ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
22 հունվարի 2013 թ. |
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ե. Կիրակոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի նոյեմբերի 12-ին Թեհրանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 17.12.2012թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին համաձայնագիրը /այսուհետ` Համաձայնագիր/ ստորագրվել է Թեհրանում 2012թ. նոյեմբերի 12-ին` ՀՀ արդարադատության նախարարի կողմից:
Համաձայնագիրը կարևորվում է ՀՀ և ԻԻՀ տարածքներում գտնվող երկու պետությունների քաղաքացիներ հանդիսացող դատապարտյալների թվի աճով, ինչպես նաև դատապարտյալների` սահմանված կարգով փոխանցման իրավական կարգավորման անհրաժեշտությամբ:
2. Քննության առարկա Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից և 22 հոդվածներից:
Համաձայնագրի նախաբանին համապատասխան` դրա հիմնական նպատակներն են`
- զարգացնել երկու պետությունների համագործակցությունը քրեական իրավունքի ոլորտում` հիմք ընդունելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները,
- նպաստել արդարադատության նպատակների իրագործմանը, դատապարտյալների սոցիալական վերականգնմանը և նրանց բնականոն կյանք վերադառնալուն:
Համաձայնագրի 1-ին հոդվածը նվիրված է դրանում օգտագործված մի շարք եզրույթների սահմանումներին, իսկ 2-րդ հոդվածը` Համաձայնագրի ընդհանուր սկզբունքներին:
Համաձայնագիրը նախատեսում է, որ Կողմերը հարցման հիման վրա միմյանց փոխանցում են մյուս Կողմի քաղաքացի հանդիսացող դատապարտյալներին` նրանց նկատմամբ նշանակված պատժի մնացած մասը կրելու համար: Կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել մյուս Կողմին` դատապարտյալի փոխանցման հնարավորությունը քննարկելու խնդրանքով: Սահմանված է նաև, որ Համաձայնագիրն իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների կողմից` անմիջականորեն կամ դիվանագիտական ուղիներով, ընդսմին, Հայաստանի Հանրապետության կողմից իրավասու մարմին է ճանաչվում ՀՀ արդարադատության նախարարությունը:
Դատապարտյալի փոխանցման գործընթացն սկսելու հիմք է հանդիսանում դատապարտյալի, նրա մերձավոր ազգականների կամ օրինական ներկայացուցիչների, ինչպես նաև Կողմերից մեկի իրավասու մարմնի հարցումը` հասցեագրված մյուս Կողմի իրավասու մարմնին /հոդված 4/:
Համաձայնագրի 6-րդ հոդվածն ամրագրում է փոխանցման հստակ և սպառիչ իրավապայմանները, որոնցից որևէ մեկի բացակայության դեպքում դատապարտյալը չի կարող փոխանցվել /Համաձայնագրի 7-րդ հոդվածի 1-ին կետ/:
Խնդրո առարկա Համաձայնագրի 8 և 9-րդ հոդվածները նախատեսում են Կողմերի միջև համապատասխան տեղեկատվության փոխանակման առնչությամբ ստանձնվող պարտավորությունները և դատապարտյալի փոխանցման վերաբերյալ գրավոր հարցմանը կցվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Ի դեպ, դատապարտյալը չի կարող փոխանցվել նաև այն դեպքում, երբ հայցող Կողմը չի կատարել Համաձայնագրի 9-րդ հոդվածի պահանջները, այն է` հարցմանը չի կցել անհրաժեշտ փաստաթղթերը:
Համաձայնագիրն առանձնակի կարևորում է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր Կողմ պետք է լիարժեք հավաստիանա, որ դատապարտյալն /մերձավոր ազգականները կամ օրինական ներկայացուցիչները/ անվիճելիորեն համաձայն է փոխանցմանը և լիովին գիտակցում է դրա իրավական հետևանքները:
Համաձայնագիրը սահմանում է, որ այն ենթակա է կիրառման նաև Կողմերի դատարանների կողմից մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը դատապարտված անձանց նկատմամբ:
Ըստ Համաձայնագրի 21-րդ հոդվածի` Կողմերը պարտավորվում են ծագած հնարավոր տարաձայնությունները լուծել անմիջական բանակցությունների միջոցով կամ դիվանագիտական ուղիներով:
Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերից յուրաքանչյուրի` համապատասխան ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից /հոդված 22/:
3. Համաձայնագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- հոգալ որպես կատարող Կողմ դատապարտյալի փոխանցման հետ կապված բոլոր ծախսերը` այն պահից սկսած, երբ դատապարտյալը փոխանցվում է ՀՀ -ին.
- փոխհատուցել վերանայման կամ դատարանի կողմից նոր դատավճիռ ընդունվելու արդյունքում դատավճիռը վերացնելու դեպքում դատապարտյալին նախորդ պատժի հետևանքով պատճառված վնասները, եթե նախորդ դատավճիռը կայացրել է ՀՀ դատարանը.
- հոգալ որպես հայցող Կողմ դատապարտյալին երրորդ պետության տարածքով տարանցիկ տեղափոխման ծախսերը.
- վերաբերվել փոխանցվող դատապարտյալին մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան.
- ծավալել իրանական Կողմի հետ համատեղ հնարավորինս լայն համագործակցություն դատապարտյալի փոխանցման առնչությամբ.
- երաշխավորել, որ փոխանցման հարցումը բավարարելու կամ մերժելու մասին որոշումը կկայացվի Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված փաստաթղթերը ստանալու օրվանից հետո առավելագույնը վաթսուն օրվա ընթացքում, ինչպես նաև երաշխավորել, որ դատապարտված անձը, նրա մերձավոր ազգականները կամ օրինական ներկայացուցիչները, եթե այդպիսիք կան, ինչպես նաև հայցող իրանական Կողմը գրավոր կտեղեկացվեն ընդունված որոշման մասին.
- երաշխավորել, որ փոխանցման հարցումը մերժելու դեպքում մերժման պատճառները կներկայացվեն գրավոր.
- որպես դատապարտող Կողմ թույլ տալ իրանական Կողմից նշանակված պաշտոնյային` մինչև փոխանցումն անձամբ ստուգել, որ դատապարտյալի` փոխանցման որոշումն ինքնակամ է ընդունվել և նա իրազեկ է դրա հետևանքերի մասին.
- ապահովել որպես կատարող Կողմ դատավճռի ամբողջական կատարումը` առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ և երաշխավորելով, որպեսզի դատապարտյալի պայմանները չվատթարանան փոխանցումից հետո.
- երաշխավորել, որ որպես կատարող Կողմ հայկական Կողմը սահմանափակված լինի դատապարտող իրանական Կողմի սահմանած պատժի իրավական էությամբ ու տևողությամբ.
- չփոխարինել որպես կատարող Կողմ դատապարտյալի նկատմամբ իրանական Կողմի կայացրած ազատազրկման դատավճիռն այլ պատժատեսակով, ինչպես նաև չկրճատել ազատազրկման տևողությունը` հաշվի առնելով Համաձայնագրի 14-րդ հոդվածի 4-րդ կետը.
- երաշխավորել, որ պատժի մնացած մասը կրելու համար ՀՀ-ին փոխանցված դատապարտյալը նույն հանցագործության համար ՀՀ-ում մեկ անգամ ևս չենթարկվի քրեական հետապնդման:
4. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագիրը պարտավորեցնելով Կողմերին փոխանցվող դատապարտյալին վերաբերվել մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան` ըստ էության, իրավական լրացուցիչ գործնական հնարավորություն է ընձեռում քրեական հանցագործությունների համար ազատազրկված օտարերկրյա քաղաքացիներին սահմանված պատիժը կրել իրենց քաղաքացիության պետության տարածքում, դրանով իսկ հնարավորինս բավարար պայմաններ ստեղծելով և նպաստելով նրանց սոցիալական վերականգնմանը, լիարժեք հասարակական կյանք վերադառնալուն, իսկ վերջնական արդյունքում` արդարադատության և պատժի նպատակների իրագործմանը:
Բացի դրանից, Համաձայնագրի դրույթները համահունչ են նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես, «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. մարտի 21-ին Ստրասբուրգում ստորագրված կոնվենցիայի դրույթներին, որը վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի 2001թ. մարտի 21-ի Ն-161-2 որոշմամբ /ՀՀ սահմանադրական դատարանի 2000թ. նոյեմբերի 24-ի ՍԴՈ-264 որոշումը/:
Այսպիսով, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրում ամրագրված և վերը հիշատակված դրա անմիջական նպատակներն ու դրույթները լիովին ներդաշնակ են և ուղղակի բխում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից, մարդու իրավունքների հանրաճանաչ հիմնարար սկզբունքներից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2012 թվականի նոյեմբերի 12-ին Թեհրանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
22 հունվարի 2013 թ. ՍԴՈ-1070 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|