Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1072
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.01.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.02.06/8(948) Հոդ.68
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
25.01.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
25.01.2013
Дата вступления в силу
25.01.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

25 հունվարի 2013 թ. 

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹԻՎ 1 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 12-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող կողմի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Ս. Սաֆարյանի, նրա ներկայացուցիչ Ս. Սաֆարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ` թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գ. Հայրապետյանի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ն. Հովհաննիսյանի,

գործով որպես հարակից պատասխանող ներգրավված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ա. Սմբատյանի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Ս. Հովհաննիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության արդյունքներով թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 12-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Ս. Սաֆարյանի` 12.12.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` 2012թ. դեկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում քննարկելով վերոհիշյալ դիմումը, որոշում է կայացրել` համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ մասերի, 74-րդ հոդվածի 4-րդ մասի` գործն ընդունել քննության, գործով որպես պատասխանող կողմ ներգրավել թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որպես հարակից պատասխանող` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Նշված որոշմամբ գործով զեկուցող է նշանակվել ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանը:

Սահմանադրական դատարանի ՍԴԱՈ-90 աշխատակարգային որոշման 7-րդ կետով սահմանվել էր. «Դիմող և պատասխանող կողմերին, հարակից պատասխանողին` սույն գործով գրավոր բացատրությունները ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնել մինչև 2013թ. հունվարի 12-ը»: Գործով պատասխանող կողմը և հարակից պատասխանողը սահմանադրական դատարանի կողմից սահմանված ժամկետներում ներկայացրել են պահանջվող նյութերը: Գործի քննության գրավոր ընթացակարգի պահանջների շրջանակներում այդ նյութերը` 165 էջ ընդհանուր ծավալով, 28.12.2012թ. տրամադրվել են դիմողին` դրանց վերաբերյալ իր նկատառումները սահմանված ժամկետներում դատարանին ներկայացնելու համար: Դիմողը մինչև դատաքննության օրը ներառյալ (25.01.2013թ.), շուրջ մեկամսյա ժամանակահատվածում, ՀՀ սահմանադրական դատարան գրավոր բացատրություն կամ որևէ նկատառում չի ներկայացրել: Սահմանադրական դատարանը որպես դիմողի ամբողջական դիրքորոշում ընդունել է դիմումում բերված փաստարկները:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, պատասխանող կողմի և հարակից պատասխանողի գրավոր բացատրությունները, հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքում լրացուցիչ ընտրությունն անցկացվել է 2012 թվականի դեկտեմբերի 2-ին` ՀՀ ընտրական օրենսգրքի 128-րդ հոդվածում նախատեսված ժամկետում: Ընտրատարածքը ներառում է թվով 35 ընտրական տեղամաս:

Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցվել ու քվեաթերթիկներում ընդգրկվել են Ազգային ժողովի պատգամավորի 3 /երեք/ թեկնածուներ: Ըստ թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընտրատարածքում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության` ընտրողների ընդհանուր թիվը 64763 է, իսկ ընտրություններին մասնակցել է 23830 ընտրող: Թեկնածուների օգտին տրված ձայների թիվը 22946 է, որը բաշխվել է հետևյալ կերպ. Է. Պետրոսյան` 461, Ռ. Սարգսյան` 18805, Ս. Սաֆարյան` 3680: Անճշտությունների գումարային չափը կազմել է 8:

Թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. դեկտեմբերի 7-ի թիվ 12-Ա որոշումով թիվ 1 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր է ճանաչվել առավել կողմ ձայներ ստացած Ռ. Սարգսյանը:

 

2. Դիմողը գտնում է, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 12-Ա որոշումը:

 Դիմողի պնդմամբ` ընտրությունների ժամանակ տեղ են գտել այնպիսի խախտումներ, որոնք, իր կարծիքով, համատարած էին, համակարգային էին, էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա, խախտել են թեկնածուի պասիվ և քաղաքացիների ակտիվ ընտրական իրավունքները, և դրանց վերացման ուղղությամբ պետությունը չի կատարել իր պարտականությունները:

Նախ` դիմողը գտնում է, որ վերոնշյալ ընտրությունների ընթացքում տեղ են գտել նախընտրական քարոզչության սկզբունքների խախտումներ: Մասնավորապես, դիմողը նշում է թե՛ ԱԺ պատգամավորի ինքնաառաջադրված թեկնածու Է. Պետրոսյանի, թե՛ ՀՀԿ թեկնածու Ռ. Սարգսյանի` նախընտրական հիմնադրամներ կատարված մուտքերի և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերում ներկայացված գումարների խիստ անհամապատասխանությունը կատարված իրական ծախսերին: Հատկապես, ըստ դիմողի, ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար թեկնածու Ռ. Սարգսյանի ցույց տված փաստացի չափերը նվազեցված են, չեն համապատասխանում դրանց իրական շուկայական արժեքին և գերազանցում են հիմնադրամի միջոցներից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափը, ինչը, դիմողի պնդմամբ, ընտրական օրենսդրության կոպիտ խախտում է:

Նշված խախտումների կապակցությամբ նոյեմբերի 27-ին թիվ 1 ԸԸՀ-ին ներկայացված Ս. Սաֆարյանի դիմումը` ՀՀԿ-ի թեկնածու Ռ. Սարգսյանի թեկնածության գրանցումը դատական կարգով վիճարկելու և ուժը կորցրած ճանաչելու մասին, մերժվել է: Մերժվել է նաև Ս. Սաֆարյանի` թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 29.11.2012թ. որոշման դեմ դեկտեմբերի 1-ին ԿԸՀ բերած բողոքը:

Դիմողի կարծիքով, թե՛ թիվ 1 ԸԸՀ-ն, թե՛ ԿԸՀ-ն մակերեսորեն են անդրադարձել թեկնածու Ռ. Սարգսյանի նախընտրական քարոզչության, ըստ դիմողի, ապօրինի և ստվերային գործունեությանը:

Երկրորդ` դիմողի կարծիքով տեղի են ունեցել նաև ընտրությունների հրապարակայնության սկզբունքի խախտումներ: Մասնավորապես, դիմողի խնդրանքով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն առձեռն խտասկավառակով Ս. Սաֆարյանին է փոխանցել թիվ 1 ընտրատարածքի ընտրողների ցուցակը, սակայն մերժել է ՀՀ բոլոր ընտրողների ցուցակի տրամադրումը: Այդպիսով, ըստ դիմողի, ՀՀ ոստիկանությունը զրկել է թեկնածուին և իր ընտրական շտաբին ցուցակներն ստուգելու` կրկնվող հաշվառումով ընտրողներին հայտնաբերելու, կասկածելի հասցեներն ստուգելու հնարավորությունից:

Բացի դրանից, ըստ դիմողի` արձանագրվել են ընտրողների անձնագրերում դրված դրոշմակնիքների ժամանակից շուտ անհետանալու փաստեր, ինչի արդյունքում թեկնածու Սաֆարյանը և հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցության անդամները զրկվել են քվեարկությունը վերահսկելու և կրկնակի քվեարկությունները բացառելու հնարավորությունից: Այդ կապակցությամբ դեռևս մինչև քվեարկությունը` 30.11.2012թ. դիմողը դիմել է ԿԸՀ` առաջարկելով օգտագործել սովորական թանաք, այնպես, ինչպես որ արվել էր 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ առկա դժգոհությունների կապակցությամբ ԿԸՀ-ն 2012թ. մայիսի 6-ին ընդունել էր համապատասխան որոշում, սակայն դիմողի վերը նշված առաջարկությունը ԿԸՀ-ի` 30.11.2012թ. որոշմամբ մերժվել է: Դիմողը փորձել է ԿԸՀ-ի նշված որոշումը բողոքարկել ՀՀ վարչական դատարան, սակայն, ըստ դիմողի, աշխատանքային ժամերին` 16:30-18:00, դատարանում եղել են միայն տարածքը հսկող ոստիկանները:

Երրորդ` որպես ընտրական իրավունքի հավասարության և գաղտնիության սկզբունքների խախտում դիմողը վկայակոչում է այն հանգամանքը, որ մի շարք տեղամասային հանձնաժողովներում հանձնաժողովների անդամներ են նշանակված եղել թաղապետարանների աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ ու մանկավարժներ, մանկապարտեզների վարիչներ, իսկ ՀՀԿ թեկնածու Ռ. Սարգսյանի վստահված անձեր են եղել համատիրությունների ղեկավարներ կամ աշխատակիցներ: Դիմողը պնդում է, որ ՀՀԿ ներկայացնող պաշտոնյաները` Երևանի քաղաքապետը (ընդգծելով վերջինիս ազգակցական կապը թեկնածու Ռ. Սարգսյանի հետ), Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարները համայնքային ռեսուրսները ծառայեցրել են իրենց կուսակցությունից առաջադրված թեկնածու Ռ. Սարգսյանի օգտին ձայներ ստանալու նպատակով:

Չորրորդ` դիմողը նշում է նաև քվեարկության օրը տեղի ունեցած` ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներ` կապված, մասնավորապես, իր կարծիքով, թեկնածու Ռ. Սարգսյանի օգտին քվեարկելու պատրաստակամություն հայտնած ընտրողների կազմակերպված տեղափոխման, վերջինիս կողմնակիցների կողմից քվեարկությունն ուղղորդելու, տեղական իշխանությունների կողմից ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրենց ռեսուրսներն ապօրինաբար օգտագործելու, լրագրողների, հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցության անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքների հետ:

 

3. Պատասխանող կողմը գտնում է, որ թիվ 1 ընտրատարածքում քվեարկության արդյունքներով ընդունված որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմողի պահանջն անհիմն է, քանի որ թիվ 1 ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրության ընթացքում տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին բացառել ընտրության իրական արդյունքները ճշգրտորեն որոշելու հնարավորությունն անգամ այն դեպքում, եթե հիպոթետիկ ընդունվի, որ դիմողի մատնանշած խախտումները հիմնավոր են: Ըստ պատասխանողի, ՀՀ ընտրական օրենսգիրքը չի սահմանում խախտումների տեսակներ կամ քանակ, ինչպես նաև սուբյեկտային կազմ, որոնց կողմից կատարված խախտումներն ավտոմատ կերպով կհանգեցնեն ընտրությունների անվավերության: Բոլոր դեպքերում, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը կարելի է միայն այն պարտադիր պայմանով, որ թույլ տրված խախտումները կբացառեն ճշգրտորեն որոշել ընտրողների կամաարտահայտության արդյունքները:

ՀՀ ընտրողների ամբողջական ցուցակը տրամադրելու պահանջը մերժելու առնչությամբ պատասխանողը նշում է, որ դիմողի մատնանշած`«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կանոնակարգումները տվյալ դեպքում ընդհանրապես կիրառելի չեն, քանի որ այդպիսի պահանջը խիստ առանձնահատուկ մասնավոր դեպք է, որը կանոնակարգվում է ՀՀ ընտրական օրենսգրքով: Ավելին, պատասխանողը գտնում է, որ Ս. Սաֆարյանին տրամադրվել են թիվ 1 ընտրատարածքի ընտրողների ցուցակները, ինչը լրիվ բավարար էր համապատասխան ստուգումներ իրականացնելու համար: Բացի դրանից, մերժման վերաբերյալ դիմողը տեղեկացված է եղել 2012թ. նոյեմբերի 20-ին, այսինքն` քվեարկության օրվանից 12 օր առաջ, և ուներ անհրաժեշտ ու բավարար ժամանակ նշված մերժումը վերադասության կամ դատական կարգով բողոքարկելու համար, ինչը չի իրացրել: Պատասխանողը ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ ընտրատարածքի բոլոր ընտրական տեղամասերում դիմողն ունեցել է վստահված անձինք, նրանք գրանցամատյաններում կատարել են նաև գրառումներ, և առկա չէ գեթ մեկ գրառում, որ առանց համապատասխան հաշվառման անձ մասնակցած լինի քվեարկությանը:

Անձը հաստատող փաստաթղթերի վրա դրվող դրոշմակնիքների առնչությամբ պատասխանողը նշում է, որ դրոշմակնիքի արագ անհետանալու փաստը չի կարող ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա, քանզի թանաքի կիրառումն ընդամենը լրացուցիչ, սակայն ոչ միակ միջոցն է կրկնակի քվեարկությունը բացառելու համար: Ավելին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով որևէ դիմում-բողոք չի ներկայացվել և տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում չկան գրառումներ ընտրական տեղամասերում կրկնակի քվեարկության դեպքերի մասին:

Ինչ վերաբերում է պետական պաշտոն զբաղեցնող որոշ անձանց ընտրական գործընթացներին մասնակցելու հարցին, պատասխանողը գտնում է, որ քաղաքական կամ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ընտրություններին մասնակցելը և նախընտրական քարոզչություն իրականացնելը չի կարող որակվել որպես ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածին հակասող: ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանել է թե՛ ակտիվ և թե՛ պասիվ ընտրական իրավունքի սահմանափակումները: Այդ սահմանափակումները կոնկրետացված են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում: Ըստ պատասխանողի` օրենքն արգելում է պաշտոնատար անձին իրականացնել նախընտրական քարոզչություն` հանդես գալով հենց որպես պաշտոնատար անձ` քարոզչությունն իրականացնելով իրեն վերապահված այս կամ այն իրավասության գործադրմամբ, օգտագործմամբ կամ միջոցով, սակայն օրենքը չի արգելում իրականացնելու տվյալ թեկնածուի օգտին նախընտրական քարոզչություն միայն այն պատճառով, որ տվյալ անձը միևնույն ժամանակ հանդիսանում է պաշտոնատար անձ:

Պատասխանողը պնդում է, որ դիմողի ներկայացրած դիմումում անգամ առկա չէ որևէ փաստարկ առ այն, որ որևէ պաշտոնատար անձի կողմից խախտվել են ընտրական օրենսգրքի պահանջները: Վկայակոչվում է սոսկ թեկնածուի ազգակցական կամ ընկերական կապը որոշ պաշտոնատար անձանց հետ, ինչն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ ընտրախախտումների վերաբերյալ դատողություն անելու համար: Ավելին, ընտրական օրենսգրքով սահմանված սահմանափակումները նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պաշտոնատար անձանց կողմից խախտելու վերաբերյալ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու, դիմումատու Ս. Սաֆարյանի, ինչպես նաև որևէ այլ անձի կողմից որևէ դիմում դատարաններն ու ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

Դիմողի մատնանշած տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակված անդամների առնչությամբ պատասխանողը, վկայակոչելով ՀՀ ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածը, գտնում է, որ դիմողի կողմից վկայակոչված անձինք կարող էին լինել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ, և նշվածով պայմանավորված` որևէ խախտում առկա չէ: Ինչ վերաբերում է վստահված անձանց, ապա նրանց նկատմամբ կիրառվող սահմանափակումներն էլ սահմանված են ՀՀ ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով: Դիմողի վկայակոչած անձանց նկատմամբ նշված սահմանափակումները կիրառելի չեն:

Դիմողի կողմից մատնանշված ընտրախախտումների տարբեր դեպքերի առնչությամբ պատասխանողն արձանագրում է, որ թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ուսումնասիրել է բոլոր 35 տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյանները, որից պարզվել է, որ 35 տեղամասային ընտրական հանձնաժողովներից 26-ում տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը խախտումների վերաբերյալ գրառումներ չեն եղել, իսկ մնացած թվով 9 տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում առկա գրառումների ուսումնասիրությամբ 07.12.2012թ. թիվ 1 ԸԸՀ-ի կողմից կայացվել է թիվ 10-Ա որոշումը, որով հանձնաժողովը գտել է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ գնահատականները որևէ ազդեցություն չեն ունեցել քվեարկության արդյունքների վրա, իսկ նշված որոշումը վերադասության կամ դատական կարգով չի վիճարկվել: Բացի դրանից, քվեարկության օրվա ընթացքում որևէ տեղամասային հանձնաժողովի ընդունած որոշման, գործողությունների կամ անգործության մասին դիմում (բողոք) ներկայացված չի եղել:

Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքներին, ապա պատասխանողը գտնում է, որ դիմողը դրանք չի բողոքարկել կամ դրանց վերահաշվարկի որևէ պահանջ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով չի ներկայացրել, իսկ դիմումում ներկայացվող դատողություններն անհիմն են ու չփաստարկված:

 

4. Հարակից պատասխանողը գտնում է, որ թիվ 1 ընտրատարածքում քվեարկության արդյունքներով ընդունված որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմողի պահանջն անհիմն է, քանի որ թիվ 1 ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրության ընթացքում տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին բացառել ընտրության իրական արդյունքները ճշգրտորեն որոշելու հնարավորությունը:

Նախընտրական քարոզչության համար կատարված ծախսերը թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերում ճիշտ արտացոլված չլինելու առնչությամբ հարակից պատասխանողը նշում է, որ եթե նախընտրական քարոզչության համար կատարված ծախսերի գումարը չի գերազանցում ՀՀ ընտրական օրենսգրքով ամրագրված թույլատրելի շեմը, սակայն այն ընդամենը ճիշտ արտացոլված չէ հայտարարագրում, ապա միայն այդ հիմքով ընտրությունների արդյունքները վիճարկելն անհիմն է:

Թեկնածու Է. Պետրոսյանի կողմից առանց նախընտրական հիմնադրամ բացելու քարոզչական ծախսեր կատարելու առնչությամբ հարակից պատասխանողը նշում է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը չի արգելում թեկնածուներին նախընտրական հիմնադրամ բացել նախընտրական քարոզչության ցանկացած փուլում: Ավելին, թեկնածուները չունեն սահմանափակում մինչև նախընտրական հիմնադրամ բացելը ձեռք բերել ապրանքներ և ծառայություններ, սակայն դրանց ձեռքբերման ծախսերը շուկայական արժեքով պետք է ներառվեն նախընտրական հիմնադրամի ծախսերում, ինչը և կատարել է թեկնածու Է. Պետրոսյանը, իսկ ԿԸՀ-ն գնահատել է ձեռք բերված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը:

Թեկնածու Ռ. Սարգսյանի` նախընտրական քարոզչության համար կատարած ծախսերի փաստացի չափերն ակնհայտ նվազեցված լինելու և իրական շուկայական արժեքներին չհամապատասխանելու առնչությամբ հարակից պատասխանողը նշում է, որ դիմողը չի բերել որևէ ապացույց և այդ հարցը չի վիճարկել վարչական կամ բողոքարկման վարույթի շրջանակներում:

Թեկնածու Ռ. Սարգսյանի կողմից «Լեդուս» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող վահանակներում թեկնածուի վերաբերյալ տեղեկատվության տարածման իրավաչափության առնչությամբ հարակից պատասխանողը, հղում կատարելով ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ պարբերություններին, 10-րդ մասին, վկայակոչելով առկա քաղաքացիաիրավական պայմանագրերը, նշում է, որ տվյալ դեպքում կատարված նախընտրական քարոզչությունը համապատասխանում է քարոզչական պաստառների համար ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կանոնակարգումներին, թեկնածուի և «Լեդուս» ՍՊԸ-ի միջև կնքված գործարքը թե՛ գնի և թե՛ գործարքի առարկա հանդիսացող տեղեկատվության տեղաբաշխման վայրի տեսանկյունից լիովին համապատասխանում է ընտրական օրենսդրության պահանջներին:

Նախընտրական շտաբների թույլատրելի քանակի, նրանց վրա փակցվող ցուցանակների, շտաբների վարձակալման ծախսերի առնչությամբ հարակից պատասխանողը, վկայակոչելով ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը, գտնում է, որ վերը նշված նորմը չի կարող մեկնաբանվել որպես նախընտրական շտաբների քանակի վերաբերյալ սահմանափակում, քանզի այն բացառություն է նախատեսում որոշակի բնույթի և որոշակի թվաքանակի պաստառների` քարոզչական նյութ հանդիսանալու մասին: Վերը նշված նորմով սահմանված պայմանները չբավարարող պաստառները համարվում են քարոզչական նյութ, և դրանց ձեռքբերման ծախսերը պետք է իրականացվեն նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին: Այդուհանդերձ, հարակից պատասխանողը փաստում է, որ թեկնածու Ռ. Սարգսյանը բոլոր պաստառները ձեռք է բերել նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին` չնայած դրանցից 35-ը, որոնք համապատասխանում են ընտրատեղամասերի քանակին, չեն հանդիսանում քարոզչական նյութ, և թեկնածուն կարող էր դրանք ձեռք բերել ոչ նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին: Ինչ վերաբերում է շտաբների վարձակալման ծախսերը նախընտրական հիմնադրամի միջոցներից կատարելուն, ապա, ըստ հարակից պատասխանողի, ՀՀ ընտրական օրենսգիրքն այդպիսի պահանջ չի նախատեսում, քանի որ այն բոլոր ապրանքները և ծառայությունները, որոնք ձեռք են բերվում ոչ թե բուն քարոզչական գործունեության, այն է` ուղղակիորեն ընտրողների կամքը ձևավորելու համար, այլ կազմակերպչական, տեխնիկական և այլ բնույթի գործունեության համար, չեն համարվում հայտարարագրման և նախընտրական հիմնադրամի միջոցներից կատարման ենթակա ծախսեր: Միաժամանակ, հարակից պատասխանողը փաստում է, որ դիմողը, որպես թեկնածու, իր նախընտրական հիմնադրամի վերաբերյալ հայտարարագրում չի ներառել իր իսկ կողմից բացված շտաբների համար կատարված ծախսերը կամ դրանց շուկայական արժեքները:

Անձը հաստատող փաստաթղթերի վրա դրվող դրոշմակնիքների առնչությամբ պատասխանողը նշում է, որ դրոշմակնիքի արագ անհետանալու փաստը չի կարող ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա, քանզի թանաքի կիրառումն ընդամենը լրացուցիչ, սակայն ոչ միակ միջոցն է կրկնակի քվեարկությունը բացառելու համար:

Դիմողի մատնանշած ընտրախախտումների առնչությամբ հարակից պատասխանողը նշում է նաև, որ դիմողի դատողությունները մերկապարանոց են, քանի որ դիմողը չի ներկայացրել որևէ պատշաճ փաստարկում կամ ապացույց:

 

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի հիմնական փաստարկը վերաբերում է նախընտրական քարոզչության սկզբունքների ենթադրյալ խախտումներին, որոնք, ըստ դիմողի, դրսևորվել են թեկնածուների համար անհավասար պայմանների ստեղծմամբ, հանրության և թեկնածուի համար ընտրական գործընթացի հրապարակայնության խախտումներով, թեկնածուների ծախսերի թափանցիկության և վերահսկելիության թերի ապահովմամբ և այլն:

Գործի նյութերից փաստվում է, որ այդ ենթադրյալ խախտումների կապակցությամբ 2012թ. նոյեմբերի 27-ին թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացված թեկնածու Ս. Սաֆարյանի դիմումը` ՀՀԿ-ի թեկնածու Ռ. Սարգսյանի թեկնածության գրանցումը դատական կարգով վիճարկելու և ուժը կորցրած ճանաչելու մասին, թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում քննարկել է և 29.11.2012թ. թիվ 7-Ա որոշմամբ մերժել: Նույն կերպ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2012թ. դեկտեմբերի 1-ին թիվ 327-Ա որոշմամբ մերժել է թեկնածու Ս. Սաֆարյանի` թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` 29.11.2012թ. թիվ 7-Ա որոշման դեմ դեկտեմբերի 1-ին բերած բողոքը: Ընդ որում, ԿԸՀ-ի այդ նիստին մասնակցել է նաև դիմումատու Ս. Սաֆարյանը, ներկայացրել է իր դիմումը և լրացուցիչ հիմնավորումները: Նիստի ավարտից հետո նա ստացել է ԿԸՀ-ի որոշումը, որը սահմանված կարգով նաև հրապարակվել է ԿԸՀ-ի համացանցային կայքում:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմող Ս. Սաֆարյանի պնդումները, թե նա 2012թ. դեկտեմբերի 1-ին զրկված է եղել ԿԸՀ-ի ընդունած որոշումները վարչական դատարանում բողոքարկելու իրավունքից, անհիմն են: Նախ` գործի նյութերից երևում է, որ դեկտեմբերի 1-ին ոչ աշխատանքային օրը (շաբաթ) վարչական դատարանում գործել է հերթապահություն, բայց դիմում նրանց չի ներկայացվել: Դրա մասին են վկայում վարչական դատարանի նախագահի` 26.11.2012թ. թիվ 0-33-Ա և 30.11.2012թ. թիվ 035-Ա հրամանները և ՀՀ վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարի` 30.11.2012թ. թիվ 148-Ա հրամանները: Երկրորդ` դիմող Ս. Սաֆարյանը իբրև վարչական դատարան դիմումի ներկայացման ապացույց վկայակոչում է այն հանգամանքը, որ նույն օրը դիմումատուի լիազոր անձը հայցադիմումի օրինակը փոստով առաքել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ նման պայմաններում դիմումատուն անհասկանալի պատճառով չի օգտվել օրենքով սահմանված` իր դատական պաշտպանության իրավունքից և բուն հայցադիմումը փոստով չի ուղարկել վարչական դատարան:

Սահմանադրական դատարանն իր` 2012թ. մայիսի 31-ի ՍԴՈ-1028 որոշման մեջ, անդրադառնալով թեկնածուների գրանցման շուրջ ծագած վեճերին և վերջիններիս առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանի ու ՀՀ վարչական դատարանի իրավազորությունների տարանջատման խնդրին, վերահաստատելով իր` ՍԴՈ-433, ՍԴՈ-703 և ՍԴՈ-736 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները, ամրագրել է, որ «...բոլոր այն հարցերը, որոնք առնչվում են ընտրական գործընթացներում թեկնածուների գրանցման և այն վեճերին, որոնց լուծումն օրենքով սահմանված կարգով վերապահված է ՀՀ վարչական դատարանին, սահմանադրական դատարանում առանձին քննության առարկա չեն կարող հանդիսանալ, իսկ որպես ապացուցողական հիմք ընդունվում են վարչական դատարանի վերջնական ակտերը»: Դա բխում է ՀՀ Սահմանադրության 5 և 100-րդ հոդվածների պահանջներից:

Բոլոր դեպքերում, համաձայն ՀՀ Սահմանադրության 5 և 100-րդ հոդվածների, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի, ՀՀ ընտրական օրենսգրքի 46 և 118-րդ հոդվածների, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145 և 150-րդ հոդվածների` ՀՀ սահմանադրական դատարանն իրավասու չէ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի շրջանակներում քննության առարկա դարձնել բոլոր այն հարցերը, որոնց լուծման իրավասությամբ օրենքով սահմանված կարգով օժտված է ՀՀ վարչական դատարանը, և որի որոշումներն այդ հարցերով վերջնական են ու վերանայման ենթակա չեն, կամ գնահատել վարչական դատարանի դատական ակտի իրավաչափությունը:

 

6. Սահմանադրական դատարանն իր` 2007թ. հունիսի 10-ի ՍԴՈ-703 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «...եթե դիմող կողմն ընտրությունների նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման գործընթացով պայմանավորված ընտրական հանձնաժողովների, իրավասու այլ մարմինների որոշումները, գործողությունները կամ անգործությունը մինչև սահմանադրական դատարան դիմելը ՀՀ ընտրական օրենսգրքով և իրավական այլ ակտերով նախատեսված` արտադատական (վարչական) կամ դատական կարգով չի բողոքարկել, այսինքն` օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով և ժամկետներում չի օգտագործել (սպառել) իր ընտրական իրավունքների պաշտպանության` օրենքով նախատեսված բոլոր միջոցները, ապա լիարժեք չեն դառնում սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքներով քննվող հանրային-իրավական վեճի շրջանակներում ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր ներկայացնելու և դրանցով իր փաստարկները հիմնավորելու նրա դատավարական հնարավորությունները»: Նշված իրավական դիրքորոշմանը համապատասխան գնահատելով դիմողի ներկայացրած մյուս բոլոր փաստարկները` սահմանադրական դատարանն արձանագրում է.

առաջին` դիմողի առանձին պնդումներ վերաբերում են նախընտրական քարոզչության կազմակերպման ընթացքում օրենքի պահանջների ենթադրյալ խախտումներին: Այդ խախտումների առնչությամբ, սակայն, դիմողն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում իրավասու մարմիններին համապատասխան դիմում չի ներկայացրել և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննության առարկա չի դարձրել,

երկրորդ` դիմողի պնդմամբ ընտրախախտումներ են տեղի ունեցել նաև քվեարկության փուլում: Վերոհիշյալ իրավական դիրքորոշմանը համապատասխան` նշված ենթադրյալ խախտումների վերաբերյալ պնդումները սահմանադրական դատարանում կարող էին ապացուցողական նշանակություն ստանալ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով և ժամկետներում դիմողի ընտրական իրավունքների պաշտպանության համապատասխան միջոցների օգտագործման արդյունքում ձեռք բերված նյութերով: Մինչդեռ դիմողը որևէ տեղամասի առնչությամբ չի ներկայացրել քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջ:

Մասնավորապես, սահմանադրական դատարանը արձանագրում է, որ թիվ 1 ընտրատարածքում կազմավորված են եղել թվով 35 ընտրական տեղամասեր: Նշված բոլոր տեղամասերում ինչպես թեկնածու Ս. Սաֆարյանը, այնպես էլ մյուս բոլոր թեկնածուներն ունեցել են վստահված անձինք:

Քվեարկության օրը թիվ 1 ընտրատարածքի բոլոր 35 ընտրական տեղամասերում դիմողի թվով 50 վստահված անձինք հետևել են քվեարկության ընթացքին, ամփոփման գործընթացին` իրացնելով իրենց իրավունքը:

Օրենքով սահմանված ժամկետներում` ինչպես դիմողի, այնպես էլ մյուս թեկնածուների վստահված անձանց կողմից քվեարկության օրվա ընթացքում որևէ տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշման, գործողությունների կամ անգործության մասին դիմում (բողոք) ներկայացված չի եղել:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում քվեարկության ընթացքին, ապա նաև արդյունքների ամփոփմանը հետևել են թվով 23 տեղական դիտորդներ թվով 3 հասարակական կազմակերպություններից: Առկա չէ նաև որևէ դիմում (բողոք) նշված դիտորդների կողմից:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցել են ընդհանուր թվով 277 քաղաքացիներ, յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկված է եղել Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության մեկ ներկայացուցիչ: Ի դեպ, թվով 35 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներից 16-ը նշանակված են եղել Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից, 10-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, 3-ը` «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից, 2-ը` «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից, 2-ը` «Ժառանգություն» կուսակցության կողմից, 2-ը` «Օրինաց երկիր» կուսակցության կողմից: Նշված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի կողմից նշանակված հանձնաժողովների անդամները տեղամասային ընտրական հանձնաժողովներում զբաղեցրել են նաև քարտուղարների պաշտոններ` նույն թվաքանակով:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություններն ստորագրված են եղել ամփոփման նիստերին ներկա հանձնաժողովների բոլոր անդամների կողմից: Տեղամասային ընտրական հանձնաժողովի որևէ անդամ քվեարկության արդյունքների արձանագրության տվյալների վերաբերյալ առարկություն (հատուկ կարծիք) չի ներկայացրել:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածը կանոնակարգում է քվեարկության արդյունքների վերահաշվարկի ինստիտուտը: Վերահաշվարկ կատարելու դիմում ներկայացնելու իրավունք ունեն թեկնածուն, վստահված անձը, եթե ներկա են եղել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը` ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում քվեարկության արդյունքների ամփոփման կարգի վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու մասին գրառում կատարելու դեպքում: Ինչպես թիվ 1 ընտրատարածքում կազմավորված 35 տեղամասային ընտրական հանձնաժողովների թվով 277 անդամներից, այնպես էլ թեկնածուներից, այդ թվում` դիմողի կողմից, թեկնածուների վստահված անձանց կողմից, ըստ գործի նյութերի, որևէ տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում չի ներկայացվել:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ և 9-րդ մասերը սահմանում են համապատասխանաբար ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը և բողոք ներկայացնելու կարգն ու ժամկետները: Ընտրական օրենսգիրքը սահմանել է սուբյեկտների բավական լայն շրջանակ, ովքեր իրավունք ունեն ներկայացնելու ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում: Չնայած նշված լայն վերահսկողական լիազորություններին` թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի որևէ թեկնածուի, թեկնածուի որևէ վստահված անձի, տեղամասային ընտրական հանձնաժողովի որևէ անդամի կողմից ներկայացված չի եղել թեկուզև մեկ դիմում տեղամասում քվեարկության արդյունքն անվավեր ճանաչելու մասին:

 Ինչ վերաբերում է ընտրողների ցուցակներում Հայաստանի Հանրապետությունից բացակայող քաղաքացիների ընդգրկման` դիմողի կողմից առաջադրված խնդրին, ապա դրա վերաբերյալ իր մոտեցումներն ու իրավական դիրքորոշումները սահմանադրական դատարանն արտահայտել է իր` 2012թ. մայիսի 31-ի ՍԴՈ-1028 որոշման մեջ:

 

7. Գործի նյութերի համադրված վերլուծությունը վկայում է, որ սույն գործի բնորոշ առանձնահատկություններն ամփոփ ձևով հանգում են հետևյալներին:

Առաջին` դիմողն ընդհանուր դժգոհություն արտահայտող գնահատողական դատողություններից բացի դատական քննության համար անհրաժեշտ ու օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացուցողական նշանակություն ունեցող որևէ փաստարկ չի ներկայացնում քվեարկության արդյունքների ոչ հավաստի լինելու հիմքով իր պասիվ ընտրական իրավունքի խախտումը հիմնավորելու վերաբերյալ, ինչը պարտավոր կլիներ հաշվի առնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վեճի առարկա որոշումն ընդունելիս: Դիմողը ՀՀ ընտրական օրենսգրքով ընձեռված որևէ վերահսկողական իրավասություն սահմանված կարգով չի իրացրել` փաստելու համար քվեարկության արդյունքների հետ կապված այնպիսի իրավախախտումներ, որոնք ազդել են իր ընտրական իրավունքի իրացման վրա: Դիմողը գլխավորապես հենվում է տարաբնույթ դատողությունների ու կարծիքների, այլ ոչ թե ապացուցողական նշանակություն ունեցող կոնկրետ փաստերի վրա, ինչը դատական գործընթացում ընդունելի չէ:

Երկրորդ` դիմողը չի ներկայացնում այնպիսի կոնկրետ փաստեր, որոնք հիմնավոր ձևով վկայեին ընտրական գործընթացներում իր կամ իր վստահված անձանց իրավունքների ոտնահարման մասին` տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ դրանք անվավեր ճանաչելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով քայլեր իրականացնելիս:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2012 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության արդյունքներով թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` «Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» 2012 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 12-Ա որոշումը թողնել ուժի մեջ:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

25 հունվարի 2013 թ.

ՍԴՈ-1072