Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.03.06/13(953) Հոդ.154
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.12.2012
Подписан
Նախագահող
Дата подписания
25.12.2012
Дата вступления в силу
25.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2633/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2633/02/08
2012 թ.

Նախագահող դատավոր՝   Ն. Տավարացյան 

Դատավորներ՝

Ս. Միքայելյան

 

Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.09.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Քաղաքապետարանի ընդդեմ Մարի Չիբիլյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքը` 8.000 ՀՀ դրամը բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Քաղաքապետարանը պահանջել է անվավեր ճանաչել 02.02.2006 թվականին կնքված թիվ 293 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և 14.02.2006 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը և հօգուտ Քաղաքապետարանի բռնագանձել հայց ներկայացնելու համար վճարված պետական տուրքը` 8.000 ՀՀ դրամը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ՝ Դատարան) 10.05.2012 թվականի վճռով գործի վարույթը կարճվել է` Մարի Չիբիլյանի մահից հետո վիճելի իրավահարաբերությամբ պայմանավորված իրավահաջորդությունը բացառվելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.09.2012 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.05.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 434-րդ և 1186-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ քաղաքացու մահից հետո իրավահաջորդությունը տեղի է ունենում ժառանգման կարգով, և փոխանցվում են գույքային բովանդակություն ունեցող իրավունքներն ու պարտականությունները: Ժառանգության զանգվածի մեջ չեն մտնում անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները և պարտականությունները` ալիմենտային պարտավորություններով իրավունքները և պարտականությունները, քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը, անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները, այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.09.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Մալաթիա-Սեբաստիա բաժնի 14.09.2011 թվականի գրությամբ հայտնվել է, որ հետախուզման արդյունքում պարզվել է, որ Մարի Չիբիլյանը մահացել է (հատոր 1, գ.թ. 81):

2) Կոմիտեի կողմից 14.02.2006 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևանի Շամպայն գինիների գործարանի մոտ գտնվող շրջանցիկ թունել հասցեում գտնվող 300 քմ հողամասի նկատմամբ գրանցվել է Մարի Չիբիլյանի սեփականության իրավունքը` հիմքում դնելով 02.02.2006 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը (հատոր 1, գ.թ. 9-12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի շրջանակներում ներկայացված վճռաբեկ բողոքի հիմնավորվածությունը պատճառաբանելու նպատակով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդրին.

Արդյո°ք առուվաճառքի պայմանագրի կողմ գնորդի մահից հետո նրա կողմից անշարժ գույքի վերաբերյալ կնքված առուվաճառքի պայմանագրի և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման վիճարկումը կարող է գնահատվել որպես անձնական, ժառանգատուի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքի վիճարկում, որի դեպքում իրավահաջորդությունը բացառվում է:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, իսկ 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ չեն մտնում ժառանգատուի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները և պարտականությունները, մասնավորապես, ալիմենտային պարտավորություններով իրավունքները և պարտականությունները, քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը, անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները, այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ ժառանգության դեպքում տեղի է ունենում ընդհանուր իրավահաջորդություն, այսինքն` ժառանգին են փոխանցվում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները` բացառությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավահաջորդության բացառման հետևյալ չորս դեպքերի.

1. ալիմենտային պարտավորություններով իրավունքների և պարտականությունների,

2. քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքի,

3. անձնական ոչ գույքային իրավունքների և այլ ոչ նյութական բարիքների,

4. այն իրավունքների ու պարտականությունների, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

 Ընդ որում, օրենսգրքի վերոնշյալ հոդվածում թվարկված դեպքերը սպառիչ են:

Դատարանը գործի վարույթի կարճման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «սույն գործով վիճարկվում է հատուցելի այն պայմանագիրը, որի կողմը մահացած է, հետևաբար պայմանագրի շուրջ ծագած վեճի առկայությամբ պայմանավորված պատասխանողի դեմ ներկայացված պահանջի մասով իրավահաջորդությունն ինքնին բացառվում է, քանի որ գործով ոչ թե վիճարկվում է պայմանագրի հիմքով ձեռք բերված պատասխանող կողմի իրավունքը, որը ժառանգաբար կարող է փոխանցվել իրավահաջորդությամբ (նման պահանջ առկա չէ), այլև առկա է պայմանագիրը վիճարկելու հայցային պահանջ` ուղղված կոնկրետ պայմանագրային կողմի դեմ, հայցվորի կարծիքով` կոնկրետ վերջինիս կողմից դրսևորված ոչ իրավաչափ վարքագծով պայմանավորված: Հետևաբար` այս մասով վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը, ու գործի վարույթը վերը նշված հոդվածի 4-րդ կետի պահանջով ենթակա է կարճման»:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ գործում առկա ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Մալաթիա-Սեբաստիա բաժնի կողմից 14.09.2011 թվականին տրված թիվ ԵՄ-11623/03 գրության համաձայն` հայտնվել է, որ պատասխանողի և նրա գույքի հետախուզման արդյունքում պարզվել է, որ Մարի Չիբիլյանը մահացել է: Պատասխանողին ուղարկված ծանուցումները նույնպես հետ են վերադարձվել ծրարի վրա «հասցեատերը մահացել է» նշումով: Գործում բացակայում է նաև առուվաճառքի պայմանագրով վաճառված` Երևանի Շամպայն գինիների գործարանի մոտ գտնվող շրջանցիկ թունել հասցեում գտնվող 300 քմ հողամասի նկատմամբ ժառանգություն ընդունելու վերաբերյալ ապացույցները, և գտել է, որ «Դատարանը ճիշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ կետը, քանի որ վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը` հաշվի առնելով, որ հայցադիմումի հիմքում ընկած և վիճարկվող պարտավորությունը պատասխանողի անձի հետ անխզելիորեն կապված պարտավորություն է»:

Հիմնվելով վերոգրյալի վրա և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 02.02.2006 թվականին կնքված թիվ 293 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման և դրա հիման վրա այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման արդյունքում գնորդի` Մարի Չիբիլյանի մոտ ծագել է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք՝ գույքային իրավունք, որը ներառվում է ժառանգատուի ժառանգական զանգվածում և օրենքով սահմանված կարգով փոխանցվում է ժառանգներին: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով անշարժ գույքի վերաբերյալ կնքված առուվաճառքի պայմանագրի և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման անվավերության պահանջի ներկայացմամբ վիճարկվում է անձի սեփականության իրավունքը, որն անձնական, ժառանգատուի անձի հետ անխզելիորեն կապված իրավունք չէ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն պատճառաբանությունը, որ վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդություն, անհիմն է:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.09.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան