Գլխավոր տեղեկություն
Номер
N 111-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2013-11.11.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.03.06/13(248) Հոդ.218
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.01.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.02.2003
Дата вступления в силу
16.03.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2003 թվականի N 111-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 22.09.05 N 1552-Ն, 16.08.12 N 1025-Ն)

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի երրորդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 22.09.05 N 1552-Ն, 16.08.12 N 1025-Ն)

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ մեկամսյա ժամկետում հաստատել ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի չափը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ։

(2-րդ կետը փոփ. 22.09.05 N 1552-Ն, 16.08.12 N 1025-Ն)

3. Սույն որոշմամբ սահմանված կարգը ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի համար գործում է 2003 թվականի սեպտեմբերի 1-ից։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. փետրվարի 4

Երևան

 
 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 16-ի N 111-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
(վերնագիրը խմբ. 22.09.05 N 1552-Ն, 16.08.12 N 1025-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածի, Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններում կազմակերպված ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը:

(1-ին կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն, փոփ. 16.08.12 N 1025-Ն)

2. Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածն ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը փոխհատուցում է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում` ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած փաստացի ծախսերի գումարի չափով:

(2-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն, փոփ. 16.08.12 N 1025-Ն)

3. Ուսման կամ վերապատրաստման գործուղվող ոստիկանության ծառայողի, ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածի և պետական կառավարման լիազոր մարմնի միջև կնքվում է պայմանագիր, որում պարտադիր ներառվում են`

ա) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով նախատեսված այն պայմանները, որոնց դեպքում ուսումնական ծախսերը փոխհատուցվում են,

բ) փոխհատուցման ենթակա գումարները,

գ) փոխհատուցման ժամկետը, որը չի կարող ավելի լինել, քան ուսումնառության կամ վերապատրաստման ժամանակահատվածը,

դ) հետուսումնառության պարտադիր ծառայության սահմանված ժամկետները` համաձայն   «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով սահմանված պայմանների,

ե) 18 տարին չլրացած անչափահաս սովորողների ծնողների կամ որդեգրողների և հոգաբարձուի պարտականությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1068-րդ հոդվածի,

զ) պայմանագրի գործողության ժամկետը,

 է) գումարը չփոխհատուցելու դեպքերը:

(3-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն, փոփ., լրաց. 16.08.12 N 1025-Ն)

4. Ոստիկանությունում ծառայության անցնող այն քաղաքացին, որը պետք է անցնի վերապատրաստում, և ոստիկանության ուսումնական հաստատության դիմորդը փաստաթղթերը ներկայացնելիս գրավոր տեղեկացվում է սույն կարգով նախատեսված ծախսերի փոխհատուցման պայմաններին:

(4-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն, փոփ. 16.08.12 N 1025-Ն)

5. Ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի մասին պայմանագիրը կնքվում է`

ա) ուսման կամ վերապատրաստման գործուղվող ոստիկանության ծառայողի հետ` մինչև համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը,

բ) քննությունները հանձնած և մրցույթով անցած դիմորդների հետ` մինչև ոստիկանության ուսումնական հաստատությունում նրանց` որպես սովորող հրամանագրումը,

գ) առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիների հետ` մինչև վերապատրաստում անցնելը:

(5-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն, 16.08.12 N 1025-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 16.08.12 N 1025-Ն)

7. Սույն կարգով նախատեսված դեպքերում պայմանագրով սահմանված ժամկետում փոխհատուցման գումարը փոխհատուցողի կողմից կանխիկ կամ փոխանցմամբ վճարվում է պետական կառավարման մարմին, ընդ որում, արտարժույթով կատարված ծախսերը փոխհատուցվում են վճարման օրվա արտարժույթի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

(7-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն, փոփ. 08.11.07 N 1318-Ն)

8. Ուսումնական հաստատությունից ազատված ոստիկանության ծառայողը, ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում` այլ ուսումնական հաստատություններ գործուղվածը պետության կատարած ծախսերը փոխհատուցում է ուսուցման փաստացի ժամանակահատվածի համար:

(8-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն, փոփ. 16.08.12 N 1025-Ն)

9. Մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով, և դատարանում որպես հայցվոր կամ պատասխանող կողմ հանդես է գալիս պետական կառավարման մարմինը:

(9-րդ կետը խմբ. 22.09.05 N 1552-Ն)

(հավելվածը խմբ. 22.09.05 N 1552-Ն, խմբ., փոփ., լրաց. 16.08.12 N 1025-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան