարական հիմնարար սկզբունքներից ելնելով քաղաքական լայն համաձայնության, հանդուրժողականության, քաղաքակիրթ երկխոսության արդյունքում անհրաժեշտ սահմանադրաիրավական բնույթի բարեփոխումների իրականացումը, ինչի անհրաժեշտությունը նույնպես կարևորվեց դատաքննության ընթացքում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով, հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013 թվականի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը թողնել ուժի մեջ:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

14 մարտի 2013 թ.

ՍԴՈ-1077