Գլխավոր տեղեկություն
Номер
N 1104-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (18.04.2013-01.01.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2011.08.20/9(26) Հոդ.1203
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.08.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.08.2011
Дата вступления в силу
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 2011 թվականի N 1104-Ն

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. օգոստոսի 10
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 օգոստոսի 4-ի N 1104-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Հարկային մարմնում ավելացված արժեքի հարկ (այսուհետ` ԱԱՀ) վճարողների հաշվառումն իրականացվում է ԱԱՀ վճարողների հաշվառման համարների հիման վրա:

2. ԱԱՀ վճարողների հաշվառման համարը հարկ վճարողի հաշվառման համարն է, որի վերջում ավելացված է թեք գիծ և թվային մեկ նիշ, ընդ որում, իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց կարգավիճակ չունեցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հարկ վճարողի հաշվառման համարներին թեք գծից հետո ավելացվում է «1» թիվը, իսկ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց հարկ վճարողի հաշվառման համարին` «0» թիվը:

3. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք (բացառությամբ սույն կարգի 5-րդ կետում նշված անձանց) ԱԱՀ վճարող համարվելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու և ԱԱՀ վճարողի հաշվառման համար կիրառելու մասին հայտարարություն` համաձայն N 1 ձևի: Որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու և ԱԱՀ վճարողի հաշվառման համար կիրառելու մասին հայտարարությունը ներկայացվում է թղթային տարբերակով կամ էլեկտրոնային եղանակով (հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով):

4. Որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու և ԱԱՀ վճարողի հաշվառման համար կիրառելու մասին հայտարարությունը ներկայացվում է տվյալ օրացուցային տարվա որևէ ամսաթվից մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտի համար:

5. Որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու և ԱԱՀ վճարողի հաշվառման համար կիրառելու մասին հայտարարություն չեն ներկայացնում`

1) այն անձինք, որոնք ԱԱՀ վճարող են համարվել օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հայտարարության հիման վրա.

2) անհատ ձեռնարկատեր չհամարվող այն ֆիզիկական անձինք, որոնց իրականացրած գործարքներն օրենքի համաձայն համարվում են ապրանքի մատակարարում.

3)  այն անձինք, որոնց նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներում և (կամ) ԱԱՀ-ի հաշվարկներում արտացոլված իրացման և (կամ) ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը գերազանցել է 58,35 մլն դրամը.

4) այն անձինք, որոնց նախորդ օրացուցային տարվա համար հարկային մարմին ներկայացրած տեղեկություններում արտացոլված՝ հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացրած դրամական հաշվարկների հանրագումարների ընդհանուր գումարը գերազանցել է 58.35 մլն դրամը.

5) այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա համար հարկային մարմին ներկայացրած շահութահարկի հաշվարկում կամ եկամտային հարկի տարեկան եկամուտների մասին հաշվարկում արտացոլված իրացման շրջանառությունը գերազանցել է 58.35 մլն դրամը.

6) ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված այն անձինք, որոնց իրացման ընդհանուր շրջանառությունը գերազանցել է ԱԱՀ-ի շեմը.

7) ստուգման ակտի հիման վրա՝ շրջանառության հարկ վճարող լինելու պայմաններին չբավարարելու կամ շրջանառության հարկ վճարող լինելու դադարեցման հիմքերի առկայության դեպքում ընթացիկ տարում օրենքի համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք:

Այն դեպքերում, երբ հարկ վճարողն օրենքին համապատասխան չի համարվում ավելացված արժեքի հարկ վճարող, չի ներկայացրել ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու կամ ԱԱՀ վճարող համարվելու և ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար կիրառելու վերաբերյալ հայտարարություն, սակայն հարկային մարմնի կողմից հաշվառվել է որպես ավելացված արժեքի հարկ վճարող, հարկային մարմինը չեղյալ է համարում հարկ վճարողի որպես ավելացված արժեքի հարկ վճարող հաշվառումը՝ հարկ վճարողի համապատասխան դիմումի հիման վրա:

(5-րդ կետը խմբ., լրաց. 28.03.13 N 336-Ն)

 6. ԱԱՀ վճարողները համարվում են հաշվառված հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող՝ օրենքի համաձայն ԱԱՀ վճարող համարվելու օրվանից՝ բացառությամբ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու և ԱԱՀ վճարողի հաշվառման համար կիրառելու մասին հայտարարությունը սույն կարգի 3-րդ կետում նշված ժամկետից ուշ ներկայացրած անձանց, որոնք հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված են համարվում հայտարարությունը ներկայացնելուն նախորդող 30-րդ օրվանից: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք համարվում են հաշվառված հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող՝ ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով:

7. Որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու և ԱԱՀ վճարողի հաշվառման համար կիրառելու մասին հայտարարությունն ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը հարկ վճարողին տրամադրում է հավաստագիր ԱԱՀ վճարող հաշվառելու մասին` համաձայն N 2 ձևի: Որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու և ԱԱՀ վճարողի հաշվառման համար կիրառելու մասին հայտարարությունն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում ԱԱՀ վճարողի հավաստագիրը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է հարկ վճարողին՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով: Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հայտարարություն ներկայացրած անձանց հավաստագիր տրամադրվում է այդ հայտարարության հիման վրա` հայտարարություն ներկայացնելու օրը: Սույն կարգի 5-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված անձանց հավաստագիրը տրամադրվում է հարկ վճարողի պահանջով: «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում նշված անձանց հավաստագիրը տրամադրվում է ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված անձանց հանձնվող որոշման հետ միասին, եթե փոխկապակցված ճանաչված անձանց իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցել է 58,35 մլն դրամը:

(7-րդ կետը խմբ. 28.03.13 N 336-Ն)

8. Հավաստագրով հաստատվում է, որ հարկ վճարողը հարկային մարմնում հաշվառված է որպես ԱԱՀ վճարող` որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու և ԱԱՀ վճարողի հաշվառման համար կիրառելու մասին հայտարարությունում նշված կամ ԱԱՀ վճարող համարվելու օրվանից մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը, իսկ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հայտարարություն ներկայացնելու դեպքում` այդ հայտարարությունում նշված օրվանից մինչև հայտարարությունում նշված տարվա ավարտը:

(8-րդ կետը փոփ. 28.03.13 N 336-Ն)

9. ԱԱՀ վճարող չհամարվող անձինք ԱԱՀ վճարողի հաշվառման համարներ չեն կիրառում (հարկ վճարողի հաշվառման համարին սույն կարգով սահմանված նիշեր չեն ավելացնում):

10. ԱԱՀ-ով հարկվող ապրանքներ ձեռք բերելիս կամ ծառայություններ ստանալիս կամ դրա վերաբերյալ պայմանագիր կնքելիս՝ գնորդը կարող է մատակարարից պահանջել ներկայացնել ԱԱՀ վճարող հաշվառելու մասին հավաստագիրը կամ դրա պատճենը:

11. Հարկային հաշիվ չեն համարվում՝

1) ԱԱՀ վճարողի հաշվառման համար չպարունակող հաշվարկային փաստաթղթերը.

2) որպես ԱԱՀ վճարող չհաշվառված կամ ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից դուրս գրված` ԱԱՀ վճարողի հաշվառման համար պարունակող հաշվարկային այն փաստաթղթերը, որոնցում առանձնացված են ԱԱՀ-ի գումարը և դրույքաչափը:

12. Հարկային մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հարկ վճարողի հաշվառման համարներով և կազմակերպության անվանմամբ (անհատ ձեռնարկատիրոջ անունով, ազգանունով) փնտրելու հնարավորությամբ ԱԱՀ վճարող հաշվառված անձանց ցանկը:

13. ԱԱՀ վճարող անձանց կողմից դուրս գրվող հարկային հաշիվներում, հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներում, դուրս գրված և ստացված հարկային հաշիվների մասին տեղեկանքում լրացվում է ԱԱՀ վճարողի հաշվառման համարը: ԱԱՀ վճարողի հաշվառման համարը կարող է օգտագործվել այլ փաստաթղթերում (պայմանագիր, ընդունման-հանձնման ակտ և այլն):

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Ձև N 1

_____________________________________________________
(հարկային տեսչության անվանումը)

 

Փաստաթղթի համարը` ____________________________
(լրացվում է հարկային տեսչության կողմից)

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՈՐՊԵՍ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՂ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

_______________________________________________________
               

(հարկ  վճարողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) (ՀՎՀՀ)

 

_____________________________ -ից մինչև 20 _____ թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ 

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

հանդիսանում է ավելացված արժեքի հարկ վճարող և կիրառելու է ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարողի հաշվառման համար:

Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր)

__________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 
Հաշվապահ

___________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը` __________ _________________ 20  թ.

(լրացվում է հարկային տեսչության կողմից)                       

Ձև N 2

 

Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր  N____________

 

 ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

_______________________________________________________
               

(հարկ  վճարողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) (ՀՎՀՀ)

_____________________________ -ից մինչև 20 _____ թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ 

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

հարկային մարմնում հաշվառված է որպես ավելացված արժեքի հարկ վճարող և ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար կիրառող:

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

_____________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

_________ ________________________ 20 թ.

Կ.Տ.

 

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 28.03.13 N 336-Ն)